
Ընտանեկան բյուջեն այն հազվագյուտ նախագիծն է, որտեղ մի քանի գլխավոր տնօրեն կա, բայց պատասխանատվությունը միշտ ընդհանուր է:
Որոշ ընտանիքներ ամեն ինչ նախապես են պլանավորում, մյուսների մոտ գործում է «ինչպես ստացվի» սկզբունքը։ Կա ընտանեկան բյուջեի կառավարման 3 հիմնական մոդել, որոնք կօգնեն ընտանիքում բարձրացնել ֆինանսների կառավարման արդյունավետությունը:
Ինչո՞ւ է կարևոր ունենալ ընտանեկան բյուջեի հստակ մոդել
Երբ ֆինանսական հարցերի շուրջ պայմանավորվածությունները հստակ չեն, կարող են առաջանալ ոչ միայն ավելորդ ծախսեր, այլև ամենասովորական կենցաղային տարաձայնություններ։ Ուստի ընտանեկան բյուջեն պարզապես եկամուտներն ու ծախսերը գրի առնելու մասին չէ։ Այն նաև օգնում է հստակ բաշխել ֆինանսական պատասխանատվությունն ու նույն էջի վրա լինել։
Ընտանեկան բյուջեի կառավարման հստակ մոդել ունենալն օգնում է տեսնել ֆինանսական պատկերը, պլանավորել մեծ ծախսերն ու ընդհանուր նպատակները` խուսափելով տհաճ անակնկալներից։
Ընտանեկան բյուջեի կառավարման 3 հիմնական մոդելները
- Ընդհանուր բյուջե
Այս մոդելի դեպքում ընտանիքի անդամների եկամուտները միավորվում են, և հիմնական ֆինանսական որոշումները կայացվում են ընդհանուր բյուջեի շրջանակում։
Այս մոդելի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ ընտանիքի ֆինանսները կենտրոնացված են մեկ համակարգում։ Սա կարող է հեշտացնել ծախսերի վերահսկումն ու ընդհանուր նպատակների պլանավորումը։ Միաժամանակ կարևոր է նախապես պայմանավորվել անձնական ծախսերը, որպեսզի ստիպված չլինեք քննարկել ամեն մանր գնում:
- Առանձին բյուջե
Այս դեպքում ընտանիքի յուրաքանչյուր անդամ ինքնուրույն է տնօրինում իր եկամուտը, իսկ ընտանիքի ընդհանուր ծախսերի շուրջ պայմանավորվածություններ ձեռք են բերվում նախապես:
Այս մոդելի հիմնական առանձնահատկությունը ֆինանսական անկախությունն է, սակայն խորհուրդ է տրվում նախապես հստակեցնել ընդհանուր պատասխանատվությունները՝ ոչ միայն առօրյա ծախսերի, այլև խոշոր գնումների, խնայողությունների, վարկերի կամ անսպասելի իրավիճակների դեպքում։
- Հիբրիդային կամ մասնակի ընդհանուր բյուջե
Այս մոդելը միավորում է նախորդ երկուսի տարրերը։
Ընտանիքի անդամները եկամուտների մի մասն ուղղում են ընդհանուր բյուջե, որից վճարում են ընդհանուր կարիքների ու ընդհանուր նպատակների համար, իսկ մնացած գումարը յուրաքանչյուրն ինքնուրույն է տնօրինում։ Օրինակ՝ կարելի է նախապես որոշել, որ ամեն ամիս եկամուտի որոշակի մասն ուղղվում է ընդհանուր բյուջե, իսկ մնացածը մնում է անձնական օգտագործման համար։
Այս մոտեցումը կարող է հարմար լինել այն ընտանիքներին, որոնք ցանկանում են միաժամանակ ընդհանուր ֆինանսական նպատակների մասը լինել և ունենալ ֆինանսական անկախություն։
Ինչպե՞ս ընտրել ճիշտ մոդել քո ընտանիքի համար
Նախ պետք է հաշվի առնել մի քանի գործոն:
- Եկամուտների տարբերություն
Եթե ընտանիքի անդամների եկամուտները զգալիորեն տարբերվում են, ընդհանուր ծախսերը պարտադիր չէ, որ հավասար չափով բաժանվեն։ Կարելի է քննարկել նաև եկամուտին համապատասխան չափաբաժնով մասնակցության տարբերակը։
- Ֆինանսական սովորություններ
Օրինակ` եթե ընտանիքի անդամներից մեկը սիրում է մանրամասն պլանավորել ծախսերը, իսկ մյուսը նախընտրում է ավելի ազատ տնօրինել գումարը, հիբրիդային մոդելը կարող է ավելի հարմար լինել։
Բնակարանի ձեռքբերում, կրթական ծախսեր, ճանապարհորդություն, խոշոր գնում կամ անվտանգության բարձիկ․ ընդհանուր նպատակների առկայությունը հաճախ պահանջում է ընդհանուր բյուջե։
- Ֆինանսական անկախության «ախորժակ»
Ընդհանուր բյուջեն չի նշանակում, որ ընտանիքի յուրաքանչյուր անդամ պետք է հրաժարվի անձնական ծախսերի համար նախատեսված գումարից։ Կարևոր է գտնել այն սահմանը, որը հարմար է բոլորին։
Ֆինանսական մոդելը պարտադիր չէ, որ տարիներով նույնը մնա։ Կյանքը փոխվում է, հետևաբար կարող է փոխվել նաև բյուջեի կառավարման ձևը։ Սկսելու համար բավական է միասին հստակեցնել երեք բան․ որոնք են ընդհանուր ծախսերը, որոնք են ընդհանուր ֆինանսական նպատակները, և որքան գումար է յուրաքանչյուր անդամ ցանկանում պահել անձնական օգտագործման համար։ Հետո արդեն կարելի է ընտրել երեք մոդելներից մեկը կամ ժամանակի ընթացքում անցնել մեկից մյուսին։
Ընդհանուր, առանձին թե հիբրիդային․ ընտանեկան բյուջեի նպատակը միշտ նույնն է` փողը կառավարել այնպես, որ այն լավագույնս աշխատի ընտանիքի կարիքների ու նպատակների համար։