Ի՞նչ գործարքներ կարելի է կատարել քարտով:
Ի՞նչ անել քարտով իրականացված գործարքների վերաբերյալ անհամաձայնություններ ունենալու դեպքում:
Ինչպե՞ս է իրականացվում միջոցների հետգանձումը:
Ո՞ր դեպքերում Բանկը պատասխանատվություն չի կրում քարտով գործարքի հետ կապված խնդրի առաջացման դեպքում:
Ինչպե՞ս և ո՞ր դեպքերում է փակվում քարտը:
1. Քարտը կարող է օգտագործվել բանկոմատներում, կանխիկացման և առևտրի/սպասարկման կետերում և այն սարքավորումների միջոցով, որոնց էկրանին կամ հարակից տարածքի մակերեսին առկա է քարտերի սպասարկման վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը՝
ա. Քարտով հնարավոր գործարքների վերաբերյալ, օրինակ՝ կանխիկի տրամադրում, կանխիկի մուտքագրում, կոմունալ վճարումներ և այլն,
բ. Քարտի վրա առկա նշումներին համապատասխան տվյալ քարտը սպասարկող վճարահաշվարկային համակարգերով (ArCa, VISA, MasteCard և այլն) սպասարկելու հնարավորության վերաբերյալ:
2. Բանկի դրամարկղում քարտին կանխիկ մուտքագրված գումարը, ինչպես նաև Բանկի հաշվից քարտին փոխանցումը (բացառությամբ քարտային հաշվից փոխանցումների) քարտի վրա հասանելի է դառնում որպես կանոն մինչև 10 (տասը) րոպեի ընթացքում (ArCa պրոցեսինգային կենտրոնում տեխնիկական կամ ծրագրային խնդիրների բացակայության դեպքում):
3. Քարտից քարտ փոխանցումը (բանկոմատի կամ ArCa առցանց վճարային համակարգի միջոցով) քարտին հասանելի է դառնում որպես կանոն մինչև 5 (հինգ) րոպեի ընթացքում (ArCa պրոցեսինգային կենտրոնում տեխնիկական կամ ծրագրային խնդիրների բացակայության դեպքում):
4. Քարտապանի կողմից Բանկ ներկայացված վճարման հանձնարարականով փոխանցումը Բանկի կողմից կատարվում է Բանկի սակագներով սահմանված ժամկետներում:
5. ՀՀ բանկերի բանկոմատների միջոցով կանխիկի ելքագրման մեկ գործարքի գումարը չի կարող գերազանցել 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը:
6. Քարտային հաշվից և այլ բանկերից փոխանցումները քարտին որպես կանոն հասանելի են դառնում հետևյալ ժամկետներում՝
ա. մինչև տվյալ աշխատանքային օրվա ժամը 12:30-ը, եթե ստացվել է Բանկում, մինչև նույն աշխատանքային օրվա ժամը 11:00-ն,
բ. մինչև տվյալ աշխատանքային օրվա ժամը 16:30-ը, եթե ստացվել է Բանկում, մինչև նույն աշխատանքային օրվա ժամը 15:00-ն,
գ. մինչև տվյալ աշխատանքային օրվա ժամը 18:30-ը, եթե ստացվել է Բանկում, նույն աշխատանքային օրվա ժամը 15:00-17:00-ն:
7. Կանխիկի մուտքագրման սարքավորման միջոցով Բանկի քարտով իրականացված կանխիկի մուտքագրման գործարքի գումարը քարտին ակտիվանում է անմիջապես, իսկ քարտային հաշվին, որպես կանոն, հաշվառվում է հաջորդ աշխատանքային օրը: Բանկի կանխիկի մուտքագրման սարքավորման միջոցով կանխիկի մուտքագրում կարող է կատարվել ArCa վճարահաշվարկային համակարգի թողարկած ցանկացած քարտի վրա՝ անկախ քարտի արժույթից:
