
2026-ի Circularity Gap Report-ի գնահատմամբ՝ աշխարհում տարեկան մոտ €25.4 տրիլիոն տնտեսական արժեք է կորչում նյութերի ու ապրանքների ոչ արդյունավետ օգտագործման պատճառով։
Բայց այս թվի հետևում միայն մեծ արդյունաբերություններն ու արտադրական գործընթացները չեն։ Երբեմն մենք շատ շուտ ենք հրաժարվում այն ապրանքից, որը դեռ կարող էր պահպանել իր արժեքը՝ վերանորոգվելով, վերաօգտագործվելով կամ վերավաճառվելով։
Գուցե ապրանքի կյանքը չպետք է ավարտվի այն պահին, երբ մենք դադարում ենք օգտագործել այն։ Եվ գուցե մեզ միշտ չէ, որ պետք է այն ունենալ, եթե կարող ենք պարզապես օգտվել դրանից։
Այս գաղափարն աստիճանաբար փոխում է նաև մեր պատկերացումը սեփականության մասին։ Դրա հիմքում շրջանաձև տնտեսության մոտեցումն է՝ հնարավորինս երկար պահել ապրանքներն ու ռեսուրսները շրջանառության մեջ՝ պահպանելով դրանց արժեքը։
Ի՞նչ է շրջանաձև տնտեսությունը և ինչո՞վ է տարբերվում ավանդականից
Ավանդական կամ գծային տնտեսական մոդելի հիմքում բավական պարզ տրամաբանական շղթա է՝ արտադրել → օգտագործել → դեն նետել։
Շրջանաձև տնտեսությունը փորձում է այդ շղթան դարձնել շրջան․ արտադրանքը և դրա մեջ օգտագործված ռեսուրսները հնարավորինս երկար պահել օգտագործման մեջ՝ վերանորոգելով, վերաօգտագործելով, վերավաճառելով կամ վերամշակելով։
Այսինքն՝ գաղափարը պարզապես ավելի քիչ աղբ «առաջացնելը» չէ։ Խոսքը ապրանքի «ամբողջ կյանքի» մասին մտածելու մասին է՝ սկսած արտադրությունից մինչև այն պահը, երբ այն այլևս չի օգտագործվում իր սկզբնական նպատակով։
Սեփականության ընկալման փոփոխությունը
Շրջանաձև տնտեսության հետ փոխվում է նաև մի կարևոր հարց՝ արդյոք մեզ իսկապես անհրաժեշտ է ունենալ այն ամենը, ինչից ուզում ենք օգտվել։
Ավելի ու ավելի շատ մոդելներ առաջարկում են ոչ թե ապրանքը գնել և սեփականացնել, այլ վճարել դրա օգտագործման, հասանելիության կամ ծառայության համար։
Այս մոտեցումը կարող է փոխել թե՛ սպառողի ծախսերը, թե՛ բիզնեսների՝ հաճախորդների հետ աշխատելու ձևը և հատկապես տեսանելի է երեք ուղղությամբ։
Բաժանորդագրային տնտեսություն
Բաժանորդագրությունը վաղուց արդեն միայն ֆիլմերի, երաժշտության կամ ծրագրերի մասին չէ։ Նույն տրամաբանությունը տարածվում է նաև ֆիզիկական ապրանքների՝ մեքենաների, տեխնիկայի, կահույքի և այլ իրերի վրա։ Կարելի է վճարել օգտագործման հնարավորության համար՝ առանց դառնալու տվյալ ապրանքի սեփականատերը։
Երկրորդային շուկա և resale մշակույթ
Նույն փոփոխության մեկ այլ դրսևորում է արդեն օգտագործված կամ վերանորոգված ապրանքների ձեռքբերումը։ Օգտագործված հագուստը, վերանորոգված էլեկտրոնիկան և վերավաճառքի հարթակներն ապահովում են ապրանքի շրջանառության շարունակականությունը՝ թափոն դառնալու փոխարեն։ Սա ոչ միայն բնապահպանական, այլև խելամիտ ֆինանսական ընտրություն կարող է լինել, քանի որ նույն ապրանքը երկրորդային շուկայում հաճախ ավելի մատչելի է:
Ինչո՞ւ է շրջանաձև տնտեսությունը ձեռնտու թե՛ սպառողին, թե՛ բիզնեսին
Սպառողի համար շրջանաձև մոդելը նշանակում է ավելի ճկուն ծախսեր․ պարտադիր չէ գնել թանկարժեք ապրանք, եթե այն հնարավոր է վարձակալել կամ վճարել և օգտագործել անհրաժեշտ չափով։
Բիզնեսի համար էլ սա եկամտային մոդելների նոր հնարավորություն է՝ մեկ ապրանքը մեկ անգամ վաճառելու փոխարեն երկարաժամկետ ծառայություն առաջարկելով։
Իսկ ընդհանուր առմամբ ապրանքի կյանքի երկարացումը նշանակում է նաև ռեսուրսների ավելի արդյունավետ օգտագործում և թափոնների նվազեցում։
Այսպիսով՝ շրջանաձև տնտեսության գաղափարը փորձում է միաժամանակ փոխել երեք բան՝ ինչպե՞ս ենք արտադրում, ինչպե՞ս ենք օգտագործում և ինչպե՞ս ենք ընկալում «սեփականությունը»։
Ի՞նչ մարտահրավերներ ունի շրջանաձև մոդելի ներդրումը
Շրջանաձև տնտեսության համար անհրաժեշտ են համապատասխան ենթակառուցվածքներ՝ վերանորոգման, վերօգտագործման, հավաքագրման և վերամշակման համակարգեր։ Կարևոր են նաև բիզնեսների պատրաստակամությունը, սպառողների սովորությունների փոփոխությունը և համապատասխան իրավական կարգավորումները։
Մյուս մարտահրավերը վստահությունն է։ Օգտագործված կամ վերանորոգված ապրանք գնելը, մեքենա վարձակալելը կամ տեխնիկայի համար բաժանորդագրվելը պահանջում է վստահություն ապրանքի որակի, սպասարկման և ծառայություն մատուցող ընկերության նկատմամբ։
Հետևաբար, շրջանաձև տնտեսությունը ենթադրում է սպառման մշակույթի փոփոխություն, ինչը պահանջում է ժամանակ։