
Բիզնեսի ու անձնական գումարները տարբեր «դարակներում» պահելը ֆինանսների արդյունավետ կառավարման առաջին քայլերից է։ Իսկ ինչպե՞ս կազմակերպել բիզնեսի ծախսերը, որ ոչ միայն հեշտ լինի դրանք առանձնացնել, այլև վերահսկել, հաշվառել ու հիմնավորել։
Գրասենյակային գնումներ, առցանց բաժանորդագրություններ, գովազդ, առաքումներ․ փոքր ու մեծ ընթացիկ ծախսերը բիզնեսի անբաժանելի մասն են։ Երբ այս ծախսերի մի մասը կատարվում է կանխիկ, մյուսը՝ անձնական քարտով, երրորդը՝ ընկերության հաշվից, ֆինանսական պատկերը արագ կարող է քաոսի վերածվել։
Հենց այստեղ բիզնես քարտը կարող է դառնալ ոչ միայն վճարման միջոց, այլև բիզնեսի դրամական հոսքերը կարգավորելու պարզ գործիք։ Բայց մինչ այդ անդրադառնանք նաև հարկային դաշտին:
Նվազեցվող և չնվազեցվող ծախսեր
Ցանկացած ծախս, որը կատարվում է ընկերության անունից, հարկային տեսանկյունից դասակարգվում է ըստ երկու կատեգորիաների` նվազեցվող և չնվազեցվող:
Նվազեցվող է այն ծախսը, որն օրենքով սահմանված պայմանների պահպանմամբ կարող է նվազեցնել հարկվող եկամուտը և, հետևաբար, վճարման ենթակա հարկի չափը։ Օրինակ՝ մասնագիտական նպատակով օգտագործվող առցանց բաժանորդագրություններ (Google, Canva, Slack), աշխատակիցների վերապատրաստում, առաքման ծառայություններ, աշխատակիցների առողջության ապահովագրություն, ինչպես նաև ներկայացուցչական և աշխատակիցների գործուղման ծախսեր՝ մինչև տարեկան համախառն եկամուտի 0.5%-ի չափով:
Զուգահեռաբար կան չնվացեզվող ծախսեր, որոնք կարող են հաշվառվել բիզնեսի ներքին հաշվապահությունում, բայց հարկման բազան հաշվարկելիս չեն նվազեցվում կամ նվազեցվում են միայն սահմանված չափով։
Օրինակ` ընկերության միջոցներով կատարված անձնական գնումները, առանց փաստաթղթավորման կատարված գործարքները, գործուղման ծախսերի սահմանված շեմը գերազանցող մասը, տույժեր/տուգանքներ և օրենքով նախատեսված այլ դեպքեր (վարձակալված ակտիվների, տոկոսային ծախսերի և ֆիզիկական անձանց աջակցության հետ կապված սահմանափակումներ):
Այսինքն՝ բիզնեսի հաշվապահական ծախս լինելը դեռ չի նշանակում, որ այն հարկային նպատակներով նվազեցվող է։
Կարևոր է հիշել, որ բիզնես քարտով վճարելը ինքնին ծախսը նվազեցվող չի դարձնում։ Սակայն քարտային գործարքը ստեղծում է վճարման հստակ բանկային հետք, որը համապատասխան փաստաթղթերի հետ դառնում է հիմք, առանց որի նույնիսկ իրապես նվազեցվող ծախսի նվազեցումը անհնարին կլինի։
Մի քանի պարզ կանոն` ծախսերը նվազեցումը ճիշտ կատարելու համար
Բիզնեսի ու անձնական ծախսերը պահիր տարբեր «դարակներում»։
Եթե գնումը բիզնեսի համար է, վճարիր բիզնեսի քարտով։ Անձնական ու բիզնես ծախսերը չխառնելու կարևորության մասին ավելի մանրամասն պատմել ենք այս բլոգում։
Ամեն գնման համար փաստաթղթային հիմք ապահովիր
Գնում կատարելիս միանգամից պահիր ՀԴՄ կտրոնը, հաշիվ-ապրանքագիրը, պայմանագիրը կամ տվյալ գործարքի համար անհրաժեշտ այլ փաստաթուղթ: Բիզնես քարտով վճարումը միաժամանակ ստեղծում է բանկային գործարքի հետք, ինչը հետագայում հեշտացնում է վճարումը համապատասխան փաստաթղթի և հաշվապահական գրանցման համադրումը։
Ամեն գնման համար փաստաթղթային հիմք ապահովիր
Գնում կատարելիս միանգամից պահիր ՀԴՄ կտրոնը, հաշիվ-ապրանքագիրը, պայմանագիրը կամ տվյալ գործարքի համար անհրաժեշտ այլ փաստաթուղթ: Բիզնես քարտով վճարումը միաժամանակ ստեղծում է բանկային գործարքի հետք, ինչը հետագայում հեշտացնում է վճարումը համապատասխան փաստաթղթի և հաշվապահական գրանցման համադրումը։
Պարբերաբար ուսումնասիրիր բիզնեսի ֆինանսերը
Ամսական կամ եռամսյակային կերպով քարտի քաղվածքը հաշվապահական գրանցումների հետ համեմատելը կարող է օգնել նկատել բացթողումները, կրկնվող վճարումները կամ լրացուցիչ փաստաթղթավորման կարիք ունեցող ծախսերը։
Խորհրդակցիր հաշվապահի կամ հարկային խորհրդատուի հետ
Եթե վստահ չես՝ տվյալ ծախսը ինչպես պետք է հաշվառվի, կամ արդյոք ունի հարկային նվազեցման հնարավորություն, ավելի լավ է նախապես ճշտել հաշվապահի կամ հարկային մասնագետի հետ, հատկապես ոչ ստանդարտ կամ խոշոր գործարքների դեպքում։
Գնում կատարելիս նշիր ՀՎՀՀ-ն
Բիզնես քարտով վճարում կատարելիս չմոռանաս խնդրել աշխատակցին POS կամ ՀԴՄ սարքի վրա մուտքագրել նաև կազմակերպության ՀՎՀՀ-ն։
Բիզնեսի ծախսերի արդյունավետ կառավարումը սկսվում է պարզ քայլերից. առանձնացնել, փաստաթղթավորել, հաշվառել և վերահսկել։
Բիզնես քարտն օգնում է այս գործընթացը դարձնել ավելի պարզ ու վերահսկելի, իսկ որոշ բիզնես քարտերի դեպքում հնարավոր է օգտվել գործընկերների հատուկ առաջարկներից, զեղչերից կամ քեշբեքից։
Այսպիսով՝ ճիշտ կազմակերպված բիզնես ծախսը ոչ միայն ավելի հեշտ է վերահսկել, այլև կարող է լրացուցիչ արժեք ստեղծել բիզնեսի համար։