Ի՞նչ անել, որ տարին լավ սկսվի. ազգերն ու նրանց «հաջողության ավանդույթները» - Ամերիա բլոգ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
26Դկտ

Ի՞նչ անել, որ տարին լավ սկսվի. ազգերն ու նրանց «հաջողության ավանդույթները»

ai

«Հունվարի 1-ից գնալու եմ մարզասրահ», «Սկսելու եմ առողջ սնվել», «Խնայելու եմ, որ ճամփորդության մեկնեմ», «Ամեն օր 10 էջ գիրք եմ կարդալու». էլ ի՞նչ ծրագրեր ես կազմում նոր տարվա համար, որոնք այդպես էլ ծրագիր են մնում:

Ամեն անգամ որոշում ենք սկսել ինչ-որ բան հենց հունվարի 1-ից. փոխվել, բարելավել կյանքի որակն ու վերջապես ավելի երջանիկ լինել։ Չէ՞ որ խորհրդանշական է սկսել նոր կյանք հենց նոր տարուց:

Տարբեր երկրներում մարդիկ տարբեր կերպ են դիմավորում Ամանորը և հավատում են, որ ավանդույթները հաջողություն կբերեն։ Օրինակ՝ իսպանացիներն իրենց հաջողությունը կապում են խաղողի հատիկների, հույները՝ մետաղադրամ գտնելու, իսկ չինացիները՝ մանդարինների հետ։

Ամերիա բլոգում պատմում ենք, թե ինչպես են դիմավորում Ամանորն աշխարհի տարբեր երկրներում և ինչպես են դա կապում հաջողության հետ:

Հաջողության խաղողը

Իսպանացիներն Ամանորը սկսում են  խաղողի 12 հատիկով․ ամեն հատիկն ուտելիս պահում են մեկական երազանք: Ըստ ավանդույթի՝ ով հասցնի բոլոր հատիկներն ուտել, հաջողությունը կուղեկցի նրան ամբողջ տարվա ընթացքում։ Այս սովորույթը հետաքրքիր պատմություն ունի։ Ասում են՝ 1909 թվականին, երբ Ալիկանտե քաղաքում խաղողի բերքը չափից շատ էր եղել, մարդիկ այն արագ սպառելու համար այսպիսի հետաքրքիր ու ստեղծագործական լուծում են գտել: 

Մետաղադրամով տորթը

Հունաստանում Ամանորի տոնական սեղանից անպակաս է Վասիլոպիտան՝ հատուկ կարկանդակ, որի մեջ մետաղադրամ են թաքցնում։ Ընտանիքի անդամները հերթով կտրում են կարկանդակը, և ավանդույթի համաձայն՝  մետաղադրամը գտնողին ողջ տարվա ընթացքում ուղեկցում է ֆինանսական հաջողությունը։

Կարտոֆիլը`   մահճակալի տակ

Կոլումբիայում մի հետաքրքիր սովորույթ կա. կեսգիշերին կեղևով, առանց կեղևի և կիսակեղև երեք կարտոֆիլ են դնում մահճակալի տակ: Հետո փակ աչքերով վերցնում են կարտոֆիլներից մեկը. արդյունքը, ըստ ավանդույթի, կանխատեսում է հաջորդ տարվա ֆինանսական հաջողությունը։ Կեղևով կարտոֆիլը նշանակում է ֆինանսական կորուստ, մաքրված կարտոֆիլը` հաջողակ տարի, իսկ կիսակեղևով կարտոֆիլը և՛ լավ, և՛ վատ տարի է խոստանում։ Կոլումբիայի բնակիչների 70%-ից ավելին մինչև օրս հավատում է այս ավանդույթի ազդեցությանը: 

Կլոր նախշերով հագուստը

Ֆիլիպիններում մարդիկ Ամանորի գիշերը կրում են կլոր նախշերով հագուստ, քանի որ այն դրամական հաջողություն է խորհրդանշում: Բացի այդ, ֆիլիպինցիները սեղանին տարբեր կլոր պտուղներ են դնում՝ հավատալով, որ դա կայունություն և ֆինանսական հաջողություն կբերի։ 

Հարստության մանդարինները

Չինացիների Նոր տարվա սեղանին պարտադիր են մանդարինն ու նարինջը։ Այս մրգերն իրենց ձևով և գույնով խորհրդանշում են դրամական հաջողություն ու բարեկեցություն։ Միևնույն ժամանակ կարևոր է, որ մանդարիններն ունենան կանաչ տերևներ, քանի որ դրանք աճի և կայունության խորհրդանիշ են։ 

Հաջողության տորթը

ԱՄՆ-ում ֆինանսական հաջողության խորհրդանիշը King Cake-ն է։ Այն խորհրդանշում է միասնականություն, իսկ կտրելու ընթացքում պետք է անպայման գտնել թաքնված փոքրիկ արձանիկը: Ավանդույթի համաձայն` ով գտնի արձանիկը, հաջողությունն իրենն է, իսկ հաջորդ տարի պետք է իր ձեռքով պատրաստի այդ տորթից։

Տարեհաց կամ «Ասիլ Բասիլ»

Մենք՝ հայերս, բացառություն չենք և Ամանորի հետ կապված բազմաթիվ ավանդույթներ ունենք։ Հնում Հայաստանում ընդունված էր պատրաստել մարդու տեսքով «Ասիլ Բասիլ» կամ «Վասիլ» կոչված թխվածքը: Ձեռքերի, աչքերի ու բերանի հատվածում դնում էին չամիչ: Եթե թխելու ժամանակ չամիչն ուռչում էր, տարին հաջող էր լինելու, իսկ եթե չորանում էր, ապա ոչ մի լավ բան սպասել չարժեր։

Դարեր առաջ հայկական Ամանորի ամենակարևոր բաղադրիչը Տարեհացը կամ Տարեգաթան էր` ալյուրից, ընկույզից, չամիչից պատրաստված հացը, որի մեջ դնում էին հացահատիկ կամ մետաղադրամ: Ամանորից հետո հացը կտրում էին տան անդամների քանակին համապատասխան մասերի: Այսօր Տարեհացը հաճախ փոխարինվում է ավանդական գաթայով։

Ի վերջո յուրաքանչյուր ընտանիք ու յուրաքանչյուր տուն Ամանորը նշելու իր ավանդույթներն ու սովորություններ ունի:

Անկախ նրանից՝ ինչպես ու ինչ ավանդույթների հետևելով կդիմավորես 2025 թվականը, թող նոր տարում քո տունը լեցուն լինի ջերմությամբ, հանգստությամբ, ծիծաղով, անակնկալներով, սիրով ու ջերմ պատմություններով։

 

Կարդա նաև...

Անվտանգ ներդրումներ. ինչո՞ւ ընտրել հայկական բրոքերներին

Անվտանգ ներդրումներ. ինչո՞ւ ընտրել հայկական բրոքերներին

Վերջին շրջանում Հայաստանում նկատելի աճել է «ֆինանսական ծառայություններ մատուցող» խաբեբաների թիվը, որոնք խոստանում են չափազանց բարձր ակնթարթային շահույթ։

Ինպե՞ս փոքրացնել կոմունալների հաշիվը` առանց խնայելու

Ինպե՞ս փոքրացնել կոմունալների հաշիվը` առանց խնայելու

Կոճակով կամ վահանակով անջատելուց հետո քո բոլոր սարքերը` հեռուստացույցը, լվացքի մեքենան, ջեռոցը, PlayStation-ը, անցնում են սպասման ռեժիմի ու թեև քիչ, բայց էներգիա են սպառում: Իսկ ի՞նչ անել, որ հավելյալ գումար չվճարես այն էներգիայի համար, որը չես օգտագործում:

MyAmeria ունենալու 7 պատճառ

MyAmeria ունենալու 7 պատճառ

Այսօր առանց մոբայլ բանկինգի մեր առօրյան դժվար թե պատկերացնենք: Վիճակագրությունը հաստատում է այս վարկածը: Ամբողջ աշխարհում շուրջ 5.4 մլրդ մարդ օգտագործում է սմարթֆոն: Նրանցից յուրաքանչյուրը միջինում մոտ 63 անգամ ստուգում է  իր հեռախոսը, այդ թվում` մոբայլ բանկինգը:

  • Recent
  • Popular