Բանկային համակարգը կդառնա հուսալի, թափանցիկ և հասկանալի - Նորություններ | Ամերիաբանկ
My Ameria
ՆՈՐ
Մոբայլ բանկինգ
11Փտվ

Բանկային համակարգը կդառնա հուսալի, թափանցիկ և հասկանալի

2016թ. Հայաստանի բանկային համակարգի համար կդառնա կառուցվածքային փոփոխությունների, բանկային համակարգի կոնսոլիդացման և ամրապնդման տարի: Այս մասին «Tert.am»-ի թղթակցի հետ հարցազրույցում պատմեց «Ամերիաբանկ» ՓԲԸ Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

- Պարոն Հանեսյան, դատելով ամենից՝ 2016թ-ը կնշանավորվի Հայաստանի բանկային համակարգի համար: Որքա՞ն դինամիկ կլինի բանկային շուկայի փոփոխությունը, և Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն կլինի Հայաստանի բանկային համակարգը տարեվերջին:

2015թ. բավականին բարդ տարի էր Հայաստանի բանկային համակարգի համար: Դժվարությունները պայմանավորված էին նրանով, որ բանկային համակարգը ձգտում էր աճ ապահովել, որն այդպես էլ տեղի չունեցավ և դժվարությունները կապված էին բանկերի ակտիվների որակի հետ, որը դարձավ նախորդ տարվա գլխավոր խնդիրը: Բանկերը մեծ ծախսեր էին կրում՝ կատարելով մասհանումներ վարկերի հնարավոր կորուստների համար, և որպես հետևանք առաջացավ անհրաժեշտություն՝ լուծելու կապիտալի համարժեքության խնդիրը:

Անցյալ տարի մենք ականատես եղանք բանկերի միաձուլման երկու գործարքի, մի քանի բանկ համալրեցին իրենց կապիտալը: Այս գործընթացում կարևոր դեր խաղաց ՀՀ Կենտրոնական բանկի որոշումը` 2017թ.-ից նորմատիվային կապիտալի նվազագույն չափի բարձրացման վերաբերյալ:
Չնայած բոլոր դժվարություններին՝ իմ կարծիքով 2015թ-ին բանկերը լավ հիմք նախապատրաստեցին հետագա գործունեության համար: 2016թ.-ին մենք ակնկալում ենք ակտիվների որակի առումով առավել կայուն իրավիճակ: Չեմ կարծում, որ 2016թ.-ին արժե սպասել բանկային համակարգի աճի բարձր ցուցանիշներ, այս տարվա խնդիրն ամենևին դա չէ, այլ բանկային համակարգի կոնսոլիդացումն ու ամրապնդումը: Դրական շարժ կնկատվի խնդրահարույց ակտիվների իրացման և լիկվիդացման ուղղությամբ, կարագանա բանկերի խոշորացման գործընթացը, քանի որ բանկերի կեսի կապիտալը չի համապատասխանում Կենտրոնական բանկի նոր նորմատիվի պահանջներին, կաճեն ձեռքբերումների և միաձուլումների գործարքները: Արդյունքում` 2016թ.-ի վերջին բանկերի կապիտալի նվազագույն չափի ցուցանիշը կաճի, բանկային համակարգը հաճախորդների ու բաժնետերերի համար կդառնա ավելի հուսալի, թափանցիկ և հասկանալի:

- Չնայած բարդ տնտեսական իրավիճակին՝ Ամերիաբանկը 2015թ.-ին բոլոր հիմնական ցուցանիշներով աճ դրսևորեց, իսկ բանկի ակտիվները գերազանցեցին 1 մլրդ դոլարը: Ինչպե՞ս է դա ձեզ հաջողվում, և աճի ի՞նչ նոր հնարավորություններ է ստեղծում ՎԶԵԲ-ի և IFC-ի մասնակցությունն Ամերիաբանկի կապիտալում:

