
Սոցիալական տարբեր հարթակներում մենք ստանում ենք բազմաթիվ նոր գիտելիքներ, օրինակ` սովորում ենք նոր բաղադրատոմսեր, ֆիզիկական վարժություններ և նույնիսկ ֆինանսական խորհուրդներ ենք ստանում։
Ըստ Frontiers for Young Minds-ի մարդը սոցիալական տարբեր հարթակներից օրվա ընթացքում միջինում ստանում է 74GB ինֆորմացիա, ինչը հավասար է մոտավորապես 16 ֆիլմի: Այս ծավալը 500 տարի առաջ հավասար կլիներ մարդու ամբողջ կյանքի ընթացքում ստացած ինֆորմացիային:
Սոցցանցերում եղած նյութերը մատչելի են, արագ և հեշտ են ընկալվում։ Մեկ-երկու կարճ տեսահոլովակ կամ գրառում հետո կարող ես ստանալ տպավորություն, որ արդեն յուրացրել ես ներդրումների կամ անձնական բյուջեի կառավարման գաղտնիքները։ Բայց TikTok-ի կարճ տեսանյութերի, Instagram-ի գունավոր գրառումների կամ YouTube-ի պատմողական բլոգերի հետևում հաճախ թաքնված են ֆինանսական ծուղակներ։
Այս բլոգը կօգնի քեզ ճանաչել ֆինանսական ամենատարածված ծուղակները ու խուսափել ռիսկային առաջարկներից։
Ֆինանսական ինֆլուենսերներ։ Ովքե՞ր են և ինչպե՞ս են աշխատում
Սոցցանցերում ֆինանսական խորհուրդները շատ արագ են տարածվում, ու դրանց մեծ մասը գալիս է հենց ինֆլուենսերներից։ Ֆինանսական ինֆլուենսերները մարդիկ են, որոնք մեծ լսարան ունեն և իրենց հարթակներում կիսվում են ներդրումների, խնայողությունների կամ արագ հարստանալու մեթոդներով։ Նրանցից ոմանք իրոք կիսվում են սեփական փորձով, բայց շատերը բովանդակություն են ստեղծում գովազդային պայմանագրերի կամ հետևորդների վստահությունը շահարկելու համար։
Եկամուտը նրանք հիմնականում ստանում են հետևյալ կերպ․
- գովազդում են կասկածելի հարթակներ կամ ներդրումային ծրագրեր,
- վաճառում են դասընթացներ ու թրեյնինգներ, որոնք «գաղտնիքներ» են բացահայտում,
- հաճախ աշխատում են որպես միջնորդ՝ ներգրավելով նոր ներդրողների։
Խնդիրն այն է, որ ինֆլուենսերների խորհուրդները միշտ չէ, որ ունեն մասնագիտական հիմք։ Շատ դեպքերում դրանք կառուցված են մանիպուլյացիայի և արագ արդյունք խոստացող գովազդների վրա, ինչը մեծացնում է ֆինանսական ծուղակների հավանականությունը։
Ամենատարածված ֆինանսական ծուղակները
Եթե ինչ-որ մեկը քեզ խոստանում է միլիոնների շահույթ՝ TikTok-ի վիդեոյից արագ, դա արդեն կարմիր դրոշակ է՝ red flag: Սոցցանցերում ամենահաճախ հանդիպող օրինակներն են․
- Ներդրումային կեղծ առաջարկներ՝ խոստում, որ կարճ ժամանակում կստանաս գումարիցդ մի քանի անգամ ավելին,
- Ֆինանսական բուրգեր (Ponzi schemes), որտեղ նոր մասնակիցներ ներգրավելով՝ վճարում են հին անդամներին,
- Ռիսկային կրիպտո-հարթակներ՝ նոր նախագծեր, որոնք ներկայացվում են որպես «հաջորդ Bitcoin»-ը, բայց իրականում չունեն վստահելի հիմք,
- Հեշտ գումար աշխատելու եղանակներ՝ օրինակ՝ «ներդնելով 1000 դրամ` ստացիր օրական եկամուտ»։
Այս բոլոր տարբերակները կառուցված են մեկ հիմնական գաղափարի շուրջ․ շահարկել մարդկանց` արագ արդյունքի հասնելու ու հեշտ հարստանալու ցանկությունը։
Հոգեբանական հնարքներ, որոնք ստիպում են հավատալ խաբեություններին
Ֆինանսական խաբեբաները հիանալի հասկանում են մարդկանց հոգեբանությունը։ Նրանք օգտագործում են․
- FOMO (Fear of Missing Out)՝ վախ, որ եթե հիմա չանես, բաց կթողես հնարավորությունը,
- Սոցիալական ճնշում՝ «Քո հարևանն արդեն արել է դա, իսկ դու՞»,
- Թրենդերից հետ չմնալու ցանկություն՝ հատկապես երիտասարդների մոտ, որոնք արագ ու վառ արդյունք են ուզում ստանալ,
- Հեղինակային ազդեցություն, երբ որևէ հայտնի ինֆլուենսեր կամ «փորձագետ» է հանդես գալիս խորհրդատուի դերում, թվում է, թե դա վստահելի է:
Ինչպես բացահայտել ֆինանսական կեղծ խորհուրդները
Ֆինանսական խորհրդի հանդիպելիս փորձիր պատասխաել այս հարցերին․
- Խոստանում են կայուն և իրատեսական եկամո՞ւտ,
- Տվյալները հաստատվա՞ծ են վստահելի աղբյուրներով,
- Արդյոք խոսողն ունի՞ մասնագիտական կրթություն կամ լիցենզիա,
- Կա՞ իրական ընկերություն, որի հետ կարելի է պաշտոնապես կապ հաստատել։
Եթե այս հարցերից գոնե մեկին հստակ «այո» չես կարողանում պատասխանել, ամենայն հավանականությամբ գործ ունես ֆինանսական ծուղակի հետ։
Ապահով այլընտրանք ֆինանսները կառավարելու համար
Եթե ուզում ես խուսափել կեղծիքներից ու վտանգներից, ընտրիր այն տարբերակները, որոնք ունեն վերահսկողություն, կառուցված են մասնագիտական փորձի ու թափանցիկության հիման վրա։ Ընտրիր`
- Բանկեր՝ լիցենզավորված ու վերահսկվող կազմակերպություններ,
- Հավաստագրված ֆինանսական խորհրդատուներ, որոնք ունեն մասնագիտական գիտելիք,
- Ստուգված ֆինանսական հարթակներ, որոնց մասին կա հստակ և արժանահավատ ինֆորմացիա:
Ֆինանսական խորհուրդներ կարող ես գտնել ամենուր՝ TikTok-ում, Instagram-ում կամ YouTube-ում։ Դրանք կարող են ոգեշնչող լինել, բայց ոչ բոլորը` օգտակար։ Սոցիալական ցանցերում ամեն ինչ կարծես հեշտ ու գրավիչ է թվում, սակայն հենց այդտեղ էլ հաճախ թաքնված են ծուղակները։ Ուշադիր եղիր, ստուգիր և հավատա միայն վստահելի աղբյուրներին։