
Պատահե՞լ է, որ սոցիալական ցանցերն ես թերթում, հետո հայտնվում օնլայն խանութում, իսկ մի քանի րոպե անց արդեն մտածում ես՝ «Լավ, ինչո՞ւ չգնեմ»։
Կամ աշխատանքային ծանր օրվանից հետո որոշում ես քեզ «մի փոքր ուրախացնել» և տուն ես վերադառնում հերթական ոչ այնքան անհրաժեշտ գնումով։
Եթե այս իրավիճակը ծանոթ է, խնդիրը միշտ չէ, որ բյուջեն կառավարելու անկարողությունն է։ Ծախսերիդ վրա կարող են ազդել հոգնածությունը, սթրեսը, սոցիալական ցանցերը և արագ հաճույք ստանալու ցանկությունը։
Հենց այս համատեքստում էլ հաճախ խոսվում է Dopamine Detox-ի մասին։ Թեև այն բառացիորեն «դոպամինից դետոքս»-ը չէ, գաղափարը կարող է օգտակար լինել մեկ այլ իմաստով․ սովորել ցանկության և գործողության միջև ստեղծել փոքր դադար։
Ֆինանսներում այդ դադարը կարող է օգնել խուսափել ոչ միայն մեկ չնախատեսված գնումից, այլև ամսվա ընթացքում կուտակվող բազմաթիվ փոքր ծախսերից։
Ի՞նչ է Dopamine Detox-ը, և ինչպե՞ս է այն կապված անձնական բյուջեի հետ
Դոպամինը ուղեղում կարևոր դեր ունեցող նեյրոմիջնորդանյութ է, որը մասնակցում է մոտիվացիայի, պարգևատրման և սովորությունների ձևավորման գործընթացներին։ Սակայն «Dopamine Detox» արտահայտությունը կարող է մի փոքր մոլորեցնել․ գիտականորեն ապացուցված չէ, որ կարելի է պարզապես հրաժարվել հաճույք պատճառող գործողություններից և բառացիորեն «մաքրել» ուղեղը դոպամինից։
Ավելի ճիշտ է այս գաղափարը հասկանալ որպես արագ և հաճախակի խթաններ ստանալու սովորությունը նվազեցնելու և սեփական վարքն ավելի գիտակցված կառավարելու հմտություն։
Գնումները կարող են այդպիսի խթաններից մեկը դառնալ։ Նոր հագուստ, կոսմետիկա, տեխնիկա կամ նույնիսկ սնունդ գնելը կարճ ժամանակով հաճույքի զգացողություն է առաջացնում։ Օնլայն գնումների դեպքում գործընթացն էլ ավելի հեշտ է․ տեսար, հավանեցիր, պատվիրեցիր, վերջ։
Այստեղ կարևոր է տարբերել երկու միտք՝ «Ես սա ուզում եմ» և «Սա ինձ անհրաժեշտ է»։ Դրանք միշտ չէ, որ նույն բանն են նշանակում։
Ինչո՞ւ ենք երբեմն ավելի շատ ծախսում, երբ հոգնած ենք կամ սթրեսի մեջ
Երբ հոգնած ես կամ սթրեսի մեջ եք, երկարաժամկետ նպատակների մասին մտածելը կարող է ավելի դժվար լինել։ Այդ պահին տրամադրությունդ արագ բարձրացնելու համար կարող ես ընտրել այնպիսի գործողություն, որը քեզ անմիջապես հաճելի զգացողություն է տալիս։
«Վաստակել եմ, ուրեմն պետք է ինձ ուրախացնեմ» մտածելակերպն ինքնին խնդիր չէ։ Խնդիրն սկսվում է այն ժամանակ, երբ գնումը դառնում է սթրեսի, ձանձրույթի կամ հոգնածության դեմ պայքարելու հիմնական միջոցը։
Հատկապես հեշտ է ընկնել այս սովորության թակարդը, երբ գնումը պահանջում է ընդամենը մի քանի սեղմում։ Չկա խանութ գնալու կամ հերթ կանգնելու անհրաժեշտություն։ Ցանկությունից մինչև գնում ճանապարհը կարող է տևել ընդամենը մի քանի վայրկյան։
Իսկ ի՞նչ կապ ունի doomscrolling-ը
Սոցիալական ցանցերն այս գործընթացը կարող են ավելի հեշտացնել։ Doomscrolling-ի ընթացքում անընդհատ հանդիպում ես նոր ապրանքների, զեղչերի, unboxing-ների և «must-have» ցանկերի։ Սկզբում որևէ բան գնելու մտադրություն անգամ չունեիր, բայց որոշ ժամանակ անց արդեն կարող ես մտածել՝ «Գուցե սա ինձ պետք է»։
Ապրանքը միշտ չէ, որ ներկայացվում է որպես ուղղակի գովազդ։ Այն կարող է հայտնվել այն բովանդակության մեջ, որն արդեն հետաքրքրությամբ դիտում ես։ Արդյունքում գնումը կարող է ընկալվել ոչ թե որպես առանձին որոշում, այլ որպես սոց․ ցանցերը թերթելու սովորական շարունակություն։
Այսպես կարող է ձևավորվել պարզ շղթա․
սքրոլ → հետաքրքրություն → ցանկություն → գնում → կարճատև հաճույք
Եթե այս գործընթացը հաճախ է կրկնվում, բազմաթիվ փոքր գնումները կարող են ամսվա վերջում վերածվել նկատելի գումարի։
Ինչպե՞ս կիրառել Dopamine Detox-ի գաղափարը ֆինանսներում
Ֆինանսական տեսանկյունից այստեղ պետք չէ հրաժարվել բոլոր հաճույքներից կամ ամբողջությամբ հեռանալ սոցիալական ցանցերից։ Ավելի օգտակար է նվազեցնել այն պահերը, երբ որոշում ես կայացնում միայն առաջին հույզի ազդեցությամբ։
48-ժամյա կանոնը
Հաջորդ անգամ, երբ տեսնես մի բան, որը շատ ես ուզում գնել, բայց դրա կարիքը հենց հիմա չունես, մի շտապիր վճարել։
Ապրանքը թող զամբյուղում և սպասիր 48 ժամ։
Այդ ընթացքում ինքդ քեզ հարցրու․
- Եթե այսօր զեղչ չլիներ, դեռ կցանկանայի՞ գնել։
- Այս ապրանքի կարիքն իսկապե՞ս ունեմ։
- Եթե հիմա չգնեմ, մեկ շաբաթ անց դրա կարիքը կունենա՞մ։
Երկու օր անց ցանկությունը կարող է մնալ, և դա նորմալ է։ Կարևորն այն է, որ որոշումը կայացրել ես ոչ թե առաջին հույզի ազդեցությամբ, այլ մի լավ մտածելուց հետո։
Իսկ խնայած գումարը կարող ես պահել խնայողական հաշվին և ստանալ տարեկան տոկոսագումար՝ գումարդ պարզապես չծախսելու փոխարեն այն նաև աճեցնելով։
Թվային միջավայրի մաքրում
Իմպուլսիվ գնումների դեմ պայքարելու համար միշտ չէ, որ պետք է ավելի շատ ինքնակառավարում։ Երբեմն ավելի հեշտ է պարզապես նվազեցնել գայթակղությունների քանակը։
Կարող ես՝
- հեռացնել այն խանութների հավելվածները, որոնցից հաճախ չնախատեսված գնումներ ես անում,
- չեղարկել զեղչերի և ակցիաների մասին էլեկտրոնային նամակների բաժանորդագրությունները,
- անջատել գնումների մասին push ծանուցումները,
- հեռացնել պահպանված քարտի տվյալները հաճախ օգտագործվող կայքերից,
- չհետևել այն էջերին, որոնց հրապարակումները հաճախ քեզ դրդում են գնումներ կատարել։
Նպատակը գնումներն ամբողջությամբ բացառելը չէ։ Պարզապես վճարումը մի փոքր ավելի դժվար հասանելի դարձնելով՝ դու քեզ լրացուցիչ ժամանակ ես տալիս որոշումը վերանայելու համար։
Ինչպե՞ս լիցքաթափվել՝ առանց գումար ծախսելու
Եթե գնումը դարձել է սթրեսից կամ հոգնածությունից լիցքաթափվելու սովորական միջոց, միայն «այլևս չծախսել» որոշումը կարող է բավարար չլինել։ Փորձիր փոխարինել այդ սովորությունը այլ գործողություններով։
Քայլի՛ր։ Աշխատանքային ծանր օրվանից հետո 20–30 րոպե զբոսանքը կարող է օգնել փոխել միջավայրդ և կտրվել օրվա լարվածությունից։
Ձեռք բեր հոբբիներ։ Գիրք կարդալը, երաժշտություն լսելը, նկարչությունը կամ ցանկացած այլ զբաղմունք կարող է դառնալ լիցքաթափվելու տարբերակ։
Հանդիպիր ընկերներիդ։ Նոր բան գնելու փոխարեն նոր փորձառություն ստեղծելը նույնպես կարող է հաճելի լինել և օգնել լիցքաթափվել։
Վերջում
Dopamine Detox-ի ամենակարևոր գաղափարը «դետոքսը» չէ, այլ դադարը։
Երբ հաջորդ անգամ ինչ-որ բան շատ ցանկանաս գնել, փորձիր ոչ թե անմիջապես ասել «ոչ», այլ պարզապես ասել՝ «կմտածեմ»։
Այդ փոքր դադարը կարող է օգնել տարբերել ցանկությունը անհրաժեշտությունից, իսկ իմպուլսը՝ գիտակցված որոշումից։
Ֆինանսական կայունությունը հաճախ հենց այդպիսի փոքր, գիտակցված որոշումների արդյունքն է։