Երիտասարդ մասնագիտություններ․ ինչ է պետք իմանալ դրանց մասին - Ամերիա բլոգ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
12Հնվ

Երիտասարդ մասնագիտություններ․ ինչ է պետք իմանալ դրանց մասին

3D illustration of a movie of phone

Հիշու՞մ եք «Չարլին ու Շոկոլադի ֆաբրիկան» հայտնի գիրքը, երբ ընտանիքի հայրը մնացել էր առանց աշխատանքի, քանի որ ատամի մածուկ արտադրող կազմակերպությունը  գնել էր ռոբոտ, որը կատարում էր նրա աշխատանքը։

Տեխնոլոգիան զարգանում է լույսի արագությամբ ու այդ զարգացումը նոր իրականություն է ստեղծում։ Մարդն իր ձեռքով ստեղծում է միջավայր, որտեղ սեփական գործոնն ամեն օր ավելի է նվազում։ Սրա արդյունքում վերանում են շատ մասնագիտություններ ու ի հայտ են գալիս նորերը։ IT ոլորտը եկել է գրավելու աշխարհն ու աշխատաշուկան․ տեխնոլոգիան բուրգի գագաթին է։ Այս ոլորտում նորաստեղծ մասնագիտությունների պակաս չկա։ Դրանք բարձր վարձատրվող են, ժամանակակից ու սիրելի։ Աշխատանքի որոնման հարթակներում հայտարարություններ տեխնոլոգիական ու նոր մասնագիտությունների մասին` որքան ուզեք։ 

Մեր բլոգում արդեն խոսել ենք մասնագիտությունների մասին, որոնց կրողներին էլ չես հանդիպի։ Այսօր առանձնացրել ենք մասնագիտություններ, որոնք ստեղծվել են ժամանակի պահանջի թելադրանքով, նոր են, բայց հեռանկարային։ Մի խոսքով` ծանոթացեք «տարիքով փոքր» մասնագիտություններին։

Data Scientist կամ տվյալագետ

Այն ընդունված է անվանել նաև «21-րդ դարի մասնագիտություն»։ Այս  ոլորտի կարիքն առաջացել է համացանցի արագ զարգացմանը զուգընթաց` կուտակված ահռելի տվյալները վերլուծելու ու մշակելու համար։ Տվյալագետի գործն է  նկարագրել հետազոտության խնդիրը, նշել անհրաժեշտ ինֆորմացիան հավաքելու հիմնական աղբյուրները և ստեղծել համակարգ տվյալների հավաքագրման և արտապատկերման համար, ծրագրեր դրանց վերլուծության և արդյունքների դուրս բերման համար։ Տվյալագետները սա անում են տիրապետելով բիզնեսի վարման մեթոդներին, ծրագրավորման մի քանի լեզուներին ու  համացանցի գաղտնիքներին։ Եթե ուզում եք ձեռք բերել աշխարհում ամենաբարձր վարձատրվող, նոր ու ամեն օր ավելի մեծ պահանջարկ ունեցող այս մասնագիտութունը, պատրաստ եղեք տիրապետել այս հմտություններին։ Իսկ ակադեմիական կրթության առումով աշխարհում արդեն ստեղծվում են այս մասնագիտության մագիստրոսական ծրագրեր։

Project Manager 

Բարձր վարձատրվող ևս մեկ համեմատաբար նոր մասնագիտություն։ Մասնագետները նշում են, թե երևույթն ամենևին նոր չէ, ու դեռ դարեր առաջ ստեղծված Գիզայի բուրգերը կամ Օլիմպիական խաղերը նույնպես համարվում են փրոջեքթներ, սակայն նոր է դրա մասնագիտացումը։ Ծրագրի ղեկավարի պարտականություններն են նախաձեռնել, պլանավորել, իրականացնել, հետևել ու ավարտին հասցնել պրոեկտները՝ վերահսկելով ու գնահատելով բոլոր ռիսկերը։ Եթե ունեք առաջնորդության հմտություններ, տիրապետում եք ռազմավարական ու տեխնիկական մենեջմենթին, ժամանակն է փորձել աշխատել այս երիտասարդ մասնագիտությամբ։

Machine Learning կամ մեքենայական ուսուցում

Արհեստական բանականության այս ճյուղը նույնպես նոր մասնագիտությունների թվում է։ Տվյալների մեկնաբանման համար այն օգտագործում է ալգորիթմներ այնպես, կարծես կրկնօրինակում է, թե ինչպես են մարդիկ սովորում: Հաճախորդներին ուղղակիորեն սպասարկող բիզնեսները նույնպես օգտագործում են այն՝ սպառողների վարքի օրինաչափությունները և նախասիրությունները հասկանալու ու մարքեթինգային կամ գովազդային արշավներ նախագծելու համար: Օրինակ, Ֆեյսբուքը կամ Ամազոնը գովազդում ու առաջարկում են ապրանքներ՝ ըստ ձեր նախասիրությունների ու արդեն կատարած գնումների։ Այս մասնագետները տվյալագիտության թիմի կարևոր անդամներ են: Նրանց խնդիրները ներառում են մեքենայական ուսուցման համար պատասխանատու արհեստական բանականության հետազոտություն, կառուցում և նախագծում, ինչպես նաև գոյություն ունեցող արհեստական ինտելեկտի համակարգերի պահպանում ու բարելավում: Ակադեմիական կրթություն այս մասնագիտությունը ձեռք բերելու համար չեք կարող ստանալ, բայց դասընթացների պակաս շուկայում չկա։

Manual QA

Manual QA մասնագետը ստեղծում է թեստեր, որոնք բացահայտում են ծրագրային ապահովման հետ կապված խնդիրները մինչև արտադրանքի բուն մեկնարկը` մուտքը շուկա: Այս մասնագետների առաջնային պարտականությունն է կանխել թերությունները:
Բացի այդ, նա պատասխանատու է կոդում առկա սխալների հայտնաբերման և վերացման համար՝ նախքան այն հաճախորդներին տրամադրելը:
Նման սխալները կարող են առաջանալ տարբեր խնդիրների պատճառով, ինչպիսիք են տվյալների անբավարար մուտքագրումը կամ ոչ պատշաճ ձևավորված ինտերֆեյսի որևէ տարրը: Կարծիք կա, որ արհեստական բանականության զարգացումը կարող է արագ պատճառ դառնալ այս մասնագիտության հետընթացի համար, սակայն մարդկային գործոնը վերացնելը ոլորտից այդքան էլ հեշտ չէ. սա հմտությունները զարգացնելու նոր մարտահրավեր է տեխնոլոգիական առաջընթացին զուգահեռ։

UI/UX դիզայներ

User Interface և User Experience․ այս մասնագետներից է կախված, թե որքան լավը կլինի պրոդուկտի արտաքին տեսքը կամ կայքի դասավորվածությունը։ Այստեղ կարևոր է ստեղծել հիմնավորված դիզայն՝ համապատասխան կազմակերպության քաղաքականությանը, պահանջներին ու նկարագրին։ Այդ պատճառով ավելորդ չի լինի այս մասնագետների համար տիրապետել նաև մարքեթինգային հմտությունների։ Նկարչական հմտություններն այստեղ ամենևին պարտադիր չեն, բայց հաստատ չեն խանգարի։ Այս ոլորտում ամեն օր ավելանում են թափուր հաստիքների մասին հայտարարությունները։ Ի դեպ, հնարավոր է նաև աշխատել ֆրիլանս տարբերակով։ Ու մի կարևոր առանձնահատկություն էլ. այստեղ սահմաններ չկան` ստեղծագործական ազատություն, ազատ գրաֆիկ ու բարձր վարձատրություն․ ահա 21-րդ դարից ևս մի նվեր ստացած մասնագիտություն։

Բլոգինգ

Ասում են` լավագույն աշխատանքը բարձր վարձատրվող հոբբին է։ Ուրեմն բոլոր հետաքրքրություններդ կարող ես հավաքել մի վայրում, կիսվել տեղեկատվական նյութերով, առօրյայովդ, ստեղծել տարբերվող կոնտենտ, ունենալ հազարավոր հետևորդներ ու բարձր վարձատրվող հոբբի։ Բլոգինգն է․ շատերի կարծիքով` անլուրջ զբաղմունք, որը մասնագիտություն համարելու շուրջ տարակարծությունը շատ է, սակայն, էկրանից այն կողմ իրականում հսկայական աշխատանք է տարվում՝ կոնտենտ պլանի մշակումից մինչև ստեղծում, մոնտաժ, թայթլներ ու յուրահատկություններ։ Այստեղ հաստատ անհրաժեշտ կլինեն SMM-ի /ևս մեկ նոր մասնագիտություն, բայց վստահ ենք` սրա մասին շատ է խոսվել/ ու դիզայնի որոշակի հմտություններ։ Բլոգերներից շատերն իրենք են խոստովանում` թողել են իրենց հիմնական մասնագիտությունն ու մասնագիտական աշխատանքը, որ զբաղվեն բլոգինգով։

Սրանք ժամանակակից մասնագիտություններից մի քանիսն են միայն, ու, ինչպես նկատեցիք, դրանք բոլորը կապված են տեխնոլոգիական զարգացման հետ։ Ժամանակը թելադրում է իր կանոնները, որոնց չենթարկվել մարդկության մեծամասնությունը չի կարող և այս տեխնոլոգիական ցայտնոտից վախենալ, միանշանակ, պետք չէ։ Առանց մարդկային գործոնի ոչ մի տեխնոլագիական առաջընթաց էլ տեղի չի ունենա։ Հիշենք Չարլիի հորը, որ վերադարձավ գործարան` վերանորոգելու իրեն փոխարինած ռոբոտին։ 
 

Կարդա նաև...

8 մարտահրավեր հաջողակ բիզնեսի ճանապարհին

8 մարտահրավեր հաջողակ բիզնեսի ճանապարհին

Սեփական բիզնես ունենալու գաղափարը գայթակղիչ է և, իհարկե, ճիշտ սկսելու դեպքում կարող է լինել նաև արդյունավետ և հետաքրքիր: Բայց այստեղ մի բայց կա: Այն ունի մարտահրավե...

Ներդրումային բառարան, կամ  ի՞նչ լեզվով են խոսում ներդրողները

Ներդրումային բառարան, կամ ի՞նչ լեզվով են խոսում ներդրողները

Ներդրումների աշխարհը երբեմն կարող է անհասկանալի կամ բարդ թվալ․ «դիվերսիֆիկացիա», «արժեկտրոն», «ֆինանսական ինդեքս» և նման այլ տերմիններ ոլորտ մուտք գործողներին հաճախ շփոթեցնում են:

7 լայֆհաք Ամանորին ընդառաջ

7 լայֆհաք Ամանորին ընդառաջ

Ամանորյա մրցավազքից առաջ արիˊ մի անգամ էլ վերհիշենք տարվա ընթացքում միասին սովորած ֆինանսական գրագիտության դասերն ու պլանավորենք քո ամանորյա ծախսերը:

  • Recent
  • Popular