
Երբ խոսում ենք ֆինանսական կայունության մասին, հաճախ առաջին միտքը լավ աշխատանք և կայուն աշխատավարձ ունենալն է։ Բայց ժամանակակից աշխարհում անձնական ֆինանսները միայն մեկ աղբյուրի վրա կառուցելը նման է մեկ ոտք ունեցող աթոռի վրա նստելուն․ հնարավոր է, բայց այնքան էլ ապահով չէ։
Ներդրումների մասին խոսելիս հաճախ լսում ենք հայտնի խորհուրդը․ «բոլոր ձվերը մի՛ դիր նույն զամբյուղի մեջ»։ Նույն սկզբունքը կարելի է կիրառել նաև անձնական ֆինանսների դեպքում։
Եկամուտի դիվերսիֆիկացիան հենց դրա մասին է․ ստեղծել մի համակարգ, որտեղ ֆինանսական կայունությունը կախված չէ եկամուտի միայն մեկ աղբյուրից։
Ինչո՞ւ է եկամուտի մեկ աղբյուրից կախված լինելը ռիսկային
Աշխատավարձը կամ հիմնական եկամուտը շատերի ֆինանսական կյանքի հիմքն է։ Բայց երբ եկամուտդ կախված է միայն մեկ աղբյուրից, կյանքի ցանկացած փոփոխություն կարող է ավելի զգալի ազդեցություն ունենալ ֆինանսների վրա։ Անսպասելի ծախսերը, նոր նպատակները կամ ժամանակավոր փոփոխությունները հաղթահարելը շատ ավելի հեշտ է, երբ ունես ֆինանսական ճկունություն և եկամուտի մեկից ավելի աղբյուր։
- Տեխնոլոգիաները փոխում են աշխարհը
Արհեստական բանականությունը, ավտոմատացումը և նոր տեխնոլոգիաները արագ փոխում են բազմաթիվ ոլորտներ։ Որոշ գործընթացներ դառնում են ավելի արդյունավետ, որոշ հմտություններ՝ ավելի պահանջված, իսկ որոշ գործառույթներ կորցնում են իրենց ակտուալությունը։
Սա չի նշանակում, որ ապագայում աշխատանք չի լինելու։ Բայց ցույց է տալիս, որ փոփոխություններին պատրաստ լինելը և եկամուտի տարբեր աղբյուրներ ունենալը կարող են դառնալ կարևոր առավելություն։
- Տնտեսական փոփոխությունները կարող են ազդել ցանկացած ոլորտի վրա
Տնտեսական անկումները, շուկայի տատանումները կամ կոնկրետ ոլորտում պահանջարկի նվազումը կարող են ազդել եկամուտի վրա: Երբ ամբողջ բյուջեի հիմքում մեկ աղբյուր է, նման փոփոխությունները կարող են ավելի մեծ ճնշում ստեղծել։
Եկամուտի մի քանի աղբյուր ունենալը թույլ է տալիս ռիսկերը բաշխել և ավելի ճկուն արձագանքել փոփոխություններին։
Կյանքը միշտ չէ, որ ընթանում է ըստ պլանի
Անսպասելի իրավիճակները կյանքի բնական մաս են․ նոր նպատակներ, ժամանակավոր դադարներ, փոփոխություններ կամ պարզապես նոր ուղղություն փորձելու ցանկություն։
Ֆինանսական դիվերսիֆիկացիան այս դեպքում դառնում է ոչ միայն ապահովության միջոց, այլև ավելի հանգիստ պայմաններում որոշումներ կայացնելու ազատություն։
Ֆինանսական դիվերսիֆիկացիա. ի՞նչ է դա իրականում
Եկամուտի դիվերսիֆիկացիան չի նշանակում, որ պետք է միաժամանակ մի քանի աշխատանք ունենալ և ամբողջ օրը զբաղված լինել։
Դրա գաղափարը հավասարակշռված համակարգ ստեղծելն է, որտեղ տարբեր աղբյուրներ լրացնում են միմյանց։
Դա կարող է լինել՝
- լրացուցիչ աշխատանք,
- ներդրումներից ստացվող եկամուտ,
- փոքր բիզնես,
- գիտելիքի և փորձի միջոցով ստեղծված նոր արժեք։
Կարևորը եկամուտի աղբյուրների քանակը չէ, այլ այն, թե որքան կայուն և մտածված է քո եկամուտների համակարգը։
Ինչպե՞ս ստեղծել եկամուտի լրացուցիչ աղբյուրներ
Քո գիտելիքը կարող է դառնալ նոր հնարավորություն
Տարիների ընթացքում կուտակած փորձն ու հմտությունները կարող են արժեք ստեղծել նաև հիմնական աշխատանքից դուրս։ Օրինակ`
- խորհրդատվություն,
- դասընթացներ,
- վերապատրաստումներ,
- մասնագիտական աջակցություն,
- մենթորություն։
Այն, ինչ քեզ համար դարձել է ամենօրյա աշխատանք, ուրիշի համար կարող է լինել արժեքավոր գիտելիք։
Ստեղծիր մի բան, որը կարող է աշխատել նաև առանց քո ներգրավվածության
Որոշ գաղափարներ կարող են շարունակել արժեք ստեղծել նաև այն պահին, երբ դու ակտիվորեն չես աշխատում դրանց վրա։ Օրինակ՝
- օնլայն դասընթաց,
- էլեկտրոնային կամ աուդիո գիրք,
- մասնագիտական ուղեցույց,
- թվային շաբլոններ,
- ավտոմատացված ծառայություններ
Ստեղծման փուլում դրանք պահանջում են ժամանակ և ջանք, բայց հետագայում կարող են դառնալ եկամուտի լրացուցիչ աղբյուր։
Թույլ տուր, որ փողն էլ աշխատի
Եկամուտի դիվերսիֆիկացիան միայն լրացուցիչ աշխատանքի մասին չէ։
Եթե ունես խնայողություններ, կարող ես մտածել նաև գումարի մի մասը տարբեր ֆինանսական գործիքներում ներդնելու մասին․ օրինակ՝ պարտատոմսերում կամ ներդրումային այլ գործիքներում՝ հաշվի առնելով քո նպատակները, ռիսկի ախորժակն ու ժամանակային հորիզոնը։
Եթե հնարավոր է, նախապես ամրագրիր թռիչքը, հյուրանոցն ու մյուս հիմնական ծախսեր ենթադրող ծառայությունները։ Շատ դեպքերում այսպես ավելի մատչելի է ստացվում։
Սկսիր փոքր քայլերից
Եկամուտի դիվերսիֆիկացիան մեկ օրվա որոշում չէ։ Պետք չէ միանգամից սկսել մեծ նախագիծ կամ ամբողջությամբ փոխել առօրյադ։
Իրականում դիվերսիֆիկացիան կառուցվում է փոքր, բայց հետևողական քայլերով։ Այն չի վերացնում ռիսկերը, բայց օգնում է բաշխել դրանք։ Իսկ երբ ֆինանսական «հենարաններդ» մեկից ավելի են, նույնիսկ անսպասելի փոփոխությունները շատ ավելի հեշտ կառավարելի են դառնում։