Եկամուտների պարտադիր հայտարարագրում. Ով պետք է հայտարարագիր ներկայացնի այս տարի - Ամերիա բլոգ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
16Հնվ

Եկամուտների պարտադիր հայտարարագրում. Ով պետք է հայտարարագիր ներկայացնի այս տարի

3D illustration of a movie of phone

Հայաստանում 2023-2026թթ․ փուլային եղանակով ներդրվում է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը։ Վստահ ենք՝ լսել ես, որ այս տարի արդեն հարյուր հազարավոր քաղաքացիներ պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները։

Եվ մենք էլ, ինչպես միշտ, շտապում ենք լուսաբանել և տեղեկացնել ամենակարևորի մասին։ Մասնավորապես, այսօր կխոսենք այն մասին, թե ինչ է ենթադրում եկամուտների հայտարարագրումը, ինչպես է դա արվելու, և ինչ է պետք իմանալ։
 

Ո՞վ պետք է հայտարարագիր ներկայացնի

2024 թվականի համար մինչև 2025 թվականի մայիսի 1-ը հարկային մարմին եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագրեր պետք է ներկայացնեն ՀՀ ռեզիդենտ հանդիսացող այն ՀՀ քաղաքացիները (բացառությամբ դեկտեմբերի 31-ի դրությամբ անչափահաս համարվող անձանց), որոնք՝

  • 2024 թվականի ընթացքում համարվել են վարձու աշխատող,
  • 2024 թվականի ընթացքում ստացել են քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ,
  • 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ զբաղեցրել են «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական ծառայության, համայնքային ծառայության և/կամ հանրային պաշտոն,
  • 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսացել են 2023 թ.-ի արդյունքներով 1 մլրդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպության մասնակից,
  • 2024 թվականի ընթացքում «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով համարվել են իրավաբանական անձի իրական շահառու,
  • 2024 թվականի ընթացքում ստացել են 20 մլն դրամի չափով կամ ավելի փոխառություն։

 

Ի՞նչ պետք է հայտարարագրենք և ինչպե՞ս

Եկամտային հարկի տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնել self-portal.taxservice.am կայքի «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման համակարգ»-ի հայտարարագրման բաժնից։ ՊԵԿ-ին հարկային գործակալների միջոցով հայտնի տեղեկատվությունը կայքում արդեն իսկ նախալրացված է լինելու: Անհրաժեշտ է լինելու ավելացնել մնացած տեղեկատվությունը: Ընդ որում, հայտարարագրման ենթակա են լինելու 2024 թվականին անձի կողմից ստացված բոլոր եկամուտները՝ անկախ դրանց հարկվող լինելուց, օրինակ՝ նվիրատվություն, ժառանգություն, փոխառության ստացում, վարկ, ավանդի տոկոս: Հայտարարագիրը չի ներառելու մինչև 2024 թվականը ստացված եկամուտը կամ առկա գույքը/գումարը:  

Համակարգից օգտվելու և հայտարարագիր ներկայացնելու համար անհրաժեշտ է անցնել էլեկտրոնային նույնականացում։ Իսկ փոփոխություններ անելու և հաստատելու համար անհրաժեշտ է նաև էլեկտրոնային ստորագրություն՝ տվյալների գաղտնիությունը և անվտանգությունն ապահովելու նպատակով: Այժմ գործում է խիստ էլեկտրոնային նույնականացման և էլեկտրոնային ստորագրության երկու տարբերակ։
 

Տարբերակ առաջին

Բջջային հեռախոսի միջոցով, ինչի համար անհրաժեշտ է՝

  1. Ունենալ նույնականացման քարտ (ID Card): Եթե չունեք, այցի համար կարող եք գրանցվել այստեղ։
  2. Նույնականացման քարտով և բջջային հեռախոսով այցելել բջջային կապի օպերատորի սպասարկման ցանկացած կենտրոն, որտեղ բջջային հեռախոսահամարի քարտը (SIM) կփոխարինվի նոր քարտով, իսկ օպերատորին փոխելու դեպքում կտեղադրվի նոր քարտ։
  3. Բջջային կապի օպերատորի սպասարկող անձնակազմի օգնությամբ և Ձեր մասնակցությամբ ակտիվացնել էլեկտրոնային նույնականացումը։
  4. Ակտիվացնել էլեկտրոնային ստորագրության ծառայությունը կապի օպերատորի սպասարկման կենտրոնում կամ ինքնուրույն՝ վճարային տերմինալների միջոցով կամ այցելելով այս կայք։

Լրացուցիչ տեղեկատվության համար նույնականացման քարտով և բջջային հեռախոսով կարող ես այցելել քո նախընտրած բջջային կապի օպերատորի սպասարկման ցանկացած կենտրոն կամ որևէ այլ եղանակով դիմել բջջային կապի քո օպերատորին։

Տարբերակ երկրորդ

Էլեկտրոնային կրիչ պարունակող նույնականացման քարտով, ինչի համար անհրաժեշտ է՝

  1. Ունենալ մինչև 2023թ․ փետրվարի 15-ը Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային գրասենյակից ստացած էլեկտրոնային չիպ պարունակող վավեր նույնականացման քարտ, որի հետ առանձին ծրարով տրամադրվել են PIN և PUK ծածկագրեր։
  2. Ունենալ ընթերցող սարք, որը կարող ես նաև ձեռք բերել «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ից։
  3. Այցելել ekeng.am կայք և հետևելով ուղեցույցներին՝ ակտիվացնել էլեկտրոնային քարտը և ստանալ էլեկտրոնային ստորագրություն:

Լրացուցիչ տեղեկատվության համար կարող ես այցելել www.ekeng.am կայքի առցանց խորհրդատուի էջ կամ զանգահարել +374 60 464504 հեռախոսահամարով։
 

Իսկ ի՞նչ կլինի, եթե չհայտարարագրես քո եկամուտները

Եկամուտները ժամանակին չհայտարարագրելն առաջին անգամ առաջացնում է նախազգուշացում, իսկ նախազգուշացումից հետո 30 օրվա ընթացքում հայտարարագիր չներկայացնելն արդեն ենթադրում է տուգանք` 5000-50000 ՀՀ դրամի չափով՝ կախված սուբյեկտից։ Ի դեպ, տուգանքի նշանակումից հետո 30-օրյա ժամկետում հայտարարագիրը չներկայացնելու դեպքում տուգանքը կարող է կրկնապատկվել։

Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը փուլային է, վերջինը նախատեսվում է 2026-ին: Հաջորդ տարվանից հայտարարագիր կներկայացնեն ՀՀ բոլոր չափահաս քաղաքացիները՝ անկախ նրանից գրանցված աշխատող են, թե ոչ։

 

Կարդա նաև...

Պատմում ենք երեխաներին փողի մասին - 10 խորհուրդ

Պատմում ենք երեխաներին փողի մասին - 10 խորհուրդ

Մասնագետների կարծիքով երեխաների ֆինանսական կրթությունը պետք է սկսել 3-4 տարեկանից:

Ինչո՞ւ ներդրումներ կատարել պարտատոմսերում

Ինչո՞ւ ներդրումներ կատարել պարտատոմսերում

Այստեղ փորձելու ենք պարզ բառերով պատմել քեզ պարտատոմսերի մասին, որպեսզի օգնենք ֆինանսապես ավելի գրագետ դառնալ ու առաջին քայլերն անել ներդրումների ոլորտում:

Ինչպե՞ս կարող ես գումար աշխատել թվային ներդրումներով

Ինչպե՞ս կարող ես գումար աշխատել թվային ներդրումներով

Ներդրումների անցյալն ու ներկան 5 րոպեում Պատկերացրու` ապրում ես հեռավոր 1980-ականներում. պատրաստվում ես ներդրում կատարել ու գնել X ընկերության բաժնետոմս: Վարձում ես ...

  • Recent
  • Popular