10+1 տուրիստական հավելված, որ հանգիստդ հանգիստ անցնի - Ամերիա բլոգ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
19Հնվ

10+1 տուրիստական հավելված, որ հանգիստդ հանգիստ անցնի

3D illustration of a movie of phone

Հիշու՞մ ես՝ մեր բլոգի այս տարվա առաջին նյութն արձակուրդից անցնցում վերադառնալու մասին էր։

Իսկ ի՞նչը կարող է ավելի շատ մոտիվացնել, քան հաջորդ արձակուրդի պլանավորումը։ Արև, ծով, ավազ կամ կոլորիտային քաղաքների նեղ փողոցներ, թանգարաններ ու ազգային տարբեր խոհանոցներ․․․ Հանգստի որ տարբերակն էլ ընտրես, պատրաստվելու համար երկար ժամանակ է պետք։

Դու ունես երկու  տարբերակ.

  1. օգտվել տուրիստական գործակալությունների ծառայություններից ու ընտրել առաջարկվող հարյուրավոր փաթեթներից մեկը,
  2. ուսումնասիրել այլընտրանքային տարբերակներն ու ինքնուրույն կազմել ապագա ճամփորդության ծրագիրը:

Այսօր կխոսենք «Դու ես քո տուրիստական գործակալն ու զբոսավարը» տարբերակի մասին: Քո ժամանակը խնայելու, արձակուրդների պլանավորման ու հանգստի ընթացքն ավելի սահուն կազմակերպելու համար առանձնացրել ենք տուրիստական ամենաօգտակար 10+1 հավելվածները։

Եթե արդեն ընտրել ես քո հաջորդ ուղևորության նշանակետը, ժամանակն է ամրագրելու հյուրանոցը։ Booking-ի կամ TripAdvizor-ի մասին գրեթե բոլորը գիտեն, ու քեզ չձանձրացնելու համար այս երկուսը բաց կթողնենք:

Airbnb

Ծրագիրը հնարավորություն է տալիս ընտրելու մատչելի բնակարաններ, տներ ու առանձնատներ։ Այստեղ կարող ես կարդալ նաև այլ այցելուների կարծիքները։

Հավելվածի առավելություններից մեկն այն է, որ հարցերի դեպքում կարող ես անմիջապես կապ հաստատելու տանտիրոջ հետ։ Ծրագիրը հասանելի է թե՛ Android, թե՛ IOS համակարգերում։

Aviasales

Եթե ամիատոմսի գնումն էլ ես որոշել ինքնուրույն իրականանցնել, այստեղ կարող ես գտնել առաջարկներ ավելի քան 700 ավիաընկերությունից, որոնք վաճառում են ավիատոմսեր ավել քան 200 ուղղություններով: Aviasales-ը հնարավորություն է տալիս ձեռք բերելու ավիատոմսեր ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև ընկերությունների աշխատակիցներին։

PackPoint 

Երբ ամեն ինչ պատրաստ է, ժամանակն է հավաքելու ճամպրուկը։ Ճանապարհորդական այս հավելվածը կստեղծի անհատական ցուցակ՝ հիմնված քո նպատակակետի, գտնվելու վայրի, տևողության և պլանավորված գործողությունների վրա: Ծրագիրն անգամ հաշվի է առնում եղանակային կանխատեսումները:

WI-FI Map

Անծանոթ վայրո՞ւմ ես ու ռոումինգն էլ մոռացե՞լ ես ակտիվացնել: Հոգ չէ, քանի որ այս ծրագիրը թույլ է տալիս գտնել և միանալ Wi-Fi կետերին: Այն քարտեզով ցույց է տալիս մոտակա Wi-Fi-ը, տրամադրում է ինֆորմացիա ցանցի անվան, արագության և գաղտնաբառի մասին: Համաձայնիˊր՝ հիանալի հավելված է միշտ կապի մեջ լինելու համար։ Այս հավելվածը հասանելի է ամբողջ աշխարհում։

Maps.me

Հիմա ժամանակն է շրջել քաղաքով։ Իհարկե, քարտեզների պակաս համացանցում չկա, սակայն այս հավելվածի առավելությունն offline աշխատելու հնարավորությունն է։ Պարզապես նախօրոք ներբեռնիˊր քաղաքի քարտեզն ու շրջիˊր առանց մտահոգվելու։ Maps.me-ն նույնպես հասանելի է  Android և IOS համակարգերում։

Visit a City

Հավելվածն առաջարկում է ճանապարհորդությունը կազմակերպելու բազմաթիվ տարբերակներ՝ տեսարժան վայրեր, էքսկուրսիաներ, սրճարաններ և բարեր: Այստեղ ներառված է ավելի քան 3000 քաղաք։ Պարզապես մուտքագրիˊր քո նախընտրած քաղաքը կամ երկիրը և ընտրիˊր հարմար առաջարկը։ Visit a City-ի ամենամեծ առավելությունը մինի ուղեցույցներն են նրանց համար, ովքեր ընդամենը 1-3 օր ունեն ամբողջ քաղաքն ուսումնասիրելու համար: Կան վճարովի էքսկուրսիաների առաջարկներ ևս։ Այս բաժինն աչքաթող անել խորհուրդ չենք տա, եթե նույնիսկ վճարել չես պատրաստվում։ Մանրամասն կազմված երթուղիով կարող ես շրջել ինքնուրույն՝ առանց ուղեկցորդի։ Օպերացիոն 2 համակարգերում էլ ծրագիրը հասանելի է։

Yelp

Իսկ այս հավելվածը ժամանցը կազմակերպելու համար է։ Այստեղ ներառված են սրճարաններ, ռեստորաններ, բարեր ու ակումբներ։ Հասանելի են այցելուների իրական կարծիքները։ Հավելվածում կգտնես նաև վարսահարդարի, մատնահարդարի ու նույնիսկ սանտեխնիկի կոնտակտներ։

XE Currency

Այստեղ ամփոփված են ընթացիկ փոխարժեքներն և արժույթի փոխարկումները: Օգտակար է բյուջեն կառավարելու և գնումներ կատարելու համար։

Trail Wallet

Շարունակենք խոսել բյուջեի մասին։ Այս հավելվածը կօգնի առաջին իսկ օրը չվատնել ամբողջ գումարը։ Ծրագիրը հնարավորություն է տալիս հետևելու ծախսերին` նաև հաշվի առնելով դրամի փոխարժեքը։ Դրամապանակն արագ չդատարկելու այս հնարավորությունը կարող ես օգտագործել Android և IOS համակարգերով։

Google translate

Չզարմանաս։ Այս հավելվածի օգնությամբ կարող ես արագ թարգմանել բառերը ու անգամ լայվ խոսքը։

+1 հավելված. MyTour

Վերջում ուզում ենք խոսել թեև նոր, բայց մեզ համար արդեն շատ սիրելի դարձած հարթակի` MyTour-ի մասին: Այս նոր հարթակի նպատակն է լիովին վերափոխել ճանապարհորդության պլանավորման գործընթացը` մեկտեղելով տուրիստական գործակալությունների և օնլայն հարթակների լավագույն կողմերը։ Ծրագիրն առաջարկում է զբոսաշրջային ամբողջական փաթեթներ` առցանց ուսումնասիրելու և ամրագրելու հնարավորությամբ։

Դու կարող ես ուսումնասիրել թռիչքները, հյուրանոցները` չլքելով հարթակը: Ընտրեցի՞ր. դե շտապիˊր ամրագրել փաթեթն ու կատարել ամբողջական կամ մասնակի վճարում։ Վերջերս գործարկված հարթակում  դեռևս հասանելի են զբոսաշրջային փաթեթներ դեպի Եգիպտոս, սակայն առաջիկայում փաթեթների աշխարհագրությունն ընդլայնվելու է, և ավելանալու են նոր ուղղություններ։

Մնաց, թերևս, ամենակարևորը. նոր հորիզոններ բացահայտելու համար անհրաժեշտ գումարը: Ինչպե՞ս խնայել ու ինչի՞ց սկսել, կարդաˊ մեր նախորդ բլոգում:

Կարդա նաև...

Թոփ 7 գրքերը ֆինանսական գրագիտության մասին

Թոփ 7 գրքերը ֆինանսական գրագիտության մասին

Գումար աշխատելը մի բան է, պահելը այլ, իսկ ծախսելն ու կառավարելն ընդհանրապես այլ մուլտիվերսից է։  Որպեսզի այս երեքն էլ լինեն ներդաշնակության մեջ, անհրաժեշտ է ֆինանսապես գրագետ լինել։

Ինչպե՞ս կազմել ճանապարհորդության բյուջե

Ինչպե՞ս կազմել ճանապարհորդության բյուջե

Ճամփորդության բյուջեի պլանավորում անելու համար առաջին հերթին անհրաժեշտ է ուսումնասիրել ու համեմատել, գտնել արդեն բացահայտված ճանապարհները ու լսել ընկերներին, բարեկամներին կամ բլոգերներին, որոնք արդեն անցել են այդ երթուղիով:

Ինչպե՞ս խուսափել մարքեթոլոգների ծուղակներից

Ինչպե՞ս խուսափել մարքեթոլոգների ծուղակներից

Իմպուլսիվ գնումներն իրականում այնքան էլ իմպուլսիվ չեն: Մերչենդայզերները լավ գիտեն իրենց գործը:

  • Recent
  • Popular

Թարմացված է առ 09.08.2023 18:22