You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Ինչպե՞ս ճիշտ օգտվել վարկային գծից - Ամերիա բլոգ
15Մյս

Ինչպե՞ս ճիշտ օգտվել վարկային գծից

 inchpes chisht ogtvel varkayin gcic

Վարկային գիծը կարող է դառնալ թե՛ ֆինանսական ազատության գործիք, թե՛ ավելորդ ծախսերի պատճառ։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես ես այն օգտագործում։ Եթե ճիշտ կառավարես այն, կունենաս ֆինանսական ճկունություն, կկարողանաս հաղթահարել ժամանակավոր ֆինանսական բացերը և նույնիսկ խնայել։

 

Ի՞նչ է վարկային գիծը, և ինչո՞վ է այն տարբերվում սովորական վարկից

Ի տարբերություն սպառողական վարկի, երբ ամբողջ գումարը միանգամից փոխանցվում է քո հաշվին, իսկ վճարումը կատարվում է ամսական հստակ գումարի չափով, վարկային գիծը պտտվող (revolving) վարկային հնարավորություն է։ Վարկային գծի հիմնական առավելությունն այն է, որ գումարի օգտագործված մասը արտոնյալ ժամանակահատվածում վերադարձնելու դեպքում տոկոս չես վճարում, իսկ տոկոսներն էլ հաշվարկվում են միայն օգտագործված գումարի վրա, ոչ թե ամբողջ սահմանաչափի: Այս մասին ավելի մանրամասն կարող ես կարդալ մեր այս բլոգում:

 

Վարկային գծից օգտվելու 5 ոսկե կանոն

Վարկային գծի ամենամեծ գայթակղությունը դրա հասանելիությունն է։ Երբ գումարը միշտ «ձեռքի տակ» է, հեշտ է ծախսել ավելին, քան իրականում պետք էր:

Առաջարկում ենք 5 սկզբունք, որոնք կօգնեն քեզ խուսափել տիպիկ սխալներից։

 

1. Օգտագործիր միայն այնքան, որքան անհրաժեշտ է հենց այդ պահին

Մի ընկիր վարկային գծի ամենամեծ «թակարդը» և մի ծախսիր զուտ այն պատճառով, որ «կարող» ես։ Ավելորդ ծախսը մեծացնում է տոկոսային բեռը, որը ժամանակի ընթացքում կարող է զգալիորեն մեծանալ։ Նախօրոք պլանավորիր ծախսերդ և ֆիքսիր կոնկրետ նպատակ ու գումարը վերադարձնելու ժամկետ ամեն անգամ, երբ որոշում ես օգտվել վարկային գծից։
 

2. Հետևիր արտոնյալ ժամանակահատվածին կամ grace period-ին


Grace Period-ը կամ արտոնյալ ժամանակահատվածը քո ամենաարժեքավոր արտոնությունն է։ Եթե այդ ընթացքում ամբողջությամբ մարես օգտագործած գումարը, տոկոսներ չես վճարի։

 

Փաստացի դա նշանակում է, որ կարող ես ժամանակավորապես օգտվել բանկի միջոցներից՝ առանց տոկոսի։

 

3. Մի դիտարկիր վարկային գիծը որպես հավելյալ եկամուտ

Վարկային գիծը լրացուցիչ եկամուտ կամ աշխատավարձ չէ։ Դա ժամանակավոր ֆինանսական ռեսուրս է, որը հետագայում պետք է վերադարձվի։

Եթե սկսում ես այն ընկալել որպես «ազատ գումար», ծախսերը շատ արագ դուրս են գալիս վերահսկողությունից։

Լավագույն մոտեցումը սա է․ օգտագործիր վարկային գիծը ոչ թե իմպուլսիվ գնումների, այլ պլանավորված և հիմնավորված ծախսերի համար։

 

4. Ժամանակին կատարիր նվազագույն վճարումները

Նույնիսկ եթե չես կարող ամբողջությամբ մարել օգտագործված գումարը, կարևոր է ժամանակին կատարել նվազագույն վճարումները։ Ուշացրած կամ բաց թողած վճարումները վատ են ազդում քո վարկային պատմության վրա։ Ապագայում դա կարող է բարդացնել նոր վարկ ստանալու պրոցեսը կամ նվազեցնել վարկային գծի սահմանաչափը։

Ֆինանսական կարգապահությունը հաճախ ավելի կարևոր է, քան բարձր եկամուտը։

Եթե զգում ես, որ սահմանաչափը մեծ է քո ծախսային սովորությունների համար, կարող ես դիմել դրա նվազեցման համար։ Սա կօգնի ավելի վերահսկելի դարձնել ծախսերը և փուլերով մարել ամբողջական վարկը։

 

5. Խուսափիր կանխիկացումից և փոխանցումներից

Վարկային գիծը սովորաբար նախատեսված է անկանխիկ վճարումների համար. կանխիկացումը և փոխանցումները, որպես կանոն, ենթադրում են լրացուցիչ միջնորդավճար։ Միշտ նախապատվությունը տուր անկանխիկ վճարումներին. դրանք ֆինանսական տեսանկյունից շատ ավելի ձեռնտու են։

 

Ե՞րբ է վարկային գիծը դառնում լավագույն լուծումը

Կան իրավիճակներ, երբ վարկային գիծը կարող է շատ օգտակար լինել։

Օրինակ՝

  • երբ առաջացել են չնախատեսված ծախսեր,
  • երբ աշխատավարձին կամ մուտքերին մի քանի օր է մնացել,
  • երբ եկամուտդ անկայում է (եթե օրինակ աշխատում ես ֆրիլանս),
  • կամ երբ տնտեսական անկայունության պայմաններում ուզում ես ունենալ ֆինանսական պահուստ։

 

Փոքր բիզնեսների դեպքում էլ վարկային գիծը հաճախ օգնում է պահպանել շրջանառությունը՝ առանց մեծ վարկ վերցնելու։

Այսինքն՝ դա ոչ թե «վերջին փրկօղակ» է, այլ ճիշտ օգտագործելու դեպքում՝ ֆինանսական ճկունություն ապահովելու գործիք։

 

Հաճախ տրվող հարցեր (FAQ)


Ինչպե՞ս է հաշվարկվում վարկային գծի տոկոսադրույքը

Տոկոսները հաշվարկվում են միայն օգտագործված գումարի վրա և միայն այն օրվանից սկսած, երբ օգտվել ես այդ գումարից։

Այսինքն՝ որքան արագ մարես պարտքը, այնքան քիչ տոկոս կվճարես։

Կարո՞ղ եմ վարկային գիծը ժամկետից շուտ փակել

Այո՛։ Սովորաբար կարող ես ցանկացած պահի ամբողջությամբ մարել և փակել վարկային գիծը։ Բայց մինչև դա անելը, պետք է ծանոթանալ պայմանագրի բոլոր կետերին։

Ինչպե՞ս բարձրացնել վարկային գծի սահմանաչափը

Բանկերը սովորաբար գնահատում են քո եկամուտները, վարկային պատմությունը և վճարումների կարգապահությունը։ Եթե ժամանակին կատարում ես վճարումները և ունես կայուն ֆինանսական վարքագիծ, սահմանաչափի բարձրացման հավանականությունն ավելի մեծ է։

 

Վարկային գիծը կարող է լինել թե՛ լավ ֆինանսական աջակցություն, թե՛ ավելորդ ծանրաբեռնվածության պատճառ։ Տարբերությունը միայն մեկ բանում է՝ ինչպես ես այն կառավարում։

Եթե այն օգտագործես գիտակցված, նպատակային և ժամանակին կատարես վճարումները, վարկային գիծը քեզ կտա այն, ինչ ամենակարևորն է` ճկունություն ու վերահսկողություն անկանխատեսելի իրավիճակներում։

 

Կարդա նաև...

Աշխատանք-կյանք հավասարակշռություն. հաջողության հասնելու բանալիներից մեկը

Աշխատանք-կյանք հավասարակշռություն. հաջողության հասնելու բանալիներից մեկը

Աշխատանք-կյանք հավասարակշռությունը տասնամյակներ շարունակ շատ քննարկվող թեմաներից է ամբողջ աշխարհում։ Եվ դա միանգամայն բնական է՝ հաշվի առնելով ժամանակակից աշխարհում մասնագետների առջև ծառացած մարտահրավերների լայն շրջանակը:

Ի՞նչ ֆիլմ դիտել: Բացահայտում ենք ներդրումային աշխարհը

Ի՞նչ ֆիլմ դիտել: Բացահայտում ենք ներդրումային աշխարհը

Ներդրումների աշխարհը, ինչպես կինոաշխարհը, լի են անկանխատեսելի զարգացումներով, ռիսկով ու ադրենալինով: 

Սովորում ենք խաղալով. ֆինանսական գրագիտություն երեխաների համար

Սովորում ենք խաղալով. ֆինանսական գրագիտություն երեխաների համար

Ֆինանսական ոլորտի գուրուները պնդում են, որ ավելի կարևոր է երեխաներին ֆինանսական գրագիտություն սովորեցնել վաղ տարիքից ու դա անել ոչ թե ավանդական մեթոդներով, այլ ամենահասարակ խաղերի օգնությամբ։ 

  • Recent
  • Popular