11Ապր
Ինչպե՞ս սովորեցնել երեխաներին ճիշտ վերաբերվել փողին. ուղեցույց 6-18 տարեկանների համար

Երբ ծնողներին հարցնում ենք՝ արդյոք կարևոր է երեխայի ֆինանսական գրագիտությունը, բոլորը միաձայն դրական են պատասխանում։ Չէ՞ որ փողի հետ ճիշտ վարվելը նշանակում է հաջողություն, անվտանգություն, պատասխանատու որոշումներ կայացնելու կարողություն և շատ ավելին:
Սակայն ամեն ինչ այդքան էլ պարզ չէ․ ինչպե՞ս սովորեցնել երեխային հաշվել գումարը, գիտակցված ու նպատակային ծախսել, ինչպե՞ս բացատրել, թե ինչ է բանկը կամ վարկային քարտը, օգնել վաստակել առաջին գումարը:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ փողի հետ կապված սովորությունները ձևավորվում են վաղ տարիքում, ուստի անհրաժեշտ է սկսել ֆինանսական կրթությունը հնարավորինս շուտ: Մասնագետներն ասում են՝ վաղ տարիքում ֆինանսական կրթությունը նպաստում է ապագա ֆինանսական կայունությանը: Օրինակ, Քեմբրիջի համալսարանի հետազոտությունը ցույց է տվել, որ ֆինանսական սովորությունները ձևավորվում են 7 տարեկանից առաջ:
Մեկ այլ հետազոտություն էլ ցույց է տալիս, որ 6-18 տարեկան երեխաների 84%-ը ցանկանում է դպրոցում սովորել ֆինանսական հմտություններ, ինչպիսիք են, օրինակ, բյուջեի պլանավորումն ու վարումը:
Այսօր կպատմենք, թե որ տարիքից և ինչպես կարելի է երեխաներին ծանոթացնել փողին, ինչպես են մարդիկ գումար աշխատում, ինչպես պետք է վերաբերվել գումար ծախսելուն և ինչպես ծանոթացնել խնայողություններին:
Ի՞նչ կարող են անել ծնողները
Ծնողները կարևոր դեր են խաղում երեխաների ֆինանսական կրթության գործում: Նրանք կարող են՝
- Օրինակ ծառայել: Երեխաները սովորում են՝ հետևելով իրենց ծնողների վարքագծին: Եթե ծնողները պատասխանատու են իրենց ֆինանսների նկատմամբ, երեխաները նույնպես կսովորեն այդպես վարվել:
- Քննարկել ֆինանսական հարցերը: Բաց քննարկումները փողի մասին կարող են օգնել երեխաներին հասկանալ ֆինանսական հասկացությունները և հարցնել այն, ինչ նրանց հետաքրքրում է:
- Խրախուսել խնայողությունը: Ծնողները կարող են խրախուսել երեխաներին խնայել իրենց գումարը՝ առաջարկելով խնայողության նպատակներ և պարգևատրելով նրանց:
Սակայն, համաձայնեք, 6-18 տարեկանների միջակայքը բավականին մեծ է։ 6 և 18 տարեկանների հետ պետք է խոսել տարբեր թեմաների մասին և բոլորովին տարբեր լեզվով։ Եվ այսպես․
6-7 տարեկաններ: Ծանոթացում փողի արժեքին և հիմնական հասկացություններին
Այս տարիքում կարևոր է նրանց ծանոթացնել հետևյալ հասկացություններին.
- Փողի ճանաչում և արժեք: Սովորեցնել տարբեր արժույթներն ու դրանց արժեքը: Խաղերի միջոցով կարելի է երեխաներին ցույց տալ, թե ինչպես է փողը փոխանակվում ապրանքների և ծառայությունների: Օրինակ, խանութի գնումների վերաբերյալ խաղերը կարող են օգնել երեխաներին հասկանալ գնման և վաճառքի գործընթացը: Ֆինանսական գրագիտությունը բարձրացնող խաղերի մասին ավելի մանրամասն պատմել ենք մեր նախորդ բլոգերից մեկում։
- Խնայողություն: Օգտագործել խնայատուփեր կամ թափանցիկ տարաներ, որպեսզի երեխաները տեսնեն իրենց խնայողությունները և գնահատեն խնայելու կարևորությունը: Սա կօգնի նրանց հասկանալ, որ փոքր գումարների կուտակումը կարող է հանգեցնել ավելի մեծ գումարների:
8-10 տարեկաններ: Խնայողություն և ծախսերի պլանավորում
Այս տարիքում երեխաները սկսում են ավելի լավ հասկանալ ֆինանսական որոշումների հետևանքները: Կարևոր է՝
- Գումարի կառավարում: Տալ փոքր գումարներ որպես գրպանի փող և սովորեցնել կառավարել դրանք: Ծնողները հաճախ պահանջում են, որ երեխաները կատարեն որոշակի աշխատանքներ՝ այդ գումարը ստանալու համար և գնահատել աշխատանքի արժեքը:
- Բյուջետավորում: Օգնել երեխաներին կազմել պարզ բյուջե՝ ներառելով խնայողությունները, ծախսերն ու նվիրատվությունները: Սա կօգնի նրանց հասկանալ, թե ինչպես պլանավորել իրենց ծախսերը և խուսափել ավելորդ ծախսերից:
- Հետաձգված բավարարվածություն: Սովորեցնել, որ որոշ գնումներ պահանջում են ժամանակ և համբերություն: Օրինակ, եթե երեխան ցանկանում է գնել թանկարժեք խաղալիք, կարելի է նրան խրախուսել խնայել իր գրպանի փողը, մինչև բավարար գումար կուտակվի:
11-14 տարեկաններ: Ծանոթացում բանկային համակարգին
Այս տարիքում երեխաները պատրաստ են ծանոթանալու ավելի բարդ ֆինանսական հասկացություններին.
- Բանկային հաշիվներ: Բացել խնայողական հաշիվ և սովորեցնել դրա կառավարումը: Սա կօգնի նրանց հասկանալ, թե ինչպես է աշխատում բանկային համակարգը և ինչպես կարելի է ապահով պահել իրենց գումարը:
- Վարկեր և պարտքեր: Բացատրել վարկերի աշխատանքը, տոկոսադրույքները և պարտքերի կառավարման կարևորությունը: Կարևոր է, որ երեխաները հասկանան, որ վարկերը պետք է վերադարձվեն, և որ բարձր տոկոսադրույքները կարող են մեծացնել պարտքի չափը:
- Առցանց ֆինանսներ: Սովորեցնել առցանց բանկինգի հիմունքները և կիբերանվտանգության կարևորությունը: Սա ներառում է գաղտնաբառերի պաշտպանությունը, ֆիշինգային հարձակումներից խուսափելը և անձնական տվյալների պաշտպանությունը:
15-18 տարեկաններ: Ներդրումներ և ֆինանսական պլանավորում
Դեռահասները պետք է պատրաստվեն ինքնուրույն ֆինանսական որոշումներ կայացնելուն։
- Ներդրումների հիմունքներ: Ծանոթացնել ներդրումների տարբեր տեսակներին և ռիսկերի կառավարմանը: Սա կարող է ներառել բաժնետոմսեր, պարտատոմսեր և այլ ներդրումային գործիքներ: Կարևոր է, որ նրանք հասկանան, որ ներդրումները կարող են բերել ինչպես շահույթ, այնպես էլ վնաս:
- Ֆինանսական պլանավորում: Օգնել սահմանել երկարաժամկետ ֆինանսական նպատակներ և մշակել դրանց հասնելու պլան: Սա կարող է ներառել խնայողություններ ուսման վարձի համար, մեքենայի գնման պլանավորում և այլ խոշոր ծախսեր:
- Աշխատանք և եկամուտ: Խրախուսել աշխատանքային փորձ ձեռք բերելը և եկամուտների կառավարումը: Սա կարող է լինել կես դրույքով աշխատանք կամ աշխատանքի հնարավորություն ամռան ամիսներին։ Սա կօգնի նրանց հասկանալ աշխատանքի արժեքը և եկամուտների կառավարումը:
Կարդա նաև...
Փորձում ես օնլայն քարտ բացել կամ քարտ բացելու համար գնում ես բանկ, և առաջին հարցերից մեկը, որը քեզ ուղղում են` դեբետայի՞ն, թե՞ կրեդիտային:
Ներդրումների անցյալն ու ներկան 5 րոպեում
Պատկերացրու` ապրում ես հեռավոր 1980-ականներում. պատրաստվում ես ներդրում կատարել ու գնել X ընկերության բաժնետոմս: Վարձում ես ...
Այստեղ փորձելու ենք պարզ բառերով պատմել քեզ պարտատոմսերի մասին, որպեսզի օգնենք ֆինանսապես ավելի գրագետ դառնալ ու առաջին քայլերն անել ներդրումների ոլորտում: