You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Prompt Engineering. Սովորիր ճիշտ հրահանգներ տալ AI-ին - Ամերիա բլոգ
21Օգս

Prompt Engineering. Սովորիր ճիշտ հրահանգներ տալ AI-ին

 plane to travel

AI-ը կարող է անել գրեթե ամեն բան, ինչ խնդրում ես։ Բայց մի փոքրիկ «բայց» կա․ շատ բան կախված է նրանից, թե ինչպես ես ձևակերպում պահանջդ։ Ցանկալի արդյունք ստանալու համար պետք է տիրապետել Prompt Engineering-ի «արվեստին»։

 

Ի՞նչ է Prompt Engineering-ը, և ինչո՞ւ է այն պետք բոլորին

Prompt Engineering-ն AI-ի համար արդյունավետ հարցումներ և հրահանգներ կազմելու գործընթացն է։ Այն հարցը հստակ ձևակերպելու հմտություն է, որն AI-ին օգնում է հասկանալ՝ ինչ ես ուզում, ինչ կոնտեքստում, ինչ սահմանափակումներով և ինչ ձևաչափով։

Prompt Engineering-ը ոչ թե AI-ին «խելացի հարցեր» տալու, այլ քո հարցը հնարավորինս հստակ ձևակերպելու մասին է։

 

Ինչպե՞ս է լավ prompt-ը խնայում ժամանակ ու գումար

AI-ի հետ աշխատելիս ժամանակի մեծ մասը երբեմն ծախսվում է ոչ թե աշխատանքը կատարելու, այլ նույն հանձնարարությունը մի քանի անգամ վերաձևակերպելու վրա։

Լավ prompt-ը կարող է օգնել առաջին իսկ փորձից ստանալ ավելի կիրառելի արդյունք։ Սա նշանակում է՝ ճիշտ prompt-ը կարող է ոչ միայն ժամանակ խնայել, այլև նվազեցնել կրկնվող աշխատանքի ծավալը։

AI-ի հետ արդյունավետ աշխատելու հմտությունը ժամանակի ընթացքում կարող է դառնալ նաև մասնագիտական առավելություն։

 

Արդյունավետ prompt կազմելու 4 հիմնական կանոն

1️⃣Սահմանիր դեր և կոնտեքստ

Սկզբում AI-ին ասա՝ ինչ տեսանկյունից պետք է մոտենա խնդրին, և ինչ իրավիճակի մասին է խոսքը։

Օրինակ՝

Օրինակ՝ AI-ին ասում ես. «Գրիր բիզնես պլան»։ Պատասխանը կարող է լինել ընդհանուր և բավականին անորոշ։

Իսկ եթե ասես. «Գործիր որպես բիզնես խորհրդատու։ Կազմիր փոքր սրճարանի բիզնես պլան Երևանի համար՝ ներառելով թիրախային լսարանը, հիմնական ծախսերը, եկամուտի աղբյուրներն ու հնարավոր ռիսկերը։ Ներկայացրու աղյուսակի տեսքով»։

Այսպես AI-ն ավելի լավ է հասկանում ոչ միայն ինչ անել, այլև ինչ կոնտեքստում մտածել։ Վստահ եղիր, որ արդյունքն անհամեմատ ավելի մոտ կլինի քեզ անհրաժեշտ պատասխանին։

 

2️⃣Հստակ ձևակերպիր առաջադրանքն ու սահմանափակումները

«Գրիր հոդված» և «գրիր 500 բառանոց հոդված երիտասարդների համար, պարզ ու ընկերական լեզվով» 2 տարբեր prompt-եր են։

Նշիր՝

🟢ինչ պետք է անել,

🟢ում համար է,

🟢ինչ ծավալով,

🟢ինչ տոնով,

🟢ինչ ներառել,

🟢ինչ չներառել

 

3️⃣Ասա՝ ինչ ձևաչափով ես ուզում պատասխանը

Նույն տեղեկատվությունը կարելի է ներկայացնել տարբեր ձևաչափերով, և երբեմն հենց դա է որոշում՝ որքան հարմար կլինի պատասխանը քեզ համար։ Եթե պատրաստվում ես համեմատել տարբերակները, խնդրիր աղյուսակ, եթե ուզում ես արագ կողմնորոշվել՝ ցանկ կամ կետերով պատասխան, իսկ եթե պետք է որևէ գործընթաց հասկանալ՝ քայլ առ քայլ ներկայացում։

Օրինակ՝

«Ներկայացրու 5 քայլով»։

կամ

«Ստեղծիր 3 սյունակից բաղկացած աղյուսակ՝ խնդիր, լուծում, օրինակ ձևաչափով»։

 

4️⃣Տուր օրինակ

Եթե ունես կոնկրետ պատկերացում, թե ինչ արդյունք ես ուզում, ցույց տուր այն։

Օրինակ՝

«Պատասխանը կառուցիր այս օրինակի նման՝ կարճ վերնագիր, 2 նախադասությամբ բացատրություն և մեկ օրինակ»։

Մեկ կամ երկու լավ օրինակն անգամ երբեմն ավելի օգտակար է, քան երկար բացատրությունը։

 

Տարածված սխալներ

🟣Չափազանց ընդհանուր հարցումներ

«Ի՞նչ է մարքեթինգը» հարցի փոխարեն կարող ես նշել՝ ինչ մակարդակի գիտելիք ունես այդ մասին, ինչ նպատակով է պետք տեղեկատվությունը և ինչ ձևաչափով ես ուզում այն ստանալ։

🟣Միանգամից մի քանի խնդրանք

Եթե մեկ prompt-ում խնդրում ես միաժամանակ ուսումնասիրել թեման, գրել հոդված, ստեղծել սոցիալական մեդիայի տեքստ, կազմել աղյուսակ և թարգմանել այն երեք լեզվով, արդյունքը կարող է քաոսային լինել։

Ավելի արդյունավետ է մեծ առաջադրանքը բաժանել փոքր քայլերի։

🟣Հակասող հրահանգներ

Եթե միաժամանակ ասում ես «գրիր հնարավորինս սեղմ» և «մանրամասն բացատրիր բոլոր կետերը», AI-ին դժվար է հասկանալ, թե որն է առաջնահերթ։

🟣AI-ի պատասխանն ընդունելը` որպես վերջնական ճշմարտություն

Նույնիսկ լավ prompt-ը չի երաշխավորում, որ AI-ի պատասխանն անսխալ է։

Հատկապես ֆինանսական, իրավական, բժշկական կամ այլ կարևոր տեղեկատվության դեպքում անհրաժեշտ է ստուգել փաստերը և անհրաժեշտության դեպքում օգտվել վստահելի աղբյուրներից։

 

Լավ prompt-ի պարզ բանաձևը

Եթե չգիտես՝ որտեղից սկսել ձևակերպումը, հիշիր այս պարզ կառուցվածքը․
 

Դեր + կոնտեքստ + առաջադրանք + սահմանափակումներ + օրինակ + ձևաչափ

Պարտադիր չէ ամեն անգամ օգտագործել բոլոր բաղադրիչները, բայց որքան բարդ է առաջադրանքը, այնքան ավելի կարևոր է դրանցից հնարավորինս շատ նշել։

Որքան լավ ես հասկանում՝ ինչ պատասխան ես ուզում ստանալ, այնքան ավելի հեշտ է դա բացատրել AI-ին։ Ու հենց այդ պատճառով Prompt Engineering-ը կարող է դառնալ առօրյա աշխատանքի, սովորելու և ժամանակ խնայելու օգտակար հմտություն։

 

Փոստ - AI-ին հարց ես տալիս, ստանում պատասխանը … Ու սկսում բացատրել՝ «ես սա նկատի չունեի»։ Ծանո՞թ իրավիճակ է։

Արի Ամերիա բլոգ․ այսօր պատմում ենք Prompt Engineering-ի մասին ու բացահայտում մի քանի պարզ հնարք, որոնք կօգնեն AI-ից ստանալ հենց այն արդյունքը, որն ակնկալում էիր:

Կարդա նաև...

Կարո՞ղ են Ամերիայում հաշիվ ու քարտ ունենալ անչափահասները

Կարո՞ղ են Ամերիայում հաշիվ ու քարտ ունենալ անչափահասները

«Կարո՞ղ եմ արդյոք հաշիվ բացել ու քարտ պատվիրել երեխայիս համար». այս հարցը մենք շատ հաճախ ենք ստանում:

Մեքենա սրահի՞ց, թե՞ շահագործված. Ո՞րը գնել և ի՞նչ սպասել

Մեքենա սրահի՞ց, թե՞ շահագործված. Ո՞րը գնել և ի՞նչ սպասել

Մտածում ես մեքենա գնելու մասին, բայց չգիտես` որն ընտրել: Մի կողմից` նորը թանկ է, մյուս կողմից` հինը ռիսկային է. չգիտես, թե որքան կծառայի ու իրականում ինչ պատմություն ունի:

Բանկինգի ապագան․ թվային բանկ

Բանկինգի ապագան․ թվային բանկ

Տեխնոլոգիաներն ամեն օր զարգանում են լույսի կամ սահում ավազի հատիկների արագությամբ, ու այդ արագությունից հետ մնալ դու պարզապես չես կարող։

  • Recent
  • Popular