You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot AI Agent-ը ֆինանսական օգնական - Ամերիա բլոգ
16Հկտ

AI Agent-ը ֆինանսական օգնական

 ai agents

Ինչե՞ր կարող է անել քո փոխարեն և ինչպե՞ս վերահսկել

Պատկերացրու՝ դու ունես թվային օգնական, որը նկատում է, որ այս ամիս առաքումների վրա սովորականից շատ ես ծախսել, հիշեցնում է մոռացված բաժանորդագրության մասին և օգնում է հաշվարկել, թե որքան գումար կարող ես նախատեսել խնայողությունների համար։ Իսկ համապատասխան գործիքների ու թույլտվությունների դեպքում կարող է նաև շատ բաներ քո փոխարեն անել։

Դա կարող է լինել հենց քո ԱԲ գործակալը:

Հեղինակավոր Gartner վերլուծական կենտրոնի կանխատեսմամբ՝ արդեն մինչև այս տարվա վերջ բիզնես հավելվածների շուրջ 40%-ն ունենալու է իր ներկառուցված ԱԲ գործակալները: Համեմատության համար՝ 2025թ. այդ ցուցանիշը 5%-ից պակաս էր։ Իսկ Google Cloud-ի պատվերով անցկացված հարցման մասնակից ֆինանսական ոլորտի ղեկավարների 53%-ը նշել է, որ իրենց կազմակերպություններն արդեն կիրառում են ԱԲ գործակալներ։

Այսօր կխոսենք այն մասին, թե ինչպես են աշխատում ԱԲ գործակալները և ինչպես կարող ես անվտանգ օգտվել դրանցից:

 

Ի՞նչ են ԱԲ գործակալները

Եթե պարզ չաթբոտերը միայն պատասխանում են քո հարցերին կամ հրահանգներ կատարում, ապա ԱԲ գործակալներն օժտված են ինքնավարությամբ (autonomy):

AI Agent-ներն արհեստական բանականության վրա հիմնված համակարգեր են, որոնք ունեն հիշողություն, կարողանում են պլանավորել քայլերը, կայացնել որոշումներ և կատարել բազմաքայլ գործողություններ:

Ֆինանսական տիրույթում դա նշանակում է, որ ԱԲ օգնականը ոչ թե պարզապես ցույց է տալիս, թե ուր է գնացել գումարը, այլ ակտիվորեն քայլեր է ձեռնարկում բյուջեդ օպտիմալացնելու համար՝ անվտանգ կերպով կապվելով տարբեր հարթակների ու բանկային համակարգերի հետ:

Իհարկե, դրա ինքնուրույնության աստիճանը կախված է կոնկրետ համակարգից, հասանելի տվյալներից և տրված թույլտվություններից։ Ոչ բոլոր ԱԲ գործակալներն ունեն նույն հնարավորությունները։

 

Ինչպե՞ս են ԱԲ գործակալները ավտոմատացնում անձնական ֆինանսների կառավարումը

Անձնական ֆինանսները կառավարելը բազմաթիվ փոքր առաջադրանքներից է բաղկացած՝ հետևել ծախսերին, հիշել վճարումների օրերը, ստուգել բաժանորդագրությունները և հասկանալ՝ արդյոք բյուջեն նախատեսվածի պես է աշխատում։ ԱԲ գործակալները կարող են հեշտացնել այս աշխատանքը մի քանի ուղղությամբ։

  • Ծախսերի ավտոմատ մոնիտորինգ և օպտիմալացում

Դու կարող ես պարզապես լուսանկարել քո գնումների չեկերը կամ ԱԲ-ին բանկային քաղվածքը վերլուծելու թույլտվություն տալ: Գործակալն ինքնուրույն կխմբավորի ծախսերն ըստ կատեգորիաների, կհամեմատի տարբեր ամիսների ծախսերը և կնկատի անսովոր փոփոխությունները:

  • Ծառայությունների լավագույն սակագներ

Ինտերնետի, հեռախոսակապի և տարբեր թվային ծառայությունների վճարները երբեմն այնքան սովորական են դառնում, որ մոռանում ենք ստուգել՝ արդյոք դրանք դեռ համապատասխանում են մեր կարիքներին։

 

ԱԲ գործակալը կարող է օգնել վերլուծել պարբերական վճարումները, հայտնաբերել չօգտագործվող բաժանորդագրություններն ու համեմատել հասանելի այլ առաջարկները։ Որոշ համակարգերում, համապատասխան թույլտվությունների և ինտեգրումների առկայության դեպքում, հնարավոր է նաև չեղարկել բաժանորդագրությունը կամ փոխել ծառայության պայմանները։

 

Ավտոմատացված ներդրումներ և խնայողություններ

Բոլորս էլ գիտենք, որ ֆինանսական կայունության գաղտնիքը «ֆինանսական անվտանգության բարձիկ» ունենալն է, բայց ամեն ամիս գումար խնայելը երբեմն կամքի ուժ է պահանջում: ԱԲ գործակալները կարող են օգնել խնայողությունների գործընթացը դարձնել ավելի համակարգված։

  • Խելացի խնայողություններ

Ուսումնասիրելով քո եկամուտներն ու ծախսերը ՝ AI Agent-ը հաշվարկում է այն «անվտանգ» գումարի չափը, որի պակասը քո կյանքի որակի վրա չի ազդի:

