«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն (այսուհետ` Բանկ), անցկացնում է աուդիտորական ծառայություն իրականացնող կազմակերպության ընտրության մրցույթ /այսուհետ՝ Մրցույթ/` համաձայն Բանկի անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության հրահանգում սահմանված պայմանների /հրահանգը հասանելի է www.ameriabank.am կայքում/:
Մրցույթի հայտերն ընդունվում են LegalBoardSecretary@ameriabank.am էլեկտրոնային փոստի հասցեին սկսած 2025թ. հունիսի 15-ից մինչև 2025թ. հուլիսի 15-ը ներառյալ:
Մրցույթի շրջանակներում դիտարկվելու համար աուդիտորական կազմակերպությունների կողմից ներկայացվող մրցութային առաջարկները պետք է ներառեն միաժամանակ անկախ աուդիտորական ծառայության մատուցման տեխնիկական և ֆինանսական առաջարկները առանձին-առանձին /այսուհետ միասին՝ «Մրցութային առաջարկ»/:
Մրցութային առաջարկների գնահատման ֆինանսական չափանիշը աուդիտորական ծառայության արժեքն է ՀՀ դրամով /բոլոր կիրառելի հարկերը և այլ ծախսերը ներառյալ/, իսկ տեխնիկական չափանիշները հետևյալն են`
- աուդիտորի ՀՀ-ում ճանաչվածության աստիճանը (հեղինակությունը) և միջազգային ճանաչումը (հեղինակությունը),
- աուդիտորի աշխատանքային փորձը,
- աուդիտի աշխատանքներին մասնակցող աշխատակիցների
որակավորման մակարդակը (նշելով հիմնական աուդիտի թիմի անդամների որակավորումը` ներառյալ նրանց անդամակցությունը Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատին, ինչպես նաև օժանդակ թիմերի առավել փորձառու անդամների որակավորման մակարդակը),
- աուդիտորական ստուգման իրականացման մեթոդները,
- աուդիտի անցկացման և աուդիտորական եզրակացության ներկայացման ժամկետները,
- աուդիտի շրջանակը:
Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է ներկայացնեն նաև իրենց ընկերության կանոնադրությունը, աուդիտորական գործունեություն իրականացնելու թույլտվությունը, օրենքով սահմանված կարգով հաստատված վերջին ֆինանսական հաշվետվությունը:
Աուդիտի շրջանակը հետևյալն է`
- Բանկի և նրա երկու դուստր ընկերությունների ՀՀՄՍ և ՖՀՄՍ ստանդարտների համաձայն պատրաստված համախմբված հաշվետվությունների տարեկան աուդիտ
- Բանկի և նրա դուստր ընկերությունների ՀՀՄՍ, ՖՀՄՍ ստանդարտների և «Լայըն Ֆայնենս ԳրուփՓիԷլՍԻ» ընկերության (այսուհետ` Խումբ) մեթոդաբանության համաձայն պատրաստված համախմբված հաշվետվությունների փաթեթի տարեկան աուդիտ
- Բանկի և նրա դուստր ընկերությունների ՀՀՄՍ, ՖՀՄՍ ստանդարտների և Խմբի մեթոդաբանության համաձայն պատրաստված համախմբված հաշվետվությունների փաթեթի կիսամյակային դիտարկում
Մատուցվող ծառայությունների շրջանակը և ներկայացվելիք արդյունքները պետք է ներառեն`
- ֆինանսական հաշվետվություններում արտացոլված տեղեկատվության և բացահայտումների հիմքերի հետազոտումը,
- ֆինանսական հաշվետվությունների կազմման ժամանակ կիրառված հաշվապահական հաշվառման սկզբունքների, բանկի ղեկավարության կողմից կատարված էական գնահատումների և ֆինանսական հաշվետվությունների ներկայացման գնահատումը,
- աուդիտորական եզրակացության և աուդիտորական հաշվետվության (նամակ Բանկի ղեկավարությանը) կազմումը:
Ընդ որում, աուդիտորների կողմից վերոնշյալ Մրցութային առաջարկները պետք է ներկայացվեն հետևյալ ժամանակահատվածներից յուրաքանչյուրի համար համապատասխանաբար.
- 2026թ․ ֆինանսական տարվա աուդիտ և կիսամյակային դիտարկում (միայն Խմբի հաշվետվությունների համար),
- 2026-2027թթ․ ֆինանսական տարիների աուդիտ և կիսամյակային դիտարկում (միայն Խմբի հաշվետվությունների համար),
- 2026-2028թթ․ ֆինանսական տարիների աուդիտ և կիսամյակային դիտարկում (միայն Խմբի հաշվետվությունների համար)։
Աուդիտի ընդգրկման բնագավառներն են` Բանկի հաշվապահական հաշվեկշիռը, հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքները, սեփական կապիտալում փոփոխությունների, դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունները և ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրությունները:
Խմբի համախմբված հաշվետվությունների աուդիտի ժամկետները և դիտարկման ենթակա հարցերը
Խմբի հաշվետվական փաթեթի աուդիտի մասով տարեկան աուդիտորական ստորագրված եզրակացությունը, աուդիտ անցած ստորագրված ֆինանսական հաշվետվությունների հետ միասին պետք է ներկայացվի Խմբի աուդիտորին և Բանկի ղեկավարությանը փետրվարին/մարտին: Ընդ որում Բանկի աուդիտորը հաշվետու ֆինանսական տարվան հաջորդող ֆինանսական տարվա փետրվարին պետք է Խմբի աուդիտորին տրամադրի նախնական հաշվետվություն/եզրակացություն, իրականացված աշխատանքների և բացահայտված էական սխալների ու բացթողումների կամ դրանց բացակայություն վերաբերյալ:
Խմբի կիսամյակային հաշվետվական փաթեթի դիտարկման և վերջնական եզրակացության ներկայացման վերջնաժամկետն է հաշվետու ֆինանսական տարվա օգոստոսի սկիզբը:
Նշված վերջնաժամկետները նախնական են և հետագայում ենթակա են փոփոխման՝ Խմբի ղեկավարությունից և Աուդիտորից ստացված արձագանքի հիման վրա։ Տվյալ արձագանքի հիման վրա կարող են սահմանվել ավելի վաղ ժամկետներ։
Եթե Բանկի կողմից նշանակված աուդիտորը և Խմբի աուդիտորը տարբեր լինեն, Բանկի աուդիտորը պետք է տրամադրի Խմբի աուդիտորին հասանելիություն բոլոր համապատասխան աուդիտորական փաստաթղթերին և հատկացնի բավարար ժամանակ ու ռեսուրսներ՝ տվյալ գործընթացը հեշտացնելու համար։ Բացի այդ, Բանկի աուդիտորը պետք է պատրաստ լինի ներկայացնել լրացուցիչ հաշվետվություններ՝ Խմբի աուդիտորի պահանջով։ Տվյալ կարգավորումները ենթակա են հետագա համաձայնեցման Խմբի աուդիտորի հետ։
Քանի որ Խումբը հանրային ընկերություն է, Խմբի հաշվետվությունների ներկայացման ժամանակ կարող է օգտագործվել էականության ավելի ցածր շեմ:
Բանկի համախմբված հաշվետվությունների աուդիտի ժամկետները և դիտարկման ենթակա հարցերը
Բանկի և նրա դուստր ընկերությունների համախմբված հաշվետվությունների աուդիտի մասով տարեկան աուդիտորական ստորագրված եզրակացությունը, աուդիտ անցած ստորագրված ֆինանսական հաշվետվությունների հետ միասին պետք է ներկայացվի Բանկի իրավասու մարմնի հաստատմանը` ոչ ուշ քան հաշվետու ֆինանսական տարվան հաջորդող տարվա մարտի 10-ը: Ընդ որում, Բանկի ֆինանսական հաշվետվությունների և աուդիտորական եզրակացության վերջնական նախագծային տարբերակները պետք է ներկայացվեն աուդիտորական եզրակացության ստորագրման համար սահմանված ամսաթվից առնվազն յոթ օր առաջ:
Բանկի ղեկավարությանն ուղղված ստորագրված նամակը պետք է ներկայացվի իրավասու մարմնի դիտարկմանը ոչ ուշ քան հաշվետու ֆինանսական տարվան հաջորդող ֆինանսական տարվա մարտի 15-ը:
Նշված վերջնաժամկետները նախնական են և հետագայում կարող են փոփոխվել Բանկի ղեկավարությունից ստացված արձագանքի հիման վրա։ Տվյալ արձագանքի հիման վրա կարող են սահմանվել ավելի վաղ ժամկետներ։
Աուդիտը պետք է իրականացվի ՀՀ նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին, ինչպես նաև հաշվապահների միջազգային ֆեդերացիայի կողմից հրատարակված աուդիտի միջազգային ստանդարտներին համապատասխան:
Մրցույթի արդյունքները կամփոփվեն Բանկի Տնօրենների խորհրդի կողմից և կհաստատվեն Բանկի Բաժնետերերի Ընդհանուր ժողովի կողմից մինչև 2025թ. օգոստոսի 29-ը ներառյալ: Բանկի Տնօրենների խորհուրդը պետք է գնահատի, ամփոփի աուդիտորական կազմակերպությունների առաջարկությունները, ինչպես նաև հաստատի աուդիտի իրականացման արժեքը և դրանք ներկայացնի Բանկի բաժնետերերի ընդհանուր ժողովի հաստատմանը: Բաժնետերերի ժողովի կողմից մրցույթի արդյունքներն ամփոփելու և մրցույթում հաղթողին ճանաչելու մասին որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշման ընդունման օրվանից մեկ ամսվա ընթացքում Բանկը և մրցույթի հաղթող ճանաչված մասնակիցը կնքում են աուդիտի ծառայություններ մատուցելու մասին պայմանագիր:
Մրցույթում հաղթող է ճանաչվում ամենաբարձր միավորներ հավաքած աուդիտորական կազմակերպությունը:
Մրցույթին մասնակցող աուդիտորական ընկերություններից լավագույն գնառաջարկ կամ այլ էական պայմաններ ստանալու համար կարող են անցկացվել նաև Մրցույթի հաջորդական լրացուցիչ փուլ/եր/։
Մրցույթի մնացած պայմանները, աուդիտի ընտրության չափանիշները, աուդիտի ընտրության բնագավառները և այլ մանրամասներ սահմանված են «Ամերիաբանկ» ՓԲԸ կողմից անկախ աուդիտորական կազմակերպությունների ընտրության հրահանգով, որին կարող եք ծանոթանալ www.ameriabank.am կայքում կամ դրա պատճենը ստանալու համար դիմել «Ամերիաբանկ» ՓԲԸ Գլխամասային գրասենյակ /ք.Երևան, Վազգեն Սարգսյան 2/, հեռ. /010/ 561111:
Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։