«Այն, ինչ պիտի լիներ պարզապես հետաքրքիր ուղևորություն, դարձավ ամբողջ հետագա կյանքիս հիմքը»

Ի՞նչն է նպաստում երիտասարդների հայրենադարձությանը: – Արազ Քեքեջյան

Ի՞նչն է Հայաստանը գրավիչ դարձնում երիտասարդների համար, դրդում նրանց վերադառնալ հայրենիք ու ամբողջովին փոխել կյանքը: Ի՞նչն է նրանց կապում Հայաստանի հետ: Որտե՞ղ են նրանք սովորում, աշխատում, ի՞նչ ներդրում ունեն երկրի կյանքում:

Այս և այլ հարցերի պատասխաններն ստացանք Արազ Քեքեջյանի հետ հարցազրույցի ընթացքում: Արազը ծնունդով Բեյրութից է, 2016թ-ից բնակվում է Հայաստանում, ներկայումս աշխատում է որպես նախագծերի ղեկավար «Վերադարձ Հայաստան» (Repat Armenia) հիմնադրամի գործընկեր Ամերիաբանկում: 

Սովորել է հայկական դպրոցում, ակտիվորեն մասնակցել հայ համայնքի կյանքին: Լիբանանի համալսարանում ուսումնասիրել է ինֆորմատիկա` միաժամանակ աշխատելով տարբեր կազմակերպություններում: 

 

Արազ, կպատմե՞ս Բեյրութի հայ համայնքի հետ քո կապի մասին:

Համայնքի կյանքին ես մասնակցում էի վաղ հասակից, հատկապես ակտիվ էի սկաուտական ջոկատներում: Սա մեծ դեր խաղաց իմ ինքնազարգացման մեջ: Համայնքի շնորհիվ ես ձեռք բերեցի ամենակարևոր գործիքներից մեկը` սկսեցի մտածել և խոսել հայերեն, ծանոթացա Հայաստանի պատմությանը, մշակույթին, նիստուկացին` հպարտանալով, որ հայ եմ:

Ամենավաղ հասակից շարունակ լսում ու խոսում էի Հայաստանի մասին, ու հենց սրա շնորհիվ է, որ չնայած նրան, որ կրթությունս նաև արաբերեն ու ֆրանսերեն էր, մտածում էի միշտ հայերեն: Ինձ միշտ ձգում էր Հայաստանը, թեպետ երբեք այնտեղ չէի եղել: Հայ լինելն ինձ համար մեծ պատիվ էր ու միաժամանակ մեծ պատասխանատվություն: 

Երեկ առիթ ունեցա շփվելու ռուսաստանցի հայրենադարձի հետ: Նա եղել էր տարբեր երկրներում ու հիացած էր, թե ինչպես են Մերձավոր Արևելքում բնակվող հայերը հպարտանում իրենց ծագումով, ինչպիսի պատասխանատվությամբ են մոտենում իրենց պատմությանն ու ավանդույթներին: Ըստ նրա` Եվրոպայում և Ամերիկայում բնակվող հայերի մեջ չկա այդ պատասխանատվությունը: Հետաքրքիր է, չէ՞: Եթե մի կողմ դնենք հոգևոր կապը, ի՞նչն ստիպեց քեզ տեղափոխվել Հայաստան: 

Ասեմ, որ նույն բանը ես էլ եմ տեսել: Լիբանանում մենք մեզ համարում ենք լիբանանահայ, միշտ ընդգծում մեր ծագումը: Իսկ օրինակ Ֆրանսիայում մարդիկ իրենց համարում են ֆրանսիացի, անգամ ոչ թե պարզապես Ֆրանսիայի քաղաքացի, այլ ֆրանսիացի: Ոչ ոք չի հարցնում, թե ծագումով որտեղից ես: Շրջապատի մարդիկ քեզ նույնպես ընկալում են որպես ֆրանսիացու. շատ տարբեր մշակույթ է: Ինչ վերաբերում է տեղափոխվելուս, դա ճակատագրի նման մի բան է: Ես մտածում էի, որ եթե մնամ արտասահմանում, օտարազգիներին հանդիպելու հավանականությունն ավելի բարձր է, ավելի հավանական է նաև, որ ընտանիք նույնպես կկազմեմ օտար ազգի ներկայացուցչի հետ, իսկ դա նշանակում էր, որ հետագա ամբողջ կյանքս կարող էր այլ կերպ դասավորվել: Որոշեցի դիմել «Դեպի Հայք» կազմակերպությանը, մի ամբողջ տարի անցկացրի Հայաստանում ու պարզապես սիրահարվեցի մեր երկրին: Ժամանելուս օրը լիովին նոր մի բանի սկիզբն էր, որը տարբերվում էր այն ամենից, ինչ դրանից առաջ էր: Ես լի էի էներգիայիով, կարծես նոր մարդ լինեի: Այդ բոլոր զգացմունքները դեռ բավական չէին, որ որոշեի մշտապես հաստատվել Հայաստանում, բայց մյուս կողմից, ես ավարտել էի ուսումս, աշխատանքից դուրս եկել ու «Դեպի Հայք»-ի հորդորով գնել միակողմանի տոմս դեպի Հայաստան: Ի սկզբանե նախատեսում էի մնալ մոտ տասն ամիս, բայց այդ ընթացքում բացվեցին այնքան հնարավորություններ, որ սկսեցի մտածել ապագայիս մասին: Այն, ինչ պիտի լիներ պարզապես հետաքրքիր ուղևորություն, դարձավ ամբողջ հետագա կյանքիս հիմքը: 

 

Կպատմե՞ս «Դեպի Հայք»-ի հետ աշխատելու մասին: Ինչպիսի՞ն էր առաջին ամիսը: Ինչպիսի՞ն էր վերջին ամիսը: Ի՞նչը դրդեց քեզ հաստատվել Հայաստանում, որո՞նք էին այն հնարավորությունները, որոնք նշեցիր: Արդյո՞ք Հայաստանում մնալու որոշումը միանգամից, հանպատրաստից կայացված որոշում է, թե՞ այն գիտակցելու համար ժամանակ պահանջվեց:

Երբ եկա Հայաստան, զգացմունքները խեղդեցին ինձ, չեմ էլ կարող բացատրել, թե ինչ եղավ: Ես հանդիպում էր նոր մարդկանց, սփյուռքահայերի, ինձ հյուրընկալել էր հայ ընտանիք, որի հետ շատ ժամանակ էի անցկացնում... Շատ հուզառատ շրջան էր: Հուզառատ ու հագեցած, մեկը մյուսի հետևից նոր զգացմունքներ, նոր տպավորություններ... Գիտեի, որ կարող էի ամենասկզբում որոշել Հայաստանում մնալ, չնայած կասկածներ, իհարկե, ունեի: Ես չգիտեի` ինչ անել, դա մի շրջան էր, երբ ապրում էի Լիբանանի ու Հայաստանի միջև: Ծնողներս շարունակ հարցնում էին` ինչ եմ որոշել, ես էլ խնդրում, որ ինձ էլի ժամանակ տան: Երբ կամավոր աշխատանքիս ժամկետն արդեն մոտենում էր ավարտին, սկսեցի հետաքրքրվել մագիստրատուրայի ծրագրերով: Հենց այդ ժամանակ Ամերիկյան համալսարանում բացվել էր նոր ծրագիր, որն ինձ շատ հետաքրքրեց` Data Science` տվյալների գիտություն, ու ես որոշեցի, որ դա նշան է: Ընտրություն կատարելու ճիշտ պահն էր: 

Ինչպե՞ս հայտնվեցիր Ամերիաբանկում: Ի՞նչ տվեց քեզ Ամերիաբանկը: Ինչո՞վ ես զբաղվում հիմա:

Ես տվյալների արտածման (data mining) վերաբերյալ դասընթաց էի վարում Girls in Tech ՀԿ-ում: Ինչն է Հայաստանում շատ լավ,  որ կարող ես մարդկանց հետ շատ հեշտ շփման եզրեր գտնել: Դասընթացի համար հրապարակել էի անձնական տվյալներս, որից հետո ինձ զանգահարեցին ու ասացին, որ իմ տվյալներն իրենց շատ հետաքրքրել են: Հետո ինձ հրավիրեցին հարցազրույցի, որն անցավ շատ հաճելի և անմիջական մթնոլորտում: Հիմա ես նախագծերի ղեկավար եմ, թիմով մշակում ենք նոր չաթբոթ, լեզվի մշակման համակարգ, որն աշխատում է հայերեն: Մեր հիմնական ռազմավարությունը կառուցվում է Agile մեթոդի ու մեծ տվյալների շուրջ: Մեր գործը նման է ստարթափի` աշխատում ենք մեքենայական ուսուցման մասնագետների, Full-Stack ծրագրավորողների հետ.... Ի դեպ ասեմ, որ ի սկզբանե ես մտադիր չէի բանկում աշխատել, քանի որ կրթությունս տեխնիկական է: Բայց հիմա հասկանում եմ, որ ճիշտ ընտրություն եմ կատարել, քանի որ Ամերիաբանկը զարգանում է թվային ուղղությամբ: Երբ ծանոթացա Արտյոմի (Արտյոմ Շամցյան, Ամերիաբանկի ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն) հետ, նրան շատ հավանեցի որպես մարդու, որպես անձնավորության: Շատ տպավորված էի նրա փորձով, ինչպես նաև ապագա թիմակիցներիս փորձով ու գիտելիքով: Չէ՞ որ շատ կարևոր է, թե ում հետ ես աշխատելու: Այստեղ աշխատանքային մթնոլորտը շատ տրամադրող է. առաջին իսկ օրվանից ինձ զգացել եմ թիմի մի մասնիկը`գործընկերներիս ջերմ և անկեղծ վերաբերմունքի շնորհիվ: Ամերիաբանկում աշխատելն ունի շատ առավելություններ մասնագիտական աճի և նոր հմտությունների ձեռքբերում, աշխատանքային ճկուն գրաֆիկ, քո աշխատանքի որակը շարունակաբար բարելավելու հնարավորություն, ցանկացած հարցում օգնելու պատրաստակամություն: Բացի դրանից, աշխատավայր հասնելն ինձնից խլում է ընդամենը 10 րոպե: 

Ամերիաբանկում ես երջանիկ եմ: 

 

Ի դեպ, data science-ը համարվում է 2019թ. ամենաարդիական ու ամենամոդայիկ մասնագիտություններից մեկը: Հայաստանում շա՞տ են արդյոք data science-ի կին մասնագետները: Առհասարակ, ինչպիսի՞ն է աշխատաշուկան այս ոլորտում:

Շատ լավ հարց է: Այն դասընթացը, որը վարում էի, տվյալների արտածման ներածական դասընթաց էր: Ուսանողներից մեկը ծանոթ էր մեքենայական ուսուցմանը, մնացածները սկսնակներ էին: Մեր դասերը հիմնականում նախապատրաստական էին: Մենք ուսումնասիրում էինք ոչ թե առանձին գործիքներ, այլ մոդելներ, որովհետև գործիքներն անընդհատ փոխվում են: Եթե ծանոթ ես մոդելներին, կարող ես հեշտությամբ փոխել գործիքները: Ինչ վերաբերում է այն հարցին, թե data science-ի քանի մասնագետ կա Հայաստանում, չգիտեմ` կարո՞ղ եմ արդյոք ուսանողներիս այդպես անվանել, որովհետև դա միայն սկիզբն էր: Պիտի ասեմ, որ նրանք շատ տպավորիչ ռեզյումեներ ունեին, խմբում կար 3 աերոինժեներ ու որակյալ կրթություն ունեցող աղջիկներ: Ոմանք ուզում էին փոխել ոլորտը, մյուսներն արդեն իսկ մաթեմատիկա էին ուսումնասիրում: Ասեմ, որ բոլոր աղջիկները չափազանց պահանջկոտ էին իրենք իրենց նկատմամբ` ձախողման մեղավորին միշտ իրենց մեջ էին փնտրում: Այդ նույն պատճառով նրանք կարող էին հեշտությամբ հրաժարվել սկսած գործից: Ես անընդհատ փորձում էի բացատրել, որ հիասթափությունը նորմալ բան է, պետք չէ դրա պատճառով հանձնվել, համոզում, որ նրանք կարող են անել այն, ինչ սկսել են, խրախուսում էի, որ ջանք չխնայեն: Մենք մինչև հիմա պահպանում ենք կապը: Ամեն դեպքում, data science-ը լիովին նոր ոլորտ է, գիտելիք ու փորձ ձեռք բերելու համար տարիներ են անհրաժեշտ:   

 

Ինչպիսի՞ն ես տեսնում Հայաստանի ՏՏ ոլորտի ապագան: Ինչո՞վ այն կարող է նպաստել մարզերի զարգացմանը:

Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանը դարձել է ՏՏ զարգացող կենտրոն, բայց դեռ ունենք պրոֆեսիոնալ կադրերի խնդիր: Արտերկրում բնակվող և Հայաստանում աշխատել ցանկացող մասնագետների համար սա շատ լավ է: Չեմ ասում, որ բոլորը պիտի տեղափոխվեն Հայաստան, բայց լավ կլինի ունենալ փոխանակման ծրագրեր: Հենց հիմա մենք ունենք «Դեպի Հայք» ծրագրով մեզ մոտ եկած կամավոր, որն աշխատում է Ինովացիաների կենտրոնում: Նա արդեն իսկ ունի շատ մեծ փորձ, նրա ներդրումը թիմում դժվար է գերագնահատել: Հիմա, երբ կա ինտերնետ, շատ բան հեշտացել է, մարդիկ կարող են աշխատել` ֆիզիկապես գտնվելով այլ քաղաքներում` Գյումրիում և այլուր: Անձամբ ես գիտեմ ՏՏ ընկերություն, որի ավելի քան 20 աշխատակից աշխատում է հեռակա կարգով Գյումրիից: Կարծում եմ` սա մտածելակերպի խնդիր է: Եթե բոլորս միահամուռ ասենք` «մենք կարող ենք սա անել», մասնագետներ պատրաստելն ու գտնելը մի քանի ամսվա գործ է: Հեղափոխությունը նպաստեց նրան, որ մարդկանց մտածելակերպը սկսվի փոխվել, մարդիկ սկսեն ձգտել ավել մեծ բաների: Եթե բոլորս անենք մեզանից կախված ամեն բան, կարող ենք հաղթահարել ցանկացած խոչընդոտ: 

 

Աղբյուրը` www.repatarmenia.org