«Արեք առաջին քայլը: Եկեք Հայաստան ու հաճելիորեն կզարմանաք: Հետո կարող եք որոշել հետագա քայլերը, բայց ձեր որոշումը կլինի հիմնավորված»

Արտյոմ Շամցյանը ծնվել է Հայաստանում, բայց վաղ հասակից ճանապարհորդել է, բնակվել տարբեր երկրներում, անգամ երկու տարի դպրոց գնացել Ալժիրում: «Սթրեսը մեծ էր, բայց հիմա հասկանում եմ, որ հենց այդ սթրեսն էր ինձ օգնում հարմարվել նոր միջավայրին: Հիմա ես կարող եմ ոչ միայն հարմարվել, այլև հաջողության հասնել ցանկացած միջավայրում»:

Միգուցե այս պատճառով է, որ Արտյոմի պատկերացումները հայրենադարձության մասին մի փոքր այլ են: «Ես սովորաբար չեմ պլանավորում ապագան: Երբ բավականաչափ հասուն էի ինքնուրույն որոշումներ կայացնելու համար, ինքս ինձ հարց էի տալիս` ի՞նչն է ամենալավն ինձ համար տվյալ պահին: Օրինակ, երբ ժամանակը եկավ, հասկացա, որ բարձրագույն կրթություն ստանալու համար Հայաստանը շատ լավ ընտրություն է»:

 

Արտյոմն ավարտեց Հայաստանի ազգային ճարտարագիտական համալսարանի բակալավրիատն ու մագիստրատուրան, այնուհետև տեղափոխվեց ԱՄՆ` ուսումը շարունակելու Նյու-Յորք նահանգի Ռոչեսթըր քաղաքում: Նրա գործնական մոտեցման շնորհիվ Հայաստանում բացվեց առաջին աութսորսինգային ընկերություններից մեկը, որտեղ Արտյոմն աշխատեց 2005-2010թթ.: Հետո կյանքի ու աշխատանքի բերմամբ Արտյոմը տեղափոխվեց Ղազախստան, որտեղ համագործակցում էր պետական համակարգի հետ, ղեկավարում էլեկտրոնային կառավարման կենտրոնը: Ղազախստանից հետո Արտյոմը մի քանի տարի բնակվեց Բոստոնում, բայց որտեղ էլ նա լիներ, պահպանում էր կապն արմատների հետ: «Ամեն անգամ, երբ տեղափոխվում էի նոր քաղաք, առաջին բանը հայկական եկեղեցի փնտրելն էր, հայ համայնքի հետ կապ հաստատելը, ու տվյալ քաղաքում բնակվելու ընթացքում գրեթե միշտ շփվում էի հայրենակիցներիս հետ: Օրինակ, Ռոչեսթըրի պես քաղաքում, որտեղ համայնքը փոքր է, քեզ նայում են որպես մի մարդու, որ կարող է պատմել Հայաստանի մասին»: 

 

Ամերիաբանկի մասին Արտյոմը լսել էր դեռ Բոստոնում: Չնայած, որ արդեն որոշել էր ընտանիքի հետ Հայաստան տեղափոխվել, աշխատանք դեռ չէր փնտրում: Ամեն ինչ եղավ հանպատրաստից, բայց երբ աշխատանքի անցավ Ամերիաբանկում, գործն ընկավ բնական հունի մեջ. Արտյոմը հասկացավ, որ Ամերիաբանկն իր համար ճիշտ կազմակերպությունն է, և ինքն էլ կարող է օգուտ բերել բանկին:

