You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Զեղծարարության տարածված տեսակներն աշխարհում

Զեղծարարություն ցրիչի միջոցով

Զեղծարարության այս եղանակով զեղծարարները քարտը ոչնչացնելու նպատակով, խնդրում են ցրիչի միջոցով այն ուղարկել համապատասխան հասցեով:  Հաճախ նաև խնդրում են գրի առնել PIN-կոդը և, վստահություն ներշնչելու համար, կարող են անգամ խնդրել քարտը կտրել ուղարկելուց առաջ: 

Հիշե՛ք.

  • Բանկը ԵՐԲԵՔ չի պահանջի վերադարձնել Ձեր քարտը և PIN-կոդը ցրիչի միջոցով: 
  • ԵՐԲԵՔ մի հայտնեք Ձեր PIN-կոդը որևէ մեկին, անգամ եթե նա ներկայանում է որպես բանկի աշխատակից: 
  • Բանկի աշխատակիցը կարող է Ձեզանից պահանջել տեղեկատվության միայն մի մասը, բայց երբեք՝ լրիվ հասցեն կամ ծննդյան ամսաթիվը:

Որպեսզի մենք կարողանանք արագ կապ հաստատել Ձեզ հետ կասկածելի գործարքների դեպքում, խնդրում ենք պարբերաբար թարմացնել բանկում առկա Ձեր կոնտակտային տվյալները, այդ թվում՝ բջջային հեռախոսի համարը: 


Սփուֆինգ (Spoofing)

Զեղծարարության այս եղանակով հանցագործները կեղծում են հեռախոսահամարը կամ զանգահարողի անունն այնպես, որ Դուք համոզված լինեք, որ զանգը բանկից է: Ձեր հեռախոսի էկրանին արտացոլվող համարը/անվանումը կարող է շատ նման լինել բանկի հեռախոսահամարին, սակայն կարող է լրացուցիչ զրոներ ունենալ սկզբում, օր.՝ 00845 70 70 70 համարը 0845 70 70 70 համարի փոխարեն:


Այսպիսի զանգերի միջոցով Ձեզ կարող են կեղծ տեղեկացնել, որ Ձեր հաշիվը «կոտրել» են: Հաճախ զեղծարարները պնդում են, որ միջոցներն արդեն դուրս են գրվել, կամ հենց այդ պահին առկա է այդպիսի վտանգ: Հետո հաճախորդին հրահանգում են միջոցները փոխանցել «ապահով» հաշվին՝ հետագա հարձակումներից պաշտպանվելու նպատակով:  Զեղծարարները կարող են փորձել Ձեզ համոզել, որ խարդախության համար կասկածվում են բանկի աշխատակիցները, և Դուք կկորցնեք Ձեր փողը, եթե չհետևեք բոլոր ցուցումներին:  

Անծանոթ անձանցից կասկածելի զանգեր ստանալու դեպքում խորհուրդ ենք տալիս դադարեցնել զանգը և կապ հաստատել բանկի հետ այլ հեռախոսից, իսկ եթե զանգահարեք նույն հեռախոսից, ապա սպասեք առնվազն 10 րոպե՝ վստահ լինելու համար, որ գիծն անջատվել է: Ձեր կասկածները հայտնելու և զանգի օրինականությունը պարզելու համար կարող եք նաև այցելել բանկ:   

Վիշինգ (Vishing)

Վիշինգի դեպքում զեղծարարները զանգահարում են «իրենց զոհերին» և ներկայանում որպես բանկի, զեղծարարությունների հետախուզման խմբի կամ ոստիկանության աշխատակիցներ: Հեռախոսազանգի ընթացքում փորձում են պարզել հաճախորդի ֆինանսական տվյալները, հաճախ՝ վարկային/դեբետային քարտի տվյալները (այդ թվում՝ PIN-կոդը), բանկային հաշվի և անձնական տվյալները՝ անունը, ազգանունը, ծննդյան ամսաթիվը և/կամ հասցեն: Այս տեղեկությունները հետագայում օգտագործվում են զոհի ֆինանսներին հասանելիություն ստանալու համար: 

Կանխավճար կամ «Խարդախություն 419»

Այս խարդախության դեպքում Դուք կարող եք անծանոթ անձանցից ստանալ նամակներ և էլ. հաղորդագրություններ, որտեղ Ձեզ կառաջարկեն խոշոր դրամական պարգև, եթե օգնեք դրամական միջոցների մեծ գումարներ փոխանցելու գործում, որպես կանոն ԱՄՆ դոլարով: Խոսքը կարող է գնալ տարբեր ծագում ունեցող միջոցների մասին՝ սկսած կորպորատիվ շահույթից, չծախսված պետական միջոցներից մինչև անժառանգ հանգուցյալ անձին պատկանող միջոցները: Զեղծարարները փորձում են իմանալ Ձեր բանկային տվյալները: Որպես կանոն, նամակն ստացողին խնդրում են վճարել որոշակի վճար/հարկ/կաշառք (կանխավճար)՝ գործարքն ավարտին հասցնելու համար: Սակայն բոլոր վճարված գումարները կորում են: 

Խարդախություն ներդրումների կամ բաժնետոմսերի վաճառքի միջոցով

Այս դեպքում զեղծարարները վաճառվում են արժեք չունեցող, կեղծ կամ ուռճացված գին ունեցող, սահմանափակ քանակով և սահմանափակ շուկաներում շրջանառվող բաժնետոմսեր՝ խեղաթյուրելով վաճառվող բաժնետոմսերի իրական բնույթը: Նման գործունեության միակ նպատակը ներդրողների ֆինանասական միջոցներին տիրանալն է: Բաժնետոմսեր վաճառող զեղծարարների հետ գործ ունենալու դեպքում հաճախորդն ամենայն հավանականությամբ կկորցնի ներդրված գումարները՝ առանց փոխհատուցման իրավունքի: 

Այս տեսակի հանցագործությունները շատ տարաբնույթ են, բայց բոլորին միավորում է մի քանի ընդհանուր հատկանիշ, որոնցից պետք է զգուշանաք: Դրանք են՝ 

  • Անսպասելի կապի հաստատում  
  • Առաջարկվող անիրատեսորեն բարձր եկամուտ՝ ցածր ռիսկ ունեցող ներդրումների դիմաց 
  • Գործարքի վավերության անկախ ապացույցների բացակայություն  
  • Արագ որոշում կայացնելու հորդոր
  • Գործարքի գաղտնիությունը պահպանելու խնդրանք 
  • Հետադարձ կապի համար տրամադրված անհասանելի հեռախոսահամարներ:

Ստեղնաշարային գողություն/տվյալների կորզում (keystroke logging)

Ցանկացած բան, որը տպում եք համակարգչում, կարող է գրանցվել և պահվել զեղծարարների կողմից: Դա հնարավոր է՝ թե՛ Ձեր համակարգչին հատուկ սարք կցելով, թե՛ տեղադրելով հատուկ ծրագիր, որը կաշխատի Ձեզ համար աննկատ: Տպվող տեղեկատվության կորզումը հաճախ կիրառվում է զեղծարարների կողմից անձնական տվյալներ, այդ թվում՝ գաղտնաբառեր գողանալու համար: Վերջերս ի հայտ եկած որոշ վիրուսներ կարող են նույնիսկ առանց Ձեր իմացության այդպիսի ծրագիր տեղադրել Ձեր համակարգչում:

Ստեղնաշարի միջոցով մուտքագրվող տվյալների կորզման վտանգը ավելի բարձր է մի քանի մարդու կողմից օգտագործող համակարգիչների պարագայում, ինչպես, օրինակ, ինտերնետ-սրճարաններում: Նորագույն հակավիրուսային և միջցանցային պաշտպանության ծրագրերը կարող են օգնել՝ ջնջելու վնասակար ծրագիրը մինչև դրա գործարկումը:  


Վիճակախաղ

Այս դեպքում Դուք ստանում եք նամակ կամ էլ. հաղորդագրություն, ըստ որի Դուք դարձել եք վիճակախաղի հաղթող: Փոխանցում կատարելու համար Ձեզ խնդրում են պատասխանել նամակին՝ նշելով Ձեր բանկային հաշվի տվյալները: Ձեզ նաև կարող են խնդրել վճարել սպասարկման կամ ձևակերպման վճար, որը Դուք, բնականաբար, հետ չեք ստանա: Ձեր կողմից տրամադրված ցանկացած տվյալ հետագայում կարող է օգտագործվել խարդախություն գործելու նպատակով:

Ֆարմինգ (Pharming)

Ֆարմինգը կիբերհանցագործության այն տեսակն է, երբ զեղծարարներն ստեղծում են կեղծ կայքեր՝ հույս ունենալով, որ մարդիկ սխալմամբ կայցելեն դրանք: Դա կարող է տեղի ունենալ, օրինակ, իսկական կայքի հասցեն տպելիս սխալ թույլ տալու դեպքում: Երբեմն զեղծարարներին հաջողվում է վերաուղղորդել իսկական կայքի այցելուներին իրենց ստեղծած կայք, ինչից հետո նրանք փորձում են գրանցել մուտքագրվող անձնական տվյալները: