«Ամերիաբանկ» ՓԲԸ արտաքին աուդիտ իրականացնող կազմակերպության ընտրության մրցույթ - Նորություններ | Ամերիաբանկ
13Հնս

«Ամերիաբանկ» ՓԲԸ արտաքին աուդիտ իրականացնող կազմակերպության ընտրության մրցույթ

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն (այսուհետ` Բանկ), անցկացնում է աուդիտորական ծառայություն իրականացնող կազմակերպության ընտրության մրցույթ /այսուհետ՝ Մրցույթ/` համաձայն Բանկի անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության հրահանգում սահմանված պայմանների /հրահանգը հասանելի է www.ameriabank.am կայքում/:  

Մրցույթի հայտերն ընդունվում են LegalBoardSecretary@ameriabank.am  էլեկտրոնային փոստի հասցեին սկսած 2025թ. հունիսի 15-ից մինչև 2025թ. հուլիսի 15-ը ներառյալ:

Մրցույթի շրջանակներում դիտարկվելու համար աուդիտորական կազմակերպությունների կողմից ներկայացվող մրցութային առաջարկները պետք է ներառեն միաժամանակ անկախ աուդիտորական ծառայության մատուցման տեխնիկական և ֆինանսական առաջարկները առանձին-առանձին /այսուհետ միասին՝ «Մրցութային առաջարկ»/:

Մրցութային առաջարկների գնահատման ֆինանսական չափանիշը աուդիտորական ծառայության արժեքն է ՀՀ դրամով /բոլոր կիրառելի հարկերը և այլ ծախսերը ներառյալ/, իսկ տեխնիկական չափանիշները հետևյալն են`

  • աուդիտորի ՀՀ-ում ճանաչվածության աստիճանը (հեղինակությունը) և միջազգային ճանաչումը (հեղինակությունը),
  • աուդիտորի աշխատանքային փորձը,
  • աուդիտի աշխատանքներին մասնակցող աշխատակիցների

որակավորման մակարդակը (նշելով հիմնական աուդիտի թիմի անդամների որակավորումը` ներառյալ նրանց անդամակցությունը Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատին, ինչպես նաև օժանդակ թիմերի առավել փորձառու անդամների որակավորման մակարդակը),

  • աուդիտորական ստուգման իրականացման մեթոդները,
  • աուդիտի անցկացման և աուդիտորական եզրակացության ներկայացման ժամկետները,
  • աուդիտի շրջանակը:

Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է ներկայացնեն նաև իրենց ընկերության կանոնադրությունը, աուդիտորական գործունեություն իրականացնելու թույլտվությունը, օրենքով սահմանված կարգով հաստատված վերջին ֆինանսական հաշվետվությունը:

 

Աուդիտի շրջանակը հետևյալն է`

  1. Բանկի և նրա երկու դուստր ընկերությունների ՀՀՄՍ և ՖՀՄՍ ստանդարտների համաձայն պատրաստված համախմբված հաշվետվությունների տարեկան աուդիտ
  2. Բանկի և նրա դուստր ընկերությունների ՀՀՄՍ, ՖՀՄՍ ստանդարտների և «Լայըն Ֆայնենս ԳրուփՓիԷլՍԻ» ընկերության (այսուհետ` Խումբ) մեթոդաբանության համաձայն պատրաստված համախմբված հաշվետվությունների փաթեթի տարեկան աուդիտ
  3. Բանկի և նրա դուստր ընկերությունների ՀՀՄՍ, ՖՀՄՍ ստանդարտների և Խմբի մեթոդաբանության համաձայն պատրաստված համախմբված հաշվետվությունների փաթեթի կիսամյակային դիտարկում

 

Մատուցվող ծառայությունների շրջանակը և ներկայացվելիք արդյունքները պետք է ներառեն`  

  • ֆինանսական հաշվետվություններում արտացոլված տեղեկատվության և բացահայտումների հիմքերի հետազոտումը,
  • ֆինանսական հաշվետվությունների կազմման ժամանակ կիրառված հաշվապահական հաշվառման սկզբունքների, բանկի ղեկավարության կողմից կատարված էական գնահատումների և ֆինանսական հաշվետվությունների ներկայացման գնահատումը,
  • աուդիտորական եզրակացության և աուդիտորական հաշվետվության (նամակ Բանկի ղեկավարությանը) կազմումը:

 

Ընդ որում, աուդիտորների կողմից վերոնշյալ Մրցութային առաջարկները պետք է ներկայացվեն հետևյալ ժամանակահատվածներից յուրաքանչյուրի համար համապատասխանաբար.

  • 2026թ․ ֆինանսական տարվա աուդիտ և կիսամյակային դիտարկում (միայն Խմբի հաշվետվությունների համար),
  • 2026-2027թթ․ ֆինանսական տարիների աուդիտ և կիսամյակային դիտարկում (միայն Խմբի հաշվետվությունների համար),
  • 2026-2028թթ․ ֆինանսական տարիների աուդիտ և կիսամյակային դիտարկում (միայն Խմբի հաշվետվությունների համար)։

 

Աուդիտի ընդգրկման բնագավառներն են` Բանկի հաշվապահական հաշվեկշիռը, հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքները, սեփական կապիտալում փոփոխությունների,  դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունները և ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրությունները:

Խմբի համախմբված հաշվետվությունների աուդիտի ժամկետները և դիտարկման ենթակա հարցերը

Խմբի հաշվետվական փաթեթի աուդիտի մասով տարեկան աուդիտորական ստորագրված եզրակացությունը, աուդիտ անցած ստորագրված ֆինանսական հաշվետվությունների հետ միասին պետք է ներկայացվի Խմբի աուդիտորին և Բանկի ղեկավարությանը փետրվարին/մարտին: Ընդ որում Բանկի աուդիտորը հաշվետու ֆինանսական տարվան հաջորդող ֆինանսական տարվա փետրվարին պետք է Խմբի աուդիտորին տրամադրի նախնական հաշվետվություն/եզրակացություն, իրականացված աշխատանքների և բացահայտված էական սխալների ու բացթողումների կամ դրանց բացակայություն վերաբերյալ: 

Խմբի կիսամյակային հաշվետվական փաթեթի դիտարկման և վերջնական եզրակացության ներկայացման վերջնաժամկետն է հաշվետու ֆինանսական տարվա օգոստոսի սկիզբը:

Նշված վերջնաժամկետները նախնական են և հետագայում ենթակա են փոփոխման՝ Խմբի ղեկավարությունից և Աուդիտորից ստացված արձագանքի հիման վրա։ Տվյալ արձագանքի հիման վրա կարող են սահմանվել ավելի վաղ ժամկետներ։

Եթե Բանկի կողմից նշանակված աուդիտորը և Խմբի աուդիտորը տարբեր լինեն, Բանկի աուդիտորը պետք է տրամադրի Խմբի աուդիտորին հասանելիություն բոլոր համապատասխան աուդիտորական փաստաթղթերին և հատկացնի բավարար ժամանակ ու ռեսուրսներ՝ տվյալ գործընթացը հեշտացնելու համար։ Բացի այդ, Բանկի աուդիտորը պետք է պատրաստ լինի ներկայացնել լրացուցիչ հաշվետվություններ՝ Խմբի աուդիտորի պահանջով։ Տվյալ կարգավորումները ենթակա են հետագա համաձայնեցման Խմբի աուդիտորի հետ։ 

Քանի որ Խումբը հանրային ընկերություն է, Խմբի հաշվետվությունների ներկայացման ժամանակ կարող է օգտագործվել էականության ավելի ցածր  շեմ:

Բանկի համախմբված հաշվետվությունների աուդիտի ժամկետները և դիտարկման ենթակա հարցերը

Բանկի և նրա դուստր ընկերությունների համախմբված հաշվետվությունների աուդիտի մասով տարեկան աուդիտորական ստորագրված եզրակացությունը, աուդիտ անցած ստորագրված ֆինանսական հաշվետվությունների հետ միասին պետք է ներկայացվի Բանկի իրավասու մարմնի հաստատմանը` ոչ ուշ քան հաշվետու ֆինանսական տարվան հաջորդող տարվա մարտի 10-ը: Ընդ որում, Բանկի ֆինանսական հաշվետվությունների և աուդիտորական եզրակացության վերջնական նախագծային տարբերակները պետք է ներկայացվեն աուդիտորական եզրակացության ստորագրման համար սահմանված ամսաթվից առնվազն յոթ օր առաջ:  

Բանկի ղեկավարությանն ուղղված ստորագրված նամակը պետք է ներկայացվի իրավասու մարմնի դիտարկմանը ոչ ուշ քան հաշվետու ֆինանսական տարվան հաջորդող ֆինանսական տարվա մարտի 15-ը:

Նշված վերջնաժամկետները նախնական են և հետագայում կարող են փոփոխվել Բանկի ղեկավարությունից ստացված արձագանքի հիման վրա։ Տվյալ արձագանքի հիման վրա կարող են սահմանվել ավելի վաղ ժամկետներ։

Աուդիտը պետք է իրականացվի ՀՀ նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին, ինչպես նաև հաշվապահների միջազգային ֆեդերացիայի կողմից հրատարակված աուդիտի միջազգային ստանդարտներին համապատասխան:

Մրցույթի արդյունքները կամփոփվեն Բանկի Տնօրենների խորհրդի կողմից և կհաստատվեն Բանկի Բաժնետերերի Ընդհանուր ժողովի կողմից մինչև 2025թ. օգոստոսի 29-ը ներառյալ: Բանկի Տնօրենների խորհուրդը պետք է գնահատի, ամփոփի աուդիտորական կազմակերպությունների առաջարկությունները, ինչպես նաև հաստատի աուդիտի իրականացման արժեքը և դրանք ներկայացնի Բանկի բաժնետերերի ընդհանուր ժողովի հաստատմանը: Բաժնետերերի ժողովի կողմից մրցույթի արդյունքներն ամփոփելու և մրցույթում հաղթողին ճանաչելու մասին որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշման ընդունման օրվանից մեկ ամսվա ընթացքում Բանկը և մրցույթի հաղթող ճանաչված մասնակիցը կնքում են աուդիտի ծառայություններ մատուցելու մասին պայմանագիր:

Մրցույթում հաղթող է ճանաչվում ամենաբարձր միավորներ հավաքած աուդիտորական կազմակերպությունը:

Մրցույթին մասնակցող աուդիտորական ընկերություններից լավագույն գնառաջարկ կամ այլ էական պայմաններ ստանալու համար կարող են անցկացվել նաև Մրցույթի հաջորդական լրացուցիչ փուլ/եր/։

Մրցույթի մնացած պայմանները, աուդիտի ընտրության չափանիշները, աուդիտի ընտրության բնագավառները և այլ մանրամասներ սահմանված են «Ամերիաբանկ» ՓԲԸ կողմից անկախ աուդիտորական կազմակերպությունների ընտրության հրահանգով, որին կարող եք ծանոթանալ www.ameriabank.am կայքում կամ դրա պատճենը ստանալու համար դիմել «Ամերիաբանկ» ՓԲԸ Գլխամասային գրասենյակ /ք.Երևան,  Վազգեն Սարգսյան 2/, հեռ. /010/ 561111:

 

Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։