7 գիրք, որոնք կօգնեն պլանավորել ծախսերը - Ամերիա բլոգ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
26Հնվ

7 գիրք, որոնք կօգնեն պլանավորել ծախսերը

3D illustration of a book

Կյանքի ռիթմի փոփոխմանը զուգահեռ փոխվում են նաև եկամուտների աղբյուրները։ Ընդ որում, նույնն է տեղի ունենում նաև ծախսերի հետ։ Ու հիմա, ավելի քան երբևէ, անհրաժեշտ է սովորել պլանավորել բյուջեն։ 

Քեզ ենք ներկայացնում համաշխարհային 7 բեսթսելլեր, որոնք կօգնեն ճիշտ կողմնորոշվել այս հարցում ու հասկանալ` ինչից սկսել։ 

Ռոբերտ Կիոսակի. «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ»

Այս բեսթսելլերը ներկայացնում է աշխատանքի, փողերի ու բյուջեի պլանավորման երկու հակադիր մոտեցում։
Գրքի հեղինակի հայրը լավ կրթություն ստացած մարդ էր, որը ծախսում էր իր փողերն ու հույսը դնում պետության նպաստների վրա։ Արդյունքում` կյանքի մայրամուտին նա բազմաթիվ պարտքեր շալակած «աղքատ հայրիկ» էր:

Իսկ Կիոսակիի դպրոցական ընկերոջ հայրը լրիվ հակադիր մոտեցումն ուներ։ Նա կարողացել էր մի ամբողջ բիզնես կայսրություն կառուցել, թեև ընդամենն ուներ ութամյա կրթություն։ Նրա մոտեցումն էր` խիստ վերահսկել ծախսերը, ներդրումներ անել տարատեսակ ակտիվների մեջ ու մշտապես  գտնել եկամուտի նոր աղբյուրներ։

Ո՞ւմ կհետաքրքրի. Բոլոր նրանց, ովքեր մոտիվացիայի պակաս ունեն:

Բոդո Շեֆեր. «Ֆինանսական անկախության ճանապարհին»

Գերմանացի բիզնես թրեյների այս գիրքն իր ընթերցողին ծանոթացնում է խնայողություններ կատարելու 4 ռազմավարություններին։ Դրանցից յուրաքանչյուրը թույլ է տալիս 15-20 տարվա ընթացքում մի ամբողջ կարողություն կուտակել։ Հեղինակը հավաստիացնում է, որ եթե սկսեք կիրառել բոլորը միաժամանակ, ապա հարստանալ հնարավոր կլինի շատ ավելի կարճ ժամանակահատվածում, օրինակ՝ 7 տարում։

Շեֆերն ընթերցողի հետ կիսվում է սեփական փորձով, պատմում՝ ինչպես կարողացավ մարել հսկայական պարտքերն ու հասնել ֆինանսական անկախության։

Գրքում առանձին գլուխներ նվիրված են ֆինանսական պլան կազմելուն։ Նկարագրվում է, թե ինչպես կարելի է բարձրացնել եկամուտները, սովորել բազմապատկել այն, ինչպես հոբբին դարձնել կարիերա։
Ի դեպ, Շեֆերի խորհուրդներն ակտուալ են նաև ճգնաժամային օրերին։

Ո՞ւմ կհետաքրքրի. Նրանց, ովքեր պատրաստ են պլանավորել ֆինանսները գերմանական ճշգրտությամբ։

Կառլ Ռիչարդս. «Արիˊ խոսենք քո եկամուտներից ու ծախսերից»

Հեղինակը սովորեցնում է՝ ինչպես հրաժարվել անպետք գնումներից և ինչ անել, երբ փողերը «հօդս են ցնդում»։ Ըստ Ռիչարդսի` անձնական կապիտալը միայն փողը չէ, այլ ներառում է ժամանակը, կարողությունները, էներգիան։ Որպեսզի կարողանաս գրագետ օգտվել այդ կապիտալից ու ճիշտ բաշխել այն, պետք է հասկանաս որտեղ ներդրում անել։  

Ո՞ւմ կհետաքրքրի. հատկապես նրանց, ովքեր դեռ փորձում են գտնել իրենց ու հասկանալ՝ ինչ են ուզում։

Վիքի Ռոբին, Մոնիք Թիլֆորդ, Ջո Դոմինգես. «Կյանքդ կամ փողերդ»

«Դո՞ւ ես կառավարում փողերդ, թե`՞ փողերը՝ քեզ». հարց, որը հեղինակները տալիս են հենց շապիկի վրա։ Այս գիրքը սովորեցնում է հասկանալ սեփական ու իրական նպատակներդ ու փոխել ֆինանսական վարքդ, նվազեցնել անիմաստ ծախսերն ու ապրել շատ ավելի լավ ավելի քիչ եկամուտների պարագայում։ Դրա համար ընդամենը պետք է հստակ իմանալ՝ որտեղ է հնարավոր խնայել, իսկ որտեղ՝ ընդհանրապես չծախսել ոչ մի կոպեկ։ 

Ո՞ւմ կհետաքրքրի. Հատկապես նրանց, ում սրտով չէ սպառողական վարքագիծը:

Անաստասիա Վեսելկո. «Փողերով աղջիկը։ Գիրք ֆինանսների ու ողջախոհության մասին»

Շատերն են թևաթափ լինում ծախսերի պլանավորման և ներդրումների մասին մտածելիս` կարծելով, թե դա չափազանց բարդ գործ է։ Եթե դու էլ ես նրանց թվում, այս գիրքը հենց քեզ համար է։ Հեղինակն իր ընթերցողին պատմում է ոչ միայն իր ֆինանսական հաջողությունների, այլև անհաջողությունների ու տապալումների մասին։

Ո՞ւմ կհետաքրքրի. Հատկապես նրանց, ովքեր կարծում են, որ ինքնուրույն չեն կարող գլուխ հանել ֆինանսներից։

Անաստասիա Տարասովա. «Ինքնուրույն ֆինանսիստ։ Ինչպե՞ս ծախսել խելացի ու ճիշտ ներդնում անել»

Բլոգեր Անաստասիա Տարասովան նկարագրում է կյանքի երեք իրավիճակ՝ աղքատություն, հարմարավետություն ու ֆինանսական անկախություն։ Ու բացատրում է՝ ինչպես հասնել երրորդ իրավիճակին։

Տալիս է այնպիսի խորհուրդներ, ինչպիսիք են անվտանգության ֆինանսական բարձիկները, վարկերի վերաֆինանսավորումը, քեշբեքով քարտերի նախընտրությունը։
Տարասովան պատմում է, թե որ հավելվածներից արժե օգտվել ծախսերի հաշվարկման համար։ 

Ո՞ւմ կհետաքրքրի. Հատկապես նրանց, ովքեր պատրաստ են ջանք թափել նպատակին հասնելու համար։

Դեվիդ Բախ, Ջոն Դեվիդ Մանն. «Լատտեի գործոնը։ Ֆինանսական անկախության երեք գաղտնիք»

«Լատտեի գործոնը» պատմություն է Զոե անունով մի աղջկա մասին, որն ապրում է միայն չոր աշխատավարձով, երազում ճամփորդելու մասին։ Բայց նույնիսկ պաշտոնը բարձրացնելուց հետո նա չի կարողանում ոչինչ խնայել, իսկ փողերը չգիտես ուր են կորչում։ Մի անգամ սրճարանի բարիստան, այն սրճարանի, որտեղ նա ամեն առավոտ նախաճաշում էր, նրան բացում է «հարստության գաղտնիքը»։ Դրանցից մեկն էլ հենց «լատտեի գործոնն է»։

Սյուժեի զարգացմանը զուգահեռ հեղինակները խորհուրդներ են տալիս, թե ինչպես է պետք ճիշտ ներդրումներ կատարել ու խնայել փողերը։

Ո՞ւմ կհետաքրքրի. Հատկապես նրանց, ում պետք են ոգեշնչող օրինակներ։
 

Կարդա նաև...

VR տեխնոլոգիաների կիրառումն աշխարհում

VR տեխնոլոգիաների կիրառումն աշխարհում

Վիրտուալ իրականության գաղափարն առաջին անգամ հայտնվել է դեռ համակարգիչների հայտնվելուց առաջ։ Այն նախատեսված էր օդաչուների համար։

Ի՞նչ դեր ունի արհեստական բանականությունը  վարկավորման գործընթացում

Ի՞նչ դեր ունի արհեստական բանականությունը վարկավորման գործընթացում

Այսօր վարկի համար կարելի է դիմել օնլայն ցանկացած պահի ու ցանկացած վայրից։ Հայտի օնլայն դիտարկման հնարավորությունն աննախադեպ հարմարավետություն, մատչելիություն, արագություն և ճկունություն է առաջարկում վարկառուներին։

Սև ուրբաթի ստվերները

Սև ուրբաթի ստվերները

Այսօր կխոսենք վաճառքի տեխնոլոգիաների մասին, որոնք կիրառվում են Սև ուրբաթի օրերին:

  • Recent
  • Popular