You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Dolce far niente. Ոչինչ չանելու արվեստը - Ամերիա բլոգ
11Սպտ

Dolce far niente. Ոչինչ չանելու արվեստը

 dolce far niente

Հանգիստ՝ առանց մեղքի զգացման

Արձակուրդից վերադառնում ես, բացում աշխատանքային օրացույցդ ու հասկանում, որ ծովը, արևը և երկար նախաճաշերը մնացել են անցյալում։ Բայց մի քանի օր անց նկատում ես, որ կարոտում ես ոչ միայն արձակուրդը, այլև այն զգացողությունը, երբ ոչինչ անելու կարիք չկար։

Իտալացիներն այդ զգացողության համար նույնիսկ գեղեցիկ արտահայտություն ունեն՝ Dolce far niente՝ «ոչինչ չանելու քաղցրությունը»։

Բայց այստեղ մի փոքր հակասություն կա։ Մենք կարող ենք երազել հանգստի մասին, բայց երբ վերջապես ազատ ժամանակ ենք ունենում, սկսում ենք այն լցնել. պետք է մարզվել, գիրք կարդալ, ընկերներին տեսնել, տունը հավաքել, մի օգտակար բան սովորել։ Իսկ ոչինչ չանելու մասին նույնիսկ մտածելն է անհարմար․ թվում է՝ օրդ իզուր կվատնես:

 

Երբ հանգիստն էլ է դառնում առաջադրանք

«Արդյունավետ» լինելը կարծես դարձել է կյանքի գլխավոր պահանջներից մեկը։ Աշխատանքում պետք է հասցնել, ազատ ժամանակ պետք է զարգանալ, հանգստյան օրերին՝ հասցնել ամեն ինչ, իսկ արձակուրդին՝ հնարավորինս շատ բան տեսնել ու անել։ Նույնիսկ հանգստանալու համար to-do list ենք կազմում։

Բայց հանգիստը պարտադիր չէ, որ ինչ-որ բան հասցնելու մասին լինի։ Բոլորն էլ երբեմն կարիք ունեն ոչինչ չանելու։

 

Ինչո՞ւ է ոչինչ չանելն այդքան դժվար

Շատերը սովոր են իրենց արդյունավետությունը կապել զբաղված լինելու հետ։

«Այսօր ոչինչ չարեցի» արտահայտությունը հաճախ ասում ենք համարյա ներողություն խնդրելու տոնով, ասես ազատ ժամանակը պետք է անպայման ինչ-որ օգտակար բանով լցնեինք։ Այդ պատճառով նույնիսկ հանգստանալիս կարող ենք մեղավոր զգալ:

Բացի այդ, տեխնոլոգիաները գրեթե վերացրել են իսկապես ազատ պահերը։ Ձանձրացա՞ր, հեռախոսը ձեռքում է։ Սպասում ես ինչ-որ մեկի՞ն, հեռախոսը ձեռքում է։ Պառկել ես քնելո՞ւ, հեռախոսը ձեռքում է։

Մենք սովոր ենք ամեն դատարկ պահ անմիջապես ինչ-որ բանով լցնել: Արդյունքում` իսկապես ոչինչ չանելը դարձել է ավելի անսովոր, քան կարող էինք պատկերացնել։

Բայց կարևոր է հիշել մի բան․ ոչինչ չանելը միշտ չէ, որ ժամանակի կորուստ է։ Երբեմն դա հենց այն է, ինչի կարիքն ամենաշատն ունենք։     

 

Իսկ ի՞նչ է իրականում նշանակում հանգստանալ

Պարտադիր չէ, որ հանգիստը լինի արձակուրդի, ճանապարհորդության կամ SPA օրվա տեսքով։ Մեկի հանգիստը լուռ առավոտն է, մյուսինը՝ ընկերների հետ երկար զրույցը։ Մեկն ուզում է քնել մինչև կեսօր, մյուսը՝ ժամերով քայլել՝ առանց նպատակակետի։

Հանգստի «ճիշտ» ձև չկա։ Կարևորն այն է, որ այդ ընթացքում դու իսկապես վերականգնվես, ոչ թե հերթական առաջադրանքը կատարես։

Dolce far niente՝ ոչինչ չանելու քաղցրությունը

Dolce far niente-ն (իհարկե, երբ այն չափի մեջ է🙃) պետք է ընկալել ոչ թե որպես ծուլություն, այլ որպես առանց հստակ նպատակի ժամանակ անցկացնելու կարողություն։

Օրինակ` երբ սուրճ ես խմում ոչ թե աշխատանքի ճանապարհին, այլ պարզապես որովհետև ուզում ես սուրճ խմել, երբ մի օր ոչ մի նոր բան չես սովորում, ոչ մի գործ չես ավարտում և ոչ մի նպատակ չես իրականացնում։
 

Ինչպե՞ս հանգիստը վերադարձնել առօրյա

Նախ դադարիր հանգիստը առաջադրանքի վերածել։ Պետք չէ կազմել «ինչպես ճիշտ հանգստանալու» ուղեցույց։ Փոխարենը կարելի է պարզապես մի քանի փոքր բան փորձել․

  • մի՛ պլանավորիր օրվա ամեն րոպեն,
  • մի՛ փորձիր յուրաքանչյուր ազատ պահ օգտագործել «օգտակար» բան անելու համար,
  • թույլ տուր քեզ ձանձրանալ,
  • ուշադրություն դարձրու՝ ինչից ես իրականում վերականգնվում,
  • հանգիստը արդյունքով մի՛ չափիր։

 

Ի վերջո, հանգիստը ևս մի բան է, որը կարող ենք սովորել. սովորել չշտապել, չլցնել ամեն ազատ րոպեն և ամենակարևորը՝ չզգալ, որ դրա համար պետք է արդարանանք։

Գուցե արձակուրդային սեզոնից մեզ հետ առօրյա բերելու ամենալավ բանը ոչ թե արևայրուքն է կամ հարյուրավոր լուսանկարները, այլ երբեմն-երբեմն ոչինչ չանելու սովորությունը։

Հաջորդ անգամ, երբ ազատ օր ունենաս, փորձիր ոչինչ չպլանավորել։ Ու եթե օրվա վերջում հարցնես քեզ՝ «Ի՞նչ արեցի այսօր», թույլ տուր, որ պատասխանը լինի՝ «Ոչինչ։ Հենց այն, ինչի կարիքն այդքան ունեի»։

Կարդա նաև...

Ինչպե՞ս կանխել հուզական այրումը կամ burnout-ը. 5 խորհուրդ բիզնեսմեններին

Ինչպե՞ս կանխել հուզական այրումը կամ burnout-ը. 5 խորհուրդ բիզնեսմեններին

Բիզնես սկսելը միշտ ոգևորիչ է: Դու վերջապես ունես քե սեփականը, մոտիվացված ես ու անում ես առավելագույնը, որ այն հաջողի (երբեմն առանց քեզ խնայելու): Իսկ ի՞նչ է սովորաբար հաջորդում այս ոգևորությանը. անքուն գիշերներ, անվերջ թվեր, զանգեր և օրեր, երբ անգամ սուրճը չի փրկում։

Ի՞նչ POS տերմինալ ընտրել  բիզնեսի համար

Ի՞նչ POS տերմինալ ընտրել բիզնեսի համար

Եթե արդեն ունես քո բիզնեսը, ժամանակն է մտածելու վճարումների ընդունման գործիքների մասին: Առանց POS-երի գործն առաջ չի գնա: Ինքդ էլ տեսնում ես, թե անկանխիկ վճարումները որքան տարածված են այսօր:

Ինչպե՞ս մնալ մոտիվացված. 6 քայլ երկարաժամկետ նպատակներին ընդառաջ

Ինչպե՞ս մնալ մոտիվացված. 6 քայլ երկարաժամկետ նպատակներին ընդառաջ

Երբ սկսում ես մեծ ոգևորությամբ նոր մասնագիտություն սովորել, նոր աշխատանքի ես անցնում կամ որոշում ես առողջ ապրելակերպ վարել, սկզբում ամեն ինչ շատ ոգևորիչ է․ ներշնչված ես ու ամբողջ աշխարհն ասես օգնում է քեզ։ Ամեն ինչ հնարավոր է թվում։

  • Recent
  • Popular