Հիշո՞ւմ ես` ժամանակին կոմունալները փոստում էինք վճարում, հետո անցանք տերմինալին: Հիմա սմարթֆոնով ենք վճարում` տանը նստած, աշխատանքի ճանապարհին, սրճարանում, որտեղից ուզենք: Անգամ որևէ տվյալ հավաքելու կարիք չկա: Կարող ենք պահպանել կոդերը, խմբավորել ու ամեն ամիս բոլոր կոմունալները վճարել միանգամից, մեկ հպումով: Արհեստական բանականության հնարավորությունների մասին էլ չասենք: Առնվազն լսած կլինես, եթե ոչ փորձած:
Իսկ թվայնացման ի՞նչ նոր հնարավորություններ են ստեղծվել ֆինանսների ոլորտում, որոնք հեշտացնում են կյանքդ ու խնայում ժամանակդ։ Այս անգամ մեր բլոգում առանձնացրել ենք ֆինանսաբանկային համակարգի վերջին նորությունները, որոնց մի մասը գուցե արդեն հասցրել ես փորձարկել։ Պարզ ասած՝ այսօր պատմելու ենք, որ թվային փոխակերպումը քո կյանքի շատ կարևոր մասն է։
Թվային քարտ մեկ ժպիտով
Այսօր դու կարող ես ունենալ վճարային քարտ, որը ֆիզիկապես գոյություն չունի: Քարտ, որը միշտ հեռախոսիդ մեջ է, որն ուղղակի կցում ես Apple Pay-ին կամ Google Pay-ին ու հեռախոսով վճարումներ կատարում: Քարտը կարող ես պատվիրել առանց տնից դուրս գալու, երբ և որտեղից ուզես, մեկ ժպիտով: Թվային քարտ ունենալու համար դու ընդամենը մի քանի հպում պիտի կատարես։ Իսկ այն հեռախոսիդ մեջ կակտիվանա (դե, շոշափելի չէր, հիշո՞ւմ ես) մինչև 1 օրում:
Կանխիկացում առանց քարտի
Պատահե՞լ է, որ շտապ կանխիկի կարիք ես ունեցել, բայց պարզվել է` քարտդ մոռացել ես: Կամ եղբորդ շտապ կանխիկ պիտի տայիր, բայց հեռու էիր նրանից: Թվային փոխակերպումն այս հարցն էլ է լուծել: Որոշ հավելվածներ թույլ են տալիս կանխիկացնել առանց քարտի: Արիˊ պատկերացնենք իրավիճակը․ եղբորդ շտապ կանխիկ է պետք, դու աշխատանքի ես, չես կարող դուրս գալ և գումար տալ նրան: Նա էլ քարտ չունի, որ փոխանցես (քարտ ամեն դեպքում պետք է նրան, նայի՛ր վերևի կետը): Բացում ես հավելվածը, նշում ես անհրաժեշտ գումարի չափն ու նույն պահին կանխիկացման կոդ ստանում: Ուղարկում ես այդ կոդը եղբորդ, նա մուտքագրում է կոդը բանկոմատում և ստանում կանխիկը: Ի՞նչ ստացվեց. դու րոպեների ընթացքում կանխիկ գումար փոխանցեցիր նրան քո աշխատավայրից: Տեսնո՞ւմ ես` թվայինն ինչպես է փոխակերպում կյանքդ:
Օնլայն վարկ 5 րոպում
Տարիներ առաջ ո՞վ կմտածեր, որ անգամ վարկ կարող ես ստանալ առանց տնից դուրս գալու: Հիմա արդեն մեքենայական ուսուցման համակարգի վրա հիմնված սքորինգային համակարգը վերլուծում է քո եկամուտները, վարկային պատմությունը, եկամուտ-պարտք հարաբերակցությունն ու ստուգում վարկունակությունդ: Ու եթե մարդու դեպքում այդ «գնահատումը» կարող է սուբյեկտիվ լինել, իսկ սխալվելու հավանականությունը՝ մեծ, մեքենայական ուսուցման դեպքում այս խնդիրը չկա: 2023-ի ընթացքում միայն Ամերիաբանկում մանրածախ վարկերի 95%-ը տրամադրվել է օնլայն:
Այդպիսով` եթե քեզ շտապ գումար է անհրաժեշտ, դու 5 րոպեում կարող ես 100 000-ից մինչև 10 մլն դրամ ստանալ քո հաշվին:
Չաթբոտ օգնական
Չաթբոտը խելացի գործիք է, որ մի հարցի համար, որի պատասխանը կա կայքում, բանկ չգնաս: Ուղղակի մտնում ես կայք, սեղմում պատուհանը և ընտրում քեզ հետաքրքրող բաժինը: Չաթբոտը քեզ ավտոմատ կառաջարկի համապատասխան ենթաբաժիններ, մինչև 1-ական հպումով հասնես քեզ անհրաժեշտ էջին ու տեղեկությանը։ Ի՞նչ է ստացվեց։ Դու խնայում ես ժամանակդ, որովհետև ստիպված չես ո՛չ բանկ գնալ, ո՛չ կայքը «փորփրել»։ Դա քո փոխարեն անում է չաթբոտը:
Ինչպես տեսնում ես, թվային փոխակերպումը շատ արագ ու աննկատ դարձել է մեր առօրյայի անբաժան մասը: Ընկերություններին այն տալիս է գործընթացներն ավտոմատացնելու, ավելի արագ և ճշգրիտ գործելու, որակյալ ծառայություններ մատուցելու հնարավորություն։ Մենք էլ կարող ենք ծառայեցնել այն քո կարիքներին։ Թվային լուծումների շնորհիվ մենք կարող ենք խնայել քո և մեր ժամանակը ու տրամադրել այն մեր սիրելի աշխատանքին և մարդկանց։ Հիմա թվային փոխակերպումը տեխնոլոգիաների՞, թե՞ մարդկանց մասին է (մի քիչ հռետորական)։