
Թվում է՝ եթե արդեն շատ գումար ու ժամանակ ես ներդրել մի գործում, պետք է հասցնես մինչև վերջ, չէ՞։ Իրականում, ոչ միշտ։
Այս երևույթն ունի անուն՝ Sunk Cost Fallacy (անվերադարձ ծախսերի խաբկանք)։ Այն ստիպում է մեզ կառչել արդեն արված ընտրությունից նույնիսկ այն դեպքում, երբ շարունակելը ավելի շատ է արժենում, քան կանգ առնելը։
Հենց այս տրամաբանությունն է երբեմն ստիպում մեզ ավելի շատ գումար, ժամանակ ու էներգիա ծախսել մի բանի վրա, որն այլևս մեզ ոչինչ չի տալիս։
Ի՞նչ է Sunk Cost Fallacy-ն, և ինչպե՞ս է այն աշխատում
Sunk Cost Fallacy-ն կամ անվերադարձ ծախսերի խաբկանքը հոգեբանական երևույթ է, երբ մարդը շարունակում է ներդրում կատարել, ժամանակ կամ գումար ծախսել, քանի որ արդեն արել է նախնական ծախսեր, նույնիսկ երբ ակնհայտ է, որ շարունակելն անօգուտ է։
Պատկերացրու՝ կինոթատրոնի տոմսի համար վճարել ես 5,000 դրամ, բայց ֆիլմի առաջին 20 րոպեից արդեն պարզ է, որ այն քեզ ընդհանրապես դուր չի գալիս։ Բայց այդ 5,000 դրամը դու արդեն վճարել ես, անկախ նրանից՝ կմնաս դահլիճում, թե դուրս կգաս։
Նույնը կարող է տեղի ունենալ շատ ավելի մեծ որոշումների դեպքում։
Ինչպե՞ս է այն արտահայտվում առօրյա կյանքում
Sunk Cost-ը միայն փողի մասին չէ։ Երբեմն մենք կառչում ենք նաև արդեն ծախսած ժամանակից, ջանքից կամ հնարավորություններից։
🟡Մասնագիտություն կամ աշխատանք, որն այնքան էլ չես սիրում
«Այսքան տարի սովորել եմ, հիմա թողնե՞մ»։ Արդյունքում կարող ես տարիներ շարունակ լինել ոչ սիրելի ոլորտում միայն այն պատճառով, որ մի քանի տարի նվիրել ես և խորացել այդ ուղղության մեջ։
🟡Գնումներ, որոնք այդպես էլ չես օգտագործում
Գնել ես թանկ սարք, հագուստ կամ որևէ իր, որը իրականում քեզ պետք չէ, բայց շարունակում ես պահել՝ մտածելով, որ գումար ես ծախսել։ Գումարը, սակայն, արդեն ծախսված է։ Իրն օգտագործել միայն այն պատճառով, որ արդեն վճարել ես դրա համար, չի վերադարձնում այդ գումարը։
🟡Բաժանորդագրություններ, որոնք չես օգտագործում
Վճարել ես մարզասրահի, դասընթացի կամ որևէ ծառայության համար և չես օգտագործում, բայց ստիպված հաճախում ես:
🟡Բիզնես նախագծեր, որոնք եկամուտ չեն բերում
Ներդրել ես ժամանակ ու գումար մի գաղափարի մեջ, որը չի արդարացնում իրեն, բայց շարունակում ես ֆինանսավորել այն՝ հույս ունենալով, որ նախկին ներդրումները վերջապես կարդարացվեն։
Այսպես անվերադարձ ծախսերի թակարդը կարող է մեզ ստիպել ավելի շատ ռեսուրս կորցնել՝ արդեն իսկ ունեցած կորուստը արդարացնելու համար։
Ինչո՞ւ է մեր ուղեղը հրաժարվում կանգ առնել
Եթե կանգ առնելը տրամաբանական է, ինչո՞ւ ենք մենք հրաժարվում կանգ առնել։
Պատճառներից մեկը կորուստների նկատմամբ մեր զգայունությունն է։ Մարդիկ սովորաբար ավելի ուժեղ են արձագանքում կորցնելուն, քան նույն չափի շահույթ ստանալուն։ Այդ պատճառով դժվար է ընդունել, որ արդեն ծախսված գումարը կամ ժամանակը այլևս չեն վերադարձվելու։
Մյուս պատճառը սեփական սխալը ընդունելու դժկամությունն է։ «Ես սխալ ընտրություն եմ կատարել» ասելը հեշտ չէ, հատկապես երբ այդ ընտրությունը ժամանակ, ջանք կամ գումար է պահանջել։
Երբեմն գործում է նաև սոցիալական ճնշումը։ Եթե բոլորին պատմել ես քո նոր բիզնեսի, մասնագիտության կամ ծրագրի մասին, ավելի դժվար է ասել՝ «փոխեցի որոշումս»։
Ինչպե՞ս ազատվել Sunk Cost Fallacy-ից և խնայել ապագա ռեսուրսները
Այս թակարդից դուրս գալու համար պետք չէ դառնալ անսխալական որոշումներ կայացնող։ Պետք է պարզապես սովորել որոշումներ կայացնել՝ հաշվի առնելով այսօրվա իրականությունը, ոչ թե ափսոսալով երեկվա ծախսերը։
Անցյալի ծախսերն ընդդեմ ապագա հնարավորությունների
Երբ կանգնում ես դժվար որոշման առջև, փորձիր մի կողմ դնել այն ամենը, ինչ արդեն արել ես։ Փոխարենը հարցրու քեզ.
🟢Եթե այսօր առաջին անգամ հանդիպեի այս հնարավորությանը, կընտրեի՞ այն։
🟢Եթե հիմա ունենայի գումար կամ ժամանակ, որտե՞ղ կարող էի օգտագործել դրանք։
🟢Ի՞նչ կարժենա ևս վեց ամիս շարունակելը։
🟢Ի՞նչ կարող եմ ստանալ, եթե հենց հիմա փոխեմ ուղղությունս։
Զրոյական կետի կանոնը
Այստեղ կարող է օգնել նաև Zero-Based Thinking-ը՝ զրոյական կետի մտածողությունը։
Դրա գաղափարը պարզ է․ որոշում կայացնելիս մի կողմ դիր այն, ինչ արդեն ծախսել ես, և նայիր իրավիճակին այնպես, կարծես այսօր առաջին անգամ ես որոշում կայացնում։
Այսինքն՝ զրոյական կետին վերադառնալը նշանակում է ոչ թե մոռանալ անցյալը, այլ որոշում կայացնել՝ հաշվի առնելով այսօրվա իրականությունը: Այն չի պարտադրում անտեսել անցյալի փորձը։ Ընդհակառակը՝ օգնում է օգտագործել այդ փորձը որպես դաս, այլ ոչ թե որպես պատճառ՝ նույն ուղղությամբ շարունակելու և ավելին կորցնելու համար։
Ժամանակին կանգ առնելը հաճախ ոչ թե պարտություն է, այլ շահույթ: «Կորսված» ծախսերը վերադարձնել հնարավոր չէ, բայց դրանց արդյունքում հավելյալ գումար, ժամանակ ու էներգիա ծախսելն արդեն ընտրություն է։
Երբեմն առաջ շարժվելու համար պետք է ոչ թե ամուր կառչել անցյալից, այլ համարձակվել փոխել ուղղությունը։ Իսկ ազատված ռեսուրսները կարող են դառնալ նոր գաղափարի, նոր որոշման կամ պարզապես ավելի լավ հնարավորության մեկնարկ։
Փոստ- «Արդեն այսքան բան եմ արել, կիսատ թողնել չեմ կարող»։
Բայց ինչու՞ ենք շարունակում այն, ինչն այլևս չի աշխատում:
Արի Ամերիա բլոգ․ այսօր պատմում ենք Sunk Cost Fallacy-ի մասին և բացահայտում` ինչու է կարևոր ժամանակին բաց թողնել այն, ինչը քեզ ոչինչ չի տալիս։
Իսկ դու եղե՞լ ես նման իրավիճակում: