You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Market Cap, P/E ու շահաբաժին. Բաժնետոմսի տվյալները՝ պարզ լեզվով - Ամերիա բլոգ
02Նյմ

Market Cap, P/E ու շահաբաժին. Բաժնետոմսի տվյալները՝ պարզ լեզվով

 myinvest

Բացում ես բաժնետոմսի նկարագրության էջը․ գին, գրաֆիկ, տոկոսներ, անգլերեն հապավումներ։ Տվյալները շատ են, բայց ինչի՞ց սկսել և ինչպե՞ս հասկանալ՝ ինչ են դրանք պատմում ընկերության մասին։

Այս ուղեցույցում կանդրադառնանք բաժնետոմսերի հիմնական ցուցանիշներին, որոնք կօգնեն ավելի լավ հասկանալ դրանց տվյալները:

MyAmeria հավելվածի MyInvest հարթակում բաժնետոմսի էջում կարող ես ավելի մանրամասն ուսումնասիրել այդ ցուցանիշները։


Հոդվածում MyInvest-ից բերված օրինակները ներկայացված են միայն բացատրական նպատակով և չեն արտացոլում ընթացիկ գնանշումները։ Օրինակները որևէ արժեթուղթ գնելու կամ վաճառելու առաջարկ չեն։

 

 Price․ որքա՞ն արժե մեկ բաժնետոմսը 
 

 

Բաժնետոմսի էջում առաջինը սովորաբար նկատում ես գինը։ Այն ցույց է տալիս մեկ բաժնետոմսի շուկայական գնանշումը տվյալ պահին՝ ըստ հարթակում հասանելի տվյալների։

Օրինակ՝ MyInvest-ի էկրանին Netflix-ի՝ NFLX նշանով բաժնետոմսի գինը 62.52 դոլար է։ Դրա ներքևում կարմիրով նշված 1.38 դոլարը և 2.16%-ը ցույց են տալիս գնի նվազումը նախորդ օրվա փակման, այսինքն՝ վերջին գործարքի գնի նկատմամբ:

Այստեղ կարևոր է տարբերել երեք թիվ․

  • Բաժնետոմսի գինը ցույց է տալիս մեկ բաժնետոմսի շուկայական գնանշումը։
  • Քո գնման միջին գինը ցույց է տալիս, թե պորտֆելումդ առկա բաժնետոմսերը միջինում ինչ գնով ես ձեռք բերել։
  • Քո դիրքի արժեքը ցույց է տալիս այդ բաժնետոմսերում քո ունեցած ներդրման շուկայական արժեքը` քո բաժնետոմսերի քանակը բազմապատկած մեկ բաժնետոմսի այդ պահի գնով։

Այս թվերը տարբեր հարցերի են պատասխանում։ Օրինակ՝ եթե բաժնետոմսի գինն այսօր նվազել է, դեռ չի նշանակում, որ քո ներդրումը վնասով է․ քո օգուտ/վնասը հասկանալու համար անհրաժեշտ է համեմատել բաժնետոմսի ընթացիկ գինը քո գնման միջին գնի հետ: Անգամ եթե բաժնետոմսի գինը իջնի քո միջին գնից, դա դեռ քո վնասը չէ, քանի դեռ չես վաճառել բաժնետոմսը:

MyInvest-ում առկա է նաև բաժնետոմսի գնի գրաֆիկը: Այստեղ կարող ես տեսնել` ինչպես է փոխվել գինը ժամանակի ընթացքում` ընտրելով տարբեր ժամանակահատվածներ՝ մեկ օրից մինչև ամբողջ հասանելի պատմությունը։ Բայց նախկին աճը չի երաշխավորում հետագա աճ։

Ուշադրություն դարձրու նաև Pre-market նշմանը․ այն վերաբերում է հիմնական առևտրային նստաշրջանից առաջ կատարվող առևտրին։ Իսկ «Գնել» և «Վաճառել» կոճակների մոտ նշված գները կարող են տարբերվել էջի գլխավոր գնանշումից։ Պատվերի կատարման վերջնական գինը կախված է նաև պատվերի տեսակից ու շուկայական պայմաններից։

 

 Market Cap․ ինչքա՞ն է ընկերության շուկայական կապիտալիզացիան 

Երկու ընկերության բաժնետոմսերից մեկը կարող է արժենալ 20 դոլար, մյուսը՝ 200։ Արդյոք երկրորդ ընկերությունն ավելի մե՞ծ է։ Սա հասկանալու համար օգտակար է Market Capitalization-ը կամ Market Cap-ը` շուկայական կապիտալիզացիան։

Այն հաշվարկվում է այսպես․

Շուկայական կապիտալիզացիա = մեկ բաժնետոմսի գին × շրջանառության մեջ գտնվող բաժնետոմսերի քանակ

Պատկերացնենք երկու պայմանական ընկերություն․

Ցուցանիշ

Ընկերություն Ա

Ընկերություն Բ

Մեկ բաժնետոմսի գին

$20

$200 դոլար

Շրջանառության մեջ գտնվող բաժնետոմսեր

1 միլիարդ

10 միլիոն

Շուկայական կապիտալիզացիա

$20 միլիարդ

$2 միլիարդ

Ա ընկերության մեկ բաժնետոմսն ավելի ցածր գին ունի, սակայն ընկերության շուկայական կապիտալիզացիան տասն անգամ մեծ է։
 


MyInvest-ում այս ցուցանիշը կգտնես «Կապիտալիզացիա» դաշտում։ Այն օգնում է պատկերացում կազմել ընկերության մասշտաբի մասին, բայց ցույց չի տալիս նրա դրամական հոսքերը, հասույթը կամ շահույթը։ Մեծ կապիտալիզացիան նույնպես ներդրման անվտանգության երաշխիք չէ։

 

P/E․ ինչպե՞ս է գինը համեմատվում շահույթի հետ

Բաժնետոմսի գինը տեսնելը դեռ բավարար չէ հասկանալու համար արդյոք բաժնետոմսը թա՞նկ է, թե՞ էժան։ Այստեղ օգնում է P/E-ն՝ Price-to-Earnings հարաբերակցությունը։

P/E-ն ցույց է տալիս՝ բաժնետոմսի գինը քանի անգամ է գերազանցում մեկ բաժնետոմսին բաժին ընկնող շահույթը՝ EPS-ը։

Բանաձևը պարզ է․

P/E = մեկ բաժնետոմսի գին ÷ մեկ բաժնետոմսին բաժին ընկնող շահույթ՝ EPS

Օրինակ՝ եթե բաժնետոմսն արժե 100 դոլար, իսկ մեկ բաժնետոմսին բաժին ընկնող տարեկան շահույթը 5 դոլար է, ապա P/E-ն կլինի 20։

Այսինքն՝ ներդրողները 1 դոլար շահույթի համար վճարում են 20 դոլար։ Սա չի նշանակում, որ ներդրումդ անպայման կվերադարձնես 20 տարում․ ընկերության շահույթը կարող է փոխվել, և պարտադիր չէ, որ այն ամբողջությամբ վճարվի բաժնետերերին։

Ցածր P/E-ն լավ է, բարձրը՝ վա՞տ

Միայն այս ցուցանիշով նման եզրակացություն անել չի կարելի։ Բարձր P/E-ն կարող է արտացոլել ապագա աճի սպասումներ, իսկ ցածրը կարող է մատնանշել համեմատաբար ցածր գնահատում, բայց նաև մտահոգություններ ընկերության հեռանկարների նկատմամբ։

Եթե ընկերությունը վնասով է աշխատում, P/E-ն կարող է չցուցադրվել կամ օգտակար չլինել նման համեմատության համար։ Այս դեպքում օգտագործվում է P/S-ը` գնի հարաբերությունը հասույթին, քանի որ հասույթը չի կարող բացասական լինել:


MyInvest-ի «Ընդհանուր» բաժնում կարող ես ուսումնասիրել P/E-ն ու EPS-ը։ Համեմատելիս ուշադրություն դարձրու նաև տվյալների ժամանակաշրջանին և հաշվարկման մեթոդին։

 

 Dividend․ ի՞նչ է շահաբաժինը 

Շահաբաժինն ընկերության շահույթից բաժնետերերին վճարվող գումարն է։ Այստեղ կդիտարկենք դրամական շահաբաժինը։

Օրինակ՝ եթե ընկերությունը մեկ բաժնետոմսի դիմաց վճարում է 2 դոլար շահաբաժին, իսկ դու ունես 10 բաժնետոմս, հաշվարկված գումարը կլինի 20 դոլար, մինչև հնարավոր հարկերն ու այլ կիրառելի պահումները։

Շահաբաժնի վճարումը ոչ թե ընկերության պարտավորությունն է, այլ ընտրությունը: Բոլոր ընկերությունները չէ, որ շահաբաժին են վճարում։ Որոշ ընկերություններ միջոցներն ուղղում են բիզնեսի զարգացմանը։ Նույնիսկ նախկինում կանոնավոր վճարումներ կատարող ընկերությունը կարող է նվազեցնել կամ դադարեցնել վճարումները։

Իսկ ի՞նչ է Dividend Yield-ը

Dividend Yield-ը կամ շահաբաժնային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե տարեկան շահաբաժինը բաժնետոմսի գնի քանի տոկոսն է կազմում։

Շահաբաժնային եկամտաբերություն = մեկ բաժնետոմսի տարեկան շահաբաժին ÷ բաժնետոմսի գին × 100%

Օրինակ՝ եթե տարեկան շահաբաժինը 2 դոլար է, իսկ բաժնետոմսի գինը՝ 100 դոլար, ապա շահաբաժնային եկամտաբերությունը 2% է։

Սա ներդրման ընդհանուր եկամտաբերությունը չէ․ բաժնետոմսի գինը կարող է աճել կամ նվազել։ Բացի այդ, եթե գինն ընկնում է, Dividend Yield-ը կարող է մեխանիկորեն բարձրանալ։ Ուստի բարձր տոկոս տեսնելիս արժե հասկանալ՝ որն է դրա պատճառը։


MyInvest-ում այս ցուցանիշը ներկայացված է «Դիվ. եկամտաբերություն» դաշտում։ Ներկայացված էկրանին դրա փոխարեն գծիկ է։ Միայն գծիկից մի՛ եզրակացրու, որ եկամտաբերությունը զրո է կամ ընկերությունը երբեք շահաբաժին չի վճարում․ ճշտիր ընկերության հայտարարություններն ու տվյալների հասանելիությունը։

Շահաբաժնի հետ կապված կարևոր են այս երկու ամսաթվերը՝

  • Ex-div date. այն օրն է, որի դրությամբ բաժնետոմսը ունեցողները ստանում են շահաբաժին: Այսինքն` այս օրը կամ դրանից հետո բաժնետոմս գնելիս առաջիկա շահաբաժնի վճարումը սովորաբար չես ստանում։
  • Դիվ. վճարման օր. շահաբաժնի վճարման նախատեսված օրն է։

 

Բետա (Beta)

Բետան ցույց է տալիս, թե բաժնետոմսի գինը որքան ուժեղ է արձագանքում ընդհանուր շուկայի տատանումներին։ Որպես շուկա սովորաբար վերցնում են որևէ ինդեքս, օրինակ՝ S&P 500-ը։

  • Բետա = 1. բաժնետոմսը մոտավորապես շարժվում է շուկային զուգահեռ
  • Բետա > 1. բաժնետոմսն ավելի ուժեղ է տատանվում, քան շուկան։ Օրինակ՝ 1.5 բետայի դեպքում, եթե շուկան աճում է 10%-ով, բաժնետոմսը միջինում աճում է մոտ 15%-ով։ Սակայն անկումն էլ շուկայի համեմատ ավելի խորն է լինում: 
  • Բետա < 1. բաժնետոմսն ավելի կայուն է, քան շուկան։ Օրինակ՝ 0.5 բետայի դեպքում շուկայի 10% շարժումը բաժնետոմսի վրա միջինում մոտ 5% է ազդում։
  • Բացասական բետա. բաժնետոմսը հակված է շարժվել շուկային հակառակ ուղղությամբ։ Այդպիսի դեպքերը հազվադեպ են։

Բետան օգնում է հասկանալ, թե որքան ռիսկային է բաժնետոմսը շուկայի համեմատ։ Եթե ներդրողը պատրաստ է մեծ տատանումների, կարող է ընտրել բարձր բետայով բաժնետոմսեր։ Եթե ավելի կայունություն է ուզում, ցածր բետայով բաժնետոմսերը կարող են ավելի հարմար լինել։

Բետան հաշվարկվում է անցյալի տվյալներով և ապագայում կարող է փոխվել։ Այն ցույց է տալիս միայն շուկայի հետ կապված ռիսկը։ Ընկերության ներքին խնդիրները, օրինակ՝ վատ կառավարումը կամ դատական գործերը բետայում չեն արտացոլվում։

 

Իսկ թիրախային գինը խոստո՞ւմ է

MyInvest-ի «Վերլուծություն» բաժնում կարող ես տեսնել թիրախային գինը և վերլուծաբանների գնահատականների ամփոփումը։

 

Թիրախային գինը կանխատեսվում է որոշակի ենթադրությունների և ժամանակային հորիզոնի հիման վրա։ Այն կարող է պարբերաբար վերանայվել` կախված ընկերության գործունեությունից և ֆինանսական ցուցանիշների փոփոխությունից, իսկ շուկայական գինը կարող է շարժվել բոլորովին այլ ուղղությամբ։

Նույն կերպ՝ վերլուծաբանների «Գնել», «Պահել» կամ «Վաճառել» գնահատականները չեն փոխարինում քո սեփական ուսումնասիրությանը և չեն նշանակում, որ տվյալ ներդրումը համապատասխանում է քո նպատակներին։

 

Ինչպե՞ս այս ամենը կիրառել MyInvest-ում։

Հաջորդ անգամ բաժնետոմսի էջը բացելիս փորձիր ուսումնասիրել այն այս հերթականությամբ․

  1. Ծանոթացիր ընկերությանը. ինչո՞վ է զբաղվում և ինչպե՞ս է գումար վաստակում։
  2. Նայիր գնին ու գրաֆիկին. ինչպե՞ս է բաժնետոմսի գինը փոփոխվել ժամանակի ընթացքում, ի՞նչն է ընկած եղել կտրուկ աճերի կամ անկումների հիմքում:
  3. Ստուգիր կապիտալիզացիան. ի՞նչ մասշտաբի ընկերության հետ գործ ունես։
  4. Դիտարկիր P/E-ն. բա՞րձր է, թե՞ ցածր ոլորտի միջինի համեմատ։
  5. Ուսումնասիրիր շահաբաժնի տվյալները. կա՞ հայտարարված վճարում, ինչպիսի՞ն է շահաբաժնային եկամտաբերությունը։
  6. Նայիր բետային․ որքա՞ն է բաժնետոմսը տատանվում շուկայի համեմատ, և համապատասխանո՞ւմ է դա ռիսկի այն մակարդակին, որին պատրաստ ես։ 
  7. Որպես ուղենիշ դիտարկիր այլ վերլուծաբանների գնահատականները․ ի՞նչ կանխատեսումներ ունեն վերլուծաբանները բաժնետոմսի հետ կապված:
  8. Գնահատիր ծախսերն ու ռիսկերը. հաշվի առ միջնորդավճարները, հնարավոր հարկերը և արժույթի փոխարժեքի փոփոխությունը։

Այս ցուցանիշները օգնում են որոշակի պատկերացում կազմել ընկերության մասին, բայց դեռևս բավարար չեն: Վերջնական գնահատման համար ուսումնասիրիր նաև նրա ֆինանսական հաշվետվությունները, պարտքերը, դրամական հոսքերն ու բիզնեսի հեռանկարները։

Բացիր MyInvest-ը MyAmeria -ում, ընտրիր քեզ հետաքրքրող բաժնետոմսը և տվյալները փորձիր կարդալ այս ուղեցույցով։ Թվերն ավելի հասկանալի են դառնում, երբ գիտես՝ ինչ հարցի պատասխան փնտրել դրանց մեջ։

Նյութը կրում է տեղեկատվական և կրթական բնույթ և անհատական ներդրումային խորհրդատվություն կամ արժեթղթեր գնելու կամ վաճառելու առաջարկ չէ։ Ներդրումները ենթադրում են ռիսկեր, ներառյալ՝ ներդրված գումարի մասնակի կամ ամբողջական կորստի հնարավորությունը։ Անցյալ արդյունքները չեն երաշխավորում ապագա եկամտաբերություն։

Կարդա նաև...

Դրա՞մ, թե՞ դոլար․ Ո՞րն ընտրել արտերկրից գնումներ անելիս, որ խնայես

Դրա՞մ, թե՞ դոլար․ Ո՞րն ընտրել արտերկրից գնումներ անելիս, որ խնայես

Amazon-ից գնում ես կատարում ու հասնում վճարման փուլ. հարց է առաջանում` «Վճարել դրամո՞վ, թե՞ դոլարով»: Հենց այս պահին դու փաստացի ընտրում ես ավելի շատ վճարելու և խնայելու միջև: Այսօր Ամերիա բլոգում պատմում ենք, թե միջազգային հարթակներում որ արժույթով վճարելն է առավել շահավետ և ինչու:

VR տեխնոլոգիաների կիրառումն աշխարհում

VR տեխնոլոգիաների կիրառումն աշխարհում

Վիրտուալ իրականության գաղափարն առաջին անգամ հայտնվել է դեռ համակարգիչների հայտնվելուց առաջ։ Այն նախատեսված էր օդաչուների համար։

Ինչպե՞ս ճիշտ կառավարել բիզնեսի ծախսերը. 5 պարզ կանոն

Ինչպե՞ս ճիշտ կառավարել բիզնեսի ծախսերը. 5 պարզ կանոն

Բիզնեսի ու անձնական գումարները տարբեր «դարակներում» պահելը ֆինանսների արդյունավետ կառավարման առաջին քայլերից է։ Իսկ ինչպե՞ս կազմակերպել բիզնեսի ծախսերը, որ ոչ միայն հեշտ լինի դրանք առանձնացնել, այլև վերահսկել, հաշվառել ու հիմնավորել։

  • Recent
  • Popular