You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Ճամփորդիր խնայելով. 5 ոսկե կանոն - Ամերիա բլոգ
07Օգս

Ճամփորդիր խնայելով. 5 ոսկե կանոն

 plane to travel

Տոմսեր, հյուրանոց, ժամանց․ ճամփորդության խոշոր ծախսերը սովորաբար նախապես ենք պլանավորում։ Սակայն բուն ուղևորության ընթացքում վերջնական բյուջեն հաճախ ձևավորվում է հենց փոքր, աննկատ որոշումներից։ «Մի քանի դրամի տարբերությունը մեծ բան չի փոխի» մտածելակերպը կարող է զգալիորեն ավելացնել ծախսերը։

Արտերկրում յուրաքանչյուր քայլ՝ արտարժույթի փոխանակումից ու բանկոմատից օգտվելուց մինչև վճարման եղանակի ընտրություն իր ազդեցությունն է ունենում բյուջեի վրա։

Լավ նորությունն այն է, որ ֆինանսները ճիշտ կառավարելը բարդ չէ։ Առանձնացրել ենք ամենատարածված սխալները, որոնցից խուսափելով՝ կպահպանես բյուջեդ, լիարժեք կվայելես հանգիստդ և ընթացքում չես վատնի բոլոր խնայողություններդ։

 

💸 Մինչև մեկնելը մի փոխարկիր ամբողջ գումարը 

Ճանապարհորդությունից առաջ շատերը փորձում են նախապես լուծել բոլոր հարցերը և ամբողջ գումարն ունենալ կանխիկ` տվյալ երկրի արժույթով։
Սակայն ճանապարհորդության ամբողջ բյուջեն կանխիկ վերցնելը միշտ չէ, որ ամենահարմար տարբերակն է։ Նախ՝ դժվար է կանխատեսել, թե իրականում որքան գումար կծախսես։ Արդյունքում կարող ես ունենալ ավելորդ կանխիկ գումար կամ հակառակը՝ ստիպված լինել լրացուցիչ փոխարկումներ կատարել։

 

Բացի այդ, մեծ գումար կանխիկ պահելը խնդրահարույց է նաև անվտանգության տեսանկյունից։ Ավելի լավ է նախապես մտածել՝ ինչքան կանխիկ փող է անհրաժեշտ ունենալ տվյալ արժույթով, իսկ մնացած ծախսերի համար վճարել անկանխիկ տարբերակով։

 

💳 Ամեն ինչի համար կանխիկով մի վճարիր

Կանխիկ գումարը երբեմն անհրաժեշտ է հատկապես փոքր խանութներում, տոնավաճառներում կամ այն վայրերում, որտեղ քարտով վճարում հասանելի չէ։ Բայց բոլոր ծախսերը կանխիկով հոգալը կարող է դժվարացնել բյուջեի վերահսկումը։
 

Քարտով վճարելիս․

  • ավելի քիչ կանխիկ գումար ես ունենում քեզ մոտ,
  • վճարումները կարող են ավելի անվտանգ լինել, 
  • ավելի հեշտ է հասկանալ, թե ճանապարհորդության ընթացքում որքան ես ծախսել։ 

Բացի ֆինանսների կառավարման հարմարավետությունից, որոշ քարտեր ճանապարհորդությունների ընթացքում կարող են տալ նաև լրացուցիչ առավելություններ՝ սկսած օդանավակայանային ծառայություններից մինչև հատուկ առաջարկներ գործընկերների մոտ։ Այդ պատճառով ճանապարհորդությունից առաջ արժե ոչ միայն ստուգել ճամպրուկիդ պարունակությունը, այլև ծանոթանալ քարտիդ հնարավորություններին:
 

 

💰 Մի պլանավորիր ամբողջ բյուջեն մինչև վերջին դրամը

Ճամփորդության բյուջեն նախապես կազմելը կարևոր է, բայց այն չափազանց խիստ պլանավորելը կարող է հակառակ արդյունքն ունենալ։ Ճամփորդության ընթացքում միշտ կարող են լինել անսպասելի ծախսեր՝ տրանսպորտի փոփոխություն, թանգարանի տոմս, որը չէիր նախատեսել, կամ պարզապես մի բան, որն այնքան է գրավում, որ ուզում ես անպայման փորձել։

Լավ տարբերակ է բյուջեում թողնել նաև «ազատ» գումար՝ չնախատեսված ծախսերի համար։ Այդպես ոչ միայն ավելի հանգիստ կզգաս քեզ, այլև ստիպված չես լինի հրաժարվել հաճելի փորձառություններից միայն այն պատճառով, որ դրանք նախապես չէիր հաշվարկել։

 

🛍️ Մի շտապիր առաջին օրը գնումներ կատարել

Նոր քաղաք հասնելուն պես ամեն ինչ հետաքրքիր է թվում, և հաճախ առաջին իսկ օրը ցանկանում ենք գնել հուշանվերներ կամ այն, ինչ առաջինն է գրավում ուշադրությունը։ 

Սակայն զբոսաշրջային վայրերում գները սովորաբար ավելի բարձր են։ Մի փոքր ժամանակ տուր քեզ՝ ուսումնասիրելու քաղաքը, համեմատելու գները, և հետո միայն գնումներ կատարիր։ Շատ դեպքերում նույն ապրանքը կարող ես գտնել ավելի մատչելի կամ նույնիսկ ավելի որակյալ տարբերակով։

 

😍 Ճամփորդիր տպավորությունների համար

Ճանապարհորդության ամենահիշվող պահերը սովորաբար կապված չեն նրա հետ, թե ինչ արժույթով ես վճարել սուրճիդ կամ ընթրիքիդ համար։

Իհարկե, հաճելի է տուն վերադառնալ փոքրիկ հուշանվերով, բայց ճիշտ ֆինանսական որոշումները կարող են օգնել, որ տուն վերադառնաս ոչ միայն գեղեցիկ հիշողություններով, այլև առանց ավելորդ ֆինանսական ծանրաբեռնվածության։

Կարդա նաև...

Ինչպե՞ս մոտիվացնել աշխատակիցներին

Ինչպե՞ս մոտիվացնել աշխատակիցներին

Ներգրավված և մոտիվացված աշխատակիցները կազմակերպության արդյունավետության առանցքային գործոններից են։

Growth Hacking Ինչպե՞ս մեծացնել բիզնեսն առանց մեծ բյուջեի

Growth Hacking Ինչպե՞ս մեծացնել բիզնեսն առանց մեծ բյուջեի

Ըստ ԱՄՆ Աշխատանքի վիճակագրության բյուրոյի՝ ստարտափների 90%-ը ձախողվում է առաջին 2 տարում։ Առավել հաճախ այս ձախողումների պատճառը ոչ թե պրոդուկտն է, այլ սխալ մարքեթինգային որոշումները։

Ֆրանշիզա՞, թե՞ ստարտափ.

Ֆրանշիզա՞, թե՞ ստարտափ.

Եթե բիզնես սկսելը խաղ լիներ, մեկնարկային էկրանին կտեսնեիր ընտրության երկու կոճակ. «Ֆրանշիզա» և «Ստարտափ»։

  • Recent
  • Popular