8. Կանխիկի մուտքագրման սարքավորման հնարավորություններն ու սահմանափակումները՝ կապված մուտքագրվող գումարի արժույթի, թղթադրամի արժողության/տեսակի հետ և այլն, սահմանվում են տվյալ սարքավորման սպասարկող կազմակերպության և (կամ) վճարահաշվարկային համակարգի կողմից, և նման տեղեկատվությունը, որպես կանոն, ներկայացված է այդ սարքավորման վրա:
9. Գործարքի գումարը քարտից ելքագրվում է անմիջապես, իսկ քարտային հաշվին հաշվառվում է հետևյալ ժամկետներում՝
ա. ArCa համակարգում կատարված գործարքների դեպքում՝ հաջորդ աշխատանքային օրը,
բ. ArCa համակարգից դուրս կատարված գործարքների դեպքում՝ 2-3 աշխատանքային օր հետո:
Քարտով իրականացված գործարքների վերաբերյալ առարկություններ կամ անհամաձայնություն ունենալու դեպքում կարող ես Բանկի կողմից սահմանված ձևով և ոչ ուշ, քան քաղվածքի ստացման ամսաթվից 30 (երեսուն) օրվա ընթացքում Բանկ ներկայացնել գործարքի բողոքարկման հայտ: Հայտի հետ անհրաժեշտ է ներկայացնել բողոքարկվող գործարքի հետ կապված փաստաթղթերը և այլ տեղեկություններ կամ փաստաթղթեր՝ համաձայն Բանկի պահանջի:
Առևտրի կամ սպասարկման կետում կատարված գործարքի չեղարկումից հետո կարող եք Բանկ ներկայացնել բողոքարկման հայտ, եթե չեղարկված գործարքի գումարը առևտրի կամ սպասարկման կետի կողմից չի վերադարձվել տվյալ առևտրի կամ սպասարկման կետի կողմից սահմանված ժամկետում կամ հետևյալ ժամկետում.
● ՀՀ տարածքում կատարված գործարքների համար՝ չեղարկման օրվանից 10 (տասը) օր,
● ՀՀ տարածքից դուրս կատարված գործարքների համար՝ 30 (երեսուն) օր:
Բանկը պատասխանատվություն չի կրում հաճախորդի կողմից քարտով կատարված գործարքների համար, սակայն մենք պատրաստ ենք հնարավորության սահմաններում օժանդակել առաջացած հնարավոր խնդրի կարգավորմանը: Խնդիրը չկարգավորվելու դեպքում քարտապանը չի ազատվում Բանկի նկատմամբ ունեցած իր պարտավորություններից:
Առևտրի կամ սպասարկման կետում իրականացված գործարքի բողոքարկումը չի հանդիսանում Բանկի նկատմամբ բողոքի կամ բողոք-պահանջի ներկայացում և Բանկի դերակատարումը նման դեպքում սահմանափակվում է համապատասխան խնդրի կարգավորմանը միջնորդությամբ և/կամ օժանդակությամբ:
Եթե բողոքարկման գործընթացի արդյունքում պարզվում է, որ գործարքը կատարվել է քարտապանի կողմից կամ քարտապանի կողմից քարտի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, քարտապանից գանձվում է Բանկի սակագներով սահմանված վճար:
Բողոքարկման հայտի պատասխանը Բանկը տրամադրում է հետևյալ ժամկետներում.
● «ArCa» վճարահաշվարկային համակարգով կատարված գործարքների դեպքում՝ հայտի ստացման օրվանից 40 (քառասուն) օրվա ընթացքում,
● միջազգային վճարահաշվարկային համակարգերով կատարված գործարքների դեպքում՝ հայտի ստացման օրվանից 60 (վաթսուն) օրվա ընթացքում,
● Բանկի բանկոմատներով կատարված կանխիկ գումարի մուտքագրման կամ ելքագրման գործարքների բողոքարկման դեպքում (եթե բանկոմատը չի տրամադրել կանխիկ գումարը, սակայն նվազեցվել է քարտային հաշվին առկա գումարը, կամ քարտապանը մուտքագրել է կանխիկ գումար, սակայն քարտային մնացորդը չի ավելացել) հայտի ստացման օրվանից 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում:
Որոշ դեպքերում անհրաժեշտություն է առաջանում գործարքի գումարը հետ գանձել (chargeback) քարտին: Դրա համար անհրաժեշտ է դիմում-բողոք ներկայացնել Բանկ, որի հիման վրա մենք սկսում ենք հետգանձման հայտի ուսումնասիրման գործընթացը: Դրա արդյունքում կարող է կայացնել թե՛ դրական և թե՛ բացասական որոշում:
Եթե որոշում է կայացվում գումարի վերադարձման վերաբերյալ, ապա մեր աշխատակիցը 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում կտեղեկացնի քեզ այդ մասին, իսկ գումարը կվերադարձվի սահմանված ժամկետում:
Եթե հետգանձման հայտի ստացման պահին գումարը հաշվանցված չէ, ապա սահմանված ժամկետում ստուգվում է նաև գործարքի կարգավիճակը: Մենք կտեղեկացնենք գործարքի կարգավիճակի և հետագա գործընթացի մասին, և եթե գործարքը չի կատարվել (գումարը դեռ չի գանձվել), ապա գործընթացն ավարտվում է:
Այն դեպքերում, երբ գործարքը կատարվել է քո կողմից կամ անուշադրության հետևանք է, ապա հայտը կարող է մերժվել, իսկ քո հաշվից հայտի ուսումնասիրման ծառայության դիմաց 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում գանձվում է ծառայության դիմաց Բանկի սակագներով սահմանված վճարը:
Երբեմն բանկոմատի, կանխիկացման, առևտրի/սպասարկման կետի կամ սարքավորման կողմից քարտի սպասարկումը մերժելու կամ դրանց աշխատանքի խափանման հետևանքով քարտապանները կրում են ուղղակի կամ անուղղակի վնասներ: Նման դեպքերի համար Բանկը պատասխանատվություն չի կրում, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ պատասխանատվությունն ուղղակի սահմանված է օրենքով, և երբ միաժամանակ առկա են հետևյալ պայմանները.
ա. խնդիրները տեղի են ունեցել Բանկի մեղքով,
բ. խափանումը/սպասարկման չեղարկումը տեղի է ունեցել Բանկի աշխատանքային ժամերին,
գ. հաճախորդն այցելել է Բանկի գլխամասային գրասենյակ և/կամ որևէ մասնաճյուղ, սակայն վերջիններս չեն տրամադրել քարտում առկա գումարը կամ պահանջվող մասը կանխիկ եղանակով:
Միևնույն ժամանակ, Բանկի պատասխանատվությունը սահմանափակվում է բացառապես քարտապանին պատճառված իրական (ուղղակի) վնասի չափով:
Բանկը որևէ պատասխանատվություն չի կրում քարտապանի կրած այն հնարավոր վնասների համար, որոնք կարող են առաջանալ գումարը քարտապանի քարտին ժամանակային խզումով կամ ուշացումով հասանելի դառնալու կամ ուշացումով ակտիվանալու համար: Մասնավորապես՝ տեխնիկական խնդիրների պատճառով, ինչպես նաև յուրաքանչյուր ամսվա առաջին աշխատանքային օրը գործարքների գումարները կարող են քարտին հասանելի դառնալ սահմանված ժամկետներից ավելի ուշ:
Քարտային հաշիվը կարող է փակվել հաճախորդի կամ Բանկի նախաձեռնությամբ:
Բանկի և/կամ ՀՀ նկատմամբ պարտավորությունների բացակայության դեպքում վճարային քարտը կփակվի ամենաուշը հայտի ընդունմանը հաջորդող աշխատանքային օրը:
Վճարային քարտը փակվելու և դրանում միջոցներ լինելու դեպքում հնարավորություն ունես առավելագույնը 7 (յոթ) օրվա ընթացքում այդ միջոցները փոխանցել այլ բանկային հաշվի կամ կանխիկացնել:
Հայտը ներկայացվելու և Բանկի կողմից ընթացք ստանալու պահից վճարային քարտի սպասարկումը, այդ թվում՝ սպասարկման վճարի կամ ապագային միտված որևէ այլ վճարի գանձումը դադարեցվում է: Միևնույն ժամանակ վճարային քարտի փակումը չի ազատում հաճախորդին մինչև վճարային քարտի փակելը ստանձնած/առաջացած պարտավորությունների կատարումից: