
Զեղչերի շրջանում մեր ցանկությունները հետաքրքիր հատկություն են ստանում․ հանկարծ պարզվում է, որ մեզ պետք է այն ամենը, ինչի մասին չէինք էլ մտածել։ Դա էլ հանգեցնում է նրան, որ զեղչերին զուգահեռ մեծանում է զամբյուղի չափը. մեկը լավ գնով էր, մյուսը մի օր հաստատ պետք կգա, իսկ երրորդն այնքան շահավետ էր թվում, որ չգնելը խելամիտ չէր։
Բայց զեղչված գինը դեռ չի նշանակում, որ գնումը խնայողություն է։ Մինչև «գնել» կոճակը սեղմելը արժե ինքդ քեզ հինգ պարզ հարց տալ։
1️⃣Սա զամբյուղում հայտնվել էր մինչև Black Friday-ը, թե՞ զեղչը համոզեց
Սա լավ միջոց է, որ հասկանաս՝ գնումդ նախապես պլանավորած էր, թե պարզապես զեղչերի ազդեցությամբ հայտնվեց ցանկալի գնումների ցանկում։
Օրինակ՝ եթե մի քանի շաբաթ է՝ նոր նոթբուք ես փնտրում և սպասում ավելի շահավետ առաջարկի, Black Friday-ը կարող է լավ հնարավորություն լինել։ Իսկ եթե ընդամենը զեղչերի էջն ես թերթել ու հանկարծ որոշել, որ քեզ նոր սրճեփ, ականջակալ ու մարզասարք է պետք, արժե մի փոքր մտածել։
Փոքրիկ հնարք․ զամբյուղիդ ապրանքները համեմատի՛ր այն ցանկի հետ, որը կազմել էիր մինչև զեղչերի սեզոնը։ Այդպես ավելի հեշտ կլինի տարբերել անհրաժեշտ գնումները ցանկալիներից։
2️⃣Վճարել միանգամի՞ց, թե՞ մաս-մաս
Երբեմն ապրանքի ամբողջ արժեքը միանգամից վճարելն այնքան էլ հարմար չէ։ Այդ դեպքում կարելի է դիտարկել Buy Now, Pay Later (BNPL) տարբերակը, որը հնարավորություն է տալիս գնումը կատարել հիմա, իսկ վճարումը կատարել հետո։
Ամերիաբանկի MyAmeria հավելվածում հասանելի MyPay գործիքը թույլ է տալիս քեզ հասանելի սահմանաչափի շրջանակում գնումներ կատարել բանկի գործընկեր վաճառակետերում և կայքերում։
Կարևոր է հիշել, որ մաս-մաս վճարելը գնումն ավելի էժան չի դարձնում․ այն պարզապես փոխում է վճարման ժամանակացույցը։
Իսկ MyPay-ի աշխատանքի, առավելությունների ու «Գնիր հիմա, վճարիր հետո» մոդելի մասին ավելի մանրամասն կարդա մեր այս բլոգում։
3️⃣Զեղչն իրո՞ք շահավետ է
«-50%», «Միայն այսօր», «Վերջին հնարավորություն»․ այս արտահայտությունները հեշտությամբ կարող են բերել իմպուլսիվ գնման։ Բայց զեղչի տոկոսը դեռ չի նշանակում, որ առաջարկն ամենաշահավետն է։
Համեմատի’ր նույն ապրանքի գները տարբեր վաճառողների մոտ, ստուգի’ր՝ արդյոք նախնական գինն իրատեսական է, և ուշադրություն դարձրու առաքման ու վերադարձի պայմաններին։
Փոքրիկ հնարք․ մի՛ կենտրոնացիր միայն զեղչի տոկոսի վրա։ Համեմատիր վերջնական գները․ երբեմն ավելի փոքր զեղչով առաջարկն իրականում ավելի շահավետ է։
4️⃣Որքա՞ն է գնման վերջնական արժեքը
Ապրանքի գինը կարող է լինել ոչ թե միակ, այլ պարզապես առաջին ծախսը։
Նոր հեռախոսի համար գուցե անհրաժեշտ լինեն պատյան ու պաշտպանիչ ապակի, կահույքի դեպքում՝ առաքում և տեղադրում, իսկ տեխնիկայի համար՝ լրացուցիչ պարագաներ։
Օրինակ՝ 150,000 դրամ արժողությամբ կահույքի առաքումն ու հավաքումը կարող են ևս 20,000 դրամ արժենալ։ Այսինքն՝ գնման վերջնական արժեքը 170,000 դրամ է։
Մինչև գնում կատարելը հաշվի’ առ նաև այդ լրացուցիչ ծախսերը, որպեսզի վերջնական գինը չհիասթափեցնի։
5️⃣Իսկ վճարումը որքանո՞վ է անվտանգ
Գրավիչ զեղչը չպետք է ուշադրությունդ շեղի անվտանգ վճարումից։ Մինչև քարտիդ տվյալները մուտքագրելը համոզվի’ր, որ պաշտոնական և վստահելի կայքում ես։
Առցանց գնումների ժամանակ քարտային տվյալները պաշտպանելու և զեղծարարություններից խուսափելու ավելի շատ խորհուրդներ գտիր մեր բլոգում։
Black Friday-ը կարող է լավ հնարավորություն լինել վաղուց նախատեսած գնումներն ավելի շահավետ պայմաններով կատարելու համար։ Բայց լավ գործարքը միայն մեծ զեղչը չէ․ ցանկացած գնում պետք է համապատասխանի քո կարիքներին ու բյուջեին։
Հաջորդ անգամ, երբ զամբյուղումդ հայտնվի հերթական «աննախադեպ» առաջարկը, հիշի’ր այս հինգ հարցերը։ Երբեմն ամենախելամիտ խնայողությունը հենց այն գնումից հրաժարվելն է, որի կարիքը չունեիր։
Իսկ եթե արդեն որոշել ես՝ ինչ գնել, MyPay-ը կարող է լինել վճարման տարբերակներից մեկը։ MyAmeria հավելվածում կարող ես ծանոթանալ ծառայության հնարավորություններին և քեզ հասանելի պայմաններին՝ մինչև գնումը հաստատելը։