4.1. Գործարք կնքելու համար Հաճախորդը Բրոքերին է ներկայացնում Հանձնարարական, որը պետք է պարունակի Գործարքի էական պայմանները: Հանձնարարականում կարող է նշվել նաև սույն պայմաններով սահմանված` Հանձնարարականի տեսակներից մեկը, ինչպես նաև Հանձնարարականի վավերության (կատարման ենթակա լինելու) ժամկետները` արտահայտված օրերով կամ մինչև հետկանչում : Հանձնարարականի տեսակը նշված չլինելու դեպքում այն համարվում է Շուկայական պատվեր: Հանձնարարականի վավերության ժամկետ նշված չլինելու դեպքում այն վավեր է մինչև տվյալ ԱՀ-ում` գործարքի կատարման Հանձնարարականը ներկայացնելիս կամ դրանից հետո սկսված առաջին Առևտրային նստաշրջանի ավարտը:
4.2. Հաճախորդի միջոցներով Գործարքների կնքման համար հիմք է հանդիսանում Հաճախորդի կողմից Բրոքերի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված` բանկի բրոքերային ծառայությունների մատուցմանը վերաբերող ներքին իրավական ակտերով սահմանված Հանձնարարականի ձևին համապատասխան լրացված թղթային, ինչպես նաև Գործարքի էական պայմանները պարունակող` էլեկտրոնային փոստով, էլեկտրոնային հաղորդակցության ցանցի միջոցով կամ հեռախոսով Բրոքերին հաղորդված կամ My Invest -ով ներկայացված Հանձնարարականները:
4.3. Էլեկտրոնային փոստով Հանձնարարական ներկայացնելը նախընտրելիս` Հաճախորդը գիտակցում է, որ Բրոքերից անկախ տեխնիկական և այլ հանգամանքները հաշվի առնելով, բացառված չէ, որ ուղարկված Հանձնարարականը չի հասնի Բրոքերին, նրան կհասնի ուշացումով, ուղարկված լինի համապատասխան լիազորություն չունեցող երրորդ անձանց կողմից կամ վերջիններիս հայտնի դարձած լինի այլ միջոցներով, այդ թվում ցանցային խափանումների, ցանցային չարտոնված մուտքերի, գաղտնաբառերի չարտոնված օգտագործման և այլ միջոցներով ու եղանակներով: Սույնով Կողմերը համաձայնում են, որ Բրոքերը ոչ մի դեպքում պատասխանատվություն չի կրում սույն կետում նշված իրադարձությունների արդյունքում Հաճախորդի կրած վնասների համար, իսկ Հաճախորդի` Պայմանագրում նշված էլեկտրոնային փոստի հասցեից ստացված Հանձնարարականը Բրոքերի կողմից դիտարկվելու է որպես Հաճախորդից պատշաճ ստացված Հանձնարարական:
4.4. Հաճախորդի կողմից Հանձնարարականը էլեկտրոնային հաղորդակցության միջոցով ներկայացնելու դեպքում Հաճախորդը կարող է հավաստիանալ Բրոքերի կողմից Հանձնարարականը ստանալու փաստի վերաբերյալ հեռախոսազանգի և Բրոքերի լիազոր աշխատակցի հետ հեռախոսազրույցի միջոցով, որի ընթացքում լիազոր ներկայացուցիչը հաստատում է կամ հերքում նույն զրույցի ընթացքում Հաճախորդի կողմից նկարագրված էական պայմաններով գործարք կնքելու էլեկտրոնային Հանձնարարականի ընդունման փաստը: Նշված փաստը Հաճախորդի համար կարող է հավաստել նաև էլեկտրոնային փոստի համապատասխան օպերատորը` հաճախորդի կողմից ուղարկվող էլեկտրոնային հաղորդագրությունների ստացումը համապատասխանող հետադարձ ծանուցման ռեժիմ ընտրելու դեպքում, որի հավաստիության համար սակայն Բրոքերը պատասխանատվություն չի կրում:
4.5. Հեռախոսով փոխանցվող Հանձնարարականները ձայնագրվում են Բրոքերի կողմից և սույնով հաճախորդը տալիս է իր համաձայնությունը Բրոքերի հետ իր հաղորդակցությունների փոխանակման ձայնագրությանը: Հեռախոսով հանձնարարական ընդունելիս Բրոքերի լիազորված աշխատակիցը իրավունք ունի իր հետ կապ հաստատած անձի ինքնությունը ճշտելու նպատակով վերջինիս ուղղել դրա համար անհրաժեշտ հարցեր, այդ թվում հարցնել Հաճախորդին տրամադրված ծածկագրային քարտի ծածկագրերից մեկը կամ մի քանիսը, Պայմանագրի վավերապայմանները և Հաճախորդի նույնականացման համար անհրաժեշտ այլ հարցեր, և Հանձնարարականը ընդունել միայն այն դեպքում, երբ ստացված պատասխանների հիման վրա Հաճախորդը նույնականացվում է:
4.6. Հեռախոսով փոխանցված Հանձնարարականը ներկայացնելիս Հաճախորդը արտասանում է 4.1կետում նշված պայմանները, որից հետո Բրոքերի լիազորված անձը կրկնում է դրանք, իսկ Հաճախորդը «հաստատում եմ» բառի արտասանմամբ հաստատում է Բրոքերի լիազոր ներկայացուցչի կողմից Հանձնարարականի պայմանները ճշգրտորեն ընկալելու փաստը:
4.7. : Հաճախորդի կողմից Հանձնարարականը թղթային ձևով Բրոքերին ներկայացվում է երկու օրինակից առձեռն առաքմամբ, ընդ որում մեկ օրինակը մնում է Բրոքերի մոտ, իսկ մյուս օրինակը «Հանձնարարականը ընդունված է» նշագրմամբ և Բրոքերի ստորագրությամբ վերադարձվում է Հաճախորդին:
4.8. Ծածկագրային քարտին Հաճախորդի կողմից չտիրապետելու և/կամ այն իր տրամադրության տակ չգտնվելու դեպքում Հաճախորդի կողմից Հանձնարարական ներկայացնելիս, Բրոքերը տվյալ պահին գեներացնում է մեկանգամյա օգտագործման ծածկագիր, որն ավտոմատ կերպով ուղարկվում է հաճախորդին` նրա հետ արդեն իսկ կնքված` Պայմանագրում նշված էլ. փոստի հասցեին և/կամ հեռախոսահամարին:
4.9. Հաճախորդը պարտավորվում է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները և պատշաճ վերահսկողությունը, որպեսզի բացառի իր իրավասու էլեկտրոնային հասցեներին կամ այլ կապի միջոցներին /հաղորդակցման եղանակներին/ և/կամ անհատական ծածկագրային քարտին և/կամ My Invest-ին համապատասխան իրավասություն չունեցող անձանց /ոչ իրավասու անձանց/ կողմից մուտքը և/կամ նրանց հասանելիությունը: Համապատասխանաբար, Բրոքերը պատասխանատվություն չի կրում այն բոլոր դեպքերի համար, երբ Հաճախորդի և/կամ նրա Հանձնարարականների վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է դարձել նման իրավասություն չունեցող անձանց և/կամ Հանձնարարականը կամ այլ հաղորդագրությունը տրամադրվել է Հաճախորդի անունից, սակայն նման լիազորություն չունեցող անձանց կողմից ու կատարվել է Բրոքերի կողմից, պայմանով, որ Բրոքերը Հաճախորդի/Հաճախորդի անունից հանդես եկող անձի ինքնության ստուգման և նույնականացման, ինչպես նաև իրավասությունների ստուգման նպատակով ձեռնարկել է Պայմանների 10.5 կետով նախատեսված ողջամիտ քայլերը: Բոլոր դեպքերում կապի միջոցների և/կամ անհատական ծածկագրային քարտի և/կամ մեկանգամյա ծածկագրի և/կամ My Invest-ի չարտոնագրված մուտքի կամ ապօրինի հասանելիության հետևանքով առաջացած բոլոր իրավական ռիսկերն ու հետևանքները (ներառյալ` իրավասության կամ լիազորության սահմանազանցման ռիսկը) կրում է Հաճախորդը։
4.10. Բրոքերն իրավունք ունի մերժել Հաճախորդի Հանձնարարականի ընդունումը, ի կատարում փոխանցումը կամ կատարումըհետևյալ դեպքերում`
1. Հաճախորդի կամ նրա լիազոր ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի, նույնականացման հաղորդված տվյալների բացակայության կամ հակասականության ու անհամապատասխանության կասկածի դեպքում.
2. Հանձնարարականի`4.1-4.7կետերով սահմանված բովանդակությունից, կարգից և պայմաններից շեղմամբ ներկայացնելու դեպքում, Հանձնարարականում նշված պայմանների` ՀՀ օրենսդրությանն ու սույն պայմաններին անհամապատասխանության դեպքում
3. Եթե Բրոքերը զրկված է Հանձնարարկան փոխանցելու կամ կատարելու փաստացի հնարավորությունունից` ցանկացած պատճառով, ներառյալ` Գործակալների հետ պայմանգրային հարաբերությունների բացակայությունը, գործող պայմանագրային հարաբերությունների ներքո Գործակալների կողմից Հանձնարարկանների ընդունման և փոխանցումից հրաժարումը և այլն:
4.11. Հաճախորդը կարող է հետ կանչել ներկայացված Հանձնարարականը կամ դրա գնային, քանակական, ժամկետային կամ սակագնային պայմաններում փոփոխություններ կատարել Հանձնարարականի ներկայացման համար սույն պայմանների 4.1-4.7կետերում սահմանված պայմանների պահպանմամբ համապատասխան հաղորդագրություն ուղարկելով: Հաղորդագրությունը ընդունվում է ի կատարում, եթե տվյալ փոփոխվող/հետկանչվող Հանձնարարականով Բրոքերի կողմից դեռևս Գործարքի կնքման հայտը կամ օֆերտան չի բավարարվել կամ ակցեպտավորվել: Հանձնարարականի հետ կանչման հաղորդումը համարվում է ընդունված հաղորդագրությունը Բրոքերի ներկայացուցչին հասնելու պահից: Ընդ որում, եթե Հաճախորդի հետկանչման հաղորդումը ստանալու պահից մինչև Բրոքերի կողմից համապատասխան Հանձնարարականով համապատասխան ԱՀ-ից գործարքի կնքման հայտը հետ կանչելու հաստատվելը ընկած ժամանակահատվածում Հանձնարարականով Գործարքը կնքվում է, Հանձնարարականը հետ կանչելու մասին հաղորդագրությունը Բրոքերի կողմից չի կատարվում:
4.12. Եթե Հաճախորդի կողմից տրված Հանձնարարականով Գործարքի ծավալը գերազանցում է 1,000,000 ԱՄՆ դոլարը կամ համարժեք այլ արժույթը, ապա հաճախորդը պարտավորվում է հանձնարարականը տալուց առնվազն 3 աշխատանքային օր առաջ տեղեկացնել Բրոքերին նման Հանձնարարական տալու մտադրության մասին։ Հակառակ դեպքում Բրոքերնիրավունք ունի մերժել պատվերի ընդունումը։
4.13. Հաճախորդը կարող է ոչ բավարար ծածկույթով գործարք կնքելու Հանձնարարական ներկայացնել և այդ նպատակով Բրոքերից ստանալ դրամական կամ արժեթղթերի փոխառություն, եթե Բրոքերի հետ ունի կնքված համապատասխան լրացուցիչ Համաձայնագիր` ըստ այդ համաձայնագրի պայմանների:
4.14. Բրոքերը իրավունք ունի մերժել ընդունված Հանձնարարականի կատարումը, եթե այն ընդունելուց հետո պարզվում է, որ Հաճախորդի հաշիվներում առկա չեն բավարար միջոցներ (բացառությամբ ոչ բավարար ծածկույթով գործարքների)` հանձնարարականը կատարելու և այդ հանձնարարականի կատարման դիմաց վճարները գանձելու համար, ընդ որում Բրոքերին սույնով իրավունք է վերապահվում անակցեպտ կարգով, առանց հաճախորդի նախնական ծանուցման գանձել Հաճախորդի հաշիվներում առկա գումարները` համապատասխան գործարքը կատարելիս կամ դրանից հետո ցանկացած ժամանակ: Հանձնարարականը կարող է չկատարվել նաև այն դեպքում, եթե Հաճախորդի հաշվում առկա` Հաճախորդի Միջոցները, որոնց նկատմամբ տրվել է Հանձնարարականը, ծանրաբեռնված են այլ անձանց իրավունքներով կամ արգելադրված են :
4.15. Հանձնարարականի կատարումը մերժելու դեպքում Բրոքերն այդ մասին անհապաղ տեղեկացնում է Հաճախորդին էլեկտրոնային փոստի միջոցով կամ հեռախոսով համապատասխան ծանուցում ուղարկելով:
4.16. Բրոքերն իրավասու է մերժել/չկատարել Հաճախորդի կողմից ներկայացված Հանձնարարականը կամ Հանձնարարականի հետ կանչման հաղորդագրությունը կախված շուկայի տեսակից (բորսայական, արտաբորսայական, կարգավորված կամ ոչ) և վայրից, գործարքի բնույթից, կատարման ժամկետներից, դեպոնացման գործընթացների ապահովման համար անհրաժեշտ ժամկետներից և/կամ Բրոքերի կողմից Հանձնարարականի ներկայացման և հետ կանչման համար սահմանված վերջնաժամկետներից /առկայության դեպքում/: Ամեն դեպքում, Բրոքերն իր պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրված հայտարարության և Հաճախորդի կողմից ընտրված հաղորդակցման եղանակով տեղեկացնում է Հաճախորդներին Հանձնարարականների կատարման ու դրա ժամկետների հետ կապված իրեն հայտնի ցանկացած սահմանափակումների, խոչընդոտների ու մանրամասների մասին:
4.17. Գործարքներ կնքելու համար ԱՀ-ների կամ Բանկի գործընկերների կողմից 1 հանձնարարականով գնվող/վաճառվող արժեթղթերի նվազագույն քանակական/ծավալային սահմանափակումներ սահմանված լինելու դեպքում այդ սահմանափակումները տարածվում են նաև Հաճախորդի հանձնարարականների վրա, որի մասին Բրոքերը տեղյակ է պահում հաճախորդին:
4.18. Հաճախորդը ընդունում է, որ Հանձնարարականներով ձեռքբերման ենթակա արժեթղթերի շրջանակը, Գործարքների ծավալները, Գործարքներով Հանձնարարականների ներկայացման վերջնաժամկետները սահմանափակվում են նշված Գործարքների կատարումը ապահովող Գործակալների և ԱՀ-ների կողմից սահմանված արժեթղթերի ցանկով, ծավալային սահմանափակումներով/սահմանաչափերով և Հանձնարարականների ներկայացման/կատարման ժամկետային սահմանափակումներով: Ամեն դեպքում Հանձնարարականները Բրոքերը ընդունում է Գործառնական օրվա ընթացքում, ընդ որում տվյալ ԱՀ-ում Առևտրային նստաշրջանի ավարտից հետո և մինչև մյուս Առևտրային նստաշրջանի սկսվելը ներկայացված Շուկայական պատվերը ենթակա չի կատարման կամ ի կատարում հաղորդման: