You need to enable JavaScript in order to use the AI chatbot tool powered by ChatBot Ամերիաբանկն ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամից ներգրավել է 50 միլիոն ԱՄՆ դոլար՝ խթանելու ՓՄՁ ֆինանսավորումը Հայաստանում - Նորություններ | Ամերիաբանկ
26Հնս

Ամերիաբանկն ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամից ներգրավել է 50 միլիոն ԱՄՆ դոլար՝ խթանելու ՓՄՁ ֆինանսավորումը Հայաստանում

Ամերիաբանկը և  ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամը (ՕՊԵԿ-ի հիմնադրամ) 50 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր են ստորագրել։ Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Վիեննայում ՕՊԵԿ-ի հիմնադրամի «Զարգացման ֆորում 2026»-ի շրջանակում, որով նաև նշանավորվեց կազմակերպության հիմնադրման 50-ամյակը։

Ներգրավված միջոցներն ուղղվելու են հայաստանյան փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) ֆինանսավորմանը, ինչը նոր հնարավորություն կտա վերջիններիս` ստանալու անհրաժեշտ միջոցներ բիզնեսը զարգացնելու, նոր աշխատատեղեր ստեղծելու և գործունեությունը  ընդլայնելու համար:

Պայմանագիրը ստորագրել են Ամերիաբանկի ֆինանսական ինստիտուտների բաժնի ղեկավար Արա Սարգսյանը և ՕՊԵԿ-ի հիմնադրամի նախագահ դոկտոր Աբդուլհամիդ Ալխալիֆան։

«ՕՊԵԿ-ի հիմնադրամի հետ այս համագործակցությունը մեր երկարամյա գործընկերության կարևորագույն ձեռքբերումներից է և մինչ օրս այս կառույցից ներգրավված ամենախոշոր ֆինանսավորումը։ Փոքր և միջին ձեռնարկությունների աջակցությունն Ամերիաբանկի ռազմավարության առանցքային ուղղություններից է, և մենք բարձր ենք գնահատում այս նոր համագործակցության ընձեռած հնարավորությունը։ Ծրագրի շրջանակում ներգրավվող միջոցները թույլ կտան ընդլայնել ՓՄՁ-ների ֆինանսավորման հնարավորությունները՝ աջակցելով ավելի մեծ թվով ձեռնարկությունների կայացմանը, զարգացմանն ու մրցունակության բարձրացմանը», - նշել է Ամերիաբանկի ֆինանսական ինստիտուտների բաժնի ղեկավար Արա Սարգսյանը:

ՕՊԵԿ-ի hիմնադրամը և Ամերիաբանկը համագործակցում են 2015 թվականից՝ նպաստելով Հայաստանի տնտեսության զարգացմանը՝ փոքր և միջին ձեռնարկությունների և առևտրի ֆինանսավորման ուղղություններով։ Մասնավորապես, մինչև այժմ կնքվել են 125 մլն ԱՄՆ դոլարի պայմանագրեր, որոնց շրջանակներում ներգրավված միջոցներն ուղղվել են տնտեսության ամենատարբեր` արտադրության, սննդի արդյունաբերության, առևտրի և հյուրանոցային ոլորտներում գործող փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը: