5 սխալ, որ թույլ են տալիս սկսնակ ձեռնարկատերերը - Ամերիա բլոգ
18Ապր

5 սխալ, որ թույլ են տալիս սկսնակ ձեռնարկատերերը

3D illustration of a movie of phone

Նոր բիզնես հիմնելիս «ինչի՞ց խուսափել» հարցի պատասխանն իմանալը նույնքան կարևոր է, որքան «ի՞նչ անել»-ը։ Բիզնես հիմնելու ճանապարհը կարող է լինել ոգեշնչող ու հնարավորություներով լի, բայց այն հաճախ ուղեկցվում է սխալներով։ Այս սխալները, թեկուզ փոքր, կարող են զգալի ազդեցություն ունենալ բիզնեսի ապագայի վրա։ 
Այս բլոգում ներկայացնում ենք սկսնակ ձեռնարկատերերի հինգ սխալները և, որ ավելի կարևոր է, պատմում ենք՝ ինչպես խուսափել դրանցից։ 


1. Շուկայի անբավարար իմացություն

Շատերն են շտապում կյանքի կոչել իրենց գաղափարները՝ առանց լիարժեք ուսումնասիրելու ու հասկանալու շուկան։ Շուկայական հետազոտությունը կարևոր գործիք է գաղափարը վավերացնելու, թիրախային լսարանը ճանաչելու և մրցակիցներին վերլուծելու համար։ Եթե այս քայլը բաց թողնես, կարող ես ստեղծել մի ծառայություն կամ արտադրանք, որի կարիքը շուկան պարզապես չունի։

Ժամանակ հատկացրու՝ ուսումնասիրելու միտումները, հաճախորդների վարքագիծը և ոլորտային բացերը։ Դասական մոտեցմամբ՝ օգտագործիր հարցումներ, ֆոկուս խմբեր և մրցակիցների վերլուծություններ՝ հիմնավոր ռազմավարություն մշակելու համար։ Եթե ժամանակն ու ռեսուրսները բավարար չեն, կատարիր այս քայլերից առնվազն երկուսը։ 

Ի դեպ, այստեղ ևս, ինչպես մեր կյանքի գրեթե բոլոր բնագավառներում, կարող ես դիմել արհեստական բանականության օգնությանը․ ԱԲ լուծումների մասնագետ Ջանեթ Լամը Forbes-ում հրապարակված իր հոդվածում պատմում է, թե ինչպես կարող են սկսնակ կամ, ինչու ոչ, փորձառու ձեռնարկատերերը ԱԲ գործիքների միջոցով կատարել շուկայի ուսումնասիրություն, կանխատեսել շուկայական միտումներն ու սպառողների վարքագծի փոփոխությունը։ 


2. Ֆինանսական պլանավորման բացեր

Ֆինանսական պլանավորումը հաջողակ բիզնեսի ողնաշարն է։ Շատ սկսնակներ թերագնահատում են ծախսերը, գերագնահատում են ակնկալվող եկամուտը կամ մոռանում են ֆորսմաժորային իրավիճակների համար ևս բյուջե նախատեսել։ Հետևանքներն անխուսափելի են․ անկայուն դրամական հոսքեր ու բիզնեսի ամբողջ շղթայի փլուզում։ 
Մինչև բիզնեսը սկսելը, ստեղծիր մանրամասն ֆինանսական պլան, ներառյալ՝ մեկնարկային ծախսերը, ամսական բյուջեն ու եկամուտի իրատեսական կանխատեսումները։ Պարբերաբար վերանայիր ֆինանսական ռազմավարությունը՝ այն արդիական պահելու համար։ 

 


Ինչպես ասում են բիզնես աշխարհում, կարևորը ոչ թե պլանն է, այլ պլանավորմանը տիրապետելը։ Դու հետևողականորեն աշխատում ես այս ուղղությամբ՝ հավաքելով թվեր, կազմելով աղյուսակներ, ուսումնասիրելով քո բիզնես ոլորտի հարկային դաշտը և այլն: Ծախսում ես շաբաթներ, և երբ վերջնական փաստաթուղթը հայտնվում է քո սեղանին, անգամ այդ պահին արդեն տվյալներն արդեն հնացած են․ շուկան փոխվել է, ի հայտ են եկել նոր ծախսեր, և փոխվել են նույնիսկ հաճախորդների պահանջները: Ուրեմն ինչպե՞ս վարվել։ Այո, կրկին վերապլանավորել։ 

Ի դեպ, այստեղ ևս քեզ օգնության կգա ԱԲ-ն։ ԱԲ-ի վրա հիմնված կանխատեսումները, մեքենայական ուսուցման մոդելները և ավտոմատացված հաշվետվություններն արդեն իսկ վերափոխում են նաև ընկերությունների կողմից ֆինանսների կառավարման եղանակները: Կանխատեսումների համաձայն՝ մինչև 2026 թվականը ֆինանսական պլանավորման և վերլուծության (FP&A) գործընթացների 70%-ը կիրականացվի AI-ի միջոցով:


3. Ամեն ինչ ինքնուրույն անելու փորձը

Բիզնես սկսելու առաջին օրերին դու ունես հսկայական մոտիվացիա ու նպատակասլացություն, սակայն ամեն ինչ սեփական ուժերով անելու փորձը կարող է շատ արագ հանգեցնել հյուծման ու արդյունավետության անկման։ Սա միանշանակ կանդրադառնա նաև քո work-life հավասարակշռության վրա։ 

Հիշիր՝ թիմի ձևավորումը և պատվիրակումը կարևոր են։ Փորձիր քո շուրջը համախմբել մարդկանց, որոնք կիսում են քո ոգևորությունը, միևնույն ժամանակ մասնագետ են տարբեր ոլորտներում ու կլրացնեն քո հմտությունները․ մարքեթինգ, ֆինանսներ կամ օպերացիոն գործունեություն։ Սա թույլ կտա կենտրոնանալ քո ուժեղ կողմերի վրա և ապահովել կայուն զարգացում։


4. Մարքեթինգի կարևորության թերագնահատում

«Լավ ապրանքը ինքն իրեն կվաճառվի»-ն միֆ է։ Իրականում նույնիսկ ամենալավ ապրանքն ու ծառայությունը պահանջում են ակտիվ մարքեթինգային ռազմավարություն։ Եթե չեք հավատում, կարդացեք, թե մարքեթինգային արշավների վրա որքան գումար են յուրաքանչյուր տարի ծախսում աշխարհի ամենահայտնի բրենդերը։
 
Բրենդի տեսանելիության ու հաճախորդի ներգրավման մասին պետք է մտածել բիզնեսի ամենավաղ փուլից։ Սկսեք հասանելի գործիքներից՝ սոցիալական մեդիա, էլ․ փոստային արշավներ։ Գաղտնիքը հետևողականությունն է և լսարանի նախասիրությունների ճիշտ ընկալումը։

2024 թվականի ուսումնասիրությունը, որը հրապարակվել է Industrial Marketing Management-ում, ցույց է տվել, որ վաղ փուլի B2B ստարտափների գրեթե 45%-ը հրաժարվում է մարքեթինգային սիստեմատիկ ջանքերից: Հետևանքը՝ ֆինանսական միջոցների ներգրավման ձախողված փորձեր ու բաց թողնված հնարավորություններ։  Եվ հակառակը․ նույն հետազոտությունն ընդգծում է, որ ստարտափները, որոնք հետևողականորեն զբաղվում են մարքեթինգային ռազմավարության մշակմամբ և իրագործմամբ, հաջողության հասնելու ավելի մեծ հնարավորություն ունեն։ 

Իսկ եթե չգիտես` որն ընտրել, ունենալ մարքեթինգի թիմ ընկերության ներսո՞ւմ, թե՞ օգտվել մարքեթինգային գործակալության ծառայություններից, կարդա մեր այս բլոգը


5. Փոփոխություններին չհարմարվելը 

Ինչպես ասում է Ցինցինատիի համալսարանի պրոֆեսոր Ալեքս Բուրխարտը` միակ բանը, որ քո ձեռնարկատիրական ճանապարհորդության ընթացքում չի փոխվի, այն է, որ անընդհատ ստիպված ես լինելու բախվել անորոշությանը: Բիզնես աշխարհը մշտապես փոխվում է։ Եթե քո պլանը փոփոխման ենթակա չէ, դու կարող ես բաց թողնել աճի հնարավորությունները։
Այնպես որ, լսիր հաճախորդներին, հետևիր միտումներին և մշտապես պատրաստ եղիր փոփոխությունների։ Չէ՞ որ ճկունությունը հաջող բիզնեսի առանցքային հատկանիշներից է։

Կարդա նաև...

Մարքեթինգը դրսո՞ւմ, թե՞ ներսում: Ինհաուս vs գործակալություն

Մարքեթինգը դրսո՞ւմ, թե՞ ներսում: Ինհաուս vs գործակալություն

Պատմում ենք երկու տարբերակի առավելությունների մասին և օգնում ընտրել քո բիզնեսին համապատասխանող տարբերակը:

Ապագայի մարաթոնները․ ի՞նչ է հաքաթոնը

Ապագայի մարաթոնները․ ի՞նչ է հաքաթոնը

Մոտ 2010-ականներին մեր լեքսիկոնում ավելացավ ևս մեկ անհասկանալի բառ՝ հաքաթոն։ Այս երևույթը բավականին դրական ազդեցություն ունեցավ ոչ միայն ՏՏ ոլորտի, այլև սպասարկման մյուս ճյուղերի վրա։ 

Ընտանիքի ֆինանսական պլան. ինչո՞ւ և ինչպե՞ս

Ընտանիքի ֆինանսական պլան. ինչո՞ւ և ինչպե՞ս

Ընտանիքի ֆինանսական պլանը ընտանեկան եկամուտների և ծախսերի մասին երկարաժամկետ տեսություն է։  Այն թույլ կտա հստակ իմանալ, թե ինչի համար որքան գումար ես ծախսում, կօգնի պլանավորել ծախսերը և խնայել գումար նոր նպատակների իրագործման համար։

  • Recent
  • Popular
  • Ֆինանսական բարձիկ․ որ քունդ խաղաղ լինի, ապագադ՝ կայուն

    Կյանքը լի է անակնկալներով․ երբեմն հաճելի, երբեմն՝ ոչ այնքան։ Գործնական փոփոխություններ, հիվանդություն, անսպա...
  • AI օգնականներ

    Այսօր էլ չուշացար հանդիպումից։ Ինչպե՞ս։ Որովհետև քո AI օգնականը հիշեցրել էր հանդիպման մասին, վերլուծել երթևեկությունն ու առաջարկել ամենաարագ երթուղին։
  • Ինչպե՞ս կառավարել ժամանակը, որ ամեն բան հասցնես

    «Ժամանակը ոսկի է». այս արտահայտությունը հաստատ լսած կլինես։ Իրականում ժամանակը շատ ավելի թանկ է. ռեսուրս, որ ունեն բոլորը, բայց քչերն են արդյունավետ կառավարում:
  • Փողի հոգեբանություն

    Պատահել է, չէ՞, որ մեծ ոգևորությամբ գնումներ ես կատարել, հետո որոշ ժամանակ անց հիշել ես գնումներդ, նայել հաշվիդ մնացորդին ու մտածել. «Բայց արժե՞ր այսքան գումար ծախսել»: