
Վերջերս Հայաստանում ամենատարածված թեման եկամուտների պարտադիր հայտարարագրումն է: Դու էլ երևի արդեն գիտես, որ ամեն տարի պետք է ներկայացնես նախորդ տարվա քո եկամուտների հայտարարագիրը։ Սա հարկային համակարգի մաս է, որն ուղղված է թափանցիկության ու հաշվետվողականության ապահովմանը։ Եկամուտների պարտադիր հայտարարագրման մասին ավելի մանրամասն պատմել ենք մեր այս բլոգում:
Իսկ այսօր արդեն ուզում ենք մանրամասն անդրադառնալ ծախսերի փոխհատուցման կետին․ հայտարարագիր ներկայացնելուց հետո կարող ես դիմել սոցիալական ծախսերի փոխհատուցման համար:
Ի՞նչ է սոցիալական ծախս
Սոցիալական ծախսերը տարվա ընթացքում քո կամ ընտանիքիդ անդամների (ամուսին, ծնող, զավակներ) համար կատարված կրթական կամ առողջապահական վճարումներն են:
🟡 Հայաստանում գործող ապահովագրական ընկերություններից առողջության ապահովագրական փաթեթի ձեռքբերման և ատամնաբուժական ծառայությունների դիմաց կատարված վճարումները
🟡 Հայաստանում գործող կրթական հաստատություններին, երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի դպրոցներին, մարզադպրոցներին, արտադպրոցական կազմակերպություններին և ԿԳՄՍՆ-ի կողմից երաշխավորված այլ կրթական ծառայությունների դիմաց կատարվող վճարումները։ Ամբողջական ցանկը կարող ես տեսնել ԿԳՄՍՆ պաշտոնական կայքէջում:
Ովքե՞ր կարող են օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից
Սոցիալական ծախսի փոխհատուցում կարող են ստանալ բոլոր նրանք, ովքեր ներկայացնում են տարեկան եկամուտների հայտարարագիր։
Վերջին փոփոխությունների արդյունքում դու կարող ես ստանալ փոխհատուցում, անգամ եթե վճարումը կատարվել է քո միջոցներից, բայց ոչ անձամբ քո կողմից: Իհարկե, սա պետք է հիմնավորվի համապատասխան փաստաթղթերով: Հիմնականում բավարար է լինում հայտարարատու անձի կողմից ներկայացված գրավոր հայտարարությունը:
Սա վերաբերում է միայն մինչև 2025 թվականի հունիսի 1-ը կատարված ծախսերին. դրանից հետո վճարումն անձամբ կատարած լինելու պայմանը պարտադիր է:
Որքա՞ն փոխհատուցում կարող ես ստանալ
Վերադարձի ընդհանուր գումարը չի կարող գերազանցել տարեկան 100 000 դրամը։
🟢 Կրթության գծով` մինչև 100 000 ֏
🟢 Առողջապահական գծով՝ մինչև 50 000 ֏
Եթե, օրինակ, դու հաշվետու տարում կատարել ես 150 000 ֏ վճարում կրթության գծով և 80 000 ֏ վճարում` ատամնաբուժական ծառայությունների դիմաց, կարող ես այդ տարվա համար ստանալ ընդհանուր 100 000 ֏ փոխհատուցում:
Ինչպե՞ս ստանալ փոխհատուցում
1️⃣ Մուտք գործիր Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ: «Հարկերի մարում/վերադարձ» բաժնի «Սոցիալական ծախսեր» պատուհանում կարող ես տեսնել, թե որքան է կազմում վերադարձի ենթակա գումարը:
2️⃣ Գխավոր էջում մուտք գործիր «Հայտարարագրեր» բաժին, ապա «Հայտարարագրերի ձևեր»-ից ընտրիր «Դիմում՝ միասնական հաշվից գումարները վերադարձնելու համար»։
3️⃣ Բացված պատուհանում լրացրու քո բանկային տվյալները և փոխհատուցման ենթակա գումարի չափը։ Լրացնելուց հետո սեղմիր «Գրանցել» կոճակը։
4️⃣ Բացված դաշտում սեղմիր «Մարում/վերադարձ» կոճակը:
5️⃣ Գրանցված դիմումը կարող ես տեսնել «Լրացված հայտարարագրեր» բաժնում։ Վերջում պետք է սեղմել ստորագրել կոճակը, ընտրել ստորագրության տեսակը, ստորագրել դիմումը և սեղմել «Հանձնել ՊԵԿ» կոճակը։
Վերջ, դիմումն ուղարկված է։ Սոցիալական ծախսի գումարը նշված հաշվեհամարին կփոխանցվի դիմումը ներկայացնելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում։
Դիմումի ներկայացման տեսաուղեցույցը կարող ես գտնել այստեղ:
Հիշիր, որ սոցիալական ծախսի փոխհատուցման համար անհրաժեշտ է նախ հայտարարագրել եկամուտները: Իսկ այդ մասին պատմել ենք մեր այս բլոգում:
Այսքանը. կատարիր ընդամենը մի քանի պարզ քայլ, օգտվիր քեզ ընձեռված հնարավորությունից և ստացիր այն, ինչը քեզ հասանելի է։ Իսկ Ամերիա բլոգը շարունակում է մնալ քո ուղեկիցը ֆինանսական կայունության ճանապարհին: