
Այս տարի սև ուրբաթը լինելու է նոյեմբերի 28-ին, և գրեթե բոլոր խանութները խոստանում են «տարվա ամենամեծ զեղչերը»։ Բայց արդյո՞ք բոլոր առաջարկներն են իսկապես շահավետ: Պարզվում է` ոչ միշտ. SALE պիտակը պարզապես լավ մտածված մարքեթինգային հնարք է։
Այսօր Ամերիա բլոգում միասին կպարզենք՝ ինչպես տարբերել իրական զեղչը կեղծ առաջարկներից:
Ինչպես պատրաստվել սև ուրբաթին
- Կազմիր գնումների ցուցակ 📋
Մի գնա գնումների` առանց նախապես պատրաստած պլանի։ Կազմիր այն ապրանքների ցուցակը, որոնք քեզ իրականում պետք են (տեխնիկա, կահույք, հագուստ, նվերներ և այլն)։ Կարող ես նախապես դուրս գրել նախընտրածդ ապրանքների գները և մոտավորապես կպատկերացնես` ինչ ծախս է քեզ սպասում:
- Սահմանիր բյուջե💸
Ընտրիր առավելագույն սահմանաչափ, որը պատրաստ ես ծախսել սև ուրբաթին։ Կարող ես բաժանել ըստ կատեգորիաների և կարևորության: Սա հատկապես կարևոր է, եթե դու ուսանող կամ երիտասարդ մասնագետ ես, որ սև ուրբաթից հետո չբախվես պարտքերի կամ ավելորդ ֆինանսական խնդիրների։
- Հետևիր գներին սև ուրբաթից առաջ
Շատ վաճառողներ մինչև սև ուրբաթ բարձրացնում են գները, որպեսզի հետո նույն գինը ներկայացնեն որպես «զեղչված»։ Մոտ երկու շաբաթ առաջ սկսիր հետևել գների տատանումներին․ գրի առ գները կամ պահիր սքրինշոթեր։ Համեմատիր գները տարբեր կայքերում և ֆիզիկական խանութներում։
- Միացիր newsletter-ներին և հավատարմության ծրագրերին
Բազմաթիվ խանութներ զեղչի նախօրեին ուղարկում են պրոմո կոդեր կամ վաղ հասանելիության հղումներ։ Միացիր նրանց, որ բաց չթողնես լրացուցիչ զեղչերը:
- Հետևիր սիրելի բրենդերին սոցցանցերում
Բրենդերի Instagram, Facebook և Telegram էջերում հաճախ հրապարակվում են հատուկ առաջարկներ, ժամանակավոր կոդեր, զեղչեր։ Մի քանի րոպե շուտ տեղեկացված լինելու շնորհիվ կարող ես խնայել քո նախընտրած ապրանքները գնելիս։
Օնլայն գնումներ․ անվտանգ և խելացի մոտեցում
Սև ուրբաթի օրերին օնլայն գնումներ կատարելը շատ հարմար է, քանի որ խուսափում ես հերթերից ու այդ օրերի իրարանցումից։ Ամեն դեպքում հիշիր, որ օնլայն գնումները պահանջում են հավելյալ զգուշավորություն:
- Ստուգիր կայքի անվտանգությունը․ հասցեն պետք է սկսվի https-ով և ունենա կողպեքի նշան
- Ուսումնասիրիր հաճախորդների կարծիքների բաժինը. այն քեզ կօգնի հասկանալ՝ ապրանքը համապատասխանո՞ւմ է նկարագրությանը, թե՞` ոչ
- Ստուգիր առաքման և վերադարձի պայմանները. դրանք պետք է լինեն տեսանելի և հստակ
- Վճարիր անվտանգ եղանակներով. վստահելի կայքերը վճարման համար տեղափոխում են պաշտպանված էջ և ուղարկում են էլեկտրոնային անդորրագրեր, պահպանիր դրանք
- Քարտային տվյալներ մուտքագրելիս մի օգտագործիր հանրային Wi-Fi
- Ոչ մեկին մի փոխանցիր մեկանգամյա գաղտնաբառերը կամ քարտի տվյալները
Անվտանգ օնլայն գնումների մասին ավելի մանրամասն պատմել ենք մեր Ինչպե՞ս կատարել անվտանգ վճարումներ օնլայն հարթակներում և Կատարում ենք օնլայն շոփինգ անվտանգ բլոգերում:
Օֆլայն գնումներ․ հաղթահարում ենք սևուրբաթյան իրարանցումը
Եթե սիրում ես խանութներով շրջել, փորձիր սև ուրբաթը դարձնել ոչ թե սթրեսային մարաթոն, այլ հաճելի ժամանց:
1. Մեկ օր առաջ այցելիր խանութ, ծանոթացիր տեսականուն, հիշիր կամ նկարիր այն ապրանքների տեղը, որոնք ուզում ես գնել: Սև ուրբաթին կմնա ուղղակի վերցնել նախապես ընտրած իրերը ու գնալ դեպի դրամարկղ:
2. Կրիր հարմարավետ հագուստ։ Ավելի քիչ հոգնածություն, ավելի խելացի որոշումներ։
3. Օգտվիր անկանխիկ վճարումից և քեշբեքներից։ Գնումներ կատարելու օֆլայն տարբերակը ոչ միայն արագ է ու անվտանգ, այլ շատ դեպքերում՝ ավելի շահավետ։
4. Նախապես հաշվարկիր և սահմանիր, թե քանի ժամ ես պատրաստվում անցկացնել խանութներում։ Սև ուրբաթին երկար շրջելը կարող է «հանգեցնել» ավելորդ գնումների։
5. Ամենակարևորը` դրական տրամադրվիր: Սա ոչ թե մրցավազք է, այլ խելացի գնումներ կատարելու հնարավորություն:
Օգտակար գործիքներ սև ուրբաթին պատրաստ լինելու համար
- Keepa-ն, PriceBlink-ը և նմանատիպ հարթակները թույլ են տալիս տեսնել ապրանքի գնի պատմությունը
- Honey-ն ու Capital One Shopping-ն ավտոմատ փնտրում են քեզ անհրաժեշտ պրոմոկոդերը հենց այն պահին, երբ գնում ես կատարում
- BNPL վարկատեսակն էլ թույլ է տալիս գնել ապրանքը տեղում, իսկ վճարումը կատարել մասերով։ Այս մասին մանրամասն կարող ես ծանոթանալ այս բլոգում։
Ի՞նչ անել գնումներից հետո
Խելացի գնումը չի ավարտվում դրամարկղի մոտ։
1. Պահպանիր անդորրագրերը և էլեկտրոնային հաշիվ-ապրանքագրերը` հնարավոր վերադարձի և երաշխիքային սպասարկման համար:
2. Ստուգիր ապրանքի վիճակը ստանալուց անմիջապես հետո․ թույլ մի տուր, որ գնումդ բացվի մեկ ամիս անց:
3. Հետազոտությունները ցույց են տվել, որ Բրիտանիայում սև ուրբաթի ընթացքում գնված նորաձևության ապրանքների շուրջ 16%-ը վերադարձվում է։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է՝ հաճախ մենք գնում ենք ոչ թե այն, ինչ մեզ պետք է, այլ այն, ինչ էժան է թվում։ Եթե հասկանում ես, որ սխալ գնում ես կատարել, օգտվիր վերադարձի իրավունքից և վերադարձրու այն
4. Վերանայիր այդ օրվա փորձդ և հարցրու քեզ․
- Ի՞նչը գնեցի` ելնելով իրական կարիքից
- Ի՞նչը կգնեի նորից և ինչի՞ց կխուսափեմ հաջորդ տարի
- Ո՞ր առաջարկներն էին իսկապես շահավետ, և որոնք՝ մարքեթինգային ծուղակ
Սև ուրբաթը զեղչաշատ օր է, բայց այն կարող է դառնալ նաև ֆինանսական գրագիտության փորձություն։ Սովորիր տեսնել զեղչը ոչ թե որպես գայթակղություն, այլ որպես խնայելու հնարավորություն։