Օրինակ՝ այն կարող է գնումներից հետո կլորացնել մնացորդը և տարբերությունն ուղղել խնայողություններին կամ պարբերական փոխանցումներ կատարել խնայողական հաշվին։ Սրանք պարտադիր չէ, որ ԱԲ գործակալի աշխատանք լինեն, բայց ԱԲ վերլուծության հետ համադրելու դեպքում կարող են դառնալ ավելի անհատականացված ֆինանսական կառավարման մաս։

Կարևոր է, որ ավտոմատացումը գործի քո սահմանած կանոններով՝ հաշվի առնելով առաջիկա վճարումները, անհրաժեշտ նվազագույն մնացորդը և խնայողությունների նպատակը։

  • Ներդրումների կառավարում

Եթե ցանկանում ես, որ գումարդ աշխատի, բայց չունես համապատասխան գիտելիքներ, ԱԲ գործակալը կարող է լինել անձնական խորհրդատու: Հիմնվելով քո ընտրած ռիսկի ախորժակի վրա՝ այն ավտոմատ կերպով կառուցում և վերաբալանսավորում է քո ներդրումային պորտֆելը (օրինակ՝ գնելով ցածր ռիսկային ինդեքսային ֆոնդեր՝ ETF-ներ):

 

 ԱԲ-ին գումար վստահելու ռիսկերը և կիբեռանվտանգությունը 

Որքան էլ այս ամենը հրապուրիչ թվա, ֆինանսական հարցերում զգոնությունը կորցնել չի կարելի: ԱԲ-ին սեփական գումարները վստահելիս պետք է հաշվի առնել մի քանի կարևոր գործոն.

  • Տվյալների անվտանգություն և գաղտնիություն

Որպեսզի AI Agent-ն արդյունավետ աշխատի, դու պետք է նրան հասանելիություն տաս քո բանկային տվյալներին: Միշտ պետք է ընտրել միայն բարձր պաշտպանվածություն և պաշտոնական լիցենզիաներ ունեցող հարթակներ:

❗Միշտ հիշիր. ոչ մի դեպքում ոչ մի համակարգի մի' փոխանցիր բանկային գաղտնաբառեր, քարտի PIN կամ մեկանգամյա հաստատման կոդեր։

  • Սխալներ կամ «հալյուցինացիաներ»

Արհեստական բանականությունը կարող է երբեմն սխալվել, խառնել տեղական հարկային օրենսդրության նրբությունները կամ սխալ մեկնաբանել շուկայի կտրուկ տատանումները: Կարևոր է ստուգել այս տեղեկությունները պաշտոնական աղբյուրներում:

  • Չնախատեսված գործողություններ

Եթե ԱԲ գործակալը կարող է փոխանցումներ կատարել կամ ներդրումային գործարքներ իրականացնել, ցանկալի է սահմանել գումարային սահմանաչափեր, միացնել ծանուցումները և չթույլատրել կատարել խոշոր կամ դժվար չեղարկվող գործողություններ` առանց քո հաստատման։

  • Իրավական կողմը

Կարևոր է հիշել, որ ԱԲ համակարգերը սերտիֆիկացված ֆինանսական խորհրդատուներ (fiduciaries) չեն: Ցանկացած ֆինանսական կորստի կամ սխալ գործարքի դեպքում իրավական պատասխանատվությունը մնում է հենց քեզ վրա:

 

ԱԲ գործակալներն կարող են կատարել առօրյա ձանձրալի գործերը, օպտիմալացնել բյուջեն և ավտոմատացնել կրկնվող գործողությունները, բայց նույնիսկ ամենաառաջադեմ տեխնոլոգիան լավագույն արդյունքն է տալիս մարդու խելամիտ վերահսկողության ներքո: Ուստի կարևոր է ոչ թե ամբողջությամբ վստահել նրան, այլ սովորել խելամտորեն օգտագործել դրա հնարավորությունները՝ սեփական ֆինանսական նպատակներին հասնելու համար։

 

Կարդա նաև...

User-Generated Content. Ի՞նչ է այն և ինչպե՞ս է օգնում բիզնեսին

User-Generated Content. Ի՞նչ է այն և ինչպե՞ս է օգնում բիզնեսին

UGC-ն կարող է ներառել կոնտենտի ցանկացած տեսակ՝ տեսանյութեր, լուսանկարներ, մեկնաբանություններ և սոցիալական մեդիայի գրառումներ, որոնք ստեղծվում են իրական օգտատերերի կողմից։

Սքրոլ, քլիք, գնում․ ինչպե՞ս են ձևավորվում ծախսելու քո սովորությունները

Սքրոլ, քլիք, գնում․ ինչպե՞ս են ձևավորվում ծախսելու քո սովորությունները

Նկատե՞լ ես, թե ինչպես կարող է Instagram-ի մի կարճ Reel-ն ազդել որևէ իր գնելու քո որոշման վրա։

Թվիթերի ամենահայտնի 16 ֆինանսական բլոգերները

Թվիթերի ամենահայտնի 16 ֆինանսական բլոգերները

Մերօրյա իրականության մեջ մարդիկ շատ հաճախ ֆինանսական որոշումներ են կայացնում սոցիալական հարթակներում տեսած տեղեկատվության հիման վրա։ 

  • Recent
  • Popular