Ինչպե՞ս եք նպաստում Հայաստանի ներդրումային միջավայրի բարելավմանը։
Մենք գիտակցում ենք մեր պատասխանատվությունը միջազգային ներդրողների շրջանում Հայաստանի տեսանելիության և ճանաչելիության բարձրացմանն աջակցելու հարցում։ Հայաստանը դեռևս բավարար ճանաչում չունի համադրելի երկրների համեմատ, ուստի մենք համաշխարհային ներդրողների լայն ցանցի հետ ակտիվորեն կիսվում ենք տնտեսության և բանկային համակարգի վերաբերյալ տվյալներով։ Հայաստանի ներուժի մասին իրազեկվածության բարձրացման ուղղությամբ սերտորեն աշխատում ենք ներդրումային բանկերի, ֆոնդերի և ինստիտուցիոնալ կառույցների հետ։ Այս շարունակական ներգրավվածությունը չափազանց կարևոր նշանակություն ունի, քանի որ երկրի միջազգային իմիջի բարելավումը երկարաժամկետ գործընթաց է։ Մեր ցանկությունն է, որ տարածաշրջանում նոր ներդրումային ուղղություններ որոնելիս որոշում կայացնողները դիտարկեն նաև Հայաստանը։
Կարո՞ղ եք պատմել «Լայըն Ֆայնենս Գրուփ ՓիԷլՍի»-ի (Lion Finance Group PLC) հետ ձեր նոր գործընկերության մասին։
Ամերիաբանկը Lion Finance Group PLC-ի առանցքային դուստր ընկերություններից է։ Դրանով հանդերձ, բանկը պահպանել է կառավարման և գործառնությունների անկախությունը՝ միևնույն ժամանակ մեծապես շահելով խմբի այլ դուստր բանկերի հետ արժեքավոր փորձի փոխանակումից։ Մենք կիսվում ենք մեր ձեռքբերումներով և մարտահրավերների հաղթահարման փորձով՝ դրանք հարմարեցնելով յուրաքանչյուր շուկայի հաճախորդների վարքագծին։
Այս համագործակցությունը ոչ միայն ապահովում է գիտելիքի փոխանակում, այլև ընդգծում է տարածաշրջանի ներուժը, որպեսզի ներդրողներն ու հաճախորդները կարողանան օգտվել տնտեսությունների առավելությունների համադրումից՝ դրանք առանձին-առանձին դիտարկելու փոխարեն։
Ինչպե՞ս է թվային փոխակերպումը կերտել բանկի հաջողությունը։
Շուրջ մեկ տասնամյակ թվային փոխակերպումը մեր աճի ռազմավարության առանցքում է։ Այժմ գործարքների ավելի քան 99 տոկոսն իրականացվում է մեր մասնաճյուղերից դուրս, իսկ վաճառքների կեսից ավելին՝ առցանց։ Այս փոփոխության շնորհիվ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի կարող է հաշիվ բացել, վարկի հայտ ներկայացնել, ավանդ ձևակերպել կամ իրականացնել անհրաժեշտ գործարքները՝ ցանկացած վայրից` առանց բանկ գալու։
Մենք հավատում ենք՝ պետք է հաճախորդներին առաջարկել մեր ծառայություններն այնտեղ, որտեղ նրանք են, և Հայաստանում ինտերնետի բարձր ծածկույթը դա հնարավոր է դարձնում։ Միայն նախորդ տարվա ընթացքում թվային ենթակառուցվածքներում կատարված հետևողական ներդրումների շնորհիվ մեր գործարքների ծավալն աճել է ավելի քան վեց անգամ։ Մենք արձանագրում ենք թվային ծառայությունների նշանակալի դինամիկա․ վերջին 12 ամիսներին մեր ամսական ակտիվ օգտատերերի թիվն աճել է ավելի քան 50 տոկոսով։
Ինչպե՞ս է գործնականում դրսևորվում Ամերիաբանկի «էկոհամակարգային» մոտեցումը։
Մեր էկոհամակարգի գաղափարը շատ պարզ է․ «մեկ պատուհանի» սկզբունք, որը ստեղծված է կյանքն առավել հարմարավետ դարձնելու, հաճախորդների գոհունակությունն ապահովելու և նրանց կյանքի որակը բարելավելու համար։ Սա է մեր առաքելությունը։
Մեր գործունեության հիմնական նպատակը հաճախորդների կարիքների բավարարումն է։ Իսկ երբ այդ կարիքները դուրս են գալիս բանկային շրջանակից, մենք ձգտում ենք մեր հարթակում համախմբել շուկայում առկա լավագույն լուծումները՝ ապահովելով դրանց հասանելիությունը մեր հաճախորդների համար: Բանկային ծառայությունները չպետք է ավարտվեն միայն վարկով կամ ավանդով։ Օրինակ, երբ ընտանիքը պատրաստվում է գնել բնակարան, մեր հարթակի միջոցով ստանում է համալիր լուծում՝ սկսած նոր բնակարանների առաջարկների դիտումից մինչև հիփոթեքի ձևակերպում, ապահովագրություն և անգամ գնումից հետո անհրաժեշտ կարիքների սպասարկում։
Մեր գործունեության բոլոր ուղղությունների կենտրոնում մշտապես հաճախորդներն են։
Ինչպե՞ս եք աջակցում Հայաստանում արագ զարգացող ոլորտներին։
Մեր ուժեղ կողմերից մեկն ընդհանուր տնտեսության, բիզնես միջավայրի և մեր հայրենակիցների վարքագծի լավ իմացությունն է։ Մեր ղեկավար թիմի անդամներից շատերն ունեն խորհրդատվական կամ տնտեսության իրական հատվածում աշխատանքային փորձ, ինչը մեզ օգնում է բացահայտել մեծ ներուժ ունեցող ուղղությունները և դրանցում առաջատար ընկերությունները։
Ունենալով ամենամեծ վարկային պորտֆելը Հայաստանում` վերջին 12 ամսվա ընթացքում մենք կարողացանք այն ավելացնել` ապահովելով ավելի քան 35 տոկոսի աճ։ Հաճախորդների տարբեր սեգմենտներում 25-35 տոկոս աճին նպաստել է թիրախային մոտեցումը և շուկաների փոփոխություններին հարմարվելու մեր կարողությունը: Մենք ոչ միայն ֆինանսավորում ենք տրամադրում, այլև համագործակցում ենք մեր հաճախորդների հետ, կիսվում գիտելիքնով և խրախուսում լավագույն փորձի կիրառումը՝ ինտեգրելով բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարման (ESG) ստանդարտները։
Մենք նաև լայնորեն կիրառում ենք արհեստական բանականություն՝ հաճախորդների վարքագիծն ավելի խորքային հասկանալու և տրամադրելու անհատականացված լուծումներ։ Ներկայումս ավտոմատացված մոդելները սպասարկում են մեր կողմից տրամադրվող սպառողական վարկերի ավելի քան 90 տոկոսը։
Ինչպե՞ս են բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարման կոմպոնենտն ու կայուն զարգացումը ներառված ձեր ռազմավարության մեջ։
Ամերիաբանկն առաջինն էր Հայաստանում և առաջիններից մեկը տարածաշրջանում, որը թողարկեց կանաչ պարտատոմսեր։ Մենք մեր գործունեությունը կառուցում ենք ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին համահունչ՝ դրանցից չորսը համարելով գերակա։
Այս սկզբունքները ներդրված են մեր վարկային քաղաքականության մեջ. մենք սահմանում ենք բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարման նվազագույն չափանիշներ հաճախորդների համար, աջակցում, որ նրանք համապատասխանեն դրանց և նույնիսկ վերանայում պայմանները, եթե առկա է չհամապատասխանելու ռիսկ։
Միշտ չէ, որ այս գործընթացը հեշտ է եղել, բայց արդեն ավելի շատ հաճախորդներ են տեսնում, թե ինչպես են այս միջոցառումները պաշտպանում նրանց ռիսկերից, ամրապնդում ճկունությունը և օգնում ապահովել կայուն աճ։
Մենք նաև հրապարակում ենք կայուն զարգացման տարեկան զեկույցներ, որոնք հաստատվում են երրորդ կողմերի կողմից, իսկ յուրաքանչյուր վարկ օգտագործում ենք որպես պատասխանատու բիզնես գործելակերպը խթանելու հնարավորություն։ Ժամանակի ընթացքում շատ ավելի հեշտ է դարձել մտածելակերպի այս փոփոխությունը մարդկանց փոխանցելը, և մենք հավատում ենք, որ այն կդառնա համընդհանուր չափանիշ Հայաստանի բանկային համակարգում։