Հովհաննես Թորոյան
Տնօրինության անդամ, Ֆինանսական գծով տնօրեն
Ծնվել է 28.10.1984թ.-ին, Երևան քաղաքում:
2001թ. ավարտել է Անանիա Շիրակացու անվան ճեմարանը:
2001-2007թթ. սովորել է Երևանի պետական համալսարանում «Տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորում» մասնագիտացմամբ և ստացել տնտեսագիտության մագիստրոսի որակավորում: 2008-2010թթ. սովորել է Բինգհեմփթոնի համալսարանում (ԱՄՆ)` ստանալով բիզնեսի կառավարման մագիստրոսի կոչում: 2010թ., ավարտելով Երևանի տնտեսագիտական համալսարանի ասպիրանտուրան, պաշտպանել է թեզ «Ֆինանսական ինստիտուտների գործունեության համեմատական արդյունավետության գնահատումը ֆինանսամաթեմատիկական մեթոդներով» թեմայով և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: Բացի վերոնշյալից, մասնակցել է մասնագիտական մի շարք դասընթացների և վերապատրաստումների, այդ թվում` Հարվարդի, Կոլումբիայի, Սկոլկովո և այլ համալսարաններում:
Հովհաննեսը մի շարք գիտական հոդվածների և հրապարակումների հեղինակ է, արժանացել է մասնագիտական տարբեր մրցանակների: Հովհաննեսը ներգրավված է նաև կյանքի որակի բարելավմանն ուղղված սոցիալական տարաբնույթ նախաձեռնություններում:
Հովհաննես Թորոյանն իր աշխատանքային գործունեությունը սկսել է դեռևս ուսանողական տարիներին: Շուրջ երկու տարի աշխատելով Կոնվերս բանկի հաշվետվությունների և վերլուծությունների բաժնում` նա մասնագիտական աճը շարունակում է ՀՀ կենտրոնական բանկում, ապա ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ բանկում` դրան զուգահեռ դասավանդելով Երևանի պետական համալսարանում: ԱՄՆ-ում կրթությունը շարունակելուց հետո որոշ ժամանակ աշխատել է Արժույթի միջազգային հիմնադրամում, այնուհետև տեղափոխվել է Հայաստան: 2010 թվականից աշխատում է Ամերիաբանկում: Այս տարիների ընթացքում Հովհաննեսը տարբեր հարթակներում հանդես է եկել նաև որպես դասախոս և փորձագետ-խորհրդատու: Մինչև ֆինանսական տնօրենի պաշտոնը ստանձնելը նա ղեկավարել է ռազմավարության, ակտիվների և պարտավորությունների կառավարման, ֆինանսական հաստատությունների, հետազոտությունների և վերլուծությունների ուղղությունները: Հովհաննեսը եղել է Բանկի տարբեր կոլեգիալ մարմինների անդամ, իսկ 2022թ. հոկտեմբերից նշանակվել է նաև Ամերիաբանկի Տնօրինության անդամ: