You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Դիդրոյի էֆեկտ. ինչպե՞ս չընկնել անվերջ գնումների թակարդը - Ամերիա բլոգ
17Հլս

Դիդրոյի էֆեկտ. ինչպե՞ս չընկնել անվերջ գնումների թակարդը

 diderot effect

Պատկերացրու՝ նվեր ես ստանում գեղեցիկ, թանկարժեք խալաթ, բայց հասկանում ես, որ այն բոլորովին չի համապատասխանում հին գրասեղանիդ, մաշված բազկաթոռիդ ու տան համեստ կահավորմանը։

Հենց այս պատմությունն է նկարագրում ֆրանսիացի փիլիսոփա Դենի Դիդրոն իր «Ինչպե՞ս հրաժեշտ տվեցի հին խալաթիս․ ափսոսանքի պատմություն» («Regrets on Parting with My Old Dressing Gown») էսսեում։

Կյանքի մեծ մասն ապրելով համեստ պայմաններում՝ նա մի օր նվեր է ստանում շքեղ կարմիր խալաթ։ Սակայն նոր խալաթն այնքան է փոխում նրա ընկալումը սեփական միջավայրի մասին, որ նա սկսում է հերթով փոխարինել տան իրերը։ Արդյունքում Դիդրոն ծախսում է աղջկա օժիտի ամբողջ գումարը, կուտակում է պարտքեր և գրում մի հայտնի միտք. «Ես իմ հին խալաթի լիակատար տերն էի, իսկ նորի ստրուկը դարձա»։

Հենց այս պատմությունն էլ հետագայում հիմք է դառնում Դիդրոյի էֆեկտ (The Diderot Effect) հասկացության համար։ Այն նկարագրում է մի հետաքրքիր հոգեբանական երևույթ. մեկ նոր գնումն առաջացնում է հաջորդի, հետո՝ հաջորդի անհրաժեշտության շղթայական ռեակցիա:

 

Շղթայական սպառում. ինչպե՞ս է այն աշխատում մեր կյանքում

Այսօր Դիդրոյի էֆեկտն ավելի ակտուալ է, քան երբևէ։ Մեզ անընդհատ ներկայացվում են ոչ թե առանձին ապրանքներ, այլ ամբողջական «կերպարներ», «միջավայրեր» կամ «ապրելակերպ»։ Արդյունքում սկսում ենք մտածել, որ մեկ նոր իրն ինքնին բավարար չէ, քանի դեռ այն «չի համապատասխանում» մնացածին։

 

Ինչո՞ւ ենք մենք ընկնում այս թակարդը

Մեր ուղեղը սիրում է ամբողջականություն և ձգտում է ներքին ներդաշնակության։ Հոգեբանության մեջ սա կոչվում է consistency՝ հետևողականություն։

Եթե մեր միջավայրում ինչ-որ բան կտրուկ փոխվում է, ուղեղը սկսում է նկատել նախկինում աննկատ եղած անհամապատասխանությունները։ Հենց այս պատճառով նոր իր գնելուց հետո հները հաճախ սկսում են «ավելի հին» թվալ։

Բրենդերն էլ լավ գիտեն ուղեղի այս առանձնահատկության մասին ու հաճախ մեկ ապրանքի փոխարեն ներկայացնում են ամբողջական հավաքածու, որտեղ յուրաքանչյուր գնում բնականորեն տանում է հաջորդին։

 

Ինչպե՞ս կառավարել Դիդրոյի էֆեկտը և խուսափել ավելորդ ծախսերից

Դիդրոյի էֆեկտը լիովին բացառել հնարավոր չէ. այն մարդկային բնական արձագանք է, բայց կարելի է թույլ չտալ, որ այն կառավարի քո ֆինանսական որոշումները։
 

Կիրառիր «դադարի» կանոնը

Եթե նոր գնումից հետո անմիջապես ուզում ես գնել ևս մի քանի բան, սպասիր`

  • փոքր գնումների դեպքում՝ 48 ժամ
  • ավելի խոշոր գնումների դեպքում՝ 30 օր

Այդ ընթացքում հաճախ հասկանում ես, որ հաջորդ գնումն իրականում անհրաժեշտ չէ։
 

Պլանավորիր ոչ միայն առաջին գնումը

Եթե պատրաստվում ես գնումների գնալ, մտածիր նաև դրա «հետևանքների» մասին։

Օրինակ՝ նոր հեռախոս գնելիս նախապես որոշիր` պատրաստվում ես գնել նաև պատյան, ականջակալներ կամ այլ աքսեսուարներ։

Այսպես ավելի հեշտ կլինի գնահատել իրական ծախսը։
 

Սահմանիր ընդհանուր բյուջե

Սահմանիր բյուջե ոչ թե միայն մեկ ապրանքի, այլ ամբողջ «նախագծի» համար։

Օրինակ`

  • գրասեղան
  • աթոռ 
  • լուսամփոփ

Այս մոտեցումը թույլ կտա խուսափել «սա էլ ու վերջ...» գնումներից։
 

Փորձիր գնահատել ունեցածը

Երբեմն նոր իրն ավելի շատ ուշադրություն է գրավում, քան իրականում արժե։ Փորձիր նախ տեսնել՝ ինչ կարող ես փոխել արդեն ունեցածի միջոցով՝ դասավորություն, համադրություն կամ թարմացում։

Գնումները սովորաբար ուրախություն և հարմարավետություն են բերում։ Որքան լավ ճանաչես նման հոգեբանական մեխանիզմները և սեփական սպառողական վարքագիծը, այնքան ավելի հեշտ կլինի կայացնել ճիշտ ֆինանսական որոշումներ:

Կարդա նաև...

Ինչպե՞ս 24 ժամում ստեղծել ու մեկնարկել բիզնես AI-ի օգնությամբ

Ինչպե՞ս 24 ժամում ստեղծել ու մեկնարկել բիզնես AI-ի օգնությամբ

Արի՛ պատմենք, թե ինչպես, կատարելով ընդամենը մի քանի քայլ, կարող ես գեներացնել բիզնես գաղափարներ`  կիրառելով AI-ի գործիքները:

Մոլորակը սիրում է հոգատար մարդկանց

Մոլորակը սիրում է հոգատար մարդկանց

Մոլորակի մասին հոգ տանելը միայն մեծ ընկերությունների գործը չէ։ Յուրաքանչյուրիս առօրյա որոշումներն ու փոքր սովորությունները մեծ դեր ունեն այդ հարցում։

Հմտություններ, որոնք անհրաժեշտ են յուրաքանչյուր ուսանողի

Հմտություններ, որոնք անհրաժեշտ են յուրաքանչյուր ուսանողի

Մենք առանձնացրել ենք մի քանի հմտություններ, որոնք կօգնեն քեզ ավելի արագ ինտեգրվել ուսանողական կյանքին, հեշտությամբ հաղթահարել այն մարտահրավերները, որոնք սպասում են քեզ: 

  • Recent
  • Popular