Մենք միշտ գնահատում ենք շուկայում տիրող իրավիճակը երկարաժամկետ զարգացման տեսանկյունից և փորձում ենք լուծել բոլոր կարճաժամկետ հարցերն ու խնդիրները՝ հաշվի առնելով այն նպատակային ցուցանիշները, որոնց ցանկանում ենք հասնել երկարաժամկետ հեռանկարում: Նման բարդ իրավիճակներում ամենակարևոր առավելությունը թիմի համախմբվածությունն ու պրոֆեսիոնալիզմն է: Չնայած՝ բանկի հիմքում միայն թիմը չէ, այլև ներքին նորմատիվային բազան, ռիսկերի կառավարումը, կորպորատիվ կառավարումը, որոշումների ընդունման կարգը: Իհարկե, բարենպաստ տարիներին դժվար չէ աճ ապահովել, արագ տեմպով զարգանալ, ավելացնել ակտիվներն ու պարտավորությունները, սակայն ընկերության իրական արժեքը երևում է ճգնաժամի ժամանակ: Հենց այդ ժամանակ է պարզ դառնում, թե որքանով է կայուն բանկի հիմքը, և արդյոք այն թույլ է տալիս դիմակայել տարբեր մարտահրավերների: Չնայած նրան, որ 2015թ. ամենահաջող տարին չէր, մենք շարունակեցինք վարկավորումը և ֆինանսավորեցինք գրավիչ ու մեր կարծիքով ցածր ռիսկային նախագծեր:
Մեր ակտիվները հատել են 1 մլրդ դոլարի սահմանը, ինչը շատ կարևոր է մեզ համար, և կարծում եմ, որ սա խորհրդանշական է ընդհանուր բանկային համակարգի համար: Մենք նաև շարունակեցինք միջազգային ֆինանսական կառույցների հետ մեր համագործակցությունը: Նախորդ տարի կնքեցինք ֆինանսավորման ներգրավման երկու գործարք՝ 20 մլն դոլար՝ ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի (OFID) հետ, և 25 մլն դոլար՝ Նիդեռլանդների զարգացման բանկի (FMO) հետ: Այդպիսով, մենք 45 մլն դոլար ներգրավեցինք Հայաստանի տնտեսության հետագա վարկավորման համար: Իսկ ՎԶԵԲ-ի և IFC-ի հետ կնքված գործարքների շնորհիվ այդ թիվն աճեց 90 մլն դոլարով, որից 40 մլն դոլարն Ամերիաբանկի կապիտալում ՎԶԵԲ-ի ուղղակի ներդրումն է, իսկ 50 մլն դոլարը՝ IFC-ի կողմից դեռ 2015թ.-ի դեկտեմբերին ամբողջությամբ տրամադրված ստորադաս փոխառությունը: Մենք ստեղծել ենք բոլոր նախապայմանները բանկի հետագա աճի և Հայաստանի տնտեսության իրական հատվածի վարկավորման համար:

- Բիզնեսի զարգացման ի՞նչ պլաններ ունեք նշված գործարքների հետ կապված:

ՎԶԵԲ-ի և IFC-ի հետ գործարքների կնքումից հետո բանկի կապիտալն աճեց 90 մլն դոլարով, այսինքն՝ գրեթե կրկնակի, ինչը մեզ հնարավորություն է տալիս ներգրավել 500 մլն դոլար, այդ թվում նաև միջազգային ֆինանսական կազմակերպություններից: Դա իհարկե չի նշանակում, որ մենք մտադիր ենք ներգրավել այդ 500 մլն դոլարն ընթացիկ տարում, քանի որ նշված միջոցները դեռ պետք է տեղաբաշխել շուկայում: Միջոցների ներգրավմանը զուգահեռ՝ մենք պետք է ավելացնենք իրական հատվածի վարկավորումը: Մենք պլանավորում ենք վարկավորել ամենախոշոր հարկատուներին, մեծացնել ՓՄՁ-ների, ինչպես նաև մանրածախ վարկավորման ծավալները:

- Միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ ձեր համագործակցությունը որքանո՞վ կարող է ազդել վարկավորման ոլորտում բանկի գնային քաղաքականության վրա:


Բանկի գնային քաղաքականությունը կախված է մի քանի գործոններից: Առաջին հերթին, եթե խոսենք արտաքին շուկաներում փոխառությունների մասին, դա ԼԻԲՈՐ տոկոսադրույքն է, երկրորդ գործոնը՝ սուվերեն վարկային վարկանիշը (երկրի ռիսկ), իսկ երրորդ գործոնը՝ կորպորատիվ ռիսկը: ՎԶԵԲ-ի բաժնեմասնակցությունը Ամերիաբանկի կապիտալում և IFC-ի հետ կնքված գործարքը դրականորեն են ազդում իմ թվարկած գնագոյացման բաղադրիչներից երրորդի՝ կորպորատիվ ռիսկի վրա: ԼԻԲՈՐ տոկոսադրույքը ներկայումս աճում է, իսկ երկրի ռիսկն անփոփոխ է: Այդ պատճառով բանկի գնային քաղաքականության մեջ կտրուկ փոփոխություններ չեն սպասվում՝ ոչ աճի և ոչ էլ նվազման ուղղությամբ:


- Նշված գործարքներից հետո Բանկի ընդհանուր կապիտալը հնարավորություն է տալիս զգալիորեն մեծացնել վարկային պորտֆելը: Միաժամանակ, վարկավորման շուկայի ներկայիս իրավիճակն այնքան էլ բարենպաստ չէ: Հայկական շուկան ձեզ համար նեղ չի՞ դառնում, նախատեսում եք արդյոք դուրս գալ այլ շուկաներ:

Ներքին շուկայում նման ծավալի ֆինանսական միջոցների տեղաբաշխումն այն պարագայում, երբ դեռևս ակտուալ են հայկական ընկերությունների վարկունակության, կենսունակության խնդիրները, իհարկե, բարդ է: Բայց դա չի նշանակում, որ ներքին շուկա չկա: Այն կա, և մենք կենտրոնանում ենք վարկավորման ներքին շուկայի զարգացման վրա: Կան մի քանի խոշոր նախագծեր, որոնք պետք է իրականացվեն Հայաստանում, այդ թվում նաև մեր վարկերի միջոցով: Մենք նաև մտադիր ենք պայմաններ ստեղծել ՓՄՁ վարկավորման աճի համար: Դա հնարավոր է իրականացնել ոչ միայն տոկոսադրույքների իջեցման հաշվին, այլև պոտենցիալ վարկառուների նկատմամբ պահանջների վերանայման, մասնավորապես՝ ապահովության միջոցի, ընկերության հաշվետվողականության նկատմամբ ներկայացվող պահանջների մեղմացման, վարկային հայտերի ուսումնասիրության ժամկետների կրճատման և այլ քայլերի միջոցով: Մեխանիզմներն առկա են, և ես վստահ եմ, որ դրանք կհանգեցնեն դրական արդյունքի: Շնորհիվ նշված քաղաքականության՝ մենք կմեծացնենք մեր վարկային պորտֆելը նվազագույնը 100 մլն դոլարով: Բացի այդ, մենք նախատեսում ենք այլ բանկի ձեռք բերման գործարք իրականացնել և կարող ենք օգտագործել առկա ռեսուրսները նաև այդ նպատակով:
Ինչ վերաբերում է տարածաշրջանային շուկա մուտք գործելուն, մենք ունենք և միշտ էլ ունեցել ենք նման ծրագրեր: Բայց ամեն ինչ կախված է իրավիճակից, շուկայի զարգացման միտումներից և առկա առաջարկներից: Եթե ստանանք տարածաշրջանում՝ մասնավորապես Վրաստանում բանկ գնելու առաջարկ, մենք պատրաստ ենք դիտարկել նաև այդ հնարավորությունը: Մեզ համար այդ հարցը փակված չէ: Բայց մենք նախընտրում ենք ներքին շուկայում բանկ ձեռք բերել և հետո միայն դուրս գալ տարածաշրջանային շուկա:

 

tert.am