Աշխատե՞լ սովորելուն զուգահեռ, թե՞ ժամանակն ամբողջությամբ տրամադրել ուսմանը, իսկ աշխատելու մասին մտածել միայն ուսումն ավարտելուց հետո:
Իսկ ի՞նչ կլինի, եթե համատեղես։ Այստեղ գալիս է հաջորդ հարցը՝ ինչպե՞ս համատեղել ուսումն ու աշխատանքը և զարգացնել մասնագիտական հմտությունները։
Այսօր ուսումն ու աշխատանքը համատեղելը ոչ միայն հնարավոր է, այլև անհրաժեշտ։ Օրինակ, Միացյալ Թագավորության բարձրագույն կրթության քաղաքականության ինստիտուտի (Hepi) կողմից 2024թ․-ին բակալավրիատի 10,000 ուսանողի շրջանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ ռեկորդային 56%-ն ունեցել է վարձատրվող աշխատանք, երբ նրանք սովորել են՝ աշխատելով շաբաթական միջինը 14,5 ժամ:
Ամերիա բլոգում ներկայացնում ենք գործնական խորհուրդներ, որոնք կօգնեն ավելի արդյունավետ համատեղել ուսումն ու աշխատանքը, զարգացնել մասնագիտական հմտությունները և սկսել կառուցել կայուն ապագայի հիմքերն այսօր։
Պլանավորիր ժամանակը
Եթե դեռ ուսանող ես ու ցանկանում ես ուսումդ համատեղել աշխատանքի հետ, կարևոր է, որ սովորես ճիշտ կառավարել ժամանակդ։ Բանաձևը պարզ է` կարիերայի հաջողության գաղտնիքը ժամանակի արդյունավետ կառավարումն է, ճիշտ պլանավորումն ու համապատասխան ուսնակության ծրագրերի ընտրությունը։ Կարող ես օգտվել ժամանակի կառավարման մեթոդներից, սահմանել կոնկրետ ժամեր և հետևել առաջադրանքներիդ կատարման ընթացքին։ Այստեղ քեզ օգնության կգան Trello կամ Notion հավելվածները, որոնց օգնությամբ կարող ես գրել առաջադրանքներդ, դասավորել դրանք ըստ առաջնահերթության և ավելի արդյունավետ ծախսել ժամանակդ։
Ձեռք բեր գործնական հմտություններ
Հաջողակ կարիերայի համար միայն դիպլոմներն ու տեսական գիտելիքները հաճախ բավարար չեն։ Առավել ևս, որ աշխատանքի գրեթե բոլոր հայտարարություններում որպես պարտադիր պայման նշվում է աշխատանքային փորձի առկայությունը։ Ուսմանը զուգահեռ տարբեր նախագծերում ներգրավվելն աշխատանքային փորձ ձեռք բերելու լավ հնարավորություն է։
Կարող ես նաև ընտրել ազատ գրաֆիկով կամ կես դրույքով աշխատանք, որպեսզի կարողանաս համատեղել ուսման հետ: Ի դեպ, կարող ես նաև մասնակցել կամավորական աշխատանքների։ Այն ոչ միայն արժեքավոր փորձ է, այլև կարևոր հմտություններ ստանալու հնարավորություն, օրինակ, թիմային աշխատանք, խնդիրներ լուծելու կարողություն, հաղորդակցման հմտություններ և այլն, որոնք միանշանակ քեզ օգտակար կլինեն։
Զարգացրու փափուկ հմտություններ
Կարիերայիդ հաջողությունը կախված է ոչ միայն մասնագիտական գիտելիքներից, այլև փափուկ հմտություններից՝ թիմում աշխատելու կարողություն, արդյունավետ հաղորդակցություն ու ժամանակը ճիշտ կառավարելու ունակություն։ Ի վերջո, աշխարհում գնալով ավելի գնահատվում է ոչ թե IQ-ն, այլ EQ` էմոցիոնալ ինտելեկտը։ Որպես ուսանող, դու արդեն կարող ես սկսել աշխատել այս հմտությունների զարգացման ուղղությամբ՝ մասնակցելով տարաբնույթ դասընթացների, կամավորական աշխատանքներ կատարելով կամ թիմային նախագծերի միանալով։ Այս հմտությունները կօգնեն արագ հարմարվել աշխատանքային միջավայրում և կնպաստեն քո մասնագիտական հաջողությանը:
Ձևավորիր կապեր
Նոր գործընկերներ ու գործատուներ գտնելու համար կարևոր է մասնակցել սեմինարների, մասնագիտական միջոցառումների կամ հանդիպումների։ Այսպիսի միջոցառումների ժամանակ հաճախ կարելի է հանդիպել ոլորտի առաջատարներին, ինչը մոտիվացմանը զուգահեռ կարող է նաև առաջընթացի նոր հնարավորություններ բացել քո առջև։ Օրինակ՝ Meetup-ը կամ LinkedIn Groups-ը կազմակերպում են բազմապիսի մասնագիտական հանդիպումներ։ Եթե կարողանաս այդ սեմինարներին մասնակցել, ապա դա կօգնի ձևավորել կապեր, որոնք կարող են առաջ մղել քեզ դեպի ավելի մեծ հնարավորություններ։
Հաղորդակցվիր կորպորատիվ մշակույթին
Աշխատելով տարբեր ընկերություններում՝ կարող ես ծանոթանալ դրանց կորպորատիվ մշակույթին։ Կարիերայի ճանապարհին ոչ միայն մասնագիտական ու գործնական հմտություններն են կարևոր, այլև կորպորատիվ արժեքներին համահունչ գործելն ու թիմում աշխատելու կարողությունը։ Այդ իսկ պատճառով կորպորատիվ մշակույթի կրող դառնալը շատ կարևոր է։ Տարբեր ընկերություններում աշխատելով և այդ փորձը ձեռք բերելով՝ կկարողանաս արագ կողմնորոշվել աշխատավայրում, հասկանալ թիմում աշխատելու մեթոդները և արագ հարմարվել նոր միջավայրում։
Արի Ամերիա
Եթե դեռ չգիտես, թե որտեղից սկսել, արի Ամերիա։ 2012 թվականից ի վեր Ամերիաբանկն իրականացնում է Ամերիա Սերունդ ծրագիրը, որի շրջանակում օգնել ու առաջնորդել է ավելի քան 1200 երիտասարդի սկսել իրենց մասնագիտական ուղին։ Նրանք արդեն իսկ գրանցել են բազում հաջողություններ իրենց կարիերայում և Ամերիա ընտանիքի պատմության մեջ։
Ծրագիրը քեզ կօգնի ստանալ ոչ միայն տեսական գիտելիքներ, այլև զարգացնել մասնագիտական հմտություններդ, որոնք օգտակար կլինեն ցանկացած ոլորտում: Ամերիա Սերունդն արդեն 20-րդ անգամ է բացում իր դռները երիտասարդների առջև՝ օգնելով նրանց ձեռք բերել նոր գիտելիքներ, հմտություններ և փորձառություն, դառնալ մրցունակ մասնագետ, որը կգրանցի բազմաթիվ հաջողություններ և իր ներդրումը կունենա երկրի զարգացման պատասխանատու գործում: Ծրագրին դիմելու մանրամասներին կարող ես ծանոթանալ հղումով: