You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Ինչպե՞ս 2026-ը դարձնել քո տարին - Ամերիա բլոգ
29Դկտ

Ինչպե՞ս 2026-ը դարձնել քո տարին

incbpes 2026 dardznel qo tarin

 

«Վե՛րջ, հունվարի 1-ից նոր կյանք եմ սկսելու»:

Եթե երբևէ այս արտահայտությամբ ես տարին ամփոփել, ապա այս բլոգը քեզ համար է: Կյանքն ամբողջությամբ փոխելու մեր ծրագրերը հաճախ մնում են անկատար: Արի այս տարի այլ կերպ վարվենք. պարզապես որոշենք, որ 2026-ը մեզ համար դարձնելու ենք անձնական կայուն աճի տարի: Հաջողելու համար առաջարկում ենք մի քանի պարզ քայլ, որոնք հետևողականորեն իրականացնելու դեպքում կյանքդ կփոխվի դեպի լավը:     

Նպատակների սահմանում. հաղթահարել Էվերե՞ստը, թե՞ օրը 15 րոպե մարզվել

Նպատակներ սահմանելուն շատերս մոտենում ենք այնպես, կարծես պատրաստվում ենք էվերեստը հաղթահարել մեկ օրում: Սա ուղիղ ճանապարհ է դեպի այրում և մոտիվացիայի կորուստ: Մեր ուղեղը նման է սահմանափակ հիշողությամբ համակարգչի: Եթե փորձենք միանգամից մի քանի մեծ ծրագիր բացել, դրա աշխատանքը կխաթարվի: Սա մարդկային հոգեբանության առանձնահատկություն է. մեզ համար բնականոն է աստիճանական առաջընթացը, ոչ թե արմատական վերափոխումը: 

ԻՆՉՈՒ՞. Մարդկային ուղեղն ունի «պարգևատրման» ներկառուցված համակարգ, որն իդեալական է աշխատում հենց փոքր նպատակների դեպքում: Ամեն անգամ, երբ փոքր գործ ես ավարտում, քո ուղեղը դոֆամին է արտադրում` այն նույն նեյրոմեդիատորը, որի շնորհիվ հաճույք ես զգում, օրինակ, սիրելի կերակուրը ճաշակելիս:   

ԻՆՉՊԵ՞Ս. Գիտնականները պարզել են. որպեսզի մարդը շարունակաբար մոտիվացված մնա, նրա «պարգևատրման» համակարգին անհրաժեշտ են հաճախակի փոքր հաղթանակներ, այլ ոչ միայն հազվագյուտ մեծ ձեռքբերումներ։

Ի՞ՆՉ ԱՆԵԼ

  • 2026-ի համար սահմանիր 2-3 հիմնական նպատակ, որոնք համապատասխանում են քո ուժերին ու կյանքի ռիթմին
  •  Նպատակներդ բաժանիր առօրյա փոքր և իրատեսական քայլերի
  • Տոնիր փոքր հաջողությունները, այլ ոչ թե միայն մեծ նպատակի իրագործումը

(Այո-այո, 1 ամիս շարունակ օրական 15 րոպե մարզվելը հենց այդպիսի հաջողություն է և տոնելու, օրինակ, ընկերների հետ երկար հետաձգված հանդիպումը կազմակերպելու առիթ):
 

Ֆինանսների ավելի գիտակցված կառավարում

Ֆինանսական կայունությունը հետևողական քայլերի արդյունք է, երբ կարողանում ես կառավարել քո ծախսերը, խնայել և պլանավորել։ 2026-ը կարող է լինել ֆինանսապես ավելի հանգիստ ու կանխատեսելի տարի։

Հասկանալու համար, թե ուր է գնում գումարդ, փորձիր գրանցել բոլոր ծախսերդ և վերլուծել դրանք: Անսպասելի իրավիճակներին պատրաստ լինելու համար ստեղծիր ֆինանսական «անվտանգության բարձիկ», որը կծածկի առնվազն 3–6 ամսվա հիմնական ծախսերդ։ Ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու համար կարդա տարեկան գոնե մեկ գիրք ֆինանսների մասին, հետևիր ֆինանսական վստահելի հարթակների, ուսումնասիրիր ֆինանսական այբուբենը, որի մի քանի կարևոր եզրույթ առանձնացրել ենք մեր բառարանում:

Մեծ նշանակություն ունի նաև եկամուտի աճը։ Մեր բլոգում գրել ենք, թե ինչպես ստանալ լրացուցիչ եկամուտ, այդ թվում` ներդրումների միջոցով: Ի դեպ, ներդրումներ կատարելիս մի մոռացիր նաև անվտանգության մասին:

Նախորդ տարվա քո եկամուտների հայտարարագիրը ներկայացնելուց հետո կարող ես դիմել սոցիալական ծախսերի փոխհատուցման համար: Իսկ եթե որոշել ես տուն գնել, ապա կարող ես օգտվել եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից:

Ֆինանսները գիտակցված կառավարելը նշանակում է նաև ճիշտ սահմանել առաջնահերթություններդ և տնօրինել ծախսերը` ելնելով այդ առաջնահերթություններից: Եթե այս պահին առաջնահերթ են քո կամ ընտանիքիդ անդամների կրթությունն ու առողջությունը, ապա այլ թանկարժեք գնումները կարելի է հետաձգել:  
 

Առողջ ապրելակերպ` աճի ռեսուրս ունենալու համար

Անձնական աճն ու կայունությունն անհնար են առանց ամուր առողջության: Մեր մարմնի կարիքները բավարարելու և անհրաժեշտ էներգիան ապահովելու համար կենսական են ֆիզիկական ակտիվությունն ու բազմազան, բալանսավորված և առողջ սնունդը։

Ֆիզիկական և հոգեկան բարեկեցության մեկ այլ հիմնասյուն լիարժեք քունն է։ Ըստ օրվա ռիթմի կամ, պարզ ասած, քնի և ակտիվության առանձնահատկությունների, մարդիկ պայմանականորեն բաժանվում են 3 տեսակի` առավոտյան, միջանկյալ և երեկոյան: Խոսակցական լեզվում դրանք հաճախ անվանում են «արտույտներ», «աղավնիներ» և «բվեր»:

Վաղ արթնացող «արտույտները» սովորաբար ունեն առողջության մի փոքր ավելի լավ ցուցանիշներ։ Այնուամենայնիվ, նրանք մյուսներից վատ են տանում կյանքի ռիթմի փոփոխությունները. անգամ մեկ անքուն գիշերը կարող է նրանց մի քանի օրով շարքից հանել: Այս բլոգում մենք մանրամասն գրել էինք, թե ինչը կարող է լինել քնի խանգարման պատճառ, և ինչ անել որակյալ քուն ունենալու համար:

Միջանկյալ ռեժիմ ունեցող «աղավնիներն» ավելի հեշտությամբ են հարմարվում օրվա ռիթմի փոփոխություններին, սակայն ավելի հակված են հոգեբանական խնդիրների և դեպրեսիվ վիճակների, և ուրեմն, ավելի ուշադիր պետք է լինեն իրենց հոգեկան առողջության նկատմամբ։

 

Երբ դու «բու» ես «արտույտների» աշխարհում

Իսկ ի՞նչ անել, եթե դու  «բու» ես, այսինքն՝ ավելի աշխատունակ ես երեկոյան ժամերին, այնինչ կյանքի ռիթմը և աշխատաշուկան հիմնականում թելադրում են «արտույտի» կենսակերպ` ակնկալելով ակտիվ և աշխատունակ լինել վաղ առավոտից:   

Քնի մասնագետները նման դեպքերի համար մի քանի խորհուրդ ունեն.

  • Քնելու ժամանակն ամեն օր աստիճանաբար տեղափոխիր մի փոքր ավելի վաղ: Այսպես արա մի քանի շաբաթ, մինչև քնելու և արթնանալու միջև ընկած ժամանակահատվածը բավարար լինի լիարժեք հանգստի համար:
  • Երեկոյան քեզ շրջապատիր մեղմ դեղին կամ կարմիր լույսով, որը նման է մայրամուտին, և մարմինդ պատրաստվում է հանգստի: Իսկ վաղ առավոտյան աշխատիր անպայման բացել վարագույրները կամ դուրս գալ տանից. արևի լույսն, ընկնելով աչքի ցանցաթաղանթի վրա, օրգանիզմին ազդանշան է տալիս, որ օրն սկսված է և պետք է արթնանալ:

2026-ը կարող է դառնալ ներքին կայունության ու անձնական աճի տարի։ Վստահ ենք, որ եթե սահմանես ճիշտ նպատակներ, մշակես դրանց հասնելու համար իրատեսական քայլեր, և օրգանիզմիդ օգնես անհրաժեշտ ռեսուրս կուտակել, գալիք տարեվերջին կունենաս ձեռքբերումներդ տոնելու առիթ:

 

Կարդա նաև...

Ի՞նչ պահումներ են արվում քո աշխատավարձից և ինչի՞ համար

Ի՞նչ պահումներ են արվում քո աշխատավարձից և ինչի՞ համար

Ամեն ամիս աշխատավարձ ես ստանում ու հաստատ գիտես քո «մաքուր» և «կեղտոտ» աշխատավարձի չափը: Իսկ գիտե՞ս, թե ինչ պահումներ են արվում քո «կեղտոտ» աշխատավարձից. ի վերջո ո՞ւր է գնում այդ գումարը, ինչպե՞ս է վերադառնում քեզ կամ վերադառնո՞ւմ է արդյոք:

Ինչպե՞ս կայացնել ճիշտ որոշումներ սթրեսային իրավիճակներում. 7+ խորհուրդ գործարարներին

Ինչպե՞ս կայացնել ճիշտ որոշումներ սթրեսային իրավիճակներում. 7+ խորհուրդ գործարարներին

Պատկերացրու՝ քո գլխավոր մատակարարը հանկարծ դադարեցնում է համագործակցությունը, և դու ունես ընդամենը 24 ժամ բիզնեսդ փրկելու համար։

Թվային դետոքս. Ինչպե՞ս բալանսավորել իրական և թվային կյանքը

Թվային դետոքս. Ինչպե՞ս բալանսավորել իրական և թվային կյանքը

Երբ հեռախոսդ մշտապես ձեռքումդ է և ամեն պահի ծանուցումներ ես ստանում, դժվար է պահել հավասարակշռությունը իրական և թվային կյանքի միջև։

  • Recent
  • Popular