
Կեղծ նամակ բանկից, «պաշտոնական» զանգ պետական մարմնից, ներդրումային առաջարկ, որը չափազանց գրավիչ է հնչում. այո, զեղծարարները օր օրի ավելի խելացի են դառնում, գործում են աննկատ ու անկանխատեսելի են: Ֆինանսական խարդախության բոլոր տեսակներն ունեն մեկ ընդհանրություն` ստիպել քեզ գործել արագ՝ առանց մտածելու։
Այսօր Ամերիա բլոգում պատմում ենք զեղծարարության տարածված տեսակների մասին, որ դու միշտ մեկ քայլ առաջ լինես խարդախներից։
1․ Vishing կամ Impersonation scams
Խարդախները զանգում են կամ գրում և ներկայանում որպես բանկի, հարկային մարմնի, ոստիկանության կամ այլ վստահելի կազմակերպության աշխատակից:
Զանգի ընթացքում քեզ ասում են`
- պարտք ունես,
- քարտիդ տվյալները վտանգված են,
- ունեցվածքդ վտանգված է,
- կա «իրավական խնդիր», որը պետք է շտապ լուծել։
Ի՞նչը կարող է լինել red flag քեզ համար
- Անմիջապես վճարում կատարելու պահանջը (փոխանցում, կրիպտոյի կամ նվեր քարտերի միջոցով)
- Սպառնալիքները՝ տուգանք, հաշվի սառեցում, հավելյալ խնդիրներ
❗ Հիշիր`
- համարը կամ հասցեն, որից դիմում են, առաջին հայացքից կարող են իրական թվալ,
- պաշտոնական մարմինները զանգով կամ նամակով երբեք չեն պահանջում գումար փոխանցել,
- եթե կասկած ունես, ինքնուրույն կապ հաստատիր պաշտոնական կապուղիով։
Ի դեպ, ինչպես տեղեկացնում է ՀՀ Կենտրոնական բանկը, զեղծարարությունների այս սխեման հիմա շատ տարածված է: Վերջերս զեղծարարները կեղծ նամակների ու զանգերի միջոցով ներկայացել են Կենտրոնական բանկի անունից` հորդորելով իրենց ֆինանսական միջոցները փոխանցել այլ` «ապահով» հաշիվների։
Վերջերս տարածված են նաև Generative AI-ով խաբեությունները, որոնց միջոցով խարդախները ստեղծում են ազդեցիկ կերպարի մասնակցությամբ կոնտենտ և հաճախ հասնում իրենց նպատակին:
2․ Phishing (ֆիշինգ)` կեղծ email-ներ և SMS-ներ
Սրանք հաղորդագրություններ են, որոնք շատ նման են իրական բանկի, առաքման ծառայության կամ պետական կառույցի հաղորդագրություններին։
🚩 Ի՞նչը կարող է լինել red flag քեզ համար
- «Շտապ հաստատեք ձեր տվյալները» հորդորներ
- Տարօրինակ ձևակերպումներ կամ սխալներ
- Ուղղորդում մուտք գործել կասկածելի հղումներով
Երբեք մի բացիր հղումներ և մի լրացրու տվյալներ նման նամակներում: Եթե անհրաժեշտ է մուտք գործել որևէ տեղ, արա դա միայն տվյալ կազմակերպության պաշտոնական կայքով կամ հավելվածով։
Այս տեսակի զեղծարարության վառ օրինակ է list.am-ի և Հայփոստի անունից ուղարկվող նամակները, որոնցում նշվում է, որ դու պատվեր ունես և դրա ստացման համար անհրաժեշտ է լրացնել այս կամ այն տվյալը:
3․ Ներդրումային և «արագ հարստանալու» առաջարկներ
Խարդախները խաղում են ֆինանսական կայունության և հավելյալ եկամուտ ստանալու ցանկության վրա և խոստանում մեծ շահույթ՝ գրեթե առանց ռիսկի։
🚩 Ի՞նչը կարող է լինել red flag քեզ համար
- Երաշխավորված եկամուտը
- Ճնշումը և շտապողականությունը (օր.` «Գործի՛ր հիմա, հետո ուշ կլինի»)
- Նախնական վճարի պահանջը
4․ Սոցիալական ցանցերում կեղծ հայտարարություններ
