
Ֆինանսական և բանկային ոլորտի ապագան ոչ միայն թվերն ու աղյուսակներն են, այլև նորարարությունը, փոխակերպումն ու սովորական թվացող գործընթացների վերաիմաստավորումը։
Տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ փոխակերպվում են նաև ֆինանսական ակտիվները կառավարելու, ներդրումների և անվտանգության ապահովման ձևերը։
Մինչև 2030 թվականը ֆինանսաբանկային ոլորտում ի հայտ կգան նոր մասնագիտություններ, որոնք կպահանջեն առաջադեմ տեխնոլոգիաների և ֆինանսական հմտությունների սիմբիոզ։
Այս բլոգում կանդրադառնանք ապագայի 5 պահանջված մասնագիտություններին, որոնք ոչ միայն կձևավորեն ֆինանսների ապագան, այլև կնախանշեն ֆինանսական առաջնորդների վաղվա հաջողակ կարիերան։
ESG մասնագետ
ESG՝ environmental, social, governance․ հապավումը կարելի է թարգմանել որպես «բնապահպանություն, սոցիալական քաղաքականություն և կառավարում»: Իսկ հիմքում այն գիտակցումն է, որ շրջակա միջավայրի, սոցիալական և պատշաճ կառավարման հիմնախնդիրներն ազդում են ընկերության՝ արժեք ձևավորելու կարողության վրա:
ESG-ն հնարավորություն է տալիս բիզնեսի վարման կարճաժամկետ մոտեցումներից անցում կատարելու երկարաժամկետի` ձգտելով միջավայրի, որը կխրախուսի ներառական տնտեսական աճը, կլինի սոցիալապես արդար և բնապահպանական առումով մաքուր ու անվտանգ:
ESG-ն աստիճանաբար դառնում է բանկային համակարգի անբաժանելի մասը՝ ազդելով գործառնությունների, հաշվետվությունների կազմման ու վարման և ռազմավարական որոշումների կայացման վրա: Ենթադրվում է, որ ESG սկզբունքներով աշխատող բանկերը պետք է աջակցեն «կանաչ» և «սոցիալապես պատասխանատու» գաղափարների իրագործմանը, որոնք կօգնեն պաշտպանել բանկը և դրա հաճախորդներին կլիմայի փոփոխության և սոցիալական այլ խնդիրների հետ կապված տարբեր ռիսկերից:
Եվրոպական բանկային մարմինը (EBA) 2023-ին ներկայացրել է եվրոպական բանկերի շրջանում ESG հաշվետվությունների ստանդարտացմանն ուղղված կանոնակարգերը։ Դրանք ընդգծում են ESG քաղաքականության թափանցիկության և հետևողականության անհրաժեշտությունը՝ դրդելով բանկերին հարմարեցնել իրենց հաշվետվությունների պրակտիկան այս նոր պահանջներին:
EBA-ի բացահայտման պահանջները ներառում են ESG ռիսկերն ու հնարավորությունները գնահատելու և կառավարելու համար մի շարք կարևոր անվանակարգեր՝ ներառյալ կառավարումը, ռազմավարությունը, ռիսկերի կառավարումը, չափումները և թիրախների սահմանումը:
Գործառույթները. ESG մասնագետները այս փորձագետներն օգնում են ֆինանսական հաստատություններին ինտեգրել ESG գործոններն իրենց ներդրումային ռազմավարությունների, ռիսկերի կառավարման և գործառնությունների մեջ: Նրանք վերլուծում են ընկերությունների կայունության գործելակերպը, հետևում դրանց ազդեցությանը շրջակա միջավայրի վրա, գնահատում են սոցիալական պատասխանատվությունը և կորպորատիվ կառավարման համակարգերը: Նրանք օգնում են ֆինանսական հաստատություններին համապատասխանել ESG կանոնակարգերին և ուղղորդում են սոցիալական և բնապահպանական տեսանկյունից պատասխանատու ներդրումային որոշումներ կայացնելու հարցում:
Կարևորությունը. սպառողները, ներդրողները և կարգավորող մարմինները ավելի ու ավելի են պահանջում կայուն և էթիկական պրակտիկա, և ESG մասնագետների դերը դառնում է վճռորոշ: Ակնկալվում է, որ մինչև 2030 թվականը բանկերը և ֆինանսական հաստատությունները պետք է առաջնահերթություն տան ESG գործոններին ոչ միայն կարգավորող պահանջներին համապատասխանելու, այլև սոցիալապես պատասխանատու ներդրողների աճող շուկան գրավելու համար: ESG մասնագետները կառաջնորդեն ֆինանսների ապագան՝ ապահովելով հավասարակշռվածությունը շահույթի, շրջակա միջավայրի կայունության և սոցիալական պատասխանատվության միջև:
ԱԲ հիմքով աշխատող ֆինանսական վերլուծաբան
Արհեստական բանականությունը (ԱԲ կամ AI) խորապես փոխակերպում է բանկային ոլորտը՝ ընձեռելով անսահման հնարավորություններ, բայց նաև առաջադրելով նոր մարտահրավերներ։ Վերջին զեկույցներն ու ուսումնասիրություններն ընդգծում են AI-ի ինտեգրման զարգացող լանդշաֆտը բանկային ոլորտում՝ կենտրոնանալով դրա կիրառությունների, օգուտների և հարակից ռիսկերի վրա:
Բանկերն աստիճանաբար ավելացնում եմ ԱԲ-ի ինտեգրման համար արվող ներդրումների ծավալները՝ բարձրացնելու գործառնական արդյունավետությունն ու հաճախորդների ներգրավվածությունը: Օրինակ՝ Commonwealth Bank of Australia-ն հայտարարել է իր տեխնոլոգիական ներդրումների ռեկորդային աճի մասին՝ պայմանավորված AI-ի և թվային ենթակառուցվածքների առաջընթացի ռազմավարական կարևորությամբ: Բանկի գործադիր տնօրեն Մեթ Քոմինն ընդգծել է նման տեխնոլոգիաների ներդման միջոցով ներքին մրցակիցներից առաջ անցնելու հանձնառությունը:
Չնայած AI-ն առաջարկում է բազմաթիվ առավելություններ, այն նաև առաջադրում է մարտահրավերներ, մասնավորապես՝ կապված տվյալների գաղտնիության, կողմնակալության և երրորդ կողմից կախվածության հետ: ԱՄՆ ֆինանսների նախարարության (U.S. Department of the Treasury) զեկույցն ընդգծում է ֆինանսական հաստատությունների կողմից AI-ի օգտագործման դեպքերը վերանայելու անհրաժեշտությունը՝ համապատասխանեցնելու օրենքներին, օրինակ, արդար վարկավորման և տվյալների գաղտնիության ապահովման պահանջներին: Զեկույցում ընդգծվում է, որ արհեստական բանականությունը կարող է ընդլայնել բանկերի հնարավորությունները, բայց նաև մեծացնել որոշակի ռիսկերը՝ պահանջելով մանրակրկիտ ուսումնասիրություն և կառավարում:
Գործառույթները․ օգտագործելով արհեստական բանականությունը և մեքենայական ուսուցումը` AI հիմքի վրա աշխատող ֆինանսական վերլուծաբանները կվերլուծեն հսկայական քանակությամբ տվյալներ՝ օրինաչափությունները բացահայտելու, շուկայի միտումները կանխատեսելու և ներդրումային հնարավորությունները գնահատելու համար: Նրանց պատկերացումները վճռորոշ կլինեն բանկերի համար ռիսկերի կառավարման, պորտֆելի օպտիմալացման և կանխատեսման հարցերում:
Կարևորությունը․ ֆինանսական վերլուծաբաններին AI-ը հնարավորություն կտա ճշգրիտ տվյալների վրա հիմնված կանխատեսումներ անելու ավելի արագ, քան երբևէ: Տվյալահեն աշխարհում այս մասնագետները կարևոր նշանակություն կունենան ժամանակակից ֆինանսների առջև ծառացած խնդիրները մեղմացնելու համար:
ԱԲ hամապատասխանության պատասխանատու
Այս համատեքստում ուզում ենք խոսել արհեստական բանականության հետ փոխկապակցված ևս մեկ մասնագիտության մասին։
Գործառույթները. ԱԲ-ի համապատասխանության պատասխանատուները երաշխավորում են, որ բանկային և ֆինանսական ոլորտում օգտագործվող ալգորիթմներն ու ԱԲ մոդելները թափանցիկ են, էթիկական նորմերին ու կանոնակարգերին համապատասխան: Նրանք վերահսկում են ԱԲ-ի օգտագործումը վարկերի գնահատման, վարկավորման և ներդրումային ռազմավարություններում՝ ապահովելու արդարությունը և կանխելու խտրականության ցանկացած դրսևորում:
Կարևորությունը. ԱԲ-ի դերը ֆինանսական որոշումների կայացման գործում արագորեն աճում է, և կենսական նշանակություն ունի, որ այս համակարգերը լինեն արդար և անաչառ: Այս մասնագիտությունն առանցքային է նորագույն տեխնոլոգիաները էթիկական չափանիշների հետ հավասարակշռելու հարցում։
Թվային ինքնության մասնագետ
Թվային ինքնության ինտեգրումը աստիճանաբար ավելի մեծ նշանակություն է ձեռք բերում ֆինանսաբանկային ոլորտում՝ API-ներ, էլեկտրոնային ստորագրություններ և այլ տեխնոլոգիաներ օգտագործելով։ Թվային ինքնության մասնագետը պատասխանատու է այս բոլոր համակարգերի արդյունավետ և անվտանգ ինտեգրման համար։ Այս մասնագետները կարևոր դեր են խաղում, որպեսզի բանկը կարողանա համընթաց առաջ ընթանալ տեխնոլոգիական նորամուծություններին զուգահեռ՝ օգտագործելով նորարարական լուծումներ և շուկայի պահանջներին համապատասխան համակարգեր։
Թվային ինքնությունը անքակտելի է անձնական տվյալների պաշտպանության սկզբունքներից, և բանկերը պետք է ապահովեն դրանց անվտանգությունը՝ համապատասխանելով միջազգային և տեղական իրավական պահանջներին, օրինակ՝ GDPR (Եվրոպական անձնական տվյալների պաշտպանության կարգավորումներ) կամ ՀՀ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքը։
Թվային ինքնության մասնագետի աշխատանքի նպատակն է հետևել, որպեսզի բանկը համապատասխանի այս պահանջներին և նվազեցնի անվտանգության խախտման ռիսկերը։
Գործառույթները. այս փորձագետները նախագծում և ներդնում են թվային ինքնություն անվտանգ մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս մարդկանց առցանց նույնականացում անցնել՝ ապահով կերպով հասանելիություն ստանալով ֆինանսական ծառայություններին: Այս դերը ներառում է անվտանգ վավերացման մեթոդների մշակում՝ օգտագործելով կենսաչափական և այլ տեխնոլոգիաներ, ինչպիսիք են դեմքի ճանաչումը (Face ID), բիոմետրիան, շարժման դինամիկան և այլ մեթոդներ:
Կարևորությունը. քանի դեռ թվայնացումը շարունակում է ակտիվորեն ներխուժել մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտներ, թվային ինքնության անվտանգ հաստատման անհրաժեշտությունը կաճի էքսպոնենցիալ: Թվային ինքնության մասնագետները կօգնեն ձևավորել առցանց բանկինգի գաղտնիության և անվտանգության ապագան՝ դարձնելով այն կարևոր և նորարար մասնագիտություն:
Հաջորդ տասնամյակը կբերի աննախադեպ հնարավորություններ և կառաջադրի նոր մարտահրավերներ ինչպես ֆինանսական հաստատությունների, այնպես էլ մասնագետների համար:
Նրանց համար, ովքեր ցանկանում են իրենց հետքը թողնել ֆինանսական ոլորտում, վերոնշյալ դերերն առաջարկում են առաջադեմ տեխնոլոգիաների, խնդիրների ստեղծագործական լուծման և նպատակաուղղված ազդեցության եզակի համադրություն:
Անկախ նրանից՝ արդեն ֆինանսական համակարգում ես կամ պլանավորում ես մուտք գործել ոլորտ՝ ճիշտ ժամանակն է ուսումնասիրել ապագայի մասնագիտությունները: Ցանկը՝ շարունակելի։