Ինչպե՞ս ընտրել բնակարան, որ չսխալվես - Ամերիա բլոգ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
06Հնս

Ինչպե՞ս ընտրել բնակարան, որ չսխալվես

inches gnel bnarakan

Քանի՞ անգամ ես հետաձգել բնակարանի ընտրությունը, որովհետև վստահ չես` ինչից է պետք սկսել կամ ինչին ուշադրություն դարձնել։  Ի վերջո, տուն գնելը պատասխանատու որոշում է․ անկախ նրանից՝ ապրելու թե վարձակալության հանձնելու նպատակով ես գնում, մեծ գումար ես ներդնում։

Այսօր մեր բլոգում առանձնացրել ենք բնակարանի ընտրության մի քանի կարևոր գործոն, որ բնակարան ընտրելիս չսխալվես։


Շուկա
 

Առաջին հարցը. բնակարանը կառուցապատողի՞ց, թե՞ երկրորդային շուկայից:

Առաջնային շուկայից կամ կառուցապատողից տուն գնելու գլխավոր առավելությունն այն է, որ Երևանի որոշ վարչական շրջաններում ու Հայաստանի բոլոր մարզերում դեռևս կարող ես օգտվել եկամտահարկի վերադարձի օրենքից: Այս առումով քիչ ժամանակ ունես, որովհետև Երևանում 2025-ի հունվարի 1-ից ստացվող վարկերի համար օրենքն այլևս չի գործելու, իսկ մայրաքաղաքին հարակից մարզերում այն կգործի մինչև 2027 թվականի հունվարի 1-ը։

Հաշվի առ, որ կառուցապատման վաղ փուլում գտնվող շենքերում տուն կարող ես գնել ավելի ցածր գնով: Շենքի հարկերի ավելացմանը զուգահեռ տան 1քմ-ի գինը կբարձրանա:

Մյուս ակնհայտ առավելությունը․ առաջնային շուկայից տուն գնելու դեպքում նոր շենքում կապրես, կանաչ ու բարեկարգ բակ կունենաս, կբարելավես կյանքիդ որակը: Ու սա միայն կառուցապատողի մոտեցումից չէ կախված, քանի որ տարածքի առնվազն 40%-ի կանաչապատումն օրենքի պահանջ է:

Հիմա տեսնենք դրամի հակառակ կողմը. առաջնային շուկայի դեպքում պիտի սպասես մինչև շենքի կառուցման ավարտը:

Երկրորդային շուկայի գլխավոր առավելությունն այն է, որ բնակարաններն արդեն իսկ հանձնված են շահագործման, սպասելու կարիք չկա։ Սակայն եթե ընտրությունդ կանգ չառնի երկրորդային շուկայի նորակառույցների վրա, որոնց առաջարկները բավականին թանկ են, պիտի դիտարկես տասնամյակներ առաջ կառուցված շենքերը։ Հաշվի առ, որ ինչքան մեծանա շենքի մաշվածությունը, և ավելանա նորակառույցների թիվը, այնքան իջնելու է քո բնակարանի ինքնարժեքը:
 

estate


Գտնվելու վայր
 

Պատկերացրու` մեկ բաժակ սուրճ ես խմում: Փարիզո՞ւմ կխմես, թե՞, ասենք, Ավանում: Պատասխանը դժվար չէ կռահել․ մեզ համար ոչ միայն բուն ապրանքը կամ ծառայությունն են կարևոր, այլև միջավայրը: Տան դեպքում էլ այդպես է։ Ուրեմն, ուսումնասիրի′ր շենքի շրջակայքը. կա՞ն խանութներ, սրճարաններ, այգիներ: Կենտրոնում ամեն ինչ ձեռքիդ տակ կլինի ու ճանապարհի վրա ավելի քիչ ժամանակ կծախսես: Բայց հաշվի′ առ, որ օդի աղտոտվածության ու աղմուկի մակարդակը Կենտրոնում և Արաբկիրում ամենաբարձրն են: Եթե երեխաներ ունես, ուշադրություն դարձրո′ւ մոտակայքում դպրոցի կամ մանկապարտեզի առկայությանը: Հանրային տրանսպորտի մասին էլ մի′ մոռացիր։


Շենքի տիպ և նախագիծ
 

Եթե երկրորդային շուկայից ես գնում, իմացի′ր` քարե շենք է, թե պանելային, որ թվականին է կառուցվել: Քարե շենքերի ձայնա և ջերմամեկուսացումն ավելի բարձր են, հետևաբար ամռանն ավելի զով է, իսկ ձմռանը տաքությունն ավելի լավ է պահպանվում: Ձմռանը ջեռուցման համար ավելի քիչ կվճարես, իսկ ամռանը կվայելես հովը:

Երևանում ամենահայտնի շենքերը համարվում են, այսպես կոչված, «ստալինկաները» և  չեխական նախագծով շենքերը, որոնք կառուցվել են նախորդ դարի կեսերին: Ուշադրություն դարձրու միջհարկային ծածկերին. իմացի′ր, որ որոշ շենքերի միջհարկային ծածկերը պատրաստված են փայտից: Մի′ մոռացիր, որ մինչև 5 հարկանի շենքերում սովորաբար վերելակ չկա: Ուշադրություն դարձրո′ւ նաև շենքի նախագծին. սենյակների դասավորությունը հարմա՞ր է, կա՞ լրացուցիչ սենյակ առանձնացնելու հնարավորություն։

Համոզվի′ր, որ շենքը վթարային չէ: Շենքի մասին մանրամասներ իմանալու համար կարող ես դիմում ուղարկել yerevan.am-ի «Արագ դիմումներ» բաժնում: Իսկ վթարայնության համար կարող ես զանգել սեյսմիկ ծառայություն (060 37 22 67):


Հարկ
 

Եթե վախենում ես բարձրությունից, այլ հարց է: Բայց տեսե՞լ ես` որոշ շենքերի բարձր հարկերից ինչ տեսարաններ են բացվում: Պատահական չէ, որ նորակառույցներում բարձր հարկերում տներն ավելի թանկ արժեն: Երկրորդային շուկայի վերջին հարկերի  դեպքում պիտի համոզվես, որ կտուրը վերանորոգված է, որ անձրևի ժամանակ անընդհատ առաստաղին չնայես։

Բացի այդ, հին շենքերում կան այսպես կոչված ցածր առաջին հարկեր։ Այնպես որ, առաջին հարկի դեպքում համոզվի′ր, որ տան անցուդարձը տեսանելի չէ դրսից, մութ չէ, ու տհաճ հոտ չկա: Աշխատի′ր մի քանի անգամ տարբեր ժամերի այցելել բնակարան:


Լուսավորություն
 

Ի՞նչ դիրք ունի բնակարանը, լուսավո՞ր է: Սովորաբար առավել լուսավոր են հարավային ու հարավարևմտյան դիրքում գտնվող բնակարանները։ Եթե կառուցապատողից ես գնում, ուսումնասիրի′ր շենքի շրջակայքը. ի՞նչ շինություններ ու ազատ տարածքներ կան։ Որքա՞ն հավանական է, որ մի օր նոր շինություն կկառուցվի, որը կփակի քո բնակարանի լուսավորությունը։


Վերանորոգում
 

Վերանորոգվա՞ծ գնել, թե՞ գնել ու վերանորոգել։ Այս հարցի պատասխանը կախված է 2 հիմնական հանգամանքից. որքան ժամանակ ունես և որքան քմահաճ ես տան հարդարման հարցում։ Եթե պիտի շտապ տեղափոխվես, բնականաբար, վերանորոգված տարբերակ կփնտրես: Բայց եթե ժամանակ ունես, կարող ես գնել ու քո ճաշակով վերանորոգել: Երբեք միˊ անտեսիր հարցի ֆինանսական կողմը: Համեմատիˊր վերանորոգված տուն գնելու և հին տուն գնել-վերանորոգելու ծախսերը: Ո՞րն է ավելի ձեռնտու:

Եթե տունը մասնակի է վերանորոգված, հաշվի′ առ, թե որ սենյակներն են վերանորոգված: Եթե սանհանգույցը վերանորոգված է, ուրեմն ամենաթանկ մասն արված է: Նաև համոզվի′ր, որ էլեկտրական լարերն ու խողովակները փոխված են։ Հաճախ տունն արտաքուստ թարմ է թվում, սակայն իրականում անորակ նյութերով է վերանանորգված։ Գնահատիˊր տան վիճակը կատարվելիք ծախսերի տեսանկյունից և ընտրիˊր ֆինանսապես ամենաձեռնտու տարբերակը։

Ամեն դեպքում հիշի′ր, որ վերանորոգումը փոխելը շա՜տ ավելի հեշտ է, քան գտնվելու վայրը, հարկը կամ շենքը։ 

Այս բոլոր հարցերի շուրջ մտորելուց հետո մնում է գտնել մի հարթակ, որը հարմար է, և որտեղ ընտրության լայն հնարավորություն կունենաս:

Այս հարցում էլ ենք քո կողքին․ այցելի′ր estate.ameriabank.am և ընտրի′ր տունդ 100 նորակառույցից ու երկրորդային շուկայի 500+ բնակարանից: Նույն հարթակում կգտնես հիփոթեքային հաշվիչ. իմացիˊր, թե որքան վարկ կարող ես ստանալ ու այս անգամ գնիˊր տուն օնլայն` ստանալով վարկի պատասխանը 5 րոպեում։ Մեր հաճախորդներն ասում են, որ աննկարագրելի զգացողություն է, որ այդքան բարդ թվացող գործարքը՝ տուն գնելն ու հիփոթեք ստանալը, կատարվում է ընդամենը 5 րոպեում։

Փորձե՞նք՝ estate.ameriabank.am

Կարդա նաև...

Ինչպե՞ս է թվայինը փոխակերպում կյանքդ մինչ դու սքրոլ ես անում

Ինչպե՞ս է թվայինը փոխակերպում կյանքդ մինչ դու սքրոլ ես անում

Հիշո՞ւմ ես` ժամանակին կոմունալները փոստում էինք վճարում, հետո անցանք տերմինալին: Հիմա սմարթֆոնով ենք վճարում` տանը նստած, աշխատանքի ճանապարհին, սրճարանում, որտեղից ուզենք: Անգամ որևէ տվյալ հավաքելու կարիք չկա:

Ֆինանսական ի՞նչ հարցեր չտալ զրուցակցին

Ֆինանսական ի՞նչ հարցեր չտալ զրուցակցին

Անձնական ֆինանսներին վերաբերող թեմաներին շատ նրբանկատորեն է պետք մոտենալ: Եթե չես ուզում փչացնել հարաբերություններդ զրուցակցիդ հետ, ապա պետք է խուսափես ֆինանսների վերաբերյալ հարցեր տալուց.

Ֆինանսական  բառարան - խնայողություններ

Ֆինանսական բառարան - խնայողություններ

Ցանկացած լեզու սովորելու ու հասկանալու համար տարբեր տեսակի բառարաններ ենք օգտագործում՝ ուղղագրական, բացատրական, հոմանիշների, ստուգաբանական, արմատական և այլն։  Իսկ ինչպե՞ս ենք սովորում ֆինանսական տերմիններն ու հասկացությունները:

  • Recent
  • Popular