«2009 թ. մարտի 8-ին ամուսնուցս նվեր ստացա. բացեցի այն և տեսա 4 միակողմանի տոմս դեպի Երևան: Սա սկիզբն էր»:

Երևանից Մոսկվա բնակության մեկնած, այնուհետև կրկին Երևան վերադարձած, երկու տղաների մայր, հրաշալի կին, աշխատասեր ու հմուտ մասնագետ Մարիաննա Վասիլյանը կպատմի մեզ այն մասին, թե որքան կապված է Հայաստանին, ինչ է նշանակում լինել լավ քաղաքացի և Հայաստանի բանկային համակարգի առաջատարը համարվող Ամերիաբանկի «Կամար» մասնաճյուղում աշխատել որպես Հաճախորդների սպասարկման բաժնի ղեկավար:

 

Դուք ծնվել և մեծացել եք Երևանում: Կարո՞ղ եք պատմել Ձեր կյանքի այդ հատվածի մասին:

- Այո, ես ծնվել և մեծացել եմ Երևանում: Ունեցել եմ շատ ուրախ և աշխույժ մանկություն երկու ավագ եղբայրներիս կողքին, ովքեր ինձ մշտապես խրախուսել են փորձել նորը և վայելել կյանքն իր ողջ գույներով: Այստեղ եմ ավարտել դպրոցս և ընդունվել համալսարան: Շատ հետաքրքիր կյանք եմ ունեցել: Անկեղծ ասած, կարծում եմ, որ ընտանիքիս տված սերն ու հսկայական աջակցությունն են ձևավորել իմ կյանքն ու Երևանի մասին հուշերը: Այնպես որ, Երևանում իմ կյանքը մի քանի բառով կարող եմ նկարագրել որպես «տաք, արևոտ և երջանիկ»:

 

Ձեր ընտանիքը 2001թ. մեկնել էր Մոսկվա: Ձեզ համար դժվար չէ՞ր արդյոք մեկնելու որոշում կայացնել:

- Ընտանիքիս մի մասը մինչև իմ մեկնելն էր տեղափոխվել: Այսպիսով, Մոսկվան մեզ համար անծանոթ վայր չէր: Բացի այդ, ես շատ լավ ռուսերեն գիտեի, ինչի շնորհիվ ավելի շուտ և հեշտ հարմարվեցի: Այնուամենայնիվ, Մոսկվայի պես գերակտիվ քաղաքում մշտապես բնակվելը բոլորովին այլ զգացողություն է: Ես կարոտում էի Երևանն ու նրա հանգստությունը, սակայն նույնիսկ հույզերին տրվելու ժամանակ չկար: 

 

Ինչպե՞ս սկսվեց Ձեր աշխատանքային ուղին Մոսկվայում:

- Ես իմ աշխատանքային ուղին սկսել եմ ռուսական ներդրումային ընկերությունում որպես տեղեկատու, և չէի էլ կարող պատկերացնել, թե այն ինձ ուր կարող էր տանել: Մի քանի ամիս անց ինձ առաջարկեցին դառնալ նույն ընկերությունում գործադիր տնօրենի օգնականը: Եվս մի քանի ամիս հետո այնտեղ հանդիպեցի ամուսնուս: Այսպիսով, իմ առաջին աշխատավայրում սկսեցի փորձ հավաքել, սովորել առաջատար մասնագետներից. այն առանցքային դեր ունեցավ իմ հետագա աշխատանքային ուղին ճիշտ կառուցելու համար, ինչպես նաև հանդիպեցի կյանքիս ողջ սիրուն: Մոսկվայում ևս մեկ հրաշալի հնարավորություն ունեցա բանկային ոլորտում աշխատելու, սկզբում՝ որպես վարկային մասնագետ, իսկ կարճ ժամանակ անց՝ որպես տարածաշրջանային վարկային քաղաքականության և VIP հաճախորդների գծով առաջատար մասնագետ: 

 

Անդրադառնանք հայրենիք վերադարձին: Նման քայլ անելու համար ճի՞շտ ժամանակն էր: 

- Ես գիտակցում էի, որ վաղ թե ուշ ես և ամուսինս վերադառնալու էինք Հայաստան, քանի որ մեր վերջնական նպատակը միշտ էլ դա է եղել: Երբ ծնվեց մեր առաջնեկը, ամուսինս սկսեց դիտարկել աշխատանքային այնպիսի առաջարկներ, որոնք թույլ կտային մեզ վերադառնալ Երևան: Իսկ երբ ծնվեց մեր երկրորդ տղան, մենք հստակ գիտեինք, որ չենք պատրաստվում նրանց մեծացնել Մոսկվայում: 2009թ., երբ ամուսինս հիանալի աշխատանքային առաջարկ ստացավ, մենք կայացրինք Հայաստան վերադառնալու վերջնական որոշումը: Սկզբում եկավ նա, և պայմաններ ստեղծեց, որ ընտանիքը վերադառնա Հայաստան: 2009թ. մարտի 8-ին ամուսնուցս նվեր ստացա, բացեցի այն և տեսա 4 միակողմանի տոմս դեպի Երևան: Սա սկիզբն էր:

 

Ինչպիսի՞ն է Ձեր կյանքը Հայաստանում:

- Ես հաջողությամբ կարողանում եմ համատեղել անձնական կյանքս և աշխատանքս, մեծացնել տղաներիս, հանդիպել ընկերներիս և բարեկամներիս, մի խոսքով՝ ապրել լիարժեք: Երևանում ապրելով՝ կարողանում եմ մեկ օրում այնքան բան հասցնել, որի համար Մոսկվայում ինձնից մեկ շաբաթ կպահանջվեր: Ամեն ինչ մոտիկ է և հարմար: Կարող ես առևտուր անել մեկ ժամ ընդմիջման ընթացքում՝ առանց որևէ սթրեսի: 40 րոպե, և դու բնության գրկում ես: Հանգստյան օրերդ անցկացնում ես երեխաներիդ հետ, զվարճանում, հանդիպում ընկերներիդ, հարազատներիդ և այլն: Աշխատանքային օրերդ հագեցած են գործնական հանդիպումներով, ոգեշնչող աշխատանքով և ամեն օր լավագույնը ստեղծելու  ձգտումով: Կարծում եմ մեգապոլիսներից եկող հայրենադարձները լիովին կհասկանան, թե ինչի մասին է խոսքը: Երևանում մեկ օրը կարող է շատ ավելի արդյունավել լինել, քան մեգապոլիսում մեկ շաբաթը: Վստահեցնում եմ: 

 

Որպես միջին վիճակագրական քաղաքացի՝ ինչպե՞ս կբնութագրեք Հայաստանում ապրելու դրական և բացասական կողմերը: 

- Ես կնշեմ 3 դրական և 3 բացասական կողմ: Առաջին դրական կողմն այն է, որ կարող ես երեխաներիդ մեծացնել՝ առանց նրանց մշտապես հետևելու: Երեխաներս այստեղ ազատ են, կարող են գնալ ուր ցանկանան, և ես ՉԵՄ ԱՆՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ նրանց համար: Նրանք ունեն լավ ընկերներ, հետաքրքիր հոբբիներ և ինքնարտահայտվելու ազատություն: Մենք ստիպված չենք մշտապես աշխատել պահպանել նրանց ինքնությունը, ստիպել, որ սովորեն իրենց մշակույթը, լեզուն: Երկրորդ դրական կողմը, ինչպես նշեցի, առօրյայի հարմարավերությունն է: Մեր երկիրը փոքր է, ուստի բոլոր պահանջները հնարավոր է շատ արագ բավարարել: Երրորդ դրական կողմն այստեղ ապրող մարդիկ են: Մենք շրջապատված ենք առատաձեռն, խելացի, դրական և հոգատար մարդկանցով: Երևանում ապրող մարդիկ շատ շփվող են և միշտ պատրաստ են նոր ընկերներ ձեռք բերել: 

Բացասական կողմերը դժվար կլինի թվարկել, բայց ես կփորձեմ: Կուզեի ավելի մաքուր տեսնել մեր քաղաքը: Մաքրություն տեսնել ամենուր՝ փողոցներում, սարերում, այգիներում և լճերում, բայց դա պահանջում է բոլորիս ջանքերը: Ո՞վ է պատասխանատու մեր երկրի համար, եթե ոչ մենք: Եթե ես փողոցում զբոսնելիս աղբ եմ նկատում, ես այն բարձրացնում և նետում եմ աղբամանը: Այո, այն փողոցում է, ոչ իմ տանը, բայց մեզանից յուրաքանչյուրը պիտի վերաբերվի մեր երկրին այնպես, ինչպես սեփական տանը: Երկրորդը, որը կուզեի նշել Երևանում կանաչ տարածքների սակավությունն է: Մեզ անհրաժեշտ են զբոսայգիներ, շատ զբոսայգիներ: Կցանկանայի, որ հանգստի, հետաքրքրիր ժամանցի վայրերը, խաղահրապարակները շատ լինեին, ունենայինք հետաքրքիր և ինտերակտիվ թանգարաններ, և այլն: 

 

Դուք աշխատում եք Ամերիաբանկում, որը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է: Ի՞նչ է տալիս այս աշխատանքն արդեն իսկ մեծ փորձառություն ունեցող մասնագետին: 

- Իմ բախտը բերել է: Ես աշխատում եմ մի միջավայրում, որը շատ մոտ է սրտիս: Գործարար վարվելակերպի կանոններն այստեղ յուրահատուկ և օրինակելի են ինձ համար. դրանցով ես միշտ հիանում եմ: Ընկերության բոլոր օղակներում իշխում է հարգանքի ու փոխադարձ վստահության մթնոլորտը, և սրանք պարզապես բառեր չեն: Յուրաքանչյուրի կարծիքը կարևոր է: Սա գործարար էթիկայի հիմնական և ինձ համար ամենակարևոր բաղադրիչն է: Սա պարզապես մի մեծ ընկերություն չէ, ուր գալիս ես, աշխատում, լրացնում քո ինքնակենսագրականը և շարժվում առաջ: Սա «կենդանի հսկա է», որը ցավ է զգում նույնիսկ, եթե ասեղը դիպչի նրա մատին: Այս կառուցվածքը թույլ է տալիս ինձ մշտապես «արթուն» պահել առաջնորդելու իմ հմտությունները, որպեսզի թիմից եկող և ոչ մի ազդակ անուշադրության չմատնվի: 

Ամերիաբանկում իմ աշխատանքի հաջորդ գրավիչ կողմը, որը ես ամենաշատն եմ գնահատում, այն է, որ մեր բանկը ստեղծված է մարդկանց կողմից մարդկանց համար: Անհատական սպասարկում, ժամանակակից մոտեցումներ, հարգանք բոլոր հաճախորդների հանդեպ, մշտապես զարգացող և բարելավվող թվային համակարգեր, առաջարկներ և հմտություններ: Այս «հսկան» աշխատելու, լավագույնին ձգտելու և զարգանալու մեծ եռանդ է տալիս մեզ: Կարծում եմ, որ տրված հարցի հակիճ պատասխանը սա է, չնայած ես կարող եմ անդադար խոսել այս մասին: 

  

Շնորհակալություն, որ մեզ ժամանակ տրամադրեցիք: Կարծում եմ՝ Հայաստան վերադառնալ ցանկացող մեր ընթերցողները հաշվի կառնեն այն ամենը, ինչ թվարկեցիք:

- Ձեզ էլ շնորհակալություն: Մեկ խորհուրդ այն մարդկանց, ովքեր ցանկանում են հայրենիք վերադառնալ. երկար մի մտածեք: Կարող եք դիմել «Վերադարձ Հայաստան» հիմնադրամ, ստեղծել ձեր նոր միջավայրը, դիմել թափուր հաստիքների համար առցանց և տեղափոխվել Հայաստան: Բոլորիդ հաջողություն եմ մաղթում: 

 

Աղբյուրը` https://repatarmenia.org/