Այժմ Արտյոմը Ամերիաբանկի Ինովացիաների և թվայնացման գծով տնօրենն է: Նախքան նրա գալը բանկում ո՛չ նման դեպարտամենտ կար, ո՛չ հաստիք: Արտյոմը կառուցեց բաժինը զրոյից` ի մի բերելով տարբեր ստորաբաժանումներով մեկ ցրված գործառույթները: Նրա գալով Ամերիաբանկում հիմնվեց ինովացիաների և թվայնացման միասնական կենտրոնացված դեպարտամենտ: Սա աննախադեպ քայլ է Հայաստանում` զրոյից ստեղծել ինքնաբավ, ավտոնոմ ֆինանսատեխնոլոգիակական կենտրոն: Ավելին, այդ կենտրոնը սահմանափակված չէ ավտոմատացման ներքին գործընթացներով, այլ ակտիվորեն փնտրում է շուկան հեղափոխող նոր պրոդուկտներ ու ծառայություններ, ինչն ինքնին շատ հետաքրքրիր ու մոտիվացնող է:  

 

«Ընդհանուր առմամբ, շատ գոհ եմ աշխատանքիցս, ու մեծ մասամբ դա գործընկերներիս շնորհիվ է: Այստեղ բոլորը հավատում են, որ միասին կարող ենքշատ բան փոխել: Հենց սա էլ կուզեի շեշտել, ու հրավիրել սփյուռքի մեր հայրենակիցների, առհասարակ բոլոր մարդկանց ուշադրությունը սրա վրա` որքան հնարավորություններ կան Հայաստանում, Ամերիաբանկում: Իմ օրինակը նման մասշտաբով աշխատելու մի հնարավորություն է, բայց Հայաստանն այսօր կարիք ունի մարդկանց, որ կզբաղեցնեն նման պատասխանատու պաշտոններ»:

 

Արտյոմի խոսքով` աշխատանքը պետք է օգուտ բերի ոչ միայն իրեն և բանկին, այլև երկրին, պետությանը: «Այսօր Ամերիաբանկը կարևոր դեր է խաղում Հայաստանի համար բարիք ստեղծելու գործում, ու ես ուզում եմ իմ ներդրումն ունենալ»:

 

Աշխատանքից դուրս Արտյոմն ակտիվորեն զբաղվում է ընտանիքով ու երեք զավակներով: Նրա խոսքով` Հայաստանը շատ լավ երկիր է` երեխաներին մեծացնելու համար, իսկ այն հնարավորությունները, որ երեխաներն ունեն այստեղ, Հայաստանի մեծ առավելություններից մեկն են: «Հայաստանում ապրելը լավ է: Այնքան նոր բան է ստեղծվում, այնքան հնարավորություն կա` ինչ-որ բան փոխելու, անհամեմատ ավելի շատ, քան այլուր»: 

 

Եթե ցանկանում եք անձնական հաջողության հասնել և օգտակար լինել երկրին, Հայաստանից լավ վայր չկա: Այստեղ ինչ անում ես, անում ես քո երկրի ու ժողովրդի համար: Այլ երկրներում, օրինակ, ԱՄՆ-ում, ինչ բարձունքների էլ հասնես, չկա բավարարվածության, արժեք ստեղծելու զգացումը:Բոլոր նրանց, ովքեր մտածում են Հայաստան տեղափոխվելու մասին, Արտյոմը խորհուրդ է տալիս նախ անձամբ այցելել Հայաստան, տեղում ծանոթանալ երկրին:Մեր դարում հնարավոր է գտնել ցանկացած տեղեկություն, բայց տեղում ամեն ինչ տեսնելն ուրիշ է: Բոլորը միշտ հիանում են Հայաստանի համեղ սնունդով ու գեղատեսիլ բնությամբ, բայց դա ամենը չէ, կան բաներ, որ պարզապես աննկարագրելի են: Ահա այդ յուրահատուկ, աննկարագրելի հատկանիշներն են` միջավայրը, հյուրասիրությունը, որ ձգում են մարդկանց:

 

«Արեք առաջին քայլը: Եկեք Հայաստան ու հաճելիորեն կզարմանաք: Հետո կարող եք որոշել հետագա քայլերը, բայց ձեր որոշումը կլինի հիմնավորված»:

 

Աղբյուրը` www.repatarmenia.org