
Մտածում ես մեքենա գնելու մասին, բայց չգիտե՞ս` որն ընտրել: Մի կողմից` նորը թանկ է, մյուս կողմից` հինը գնելը ցանկալի չէ. չգիտես, թե իրականում ինչ պատմություն ունի:
Այսօր խոսելու ենք նոր և շահագործված մեքենա գնելու առավելությունների ու թերությունների մասին և վերլուծելու ենք յուրաքանչյուրի ֆինանսական ռիսկերը:
Նոր մեքենա գնելու առավելությունները
Երաշխիք: Մեքենան «առաջին ձեռքից» գնելու դեպքում համոզված կլինես, որ բոլոր մասերը նոր են ու թաքնված խնդիրներ չկան: Դե իսկ առաջնային շուկայի պաշտոնական ներկայացուցիչներից գնելու դեպքում կստանաս արտադրողի 100 000‒200 000 կմ գործարանային երաշխիք, որը կազմում է 3-5 տարի: Այնպես որ, առնվազն մի քանի տարի կարող ես վստահ լինել, որ մեքենադ քեզ համար լրացուցիչ հոգսեր ու ծախսեր չի ստեղծի:
Նորարարություններ: Նոր մեքենաներն ունեն մի շարք համակարգեր, որոնք քո համար առավել գրավիչ են: Դրանք են ` խելացի վարման համակարգը, վարորդների աջակցության համակարգը, նոր մեքենաներից շատերը նաև համալրված են ինքնակայանման, ավտոմատ արգելակման և այլ բազմաթիվ ֆունկցիաներով: Օրեցօր զարգացող ավտոարտադրության մեջ անընդհատ օգտագործվում են վերջին տեխնոլոգիաները, որոնք միտված են վարորդի կյանքը դարձնել էլ առավել ապահով, իսկ վարման ընթացքը` առավել հեշտ:
Խնայողություն: Նոր մեքենաների մեծ մասն էներգախնայող են, հետևաբար ավելի քիչ գումար կծախսես վառելիքի վրա: Մասնավորապես վերջին տարիներին մեծ պահանջարկ վայելող Էլեկտրամոբիլները բենզինային մեքենաների համեմատ բավականին խնայող են: Դրանք նաև չեն արտանետում վնասակար նյութեր, իսկ դու այդպիսով հոգ ես տանում շրջակա միջավայրի մասին։
Լայն ընտրություն և անհատականացում: Սրահում դու կարող ես ընտրել մեքենայի թափքի ու սրահի գույնը, հագեցվածությունն ու լրացուցիչ ֆունկցիոնալը՝ ստանալով մեքենա, որն առավելագույնս ընդգծում է քո անհատականությունը:
Վարկի ցածր տոկոսադրույք: Անմիջապես սրահից ձեռք բերվող մեքենաների դեպքում վարկի տոկոսադրույքը առավել շահավետ է: Պատճառն այն է, որ վաճառողները և ֆինանսական կառույցները խրախուսում են նոր մեքենայի ձեռքբերումը:

Նոր մեքենա գնելու թերությունները
Գնանկում: Գուցե զարմանաս, բայց մեքենայի գինը սրահից դուրս գալուց հետո ընկնում է մոտ 10-20%-ով: Սակայն այս գնանկումը իրականում կորուստ չէ, քանի որ նոր մեքենայի համար առնվազն մի քանի տարի կողմնակի ծախսեր չես կատարի:
Գին: Տեխնիկական հագեցվածությամբ ու թարմությամբ պայմանավորված` նոր մեքենաները համեմատաբար ավելի թանկ արժեն: Սակայն շուկայում արդեն առկա են նոր մեքենաների առաջարկներ տարբեր գնային սեգմենտներում:
Գույքահարկ: Նոր մեքենայի դեպքում համեմատաբար բարձր է նաև գույքահարկը: Սակայն պետք է հաշվի առնել, որ գույքահարկը կախված է նաև մեքենայի շարժիչի հզորությունից և արտադրման տարեթվից:
Շահագործված մեքենա գնելու առավելությունները
Ավելի ցածր գին: Օբյեկտիվ պատճառներով պայմանավորված` օգտագործված մեքենաներն ավելի էժան են: Իհարկե, էժան լինելն իր «գինն ունի», որը շատ դեպքերում երևում է գնելուց հետո: Հետևաբար շահագործված մեքենա ձեռք բերելիս պետք է առավել ուշադիր լինել, մանրամասն ուսումնասիրել մեքենայի տեխնիկական վիճակը և չհրապուրվել ցածր գնով:
Զուսպ գնանկում: Դու քեզ վրա չես զգա այն կտրուկ գնանկումը, որը մեքենան «ապրում է» առաջին մի քանի տարվա ընթացքում: Սակայն պետք է հաշվի առնել, որ վերջին տարիներին նոր մեքենաների ներմուծման մեծ ծավալները որոշակիորեն արագացրել են նաև շահագործված մեքենաների գնանկումը:
Գույքահարկի վճարներ: Սա էլ պարզ է. որքան հին է մեքենան, այնքան ցածր է գույքահարկի վճարը:

Շահագործված մեքենա գնելու թերությունները
Երաշխիքի բացակայություն: Եթե մեքենան արտադրողի տրամադրած երաշխիքի մեջ չէ, դու ապահովագրված չես մեխանիկական կամ էլեկտրական մի շարք խնդիրներից: Իսկ շահագործված մեքենաները սովորաբար չունեն երաշխիք:
Թաքնված խնդիրներ: Շահագործված մեքենայի պատմությունը դու հստակ և ամբողջապես չես կարող իմանալ: Ամեն դեպքում որքան շատ են վարել մեքենան, այնքան մեծ է մաշվածությունը: Իսկ անսարքությունների ի հայտ գալն այս դեպքում անխուսափելի է:
Վարկի համեմատաբար բարձր տոկոսադրույք: Քանի որ շահագործված մեքենաների ֆինանսավորման ռիսկն ավելի մեծ է, վարկի տոկոսադրույքն էլ որոշակիորեն տարբերվում է նոր մեքենայի համար առաջարկվող տոկոսադրույքից:
Դե ինչ, մեքենայի քո ընտրությունը կախված է մի շարք գործոններից` նախատեսվող գումարից, քո նախասիրություններից ու մեքենայի շահագործման նպատակներից:
Իսկ որպեսզի ընտրության լայն հնարավորություն ունենաս, ծանոթանաս հայաստանյան ավտոշուկայի առաջատար դիլերների առաջարկներին, այցելի՛ր automarket.ameriabank.am։

Ֆիլտրերի օգնությամբ հեշտորեն ընտրի′ր մեքենադ լավագույն դիլերներից, որոնք ներկայացնում են թե′ նոր, թե′ շահագործված մեքենաների լայն տեսականի: Մի լավ ծանոթացիˊր մեքենայի պարամետրերին և օնլայն իմացի′ր, թե որքան վարկ կտա քեզ բանկը: Այնուհետև այցելի′ր ավտոսրահ, լրացրո′ւ վարկային հայտը տեղում և ստացի′ր պատասխանը 5 րոպեում: Վերջ. մեկ օրում դու քո նոր մեքենայի ղեկին ես: