
Մարդու անհատականությունը կարող է բացատրել շատ բան, այդ թվում` ֆինանսական վարքագիծը։ Անհատականությունն ուսումնասիրելու ամենատարածված մոդելը The Big 5-ն է (OCEAN) ՝ Openness, Conscientiousness, Extraversion, Agreeableness, Neuroticism:
Այս մոդելը մարդկանց չի բաժանում տիպերի, այլ «չափում է» 5 հիմնական հատկանիշ, որոնք յուրաքանչյուր մարդու մոտ կարող են որոշ չափով ընդգծված լինել: Յուրաքանչյուր չափում մեզ պատմում է, թե ինչպես ենք մտածում, գործում, շփվում ուրիշների հետ, և վերջապես ինչպես ենք ընդունում ֆինանսական որոշումներ:
Այսօր Ամերիա բլոգում պատմում ենք, թե ինչ է նշանակում OCEAN-ի ամեն տարր և ինչ ազդեցություն կարող է ունենալ ֆինանսական որոշումների վրա:
Իսկ հիմա` ավելի մանրամասն:
1. Openness
«Բաց» մարդիկ ստեղծարար են, հետաքրքրասեր ու ճկուն: Նրանք չեն սիրում միօրինակություն, գնահատում են գեղեցիկը և հակված են մտավոր խոր վերլուծությունների։ Սիրում են նոր գաղափարներ և հաճախ ներդրում են անում ոչ ավանդական գործիքներում: Ֆինանսական գրագիտությունը նրանց մոտ հիմնականում բարձր է, բայց սահմանափակ հնարավորություններ ունենալը չի քչացնում նրանց հետաքրքրասիրությունը կամ կյանքը լիարժեք ապրելու ցանկությունը:
2. Conscientiousness (բարեխղճություն)
Այս մարդիկ նպատակասլաց են, հետևողական, սիրում են կազմակերպվածություն: Նրանք ավելի գրագետ են ֆինանսական հարցերում, խուսափում են ռիսկից, խնայողություններ են անում և հետևում ֆինանսական պլաններին: Փաստորեն, կազմակերպվածությունը ֆինանսական հաջողության բանալին է: Միակ թուլությունը՝ երբեմն ճկուն չեն, դժվար են հարմարվում փոփոխություններին ու կողմնորոշվում անսպասելի իրավիճակներում:
3. Extraversion (էքստրավերտություն)
Էքստրավերտները կենսախինդ են, հեշտությամբ են կապեր հաստատում և սիրում են ուշադրության կենտրոնում լինել: Նրանց համար ռիսկը ոչ թե վախ է, այլ հնարավորություն: Այս մոտեցումը հաճախ հանգեցնում է ավելի բարձր եկամտի՝ շնորհիվ ինքնավստահության ու սոցիալական հմտությունների:
Բայց կա մի թաքնված վտանգ. նրանք հաճախ ավելի շատ են ծախսում սոցիալական փորձառությունների, ժամանցի ու «կարգավիճակ» ընդգծող բաների վրա: Իմպուլսիվ գնումները կարող են նվազեցնել խնայողությունները, անգամ եթե եկամուտը բարձր է:
4. Agreeableness (բարյացակամություն)
Բարյացակամ մարդիկ անկեղծ են, խելամիտ ու առանձնանում են ուրիշներին օգնելու պատրաստակամությամբ: Սա հրաշալի է անձնական հարաբերություններում, բայց ֆինանսական տեսանկյունից կարող է վնասել: Հանուն ընդհանուր շահի կամ խաղաղության նրանք հաճախ կարող են զիջել սեփական հետաքրքրությունները։ Նրանք հաճախ պարտքով գումար են տալիս ընկերներին կամ ընտանիքի անդամներին, համաձայնում ավելի ցածր աշխատավարձի ու ավելի շատ նվիրատվություններ են անում: Արդյունքում` կարող են կրճատել սեփական եկամուտը և դանդաղեցնել անձնական ֆինանսական աճը:
5. Neuroticism (նեյրոտիզմ)
Նեյրոտիկ մարդիկ զգայուն են բացասական հույզերի նկատմամբ և հաճախ ապրում են ֆինանսական սթրեսի մեջ: Այս գծի բարձր արտահայտվածությունը նշանակում է հակվածություն դեպի տագնապ և հուզական անկայունություն։ Նրանք նաև հակված են retail therapy-ի, ծախսում են փողը էմոցիոնալ տատանումները մեղմելու համար: Սա կարող է հանգեցնել պարտքերի կուտակման, ցածր եկամուտի և ֆինանսական որոշումների կայացման դժվարության:
Ոչ մի խառնվածք ինքնին լավ կամ վատ չէ ֆինանսական տեսանկյունից։ Կարևորն այն է, որ ճանաչես սեփական բնավորության առանձնահատկությունները և հաշվի առնես դրանք ֆինանսական որոշումներ կայացնելիս։