Ի՞նչ պահումներ են արվում քո աշխատավարձից և ինչի՞ համար - Ամերիա բլոգ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
25Հլս

Ի՞նչ պահումներ են արվում քո աշխատավարձից և ինչի՞ համար

inchpes a tvajine poxarinum qo kyanqe

Ամեն ամիս աշխատավարձ ես ստանում ու հաստատ գիտես քո «մաքուր» և «կեղտոտ» աշխատավարձի չափը: Իսկ գիտե՞ս, թե ինչ պահումներ են արվում քո «կեղտոտ» աշխատավարձից. ի վերջո ո՞ւր է գնում այդ գումարը, ինչպե՞ս է վերադառնում քեզ կամ վերադառնո՞ւմ է արդյոք:

Այսօր Ամերիա բլոգում խոսում ենք աշխատավարձի պահումների և դրանց հաշվարկման կարգի, կուտակային կենսաթոշակային համակարգի մասին: 


Եկամտային հարկ

Քո աշխատավարձի պահումների «առյուծի բաժինը» հենց եկամտային հարկինն է: 2023-ից Հայաստանում գործում է եկամուտների հարկման համահարթ համակարգ: Այսինքն` բոլորը վճարում են 20% եկամտային հարկ` անկախ եկամուտի չափից: Այս գումարը վերադառնում է քեզ ուղղակի կամ անուղղակի կերպով: Ուղղակի կերպով եկամտային հարկը կարող է վերադառնալ անմիջապես կառուցապատողից տուն գնելու կամ աշխատանքն ու ուսումը համատեղելու դեպքում: Եթե գնես տուն անմիջապես կառուցապատողից, քո իսկ վճարած եկամտային հարկով կարող ես մարել վարկիդ տոկոսները: Իսկ եթե սովորում ես մագիստրատուրայում, ասպիրանտուրայում կամ օրդինատուրայում և աշխատում ես, եկամտային հարկդ կարող է որոշ չափով փոխհատուցել քո ուսման վարձը: 
Դե իսկ անուղղակի կերպով եկամտային հարկը վերադառնում է մեզ անվճար կրթության, առողջապահական ու այլ հանրային ծառայությունների տեսքով:

POS


Սոցիալական վճար 
 

Սոցիալական վճարը նույն կուտակային կենսաթոշակի վճարն է: Դու ամեն ամիս աշխատավարձիդ մի մասն ուղարկում ես կենսաթոշակային ֆոնդ, որ բարեկեցիկ ծերություն ունենաս: Եթե ծնվել ես 1974թ. կամ դրանից հետո, կուտակային կենսաթոշակին միանալը քեզ համար պարտադիր է: Սակայն այս դեպքում քո ապագա կենսաթոշակը միայն աշխատավարձիդ պահումից չի գոյանում: 

Ինչպե՞ս է գործում կուտակային համակարգը: Կախված քո «կեղտոտ» աշխատավարձի չափից` դու ամեն ամիս աշխատավարձիդ որոշակի %-ն ուղարկում ես կենսաթոշակային ֆոնդ, իսկ պետությունն իր կողմից ավելացնում է մինչև 25 000 դրամ: Բայց գումարն այնտեղ չի «քնում»: Այսինքն` դու ոչ թե պահում ես այդ գումարը ֆոնդում, մինչև ծերանաս ու հետ ստանաս, այլ փաստացի ներդրում ես կատարում: Գումարն ուղարկելով կենսաթոշակային ֆոնդ` դու մասնաբաժին ես ձեռք բերում, իսկ գումարդ սկսում է «աշխատել»: Յուրաքանչյուր ֆոնդ ներառում է քո և այդ ֆոնդն ընտրած մյուս մասնակիցների սոցիալական վճարները: Եթե, օրինակ, այդ ֆոնդի միջին  եկամտաբերությունը 8% է, կենսաթոշակային տարիքում դու կստանաս քո վճարած սոցվճարը, պետության կողմից ավելացված գումարը + 8%:

Ֆոնդերը լինում են ռիսկային, միջին ռիսկայնության և պահպանողական: Որքան ռիսկային է ֆոնդը, այնքան մեծ է ինչպես եկամուտ ստանալու, այնպես էլ կորցնելու հավանականությունը: Եթե դու չես ընտրում կենսաթոշակային ֆոնդ, դա քո փոխարեն անում է պետությունը: Պետությունը պատահականության սկզբունքով ընտրում է ոչ ռիսկային ֆոնդ (քո իսկ ապահովության համար), իսկ այն կառավարում են պրոֆեսիոնալ կառավարիչները: Դրանք սովորաբար միջազգային մասնագիտացված ընկերություններ են, որոնք վերահսկվում են ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: Ի դեպ, դու կարող ես փոխել քո ֆոնդը. տարեկան 1 անգամ դա անվճար է: Միայն թե պիտի ուշադիր լինես ու դիտարկես եկամտաբերությունը երկարաժամկետում: 

Դու կարող ես նաև ստուգել քո կենսաթոշակային հաշիվը և իմանալ, թե որքան գումար ես կուտակել մինչև հիմա: Դրա համար պետք է մուտք գործել Իմ հաշիվը էջ/հավելված կամ բանկոմատների «Լրացուցիչ ծառայություններ» բաժին: Կուտակված կենսաթոշակդ կարող ես ստուգել նաև Հայփոստի բաժանմունքում և ամեն տարի քո էլ. հասցեին ուղարկվող տարեկան հաշվետվության միջոցով:
Իսկ թե ինչպես է հաշվարկվում սոցիալական վճարը 1974-ից հետո ծնված և համակարգին կամավոր միացածների համար, իմացի′ր այստեղ:

 

ԶԱՀ դրոշմանիշային վճար
 

Դրոշմանիշային վճարն ուղղվում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ: Այդ գումարը նախատեսված է մարտական գործողությունների արդյունքում զինծառայողների կրած վնասները հատուցելու համար: Վճարվող գումարը կախված է քո «կեղտոտ» աշխատավարձի չափից: 

  • Մինչև 100 000 դրամ աշխատավարձի դեպքում՝ 1500 դրամ
  • 100 001‒200 000 դրամ աշխատավարձի դեպքում ՝ 3000 դրամ
  • 200 001‒500 000 դրամ աշխատավարձի դեպքում ՝ 5500 դրամ
  • 500 001‒1 000 000 դրամ աշխատավարձի դեպքում ՝ 8500 դրամ
  • 1 000 001 դրամ և ավելի աշխատավարձի դեպքում ՝ 15 000 դրամ

Անհատ ձեռներեցներն ու նոտարները դրոշմանիշային վճար վճարում են այլ դրույքաչափով:

Այսպիով` եթե դու ստանում ես պայմանական 500 000 դրամ «կեղտոտ» աշխատավարձ, կվճարես 100 000 դրամ եկամտահարկ, 25 000 դրամ սոցիալական վճար և 5500 դրամ դրոշմանիշային վճար: Արդյունքում կստանաս 369 500 դրամ «մաքուր» աշխատավարձ: 

Իսկ որպեսզի չտանջես քեզ ու այդքան հաշվարկ չկատարես, օգտվի′ր աշխատավարձի հաշվիչից: Նշի′ր քո «կեղտոտ» կամ «մաքուր» աշխատավարձը և տե′ս, թե ինչ պահումներ են արվում: Եթե չգիտես «կեղտոտ» աշխատավարձիդ չափը, ընդամենը նշի′ր «մաքուրը» և կիմանաս ինչպես պահումների, այնպես էլ գրանցված աշխատավարձիդ չափը:
 


 

Կարդա նաև...

Կանաչ ապագա. այսօրվա որոշումները՝ վաղվա կայուն ապագայի հիմքում

Կանաչ ապագա. այսօրվա որոշումները՝ վաղվա կայուն ապագայի հիմքում

Աշխարհը շարժվում է դեպի կայուն ապագա, և մեր այսօրվա քայլերը` մեծ թե փոքր, որոշիչ են լինելու։ Բնապահպանական կայունությունը, միտում լինելուց բացի, նախևառաջ ընտրություն է` ուղղված մոլորակի բարեկեցությանը այժմ և երկարաժամկետ հեռանկարում:

Ինչպե՞ս կարող ես գումար աշխատել թվային ներդրումներով

Ինչպե՞ս կարող ես գումար աշխատել թվային ներդրումներով

Ներդրումների անցյալն ու ներկան 5 րոպեում Պատկերացրու` ապրում ես հեռավոր 1980-ականներում. պատրաստվում ես ներդրում կատարել ու գնել X ընկերության բաժնետոմս: Վարձում ես ...

7 լայֆհաք Ամանորին ընդառաջ

7 լայֆհաք Ամանորին ընդառաջ

Ամանորյա մրցավազքից առաջ արիˊ մի անգամ էլ վերհիշենք տարվա ընթացքում միասին սովորած ֆինանսական գրագիտության դասերն ու պլանավորենք քո ամանորյա ծախսերը:

  • Recent
  • Popular