Ամերիաբանկն արժանացել է Euromoney ամսագրի «2025 թ. լավագույն բանկը Հայաստանում» գերազանցության մրցանակին - Նորություններ | Ամերիաբանկ
21Հլս

Ամերիաբանկն արժանացել է Euromoney ամսագրի «2025 թ. լավագույն բանկը Հայաստանում» գերազանցության մրցանակին

Euromoney առաջատար միջազգային պարբերականը, որը հայտնի է ֆինանսական ոլորտի հեղինակավոր վերլուծություններով, Լոնդոնում կայացած մրցանակաբաշխության ժամանակ Ամերիաբանկին շնորհել է «2025թ. լավագույն բանկը Հայաստանում» գերազանցության մրցանակը։ Ամերիաբանկը 2011թ․-ից ի վեր  այս պատվավոր մրցանակին արժանանում է արդեն 11-րդ անգամ։

 

Ամենամյա այս մրցանակաբաշխության շրջանակում գնահատվում է ավելի քան 100 երկրի առաջատար բանկերի գործունեությունը, մասնավորապես, բանկերի ռազմավարական նախաձեռնությունները,  թվային լուծումները և ֆինանսական ոլորտի այլ ձեռքբերումները:

 

Պարբերականը շեշտում է, որ 2024թ․-ի ընթացքում ռազմավարական գործընկերների միջոցով Ամերիաբանկին հաջողվել է ներգրավվել ավելի քան 300 մլն ԱՄՆ դոլար։ Դրանց թվում են 200 մլն դոլար՝ Միջազգային ֆինանսական կորպորացիայից (IFC), և 105 մլն եվրո՝ Եվրոպական ներդրումային բանկից (ԵՆԲ)՝ ուղղված միկրո, փոքր և միջին բիզնեսի վարկավորմանը, ինչպես նաև կլիմայական ծրագրերի ֆինանսավորմանը։

 

Հատկանշական է նաև Ամերիաբանկի մանրածախ վարկային պորտֆելի 2024թ․ տարեկան աճը` 42.3% ՝ հասնելով 596 մլրդ դրամի (1.55 մլրդ ԱՄՆ դոլար)։

 

Բանկի ակտիվները 2024թ․-ին աճել են 33.6%-ով՝ հասնելով 1.9 տրլն դրամի, իսկ մասնաբաժինը շուկայում՝ 17.1%-ի։ Ըստ պարբերականի, այս ցուցանիշները վկայում են Ամերիաբանկի շոշափելի դիրքը և ազդեցության ընդլայնումը Հայաստանի բանկային համակարգում։

 

2024թ․-ին Բանկն ապահովել է գործարքների 99%-ի և վաճառքների ավելի քան 50%-ի օնլայն իրականացում։ Նշվում է նաև, որ նախորդ տարվա համեմատ MyAmeria հավելվածի ամսական ակտիվ մուտքերն ավելացել են 51.3%-ով, իսկ հավելվածի միջոցով իրականացված գործարքների քանակը՝ 46.3%-ով։

 

Ըստ Euromoney-ի, այս հաջողությունները վկայում են Ամերիաբանկի ռազմավարական հեռատեսության և գործառնական գերազանցության մասին, ինչպես նաև՝ հանձնառությունը տեխնոլոգիական նորարարությունների ընդլայնման և  հայկական տնտեսության առանցքային ոլորտների կայուն զարգացման ուղղությամբ։

 

«Այս պատվավոր մրցանակը վերահաստատում է մեր երկարաժամկետ ռազմավարության ու հետևողական աշխատանքի արդյունավետությունը։ Այն նաև ընդգծում է մեր առաջընթացը թվային լուծումների շարունակական բարելավման ուղղությամբ և Ամերիաբանկի կարևոր ներդրումը տնտեսության ամենատարբեր ոլորտների զարգացման գործում։ Euromoney-ի գերազանցության մրցանակը մեր թիմի, մեր հաճախորդների և գործընկերների համատեղ ձեռքբերումն է, ինչի համար հայտնում եմ իմ խորին երախտագիտությունը։ Այն մեզ ոգևորում է, որ էլ ավելի մեծ եռանդով շարունակենք աշխատանքը՝ ի նպաստ մեր երկրի զարգացման և կյանքի որակի բարելավման»,- նշել է Ամերիաբանկի Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը։