
«Եթե ամեն օր հրաժարվես 1 բաժակ սուրճից, մի օր միլիոնատեր կդառնաս» տեսակի խորհուրդներն այլևս այնքան էլ ոգևորիչ չեն հնչում։
Խնայողությունները կարևոր են, բայց դրանք չպետք է կյանքի որակի հաշվին կատարվեն։ Ֆինանսապես կայուն լինելը չի նշանակում հրաժարվել ճամփորդություններից, սիրելի սուրճից կամ այն փորձառություններից, որոնք քեզ երջանկացնում են։ Նոր սերնդի ֆինանսական մտածելակերպը չի ընդունում ցանկալիից հրաժարվելու մոտեցումը և փորձում է գտնել հավասարակշռություն ներկայի ու ապագայի ֆինանսական կայունության միջև: Արդյունքում ձևավորվում է նոր մոտեցում` Soft Savings, որի նպատակն է գտնել հավասարակշռություն ներկայի և ապագայի միջև։
Ի՞նչ է Soft Savings-ը և ինչո՞ւ է արագ տարածվում
Soft Savings-ը ֆինանսների կառավարման մոտեցում է, որի դեպքում մարդը շարունակում է խնայել և հոգալ ապագայի մասին, բայց միաժամանակ իրեն թույլ է տալիս վայելել ներկան։
Այս մտածելակերպը հատկապես տարածվեց այն բանից հետո, երբ երիտասարդ սերունդները բախվեցին տնտեսական անկայունության, գնաճի և բնակարանների թանկացման հետ։ Շատերի համար պարզ դարձավ, որ կյանքը չի կարելի հետաձգել։
Soft Savings-ի հիմքում մի գաղափար է․ խնայիր, բայց մի վերածիր ֆինանսական կարգապահությունը ինքնասահմանափակման։
Օրինակ՝
- գումար հատկացրու խնայողություններին, բայց նաև պլանավորիր ճամփորդություն,
- ներդրումներ կատարիր, բայց մի հրաժարվիր սիրելի զբաղմունքներից,
- սահմանիր ֆինանսական նպատակներ, բայց մի ապրիր միայն դրանց համար։
Soft Savings, թե՞ Lifestyle Creep
Այս երկու երևույթները հաճախ շփոթում են իրար հետ։ Soft Savings-ը գիտակցված հավասարակշռություն է։ Lifestyle Creep -ը՝ ծախսերի աննկատ աճ։
Օրինակ՝ աշխատավարձդ բարձրացել է։
Soft Savings-ի դեպքում կարող ես որոշել, որ եկամտի աճի մի մասը կուղղես խնայողություններին, իսկ մի մասը՝ կյանքի որակի բարելավմանը։
Lifestyle Creep-ի դեպքում պարզապես սկսում ես ավելի շատ ծախսել՝ առանց մտածելու դրա մասին։ Արդյունքում՝ եկամուտն աճում է, բայց խնայողությունները՝ ոչ։
Հիմնական տարբերությունն այն է, որ Soft Savings-ը հիմնված է գիտակցված ընտրությունների վրա, իսկ Lifestyle Creep-ը՝ սովորությունների։ Lifestyle Creep-ի մասին ավելի մանրամասն կարդա մեր այս բլոգում:
Soft Savings-ի հիմնական սկզբունքները
Աշխատավարձ ստանալուց հետո առաջին հերթին առանձնացրու խնայողությունների համար նախատեսված գումարը, հետո միայն պլանավորիր մնացած ծախսերը։
- Խնայողությունը չպետք է պատիժ լինի
Եթե խնայողությունների պլանը չափազանց խիստ է, մեծ է հավանականությունը, որ մի քանի շաբաթ կամ ամիս անց պարզապես կհրաժարվես դրանից։ Ավելի արդյունավետ է ընտրել այնպիսի մոտեցում, որը կարող ես պահպանել երկար ժամանակ՝ առանց մշտապես ինչ-որ բանից զրկված զգալու:
- Նպատակները պետք է լինեն իրատեսական
Ավելի լավ է ամեն ամիս խնայել փոքր, բայց կայուն գումար, քան մեկ ամիս խնայել շատ, հաջորդ ամիս՝ ոչինչ չխնայել։
- Բյուջեում տեղ թող հաճույքների համար
Ֆինանսական կարգապահությունը չի նշանակում հրաժարվել ամեն ինչից։ Փոքր հաճույքները հաճախ օգնում են պահպանել մոտիվացիան երկարաժամկետում։
Soft Savings-ի առավելություններն ու հնարավոր ռիսկերը
Soft Savings-ի գլխավոր առավելությունն այն է, որ այն օգնում է ձևավորել կայուն ֆինանսական սովորություններ՝ առանց կյանքի որակի զգալի սահմանափակման։
Այս մոտեցումը կարող է՝
- նվազեցնել ֆինանսական սթրեսը,
- օգնել պահպանել և զարգացնել խնայողությունների սովորությունը,
- բարելավել ֆինանսական կարգապահությունը,
- ստեղծել ավելի առողջ «հարաբերություններ» փողի հետ։
Սակայն այստեղ ևս կան ռիսկեր։
Եթե հստակ սահմաններ չդնես, «ես արժանի եմ ինձ մի փոքր պարգևատրել» տրամաբանությունը կարող է վերածվել չպլանավորված ծախսերի։ Պետք է ամեն դեպքում ի նկատի ունենալ, որ Soft Savings-ը պահանջում է նույնքան ուշադրություն, որքան ավանդական խնայողությունները։
Ինչպե՞ս կիրառել Soft Savings մոդելը գործնականում
Եթե ցանկանում ես փորձել այս մոտեցումը, սկսիր փոքր քայլերից։
- Սահմանիր ամսական խնայողությունների նվազագույն չափ,
- ստեղծիր արտակարգ իրավիճակների ֆոնդ։
- բյուջեի պլանում առանձնացրու «հաճույքի» կամ «փորձառությունների» կատեգորիա,
- ամեն ամիս վերանայիր ծախսերդ,
- օգտվիր լոյալության ծրագրերից,
- ավտոմատացրու խնայողությունները, որպեսզի դրանք չտուժեն քո «տրամադրությունից»։
Խնայողությունների նպատակը միայն գումար կուտակելը չէ։ Դրանք պետք է օգնեն քեզ ավելի վստահ զգալ թե՛ այսօր, թե՛ վաղը։
Soft Savings-ը հիշեցնում է, որ ֆինանսական պատասխանատվությունն ու կյանքի հաճույքները պարտադիր չէ, որ հակասեն միմյանց։ Երբ կարողանում ես ապահովել երկուսն էլ, խնայողությունը դադարում է լինել ժամանակավոր փորձ և վերածվում է կայուն սովորության։