Ամերիաբանկն առաջարկում է միայն անհատականացված ֆինանսաբանկային լուծումներ: Մենք կերտում ենք Ձեր բիզնեսի և կյանքի բարելավման ուղիները ֆինանսների տեղաբաշխման և հայթայթման գործում` ինչպես ավանդական, այնպես էլ այլընտրանքային և արդիական բանկային տեխնոլոգիաների միջոցով:
"Հայներարտբանկ" ՓԲԸ-ն ստեղծվել է Բանկի Հիմնադիրների (բաժնետերերի) 1992թ. հուլիսի 24-ի Ընդհանուր Ժողովի որոշմամբ (արձանագրություն թիվ 1), իսկ 1995թ. ապրիլի 14-ի Բաժնետերերի Ժողովի որոշմամբ վերածվել է բաժնետիրական բանկի՝ օտարերկրյա կապիտալի մասնակցությամբ:
2008թ. մայիսի 19-ի Բաժնետիրոջ Արտահերթ Ընդհանուր Ժողովի որոշմամբ (արձանագրություն թիվ 04/08) "Հայներարտբանկ" ՓԲԸ-ն վերանվանվել է "Ամերիաբանկ" ՓԲԸ: Բանկի անվանափոխությունը գրանցվել է ՀՀ ԿԲ 23.05.2008թ. թիվ 1/506 Ա որոշմամբ:
Անհատական մոտեցումը յուրաքանչյուր հաճախորդին, միասնական թիմի ուժերով ձեռք բերված բարձր մասնագիտական հմտությունն ու փորձը և նորարարությունն ընկած են մեր գործունեության հիմքում: Այդ մասին է վկայում նաև բանկի ողջ պատմությունը: Այսօր, լինելով հայաստանյան շուկայի ամենաարագ աճող և ամենաարդիական բանկային լուծումներն առաջարկող ֆինանսական հաստատությունը, Ամերիաբանկը միաժամանակ Հայաստանի ամենահին բանկերից մեկն է: Այն ստեղծվել է 1910թ.-ին որպես Կովկասյան Առևտրային բանկի մասնաճյուղ, որը խորհրդային տարիներին վերափոխվեց ԽՍՀՄ Վնեշէկոնոմբանկի հայկական մասնաճյուղի: 1992թ. հուլիսին հիմնադրվել է "Հայկական Ներմուծման-Արտահանման Բանկ" ՓԲԸ-ն, որը նույն տարվա սեպտեմբերի 8-ին ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից ստացել է բանկային գործունեության լիցենզիա: 1995թ. ապրիլին բանկի բաժնետոմսերի մեծամասնությունը ձեռք է բերվել օտարերկրյա ներդրող "Կոմպյուտրոն Ինդաստրիզ Իսթեբլիշմենթ" ընկերության կողմից:
2007թ.-ին սկսվում է Հայաստանի հնագույն բանկի պատմության ևս մեկ բեկումնալի փուլ, որն ազդարարվում է բանկի ռեսուրսների համալրմամբ ու ծառայությունների պորտֆելի շեշտակի արդիականացմամբ` համաշխարհային և հայաստանյան ֆինանսական շուկայի զարգացումներին և պահանջներին համապատասխան: 2007թ.-ի օգոստոսին բանկի բաժնետոմսերի հիմնական փաթեթը` 96%-ը, ձեռք է բերվում ռուսաստանյան առաջնային և խոշորագույն ներդրումային ընկերության` "Թի-Դի-Էյ Հոլդինգս Լիմիթեդ"-ի կողմից, որը 2011թ.-ի նոյեմբերին անվանափոխվել է «ԱՄԵՐԻԱ ԳՐՈՒՊ (Սի-Ուայ) ԼԻՄԻԹԵԴ» ընկերության (ներկայումս՝ Իմաստ Գրուպ (Սի-Ուայ) Լիմիթեդ): 2007-2013թթ. ընթացքում աստիճանաբար ավելացնելով բանկի կանոնադրական կապիտալը` գլխավոր բաժնետեր Իմաստ Գրուպ (Սի-Ուայ) Լիմիթեդ) ընկերությունն իր մասնակցությունը բանկի կապիտալում ավելացնում է մինչև 100%:
Ռուսաստանյան առաջատար ֆինանսական հաստատության կողմից բանկի ձեռքբերումը նշանավորվում է 2008թ.-ի ընթացքում բանկի վերանվանմամբ: Այնուհետև մենք` Ամերիաբանկը, դառնում ենք ոչ միայն զուտ բանկ, այլ մի համապարփակ ֆինանսական հաստատություն, որը ձեռք է բերում դինամիկ զարգացման մեծ հնարավորություններ, վերազինվում է ամենաարդիական տեխնոլոգիական միջոցներով, շարունակ ընդլայնում հաճախորդներին տրամադրվող ծառայությունների շրջանակը և կատարելագործում սպասարկման որակը :
“Ամերիաբանկ” ՓԲԸ-ի 14.05.2010թ. թիվ 02/10/01 և “Կասկադ Բանկ” ՓԲԸ 14.05.2010թ. թիվ 44/1 (արձանագրություն թիվ 44) որոշումների համաձայն` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացվել է նշված Բանկերի վերակազմակերպում` միացման միջոցով, որի արդյունքում “Կասկադ Բանկ” ՓԲԸ-ի գործունեությունը դադարել է, իսկ “Ամերիաբանկ” ՓԲԸ-ն պահպանել է իր գործունեությունը նաև որպես “Կասկադ Բանկ” ՓԲԸ-ի իրավահաջորդ:
ՀՀ Կենտրոնական բանկը 2010 հունիսի 16-ի թիվ 134Ա որոշմամբ հաստատել և գրանցել է “Ամերիաբանկ” ՓԲԸ և “Կասկադ Բանկ” ՓԲԸ միացման պայմանագիրը: ՀՀ Կենտրոնական բանկի Նախագահի 25.06.10թ. թիվ 1/655Ա որոշման համաձայն` գրանցվել է “Ամերիաբանկ” ՓԲԸ նոր խմբագրությամբ կանոնադրությունը` կապված “Ամերիաբանկ” ՓԲԸ-ի և “Կասկադ Բանկ” ՓԲԸ-ի միացման հետ, հաստատված բանկերի բաժնետերերի 17.05.2010թ. ընդհանուր ժողովի կողմից:
2015թ-ից առ այսօր Բանկի կողմից թողարկված լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքում տեղի են ունեցել հետևյալ փոփոխությունները.
2015թ. դեկտեմբեր
Բանկի կանոնադրական կապիտալում մասնակցություն է ձեռք բերել Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ), Բանկի կանոնադրական կապիտալն ավելացել է 6,639,680,000 (վեց միլիարդ վեց հարյուր երեսունինը միլիոն վեց հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամի չափով:
2018թ. փետրվար
Բանկի կանոնադրական կապիտալում մասնակցություն է ձեռք բերել Ասիական Զարգացման Բանկը (ԱԶԲ), իսկ Բանկի կանոնադրական կապիտալն ավելացել է 5,213,120,000 (հինգ միլիարդ երկու հարյուր տասներեք միլիոն հարյուր քսան հազար) ՀՀ դրամի չափով:
Ներկայումս Բանկի կանոնադրական կապիտալը կազմում է 54.414.765.000 (հիսունչորս միլիարդ չորս հարյուր տասնչորս միլիոն յոթ հարյուր վաթսունհինգ հազար) ՀՀ դրամ, որը բաժանված է թվով 117.021 (մեկ հարյուր տասնյոթ հազար քսանմեկ) հատ հասարակ անվանական բաժնետոմսերի, յուրաքանչյուրը՝ 465.000 (չորս հարյուր վաթսունհինգ հազար) ՀՀ դրամ անվանական արժեքով:
Ամերիաբանկը ստանձնել է նորարարական, բազմակողմանի և բարձրորակ ֆինանսական լուծումներ տրամադրող գործընկերոջ դերը հայաստանյան շուկայում և տարածաշրջանում գործունեություն իրականացնող հաճախորդների համար: