Երբ գալիս է հանգիստը պլանավորելու ժամանակը, մտածում ես` ինչից սկսել. տոմս գնել, հյուրանոց ամրագրել, քաղաքն ուսումնասիրել, այցելության վայրերն ընտրել ...
Շունչ քաշիր, այսօր Ամերիա բլոգում կտանք բոլոր հարցերիդ պատասխանները։ Այնպես կանենք, որ հանգիստդ չանհանգստացնի քեզ։
Ժամանակին ամրագրիր հյուրանոցն ու տոմսերը
Արձակուրդի ակտիվ շրջանում հյուրանոցներն ու տոմսերը համեմատաբար ավելի թանկ արժեն: Ըստ NerdWallet-ի հետազոտության` ամրագրման լավագույն ժամանակը մեկնելուց 15 օր առաջ է: Այդպես դու կարող ես խնայել գումարիդ մոտ 13%-ը:
Սակայն լինում են դեպքեր, երբ հնարավոր է խնայել վերջին պահին կատարված ամրագրումների շնորհիվ։ Հյուրանոցները վերջին պահին փորձում են «լցնել» դատարկ սենյակները «աննախադեպ», «բացառիկ» զեղչերի միջոցով: Բայց դրանք իրենց ռիսկերն ունեն. հնարավոր է` վերջին պահին հարմար հյուրանոց չգտնես ու ստիպված որևէ անհարմար տարբերակ ընտրես` ուղղակի դրսում չմնալու համար:
Ինչ վերաբերում է շաբաթվա օրերին, ապա մասնագետները պնդում են, որ լավագույն տարբերակները հնարավոր է գտնել ուրբաթ և շաբաթ օրերին: Kayak հարթակը 2021թ. ուսումնասիրել է հյուրանոցների որոնումները շաբաթվա ընթացքում: Ըստ արդյունքների` շաբաթվա վերջում որոնումները նվազում են մոտ 30%-ով:
Հյուրանոց ամրագրելիս ուշադրություն դարձրու, որ ունենաս ամրագրումն անվճար չեղարկելու հնարավորություն: Կարող ես մի քանի տարբերակ ամրագրել, հետո ընտրել մեկը, իսկ մնացածը չեղարկել: Ամրագրելուց հետո էլ հետևի′ր գների փոփոխությանը: Եթե իջնում է, կարող ես չեղարկել և նորից ամրագրել:
Ավիատոմսերի հարցում քեզ կօգնի Hoppers-ը: Այս հարթակում կարող ես նշել ուղղությունը և գտնել թռիչքի «ամենաէժան օրերը»: Ուղղակի ընտրիր որևէ թռիչք և ստացիր ծանուցումներ գնային փոփոխությունների վերաբերյալ: Հարթակում կգտնես նաև տվյալների վերլուծության հիման վրա կատարված կանխատեսումներ:
Նախապես որոշիր, թե երբ և ուր ես գնալու
Նախապես որոշիր, թե երբ և ուր պետք է գնաս, բայց միևնույն ժամանակ քեզ շատ մի սահմանափակիր: Նախ գուգլիր և իմացիր, թե ինչ տեսարժան վայրեր կան քաղաքում և կարդա դրանց վերաբերյալ կարծիքները: Այս հարցում քեզ կարող են օգնել Tripadvisor-ը և Visit A City-ն:
ChatGPT-ին էլ կարող ես հարցնել. հետաքրքիր վայրեր խորհուրդ կտա: Ընտրիր հիմնական տեղերը, կազմիր երթուղի և ժամանակացույց: Որպեսզի ոչինչ չմոռանաս, կարող ես օգտվել հանգստի պլանավորման հավելվածներից: Դրանցից է TripIt-ը: Այստեղ կարող ես տեսնել քո արձակուրդի երթուղին ու ստանալ հիշեցումներ: Բավարար է միայն forward անել քո թռիչքի ու հյուրանոցի ամրագրումը հաստատող էլ. նամակները, և TripIt-ը ավտոմատ կստեղծի քո երթուղին: Այդպիսով դու ոչ միայն աչքիդ առաջ կունենաս քո ամեն հաջորդ քայլը, այլև կստանաս ծանուցումներ: Օրինակ` այն մասին, որ թռիչքիդ ժամանակն է, թռիչքդ հետաձգվել է (այս դեպքում համակարգը նաև կօգնի գտնել այլ թռիչք), պիտի տեղափոխվել X հյուրանոց և այլն:
Ներբեռնիր տաքսի հավելված և օֆլայն քարտեզ
Անգամ եթե տաքսիով երթևեկելու սիրահար չես, արտերկրում դա երբեմն անհրաժեշտ է լինում: Որպեսզի երթևեկության վճարը քեզ համար կանխատեսելի լինի, ներբեռնիր գոնե մեկ տաքսի հավելված: Բացի այդ, անծանոթ երկրում հնարավոր է` չկողմնորոշվես տեղանքում: Որպեսզի այս առումով էլ ապահովագրված լինես, ներբեռնիր maps.me հավելվածը: Քարտեզը հասանելի է նաև օֆլայն տարբերակով. եթե անգամ կապի խնդիր ունենաս, կարող ես օգտվել քարտեզից:
Իսկ հանգիստդ հանգիստ դարձնող այլ 10+1 հավելվածների մասին կարող ես կարդալ այստեղ:
Լուծիր կապի մեջ մնալու խնդիրը
Մեկնելուց առաջ հոգա այն մասին, որ արտերկրում կապի մեջ կլինես: Մի քանի տարբերակ ունես. կարող ես ակտիվացնել ռոումինգը ու կապի մեջ մնալ քո համարով, գնել տեղական SIM կամ ակտիվացնել eSIM:
Տեղական համարով ինտերնետի և զանգերի համար ավելի քիչ կվճարես: Եթե կարևոր է, որ համարդ պահպանվի, ուսումնասիրիր, թե քո օպերատորը ռոումինգի ինչ փաթեթներ է առաջարկում:
Ճամփորդության համար այսօր ամենատարածված տարբերակն eSIM-ն է: Այս դեպքում նախ պիտի համոզվես, որ սմարթֆոնդ ունի eSIM-ի հնարավորություն: iPhone-ների, արդեն նաև Android համակարգով աշխատող սմարթֆոնների մեծ մասն ունի այդ հնարավորությունը: Ուղղակի պիտի ձեռք բերես eSIM. կարող ես ստանալ հենց քո օպերատորից (սովորաբար QR-ի տեսքով) կամ այլ provider-ներից, ինչպես Airalo-ն է: Նախ ներբեռնիր Airalo հավելվածը, ընտրիր երկիրը, այնուհետև ընտրիր քեզ հարմար փաթեթը և մի քանի պարզ քայլով ակտիվացրու քո eSIM-ը: Վերջ. դու կունենաս թվային հեռախոսահամար և ինտերնետի մատչելի փաթեթ: Ընդ որում, կարող ես գտնել հենց «ճամփորդական» փաթեթներ` 7-30 օր վավերականության ժամկետներով:
Ուսումնասիրիր տեղական գները
Մեկնելուց առաջ ուսումնասիրիր տեղական գները, որ ճիշտ պլանավորես բյուջեդ: Այս հարցում քեզ կօգնի numbeo.com հարթակը: Numbeo-ն աշխարհի ամենամեծ տվյալների բազան է, որը թույլ է տալիս պատկերացում կազմել տարբեր քաղաքներում միջին գների մասին: Ընդամենը մուտքագրիր քաղաքի անունը և իմացիր մթերքի, սրճարանների, հագուստի, ժամանցի, տրանսպորտի, անշարժ գույքի վարձավճարների միջին գներն այդ քաղաքում: Այդպիսով պատկերացում կկազմես, թե որքան գումար է քեզ պետք ուտելու, կացության և ժամանցի համար: Իսկ եթե վճարումներդ կատարես Ամերիայի Visa-ով, կստանաս Մալդիվների և Հայաստանի ներգնա ուղեգրերից մեկը շահելու հնարավորություն:
Իսկ եթե հանգիստդ պլանավորելու ժամանակ չես գտնում, ուղղակի մո′ւտք գործիր MyAmeria հավելվածի MyTour բաժին և ընտրի′ր քեզ հարմար փաթեթը մեկ հպումով:
Mytour Դարձիր հաճախորդ