Գրավիչ գին, գեղեցիկ նկարներ, արագ պատասխան…. Հետո
վճարում ես «առաքման համար», և էջը անհետանում է։ Այս տեսակը հատկապես տարածված է Instagram-ում և Marketplace-երում։
5․ «Ռոմանտիկ» խարդախություններ
Խարդախը ներշնչում է վստահություն, մտերմություն, երբեմն նույնիսկ սեր։ Հետո հայտնվում է խնդիրն ու գումարի անհրաժեշտությունը՝ հիվանդություն, դժբախտ պատահար, բիզնես դժվարություն։ Գումար ստանալուց հետո նա պարզապես անհետանում է:
Խաբեբան կարող է նաև շփման ընթացքում քո մասին անձնական բնույթի ինֆորմացիա և տարբեր տեսակի «վարկաբեկիչ նյութ» հավաքել, որոնք վերացնելու դիմաց կպահանջի գումար:
Այս սխեմայով աշխատող տարբերակ է նաև այն, որ զրուցակցի մոտ իր account-ի հետ կապված հանկարծակի խնդիր է առաջանում, որի լուծման համար նա քեզ խնդրում է դուրս գալ քո հաշվից: Իհարկե, սրանից հետո դու կորցնում ես քո հասանելիությունը և կրում նյութական կորուստ ևս:
Ստացվում է, որ այսպիսի ծանություններում իրական է միայն գումարի կորուստը:
6․ Quishing` զեղծարարություն QR կոդերի միջոցով
Հանրային վայրերում տեղադրված QR կոդերը կարող են տանել կեղծ կայքեր, առաջարկել մուտքագրել տվյալներ…. Դե, շարունակությունը երևի արդեն գուշակեցիր։
❓Իսկ ի՞նչ անել, եթե կասկածում ես, որ զեղծարարության թիրախ ես դարձել
Եթե նույնիսկ փոքր կասկած ունես՝
- Դադարեցրու շփումը:
- Բլոկավորիր քարտերդ:
- Փոխիր գաղտնաբառերդ:
- Հետևիր հաշիվներիդ ակտիվությանը:
Կարող ես նաև ճշտել և առանձնացնել արագ գործելու այլընտրանքային տարբերակներ, ինչպես օրինակ`
- *116# հրահանգը, որը թույլ է տալիս կատարել քարտի հետ կապված մի շարք օգտակար գործողություններ,
- մինչ օպերատորին միանալը բանկերի կողմից առաջարկվող արագ գործողություններ,
բանկային հավելվածներում եղած գործողությունները:
Արագ արձագանքը կարող է կանխել վնասի մեծ մասը` մինչ կկապվես քեզ սպասարկող բանկի հետ:
🔐Ինչպե՞ս մեկ քայլ առաջ լինել խարդախներից
- Միացրու երկփուլային նույնականացում (Two-Factor Authentication)
- Հատկապես ուշադրություն դարձրու WhatsApp-ին, Telegram-ին, Messenger-ին և նման տարածված հավելվածներին:
Այս պարզ գործողությունը չի առաջացնում հավելյալ բարդություններ հետագա օգտագործման ընթացքում, սակայն ապահովագրում է քեզ` միևնույն ժամանակ բարդացնելով խարդախների գործը:
- Պարբերաբար ստուգիր բանկային հաշիվներն ու շարժերը
- Սահմանափակիր անձնական ինֆորմացիան սոցցանցերում
- Մի կիսվիր գաղտնի տվայլներով անգամ հարազատների հետ (քարտի տվյալներ, գաղտնաբառեր, PIN կոդեր և այլն)
- Մի օգտվիր կասկածելի և ոչ պաշտոնական կայքերից
- Խոսիր այս թեմայի շուրջ և կիսվիր այս բլոգով ընտանիքում ու շրջապատում, որպեսզի նրանց ևս լինեն տեղեկացված
Մի մոռացիր՝ զեղծարարության բոլոր ձևերի նպատակը մեկն է՝
շտապեցնել, վախեցնել կամ գայթակղել։ Եթե զգում ես ճնշում, շտապողականություն կամ չափազանց լավ առաջարկ, կանգ առ, շունչ քաշիր ու ևս մեկ անգամ ստուգիր։
Տեղեկացված լինելը քո ամենաամուր պաշտպանությունն է: