Սոցիալական հարթակները և բլոգինգը` որպես եկամուտի աղբյուր - Ամերիա բլոգ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
29Փտվ

Սոցիալական հարթակները և բլոգինգը` որպես եկամուտի աղբյուր

social platforms

Դժվար է չհամաձայնել, որ սոցիալական հարթակներն այսօր մեծ դերակատարում ունեն անհատների ու բիզնեսի կյանքում։ Տեխնոլոգիական զարգացմանը համընթաց` սոցիալական հարթակներն օրեցօր ընդլայնում են իրենց հնարավորություններն ու ծառայությունների շրջանակը: Ըստ վերջին ուսումնասիրությունների՝ 4.95 միլիարդ մարդ օգտվում է սոցիալական հարթակներից, ինչը կազմում է աշխարհի բնակչության 61%-ը։ Եթե շատերի համար սոցիալական հարթակները ժամանցի միջոց են, ապա ոմանց համար դարձել են նաև եկամուտի աղբյուր: 

Պատմում ենք, թե ինչպես կարելի է մոնետիզացնել կամ, այլ կերպ ասած, դրամայնացնել սոցիալական հարթակները:

Մոնետիզացիայի էությունն այն է, որ դու քո ունեցած ռեսուրսներն ու գաղափարները վերածում ես եկամտաբեր նախագծի կամ, բառացիորեն ասած,  փոխարկում ես գումարի: Մոնետիզացնել կարելի է գրեթե ամեն ինչ՝ սկսած կայքի մուտքերից մինչև մեկնաբանություններ։ Համացանցում կարելի է վաճառել նույնիսկ մի ժեստ, դառնալ շատ պահանջված ու ստանալ միլիոնավոր առաջարկներ:
Մոնետիզացիան կարող է արդյունավետ լինել այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են լրացուցիչ եկամուտ ստանալ՝ աշխատելով իրենց համար և կառավարելով իրենց ժամանակը, օրինակ` ուսանողները, տնային տնտեսուհիները, ֆրիլանսերը և այլոք: Կարևոր է հիշել, որ գործընթացը պահանջում է ջանք և ժամանակ: Պետք է ընտրել ամենահարմար մեթոդը, ստեղծել բարձրորակ բովանդակություն, գրավել էջի այցելուներին, փորձարկել տարբեր մեթոդներ և վերլուծել արդյունքները։ 
YouTube-ը, օրինակ, հիանալի տարբերակ է սիրելի հոբբին մոնետիզացնելու համար, քանի որ միլիոնավոր մարդիկ YouTube-ում փնտրում են տեսանյութեր իրենց հոբբիին առնչվող թեմաներով: Սա զգալիորեն կարող է մեծացնել քո կոնտենտի դիտելիությունն ու տարածումը, դառնալ ինքնադրսևորվելու և այդ ընթացքում որոշակի գումար վաստակելու հնարավորություն:


Ե՞րբ է էջի մոնետիզացիան սկսելու լավագույն ժամանակը

Դու պետք է սկսես դրամայնացնել քո էջը կամ բլոգը, երբ արդեն ունես բավարար թվով այցելուներ ու բովանդակություն, որը հետաքրքրում է քո լսարանին: Որքան շատ այցելուներ ունի քո էջը, այնքան ավելի հավանական է, որ դու կարող ես այն շահութաբեր դարձնել: Նախ համոզվիˊր, որ քո էջի բովանդակությունը օգտակար է քո լսարանի համար: Եթե այցելուները նորից վերադառնան քո էջ, կիսվեն քո հրապարակումներով և խորհուրդ տան այն իրենց ընկերներին, ուրեմն եկել է մոնետիզացիայի ժամանակը:
Եթե դու սկսես մոնետիզացնել քո էջը կամ բլոգը նախքան բավարար այցելուներ կամ բովանդակություն ունենալը, դա կարող է վնասել քո էջի առաջխաղացմանն ու տարածմանը: 


Ինչպե՞ս սկսել սոցիալական էջի մոնետիզացիան

  • Որոշիˊր, թե ով է քո թիրախային լսարանը և ի՞նչ հետաքրքրություններ ունի: Սա կօգնի քեզ ընտրել ամենահարմար մեթոդը և ավելի շատ հետևորդներ գրավել:
  • Որոշիˊր քո էջի ոճն ու ստեղծիˊր դիզայն, որը կգրավի քո լսարանի ուշադրությունը, կօգնի քեզ առանձնանալ մրցակիցներից:
  • Ստեղծիˊր բովանդակություն, որը օգտակար կլինի քո լսարանի համար և կհամապատասխանի նրանց հետաքրքրություններին: Սա կօգնի ավելի շատ հետևորդներ ներգրավել և պահպանել նրանց:
  • Որոշիˊր քո թիրախային լսարանի մոնետիզացիայի մեթոդը, ստեղծիˊր ռազմավարություն, որը համապատասխանում է քո նպատակներին և պահանջներին: Սահմանիˊր բյուջեն և նպատակները, հաջողության ցուցանիշները և փորձարկիˊր դրամայնացման մեթոդները:
  • Ստեղծիˊր բովանդակության ռազմավարություն, որը համապատասխանում է քո նպատակներին և օգնում է ավելի շատ այցելուներ ներգրավել:


Որքա՞ն կարող ես վաստակել

Սոցիալական էջի մոնետիզացիայից ստացված եկամուտի չափը կախված է հետևորդների և բաժանորդների թվից, բովանդակության որակից, թեմայից և ընտրված մեթոդից: Գումարը կախված է նրանից, թե որքան օգտակար է քո էջը գովազդատուների համար:

Որոշ բլոգերներ ամսական մի քանի դոլար են վաստակում, իսկ ոմանք ունեն մեծ եկամուտներ: Կարևոր է հասկանալ, որ սոցիալական ցանցում էջի դրամայնացումը ջանք և ժամանակ պահանջող գործընթաց է: Շահութաբերության հասնելու համար դու պետք է անընդհատ բարելավես բովանդակության որակը, ներգրավես նոր հետևորդների, փորձարկես նոր մեթոդներ և վերլուծես արդյունքները:


Համագործակցություն բրենդերի հետ

Բրենդների հետ համագործակցությունը էջը մոնետիզացնելու ամենատարածված եղանակներից մեկն է: Դու կարող ես գովազդային պայմանագիր կնքել որևէ բրենդի հետ` արտադրանքը կամ ծառայությունը գովազդելու նպատակով:

Ի՞նչ է անհրաժեշտ բրենդերի ուշադրությունը գրավելու համար 

  • Դու ունես ակտիվ լսարան:
  • Քո հետևորդները ակտիվորեն արձագանքում են քո հրապարակումներին:
  • Քո լսարանը համապատասխանում է բրենդի թիրախային լսարանին:
  • Բրենդերը պատրաստ են իրենց անունը կապել որակյալ, պրոֆեսիոնալ բովանդակության հետ:

Ինչպե՞ս ընտրել համագործակցության առաջարկները

  • Զգուշորեն ընտրիˊր քո գործընկերներին. համագործակցությունը պետք է համապատասխանի քո արժեքներին և քո լսարանի շահերին:
  • Հիշիˊր, որ չափազանց շատ գովազդը կարող է ձանձրացնել ու վանել քո հետևորդներին:
  • Ուսումնասիրիˊր շուկան` հասկանալու համար, թե որքան արժե քո էջի բովանդակությունը:


Բրենդերի հետ համագործակցության ընթացքում դու հաջողություն կունենաս, եթե հարգալից լինես քո լսարանի առջև և ազնիվ` գործընկերների հետ հարաբերություններում: 

Ինչպե՞ս կառուցել երկարաժամկետ հարաբերություններ գործընկեր բրենդերի հետ

Կարևոր է հասկանալ, թե ինչ նպատակներ է հետապնդում տվյալ բրենդը, ինչպե՞ս կարող է քո էջի բովանդակությունը նպաստել վաճառքին կամ բրենդի ճանաչելիությանը:  

  • Պահպանիˊր ժամկետները:
  • Դարձիˊր բրենդի գործընկերը:
  • Քննարկիˊր գաղափարները, արաˊ առաջարկություններ:
  • Մշակիˊր համագործակցության երկարաժամկետ ռազմավարություն, որը ներառում է բազմաթիվ նախագծեր: 
  • Միշտ կապի մեջ եղիˊր բրենդի ներկայացուցիչների հետ, անգամ եթե այս պահին չեք աշխատում որևէ նախագծի վրա: Սա կամրապնդի ձեր հարաբերությունները:
  • Գնահատիˊր ձեր համագործակցության արդյունավետությունը. ի՞նչ արդյունքներ եք ձեռք բերել, ինչպե՞ս կարելի է բարելավել ձեր համագործակցությունը:

Ինչպե՞ս գտնել ֆրիլանս նախագծեր սոցիալական ցանցերի միջոցով

Եթե դու ցանկանում ես  օգտագործել սոցիալական մեդիան ֆրիլանս նախագծեր գտնելու համար, նկատիˊ ունեցիր հետևյալ խորհուրդները.

  • Ստեղծիˊր պրոֆեսիոնալ պրոֆիլ, որը ընդգծում է քո հմտություններն ու փորձը: Օգտագործիˊր հիմնաբառեր՝ քեզ հեշտ գտնելու համար:
  • Տեղադրիˊր քո աշխատանքի օրինակները և կիսվիˊր քո ոլորտին առնչվող խորհուրդներով: Սա կգրավի պոտենցիալ հաճախորդների ուշադրությունը:
  • Մեկնաբանիˊր գրառումները, մասնակցիˊր քննարկումներին։
  • Միացիˊր քո ոլորտին նվիրված խմբերին: Այստեղ դու կարող ես գտնել պատվերներ և քո փորձը քննարկել գործընկերների հետ: 
  • Գրանցվիˊր մասնագիտացված հարթակներում, որտեղ հաճախորդները փնտրում են կատարողներին:


Սոցիալական էջերի մոնետիզացիայի հաջողված պատմություններ 

Խաբի Լեյմը (Khabi Lame) 2020 թվականին համավարակի պատճառով կորցրել էր իր աշխատանքը ու ողջ ժամանակն անցկացնում էր Tik-Tok-յան կարճ լայֆհաքեր նայելով։ Նա, նկարահանելով լայֆհաքերը հեգնող հարյուրավոր հոլովակներ, 2021-ին Tik-Tok-ում իր հետևորդների թվով 2-րդն էր։ Tik-Tok-ում նա այսօր ունի 161,5 մլն հետևորդ, իսկ Instagram-ում՝ 79,8 մլն։ Influencer Marketing Hub-ի տվյալներով` նա մի հրապարակման համար կարող է վաստակել 60 հազարից մինչև 100 հազար դոլար։ Իսկ Խաբիի ունեցվածքը գնահատվում է $20 մլն։

Հուդա Քաթթանը (Huda Kattan) սովորական ֆինանսական աշխատող էր, ով թողեց իր հիմնական աշխատանքը` հոբբիով զբաղվելու համար, և 2010 թվականից սկսեց վարել YouTube-յան ալիք։ Գրանցելով չտեսնված հաջողություններ դիմահարդարի իր կարիերայում՝ 2013-ին Հուդան ստեղծեց իր բրենդը՝ «Huda Beauty»-ն, որն այժմ ամենավաճառվող ապրանքանիշներից է և ապահովում է տարեկան $200մլն եկամուտ։ Հուդան Ամերիկայի ամենահարուստ կանանց շարքում 37-րդն է։

Զաք Քինգին (Zach King) կոչում են վիդեոմոնտաժի հանճար։ Նա սկսել է իր կարիերան 2008 թվականին և հրապարակում է զարմանալի լուծումներով տեսահոլովակներ։ Զաքի ունեցվածքը գնահատվում է մոտ $5մլն և շարունակում է աճել։

Կիարա Ֆեռանյին (Chiara Ferragni) սկսել է «The Blonde Salad» նորաձևությանը նվիրված իր բլոգը 2009-ին և 2015-ին դարձել նորաձևության ամենահայտնի բլոգերը` չնայած մասնագիտությամբ իրավաբան լինելուն։ Կիարան կարող է հպարտանալ համաշխարհային տարբեր բրենդերի հետ համագործակցություններով և ավելի քան $10մլն կարողությամբ։

 

Կարդա նաև...

Թվիթերի ամենահայտնի 16 ֆինանսական բլոգերները

Թվիթերի ամենահայտնի 16 ֆինանսական բլոգերները

Մերօրյա իրականության մեջ մարդիկ շատ հաճախ ֆինանսական որոշումներ են կայացնում սոցիալական հարթակներում տեսած տեղեկատվության հիման վրա։ 

Ի՞նչ ֆիլմ դիտել: Բացահայտում ենք ներդրումային աշխարհը

Ի՞նչ ֆիլմ դիտել: Բացահայտում ենք ներդրումային աշխարհը

Ներդրումների աշխարհը, ինչպես կինոաշխարհը, լի են անկանխատեսելի զարգացումներով, ռիսկով ու ադրենալինով: 

Ինչպե՞ս կարող ես գումար աշխատել թվային ներդրումներով

Ինչպե՞ս կարող ես գումար աշխատել թվային ներդրումներով

Ներդրումների անցյալն ու ներկան 5 րոպեում Պատկերացրու` ապրում ես հեռավոր 1980-ականներում. պատրաստվում ես ներդրում կատարել ու գնել X ընկերության բաժնետոմս: Վարձում ես ...

  • Recent
  • Popular